ՏԱԹԵՒ ՎՐԴ. ՅԱԿՈԲԵԱՆ*

Հայկական Ցեղասպանութիւնը որպէս հայ ժողովրդի մեծ ողբերգութիւն, անցնող այս տասնամեակների ընթացքում իր արտայայտութիւնն է գտել նաեւ հայ եւ համաշխարհային արուեստի տարբեր ստեղծագործութիւններում:
Այս շարքը համալրելու է գալիս Ֆլորա Մարտիրոսեանի «Artists for Peace»ի եւ «FMS Media»ի կազմակերպած համերգը՝ «Այլեւս երբե՛ք» խօսուն խորագրով: Այս համերգը հայոց սիրուած երգչուհու, ինչպէս նաեւ համաշխարհային լեգենդ Ստիւի Ուոնդերի, ով ՄԱԿի խաղաղութեան դեսպաններից է, եւ մասնակցութեամբ հայ, յոյն, ասորի եւ ամերիկեան երգիչների, դառնալու է Հայոց Ցեղասպանութեան միջազգային դատապարտման արտայայտութիւնը՝ երգի լեզուով:
Նման ձեռնարկումները ոչ միայն կատարուածը դատապատելու, այլեւ նոր ողբերգութիւնները կանխելու խորհուրդն ունեն, որովհետեւ «Այլեւս երբեք» խորագիրը նախ եւ առաջ մտահոգութիւն է, որ այլեւս երբե՛ք չկրկնուի նման մի ոճրագործութիւն, այլեւս երբե՛ք որեւէ ժողովուրդ չանցնի հայ Գողգոթայի ճանապարհներով:
Արուեստի աշխարհի տարբեր երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչների միջազգային այս զօրակցութիւնը աննախադէպ է եւ գալիս է վկայելու համերաշխութիւնը յանուն համամարդկային արժէքների:
Խորհրդանշական է, որ այս համախմբումը որպէս գեղարուեստական ծրագիր իրականացւում է գործուն մասնակցութեամբ հայրենի սիրուած երգչուհի Ֆլորա Մարտիրոսեանի, ով կենդանի շարունակողն ու կատարողն է հայ ժողովրդական ու աշուղական երգերի ու հայ երգարուեստի. ում «Տլէ Եաման»ը մեզ է փոխանցում Վանայ ծովակի ծփանքը, արեւմտահայ բնաշխարհի հայ աշխատաւորի շնչով լցուած լինելու պատրանքը ստեղծում:
Ֆլորա Մարտիրոսեանի կատարումներով մի անգամ եւս հաղորդուենք այդ շնչին, ինչպէս նաեւ «Artists for Peace»ի եւ «FMS Media»ի, Նունէ Սերոբեանի եւ միւս կազմակերպիչների միջոցով տեսնենք Հայոց Ցեղասպանութեան ողբերգութեան ընկալումը եւ արտայայտումը՝ մեր ժողովրդի բարեկամների ու այն արուեստագէտների կողմից, ովքեր այս ձեռնարկով երգի սահմաններ չճանաչող լեզուով աշխարհին մէկ անգամ եւս զգուշացնում են նման ողբերգութեան հնարաւոր կրկնութեան անթոյլատրելիութեան մասին:
Կոչ ենք անում Սփիւռքի եւ ի մասնաւորի՝ ԱՄՆի մեր հայրենակիցներին, որ Լոս Անջելըսի նշանաւոր «Գիբսըն» (Gibson) թատրոնում, Նոյեմբերի մէկին կայանալիք այս համերգին իրենց համախումբ ներկայութեամբ, մէկ անգամ եւս ոգեկոչեն մեր անմեղ նահատակների յիշատակը, իրենց երախտագիտութիւնը յայտնեն մեր ժողովրդի ցաւը կիսողներին եւ նրանց հետ միասին աշխարհին յիշեցնեն, որ Ցեղասպանութիւնը անցնելու ժամկէտներ չունեցող մի ոճրագործութիւն է, որի դատապարտումը մեր բազմաբիւր անշիրիմ նահատակներից առաւել հարկաւոր է այսօրուայ մարդկութեանը:
* Առաջնորդ Ռումանիոյ
Հայոց Թեմի