ՏԱԹԵՒԻԿ ՎԻՐԱԲԵԱՆ
Եթէ երէկ Քարվաճառ մտնելիս աչքի էին զարնում միայն պատերազմի հետքը յիշեցնող փլատակներ, այսօր այստեղ երեւում են կառուցուած տներ եւ բացի դրանից այստեղ մարդիկ զբաղւում են մշակոյթի, եւ ազգային գաղափարների զարգացման գործով: Վերաբնակեցման ծանր աշխատանքներով տարուած բնակիչները առանց ցուցումի եւ դրսից եկող աջակցման կը դժուարանային բոլոր հայեացքները սեւեռել մշակոյթի զարգացմանը, ուստիեւ կարեւորագոյն գործ է հանդիսանում դրսից եկող ամէն մի մեթոդական օգնութիւնը:
Այդ օգնութիւնը ցուցաբերող եւ իրենց ողջունելի ծրագրերով արդէն երկրորդ անգամ Քարվաճառ են այցելում ՀՕՄի Դաւթաշենի «Էդիկ Մելքումեան» մասնաճիւղը իր համակիրների հետ: Ծրագրի շրջանականերում իրականացւում է «Սասունցի Դաւի»չ էպոսի մեկնաբանութիւն եւ ընթերցում, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից դիտումներ, Հ. Թումանեանի «Կիկոսի մահը» հեքիաթի բեմադրութիւն (աշակերտների եւ դերասանների մասնակցութեամբ), ինչպէս նաեւ Վ. Սարոյեանի անուան նորակառոյց դպրոցի բացման հանդիսաւոր ծրագրին մասնակցութիւն: Ներկայացուցիչները Քարվաճառում են Օգոստոսի քսանվեցից եւ իրենց ծրագիրը կ՛աւարտեն Սեպտեմբերի երկուսին: Նրանց օգնութեամբ դպրոցի բացման արարողութեան համար կազմակերպչական աշխատանքներ են տարւում, տեղի են ունենում ազգագրական պարերի, ներկայացումների փորձեր:
Բացի դրանից նրանք ակտիւ մասնակցութիւն ունեցան նորակառոյց դպրոցի գոյքի տեղադրման աշխատանքներին, ներկայացուցիչները դպրոցի աշակերտների եւ ուսուցչական կոլեկտիւի (անձնակազմ-Խմբ.) հետ իրենց ջանքերը չխնայեցին Քարվաճառի մաքրման աշխատանքներն իրականացնելու գործում, որից յետոյ նրանք մեծ ուրախութեամբ հանդիպեցին Քարվաճառում տեղակայուած զօրամասի հրամանատար Ա. Պետրասեանին: Հանդիպման ժամանակ ընթացաւ հետաքրքիր զրոյց, հրամանատարը խօսեց զօրամասի կազմաւորման մասին, դրուագներ պատմեց Արցախեան պատերազմից:
ՀՕՄի Դաւթաշենի «Էդիկ Մելքումեան» մասնաճիւղի ատենապետուհի Սուսաննա Թովմասեանը եւս անմասն չէ Արցախեան պատերազմից. Նրա ընտանիքի անդամները «Արաբօ» կամաւորական ջոկատի անդամներ են:
«Մէկ անգամ Քարվաճառ այցելողը երկրորդ անգամ նոյնպէս ուզում է այստեղ գտնուել. կանչում է արդէն հարազատ դարձած բնութիւնը, կանչում են արդէն հարազատ դարձած մարդիկ, կանչում են մեր դասերին մասնակցած այն աշակերտները, ովքեր Քարվաճառի եւ Հայաստանի ապագան են: Բոլորս ենք պարտաւոր հայ հողը հայեցի պահել», անկեղծացաւ մասնաճիւղի ատենադպրուհի Լիլիթ Մկրտչեանը:
Տաթեւիկ Վիրաբեան «Ի-Մեդիա»ի աշխատակից է