ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տնտեսական վերականգնման բազմաթիւ դեղատոմսեր են առաջարկւում այս օրերին: Դրանց մեծ մասը «ժամանակաւոր վիրակապեր» են, քանի որ հանգամանօրէն չեն մօտենում խնդրի լուծմանը: Մարդիկ աշխատանք պէտք է ունենան, որպէսզի չվախենան դրամ ծախսելուց, իսկ աշխատանքի հարցը գնալով աւելի է սրւում, քանի որ գործ գտնելը դառնում է առաւել խրթին:
Վերոյիշեալ «ժամանակաւոր վիրակապերից» մէկին կ՛անդրադառնանք այսօր:
Անցեալ շաբաթ սենատորներ Չարլզ Շումերի եւ Մայք Լիի առաջարկած մի օրինագծի համաձայն՝ Միացեալ Նահանգներում անշարժ գոյք՝ մասնաւորապէս տուն, գնել ցանկացող իւրաքանչիւր քաղաքացի կարող է երկրում բնակութեան օրինական թոյլտուութիւն ստանալ, եթէ կէս միլիոն դոլար ծախսի այդ նպատակով: Այսպիսի անձինք կարող են 200 հազար դոլար ծախսել իրենց համար առանձնատուն գնելու համար, իսկ մնացածը կարող են ներդնել այլ շէնքերի մէջ՝ վարձակալութեան ակնկալիքով:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում օտարերկրացիների՝ ամերիկեան կալուածքներ գնելու գործօնը խիստ աշխուժացել է: Մասնաւորապէս չինացիներն ու կանադացիները մեծ թափով տներ են գնում Հարաւային Ֆլորիդայում, Արիզոնայում, Հարաւային Կալիֆորնիայում եւ այլ այնպիսի վայրերում, որտեղ կալուածքի շուկան աւելի քան կիսով չափ անկում է գրանցել՝ համեմատած 2005-2006 թուականների արժէքների հետ:
Օրինագծի նպատակն է արագօրէն ձերբազատուել աւելցուկ համարուող կալուածքներից, քանի որ տուն գնելու ի վիճակի ամերիկացիների մեծ մասը զգուշանում է նոր խոշոր գնումների գաղափարից, քանի որ նրանց հաւատը վաղուայ օրուայ նկատմամբ զգալիօրէն նուազել է: Սրան գումարւում է մի շարք պետութիւնների ազգային դրամանիշի արժէքաւորումը դոլարի նկատմամբ, որի արդիւնքում օտարերկրացիների դրամապանակը շատ աւելի զօրեղ է դառնում, քան նախկինում:
Սենատոր Չարլզ Շումերի վկայութեամբ, այս օրինագիծը պահանջարկ ստեղծելու միջոց է, առանց երկրի պետութիւնից որեւէ միջոց պահանջելու: Անցեալ տարուայ ընթացքում օտարերկրացիների ներդրումն ամերիկեան կալուածային շուկայում կազմել է 82 միլիարդ դոլար՝ նախորդ տարուայ 66 միլիարդ դոլարի համեմատութեամբ: Մայամիում նրանք գնել են առկայ տների 5.5 տոկոսը, իսկ Ֆենիքսում՝ 4.3 տոկոսը:
Համաձայն նոր օրինագծի՝ այս նոր վիզան ակնկալող օտարերկրացիները Միացեալ Նահանգներում աշխատելու իրաւունք չպիտի ունենան, եթէ ի հարկէ աշխատանքի իրաւունքն ապահովող վիզայի ընթացակարգին չդիմեն: Այսպիսի անձինք իրենց հետ կարող են բերել իրենց կողակցին եւ մինչեւ 18 տարեկան զաւակներին, սակայն կալուածքը վաճառելու դէպքում նրանք երկրում մնալու իրաւունք չեն ունենայ:
Այս նախագիծը որեւէ կերպ չի խանգարի գաղթականական միւս ծրագրերին, որտեղ մարդիկ սպասում են տարիներով Միացեալ Նահանգներ մուտք գործելու համար: «Անշարժ գոյքի գործակալների ազգային միաւորում» (National Association of Realtors) կազմակերպութեան հրապարակած տուեալների համաձայն, ամերիկեան անշարժ գոյք գնողների ամենամեծ թիւը կազմում են կանադացիները, ապա չինացիները, մեքսիքացիները, անգլիացիները եւ հնդիկները:
Մասնագէտների վկայութեամբ, որոշ երկրների բնակիչների համար զգալի արգելքներ կը դրուեն՝ այս ծրագրից օգտուելու համար: Ֆլորիդայի Վերօ Բիչ բնակավայրի տների 1/3ը օտարերկրացիներն են գնել. յիշեցնենք, որ տների առուծախի հետ կապուած տուեալ շրջանի տնտեսութիւնը զգալիօրէն աշխուժանում է, քանի որ տուն գնողները սովորաբար վերանորոգումներ են կատարում կամ սենեակներ աւելացնում, կահոյք եւ լայն օգտագործման առարկաներ գնում եւ այլն:
Ինչպէս եւ այլ ծրագրեր, այս նախագիծն ընդամէնը մի փոքրիկ հնար է, ինչ-որ ձեւով «ապրանք» վաճառելու տեսանկիւնից: Փաստօրէն, այն օրին ենք հասել, որ մնացել ենք օտարերկրացիների՝ Միացեալ Նահանգների վերաբերեալ ունեցած «իմիջ»ին ձգտելու ցանկութեան իրականացմանը: Իսկ աշխարհում դեռ կան միլիոնաւոր մարդիկ, ովքեր «Ամերիկա» բառը լսելիս հիպնոսացուած վիճակում են յայտնւում, եւ նրանցից շատ շատերը կ՛օգտուեն այս նոր հնարաւորութիւնից: Բայց թէ ինչպէ՞ս են գաղթականական ծառայութիւնները զտելու, թէ այս նոր «եկուորներից» ովքե՛ր են պարտաճանաչ քաղաքացիներ, ովքե՛ր են աւազակներ՝ յայտնի չէ: Չէ՞ որ գաղթականական ծառայութիւններն անվերջ քննադատութեան են ենթարկւում արդէն իսկ առկայ ծրագրերն իրականացնելու հարցում. նրանց հարկի եւ անհարկի մեղադրանքներ են ներկայացւում այդ հարցում ապաշնորհ լինելու կապակցութեամբ:
Փաստօրէն, կէս միլիոն դոլար ներդնել պատրաստուող իւրաքանչիւր անձ կարող է այստեղ օրինական բնակութիւն ստանալու հնարաւորութիւն ձեռք բերել: Առայժմ յայտնի չեն օրինագծի մանրամասները, իսկ դրանք մեծ գլխացաւանքների տեղիք կարող են տալ: Օրինակ.
Ինչպէ՞ս կը փոխուի օտարերկրացի գնորդի կարգավիճակը, եթէ նա այդ տունը վաճառի՝ մէկ այլ տուն գնելու ակնկալիքով:
Նորաթուխ տանտիրոջ զաւակներն ու ընտանիքը կարո՞ղ են օգտուել ուսման եւ ամերիկացիներին տրամադրուող այլ արտօնութիւններից:
Նորաթուխ տանտէրը կարո՞ղ է 5 տարի յետոյ երկրի քաղաքացի դառնալ:
Այլ գործեր կարո՞ղ է ձեռք բերել:
Այսպիսի հարցերը կարելի է անվերջ շարադրել, եթէ մի փոքր աւելի երկար մտածենք: Ինչպէս յիշում էք, երկրի տնտեսութեան անկումն սկսուեց կալուածքի շուկայում առկայ գերթանկացումից: Տնտեսութեան վերականգնման բանալին ընկած է կալուածքի շուկայում առկայ խառնաշփոթ թնջուկից: Եթէ երկրի առաջնորդներն իրենց շրջանակներում քաղաքական կամք ցուցաբերեն եւ ոչ թէ զբաղուեն մանկապարտէզային ցեխարձակումներով, ապա հարցի լուծումը դրական ընթացք կարող է ստանալ: Ճիշդ է, պէտք է նշել նաեւ, որ իրավիճակն է բարդացել, եւ համակարգային մօտեցման կարիք է զգացւում, այսինքն՝ միայն կալուածքի շուկան առողջացնելու փորձերը բաւարար չեն հիւանդ տնտեսութիւնը վերականգնելու տեսանկիւնից:
Առջեւում «տօնական առեւտրի» շրջանն է: Այստեղ չափազանց մեծ ուշադրութիւն են դարձնում գոհաբանութեան տօներից մինչեւ ծննդեան տօներն ընկած ժամանակաշրջանում կատարուած առեւտրի արդիւնքների վրայ: Սա նշանակում է, որ «թոյլ առեւտուր» գրանցելու պարագայում, երկրի ֆինանսական շուկաներն առաւել մեծ խուճապի կարող են մատնուել: Իսկ ինչպէ՞ս կարող է հասարակ ամերիկացին իրեն թոյլ տալ «ճոխ առեւտուր» կատարել, երբ ամէն կողմից բոթաբեր ձայներ են լսւում:
Այստեղ առկայ է եւս մէկ գործօն. ամերիկացիները վերջապէս «սովորել են» իրենց միջոցների համաձայն ծախսել, այսինքն՝ յետ են սովորել «պարտքով ապրելու» իրենց արատից: Սա լաւ նշան է, քանի որ մարդ միշտ «իր վերմակի չափով պէտք է իր ոտքերը երկարացնի», սակայն այս նոր կենսակերպը մի արիւնալի վէրք է տնտեսութեան առողջացման համար, քանի որ աշխարհի եւ ամերիկեան ձեռնարկութիւնների մեծ մասը նախկինում աշխատում էր ամերիկացիների ապրանքամոլութեան ծարաւը յագեցնելու համար: Ինչպէ՞ս պիտի այս բացը լրանայ, միայն Բարձրեալին է յայտնի:
Նմանօրինակ մտորումները յանգեցնում են մի եզրակացութեան. կենսակերպի փոփոխութիւնն անխուսափելի է, եւ աւելի նախընտրելի է ընդունել այս միտքը, եւ համապատասխան «ուղղումներ» կատարել, քան ճակատով պատին ընդառաջ շարժուել: