ԳԱՐՈՒՇ ՀԱՐԵԱՆՑ

Մարդը, հայը, ամուսինը, հայրը, պապիկը, հարեւանը, ծանօթը, բարեկամը, քաղաքացին, հայրենասէրը, գրչակիցը, բանաստեղծը… Գաղափար չունեմ նրա կուսակցականութիւնից, ուստի յարկ եմ համարում շրջանցել այն:
Գրիշ Դաւթեան մարդը… յամառ է, զգոյշ, կնամեծար, բռնկուն:
Գրիշ Դաւթեան հայը… շիտակ է, բանիմաց, լրջաբարոյ, ուժեղ:
Գրիշ Դաւթեան ամուսինը… դա թողնում ենք տիկին Սոնիկին:
Գրիշ Դաւթեան հայրը… այս մասին կը վկայեն երկու զաւակները:
Գրիշ Դաւթեան պապիկը… ապացուցն են երկուորեակ թոռները:
Գրիշ Դաւթեան հարեւանը… շփուող է, կամեցող, ժուժկալ, զուսպ:
Գրիշ Դաւթեան ծանօթը… զգօն է, վստահող, ջերմ, սակաւխօս:
Գրիշ Դաւթեան բարեկամը… կարող են վկայել լոկ խնամիները:
Գրիշ Դաւթեան քաղաքացին… շիտակ է, կրակոտ, ինքնակամ:
Գրիշ Դաւթեան հայրենասէրը… անթաքոյց պահանջատէր է:
Գրիշ Դաւթեան գրչակիցը… ընկերային է, պատուախնդիր, պարզ:

Գրիշ Դաւթեան բանաստեղծը… քանքարաւոր է, արդիամէտ, ասելիքաւոր, պատկերամիտ, բառապաշտ, թարմախօս, թիրախառու, ճկուն, նպատակասլաց եւ սիրա-սե՜ր… Նրա չափածոյ կնապաշտութիւնը (գրաւոր «սեքս»ը) հիացնում է մի շարք «Ֆէյսբուկ»ցի կանանց՝ Գլենդէյլից մինչեւ Բէյրութ, Երեւանից մինչեւ Թեհրան, Փարիզից մինչեւ Օտտաուա եւ Լոս Անջելըսից մինչեւ Թբիլիսի…
Գրիշ Դաւթեանի հաւաքական կերպարը խայտաբղէտ է, բարի, բոլորեքեան ուշագրաւ: Պ. Սեւակի ասածի համաձայն, նա «մարդ է ափի մէջ…» եւ ափից դուրս… Գրական տպագիր յաջողութեան առումով, Գրիշ Դաւթեանը նախանձելի վիճակում չէ: Ժողովածու հրատարակելիս էլ բոլորիս նման «մըզ-մըզ» է, որովհետեւ որոշակի հովանաւոր չունի: Սիրառատ հեղինակ է նա: Ռուսական դասական, յայտնի առածի համաձայն՝ «Կը լիւբուի վսէ վոզրաստի պակոռնի» («Սիրոյ առաջ բոլոր տարիքներն են խոնարհւում»): Այո՛, եռուն ու եռանդուն այս բանաստեղծի քնարական հերոսը տարիք չի ճանաչում: Ոտքից գլուխ բոլորանուէր սէր է եւ արարում… Պետրարքայի նման սիրոյ թագաւոր է հռչակել ինքնիրեն: Իր իսկ համոզմամբ, անվրէպ ու գերազանց կրակող է: Բանաստեղծական թիրախներն ու թեմաները միանգամից են անձնատուր լինում նրան՝ ատելութեան կապանքներից ազատագրելով քնարական հերոսի եւ հերոսուհու Անցեալ-կատարեալ եւ Ներկայ շարունակական սիրավէպը… ներառեալ նաեւ՝ Ապառնի ժամանակը…
Մեր ամէնամեայ ծաղկամատոյցների ժամանակ, երբ մենք՝ Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) անդամներս, իբրեւ իրաւայաջորդներ, հնչեցնում ենք հայոց Ցեղասպանութեան նահատակ հանճարների չափածոյ խօսքը, Գրիշ Դաւթեանը միշտ ընթերցում է Սիամանթոյի «Ես երգելով կ՛ուզեմ մեռնիլ» էպիկական ջիղով տոգորուած, երկարաշունչ բանաստեղծութիւնը, որն իր համար հաւատամք է, անժխտելի համոզմունք՝ «քրեդօ»… լրիւ բերանացի չի յիշում, բայց մենք իրեն յիշում ենք ու բամբասում մեր վարչութեան աշխատանքներից մինչեւ գրադարանային նմանօրինակ հինգշաբթիները… Նա մեր բանավէճային բախումների մասնակից վկան է… Նա համայնքի գրական-առանցքային դէմքերից մէկն է, ում չեն մոռանում: Անգամ նրա յարգելի բացակայութեան ընթացքում, որը վերջերս պատահեց, ԿՀԳՄ վարչականներս գրչակից ընկերոջ պակասութիւն ապրեցինք, սակայն ժողովրդի ասածի համաձայն, բնաւ էլ ջուրը չմաղուեցինք, սերտացանք եւ պատուով տարանք առաջ ամէն ինչ: Նրան յարգում ենք ոչ թէ այն բանի համար, որ ԿՀԳՄ նախագահ ենք ընտրել, այլ՝ որպէս ինքնատիպ բանաստեղծի, ում տողերն ու տողատակերը չեն մոռացւում.
Արագած սարի նման
Ես յոյսն եմ իմ հայրիկի,
Արարատ սարի նման
Հայրիկս թիկունքն է իմ…
Իրանահայոց 400ամեայ պանդխտութեան դէմ կռիւ տուող իրանահայ պոէզիան, որի ակունքներում զոհաբերութիւն պահանջող դեւի պէս նստած է երկրորդ Վահան Տէրեան՝ Դեւը (Մարգար Ղարաբեկեան), ունի գրական անխամրելի ժառանգութիւն եւ ստեղծած է շատ երեւելի անուններ, ի շարս որոնց, կարելի է այստեղ առաջին հերթին անպայման յիշատակել ու յիշել Արմանտին, Ներսէս Տէր Մեսրոպեան-Բալայեանին, Գրիշ Դաւթեանին, Վարանդին, Ազատ Մաթեանին, Թորգոմ Տէր Յակոբեանին… Ովքեր իրանահայ արձակագիրների՝ Կոլիա Տէր Յովհաննիսեանի, Ռուբէն Կորիւնի եւ այլոց հետ ուս-ուսի տուած՝ համալրում են նաեւ արդի Հայոց հաւաքական գեղարուեստական գրականութեան աւագ լեգէոնը… Վկայութի՞ւն էք ուզում. խնդրեմ՝ սուրբ Թադէի վանքը վկայ, Ղազուինի Ս. Հռիփսիմէի եկեղեցին վկայ, Նոր æուղայի խաչքարերն ու հանրայայտ գրադարանը վկայ, վերջապէս Նոր æուղայի Ս. Ամենափրկչեան վանքի սրբապատկերները վկայ, որոնք աճուրդի հանուեցին բանաստեղծի բարձրագոյն ուսումնառութեան քաղաքում… Գրիշ Դաւթեանի փոթորկոտ եւ իրական կեանքի մի վառ դրուագն է Մեծն Բրիտանիա-Անգլիան, ուր հասել է նրա ասպետականութեան շնորհիւ Իրանից առեւանգուած մեծ սէրը, եւ քաղաքամայր Լոնդոնում արժանացել ազատ, անկախ, ազգային համուհոտ ունեցող եկեղեցական պսակադրութեան: Հիմա հասկացանք, որ շուրջ յիսուն տարի դու տէր ես եղել, որդեա՛կ իմ: