ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Բոլորս էլ քաջատեղեակ ենք, որ տնտեսական ճգնաժամը ենթադրում է տնտեսական ցուցանիշների

անկում: Սակայն կայ մի ցուցանիշ, որի աճը խորհրդանշում է երկրների բնակչութեան կենսամակարդակի կտրուկ նուազում: Այդ ցուցանիշը գործազրկութեան մակարդակն է:
Բազում երկրներում աշխատանք չունեցող մարդկանց թիւն այս օրերին աճում է, իսկ երիտասարդների շրջանում այս երեւոյթն աւելի լայն համեմատութիւնների է հասել: Կան մի շարք պատճառներ, որոնք երիտասարդներին աւելի խոցելի են դարձնում. նախ նրանք բաւականաչափ աշխատանքային փորձ չունեն, որպէսզի մրցակցեն իրենցից տարեց աշխատակիցների հետ, ինչպէս նաեւ խնայողութիւնների ձգտող ղեկավարներն առաջինը կրճատումների են ենթարկում երիտասարդներին:
Այսուհանդերձ, երիտասարդների գործազրկութիւնն աւելի մեծ վտանգ է պարունակում: Եթէ ընդհանուր գործազրկութիւնն ունի իր բացասական ազդեցութիւնը հասարակութեան վրայ (բացի ցածր եկամտից մենք ականատես ենք լինում կեանքի կարճ տեւողութեան, սրտի կաթուածի բարձր հաւանականութեան եւ ինքնասպանութիւնների թուի աճի), ապա աւելի ցածր տարիք ունեցող քաղաքացիների աշխատանք չունենալն ունի աւելի անուղղակի եւ կործանարար հետեւանքներ:
Նախ եւ առաջ այն երիտասարդները, ովքեր երկար ժամանակ աշխատանք չեն կարողանում գտնել, աւելի հակուած են արտագաղթել: Նրանք կապուած չեն ոչ ընտանիքով, ոչ վախով, որ նոր երկրում չեն կարողանայ իրենց տեղը գտնել: Բացի այդ նրանք չունեն մեծ ունեցուածք կամ՝ բարձր դիրք հասարակութիւնում, որոնցից կը վախենան զրկուել: Այսպէս կոչուած «ուղեղների արտահոսքը» եւս մէկ ապացոյց է այս ամէնի. զգալի ներուժ ունեցող երիտասարդները տեղափոխւում են այլ երկրներ՝ յուսալով, որ աւելի լաւ բախտի կարժանանան:
Մէկ այլ անուղղակի բացասական ազդեցութիւն է յանցագործութիւնների քանակի աւելացումը. Անգլիայում վերջերս տեղի ունեցած հասարակական անկարգութիւնների պատճառը հէնց երիտասարդների գործազրկութեան բարձր մակարդակն է: Իհարկէ հնարաւոր չէ պնդել, որ սա այդ երեւոյթի միակ պատճառն է, սակայն մի բան պարզ է. հասարակութեան աւելի երիտասարդ հատուածը աւելի զգայուն է ցանկացած տնտեսական ցնցման նկատմամբ: Առանց զբաղմունքի մնացած լինելով՝ նրանք սկսում են գողութեամբ, թալանով կամ մեքենաների առեւանգմամբ զբաղուել, բացի այդ թմրադեղերի տարածմամբ զբաղուողները աւելի հեշտութեամբ են նրանց գայթակղում:
Ամերիկեան հետազօտողների վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս նաեւ, որ երկար ժամանակ աշխատանք չունեցող անհատների համար դա ճակատագրական է դառնում: Նրանք յետագայում աւելի ցածր աշխատավարձ են ունենում համեմատած այն քաղաքացիների հետ, ովքեր չափահաս դառնալուց յետոյ առանց ընդմիջումների աշխատել են: Սա բացատրւում է նրանով, որ երկար գործազրկութիւնից յետոյ մարդիկ ցանկացած աշխատանքն էլ յաջողութիւն են համարում, իսկ դա կարող է իրենց որակաւորումից ցածր աշխատանք լինել:
Երբեմն նոյնիսկ կառավարական ծրագրերը, որոնք ուղղուած են այս հարցերի լուծմանը աւելի են բարդացնում իրավիճակը: Ճապոնիայի փորձը ցոյց է տալիս, որ ժամանակաւորապէս աշխատանքի տեղաւորելու փորձերը բացասաբար են անդրադառնում թիրախային խմբերի վրայ. յաճախ գործատուները երբեւէ չաշխատած մասնագէտներին աւելի են գերադասում, քան գործազուրկներին եւ իրենց որակաւորումից ցածր հմտութիւններ պահանջող աշխատանք կատարողներին: Այդ իսկ պատճառով նշուած քաղաքականութիւնը որեւէ կերպ չի օգնել 2000ականների սկզբին աշխատանք չունեցող ճապոնացի երիտասարդներին, որոշ դէպքերում այն նաեւ մեծ վնաս է հասցրել նրանց:
Կան երկրներ, սակայն, ուր նմանատիպ խնդիրները ծագում են նաեւ ազգային սովորոյթներից ելնելով. եթէ ընտանիքի հասկացութիւնը իր աւանդական տեսքով պահպանուած է որեւէ երկրում, նրա երիտասարդները հակուած են երկար ժամանակ ապրել ծնողների հետ, քանի որ ապահով են իրենց ապագայի համար: Վիճակագրական տուեալների համաձայն հէնց այս կարգավիճակն ունեցող երիտասարդներն են կազմում գործազուրկների մեծամասնութիւնը: Նմանատիպ վարքագիծ են ցուցաբերում նրանք այն դէպքում, երբ հարցը վերաբերում է ուսմանը. ընտանիքում ապրող երիտասարդները գերադասում են հնարաւորինս երկար ժամանակ տրամադրել իրենց ուսմանը, ինչի հետեւանքով աշխատանքը մղւում է ետին պլան:
Մենք իհարկէ չենք ցանկանում անելանելի վիճակ նկարագրել մեր ընթերցողներին, բայց հարկ է նշել, որ հասարակութիւնը պէտք է պատրաստուի լրջագոյն խնդիրների լուծմանը: Եթէ պատրաստ ես դիմակայել դժուարութիւններին, աւելի յաջողակ կը լինես դրանց յաղթահարման հարցում: