ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀՈՎԵԱՆ
«Բարի Գալուստ Մեր Նոր Տուն»:
Իրանահայ միութեան նպատակասլաց ոգու ցոլացումը, մարմնաւորուել ու խօսուն էր դարձել, ԻՀՄ նոր կենտրոնատեղիի՝ արդիական շէնքի պաշտօնական բացման շքեղ ճաշկերոյթի ամբողջ ընթացքում:
Տպաւորիչ է ԻՀՄ միութեան ընդգրկած գործունէութեան դաշտն ու շրջանակը. աւելի քան 1,000 անդամներ, շաբաթօրեայ հայերէն դասարաններ, ուր յաճախում են աւելի քան 200 աշակերտներ, 85 հոգիանոց երգչախումբ, ղեկավարութեամբ՝ միջազգային դափնեկիր Միքայէլ Աւետիսեանի, հայկական ժողովրդական պարերի դասարաններ, տիկնանց մասնաճիւղ, երիտասարդական գեղարուեստական մասնաճիւղ, գրադարան՝ օժտուած 10,000 գրքերով, «Ապահովել մի երեխայի կեանքը — Կրթական հիմնադրամ», որ աջակցում է աւելի քան 600, կարիքաւոր երկրաշարժից տուժած երեխաների:
Շաբաթ, Հոկտեմբեր 8ի երեկոյան ժամը 6:30ից սկսեալ, Իրանահայ միութեան նորակառոյց շքեղ կենտրոնատեղիի շրջափակը (117 S. louise Street Glendale, CA) եռու- զեռի մէջ էր: Ինչպէս ոչ պաշտօնական բացման՝ «Դռնբաց Այցելութիւն» խորագրի նորքոյ միջոցառումը (տես «Ասպարէզ», Շաբաթ, 26 Մարտ 2011ի թիւը), նոյնպէս— պաշտօնական՝ մուտքի տոմսով, բացման ճաշկերոյթի ժողովուրդի ընդառաջումը աննախընթաց էր: Անկախ պայմաններից, Իրանահայ միութեան ձեռնարկները միշտ գնահատւում են ժողովրդի կողմից:
Շնորհիւ միութեան պատասխանատուների մտածուած փորձառու մարտավարութեան. միշտ էլ յաղթահարուել են բազմաթիւ խանգարիչ ազդակներ, որ ծառացել էին միութեան հիմնադրութեան թուականից՝ 1956ից մինչ օրս, նպատակը պահելով միշտ անշեղ: Հայապահպանում, զարգացում, բարեգործութիւն, միութեան ու միութենականների հայացքը միշտ ուղղուած է եղել դէպի հայրենիք՝ նրա ցաւերով մտահոգուելով ու վերելքներով հպարտանալով: Ապացոյցը՝ 2 սենեականոց կեդրոնից հասնել մինչեւ այսպիսի շքեղ կառոյցի: Ինչի կարելի է վերագրել այս վերելքը եթէ ոչ միութենականների խոհեմ ծրագիրներին ու գործելաոճին:
Իրանահայ Միութեան պատմութեան ու նրա վատ ու լաւ օրերի կեանքի բովից անցած, ահա անբացատրելի հիացում ապրեցի, երբ մուտք գործեցի ԻՀՄի 3 յարկանոց շքեղ շենքից ներս, Գլենդելի սրտում: Մուտքի մօտ մեզ դիմաւորեցին հին ու նոր միութենականները, յարգալից, ժպտերես — ջերմութեամբ. մենք մեզ, մեր տնում զգացինք:
Նախասրահաում, կազմակերպուած էր ճոխ ընդունելիութիւն. միջոցառումը կազմակերպելու համար կեանքի կոչուած 14 հոգիանոց յանձնախումբը, նախագահութեամբ՝ Թոմիկ Ալեքսանեանի, ոչ մի ճիգ չէր խնայել ամէն ինչ կարգ ու կանունով, բարձր մակարդակով ներկայացնելու համար: Աշխոյժ ու ոտքի վրայ էին նաեւ կենտրոնական վարչութեան, խնամակալ, շէնքի շինարարութեան մարմիններն ու յարակից յանձնախմբերի անդամ-ուհիները, որոնք ըստ արժանաւոյն ընդունում էին հիւրերին: Հաճելի էր հանդիպել ԻՀՄ նախկին նախագ-ուհիներին: Իհարկէ ոչ բոլորն էին ներկայ, հասկանալի պատճառներով: Էստեղ էին նաեւ խնամակալ մարմինների պատասխանատուները, էստեղ էր ԻՀՄ գրադարանի—տեղեկատուի պատասխանատու՝ բանաստեղծ, տարիների համեստ աշխատող Մեսրոպ Տէր Մեսրոպեանը:
Երանի թէ կարողանայի յիշատակել բոլոր նուիրեալների անունները, որոնք խնամքով յիշատակուած էին յայտագրում ու նաեւ բոլոր նրանց, ովքեր քրտինք են թափել, համագործակցել են ԻՀՄ միութեան ու ՆՈՐ ՏՈՒՆԻ կերտման գործում, բայց որոնց անունները չի յիշատակուել: Յարգե՛նք բոլորին:
Հրաւիրուած էին միութիւնների, ազգային ու հասարակական կազմակերպութիւնների, կուսակցութիւնների ներկայացուցիչներ, մամուլի աշխատողներ, այլազան մարզերում աչքի ընկնող դէմքեր: Ներկայ էին Գլենդէյլի քաղաքապետարանի խորհուրդի անդամներ՝ Նաճարեան Արան, Ֆրանք Քուինթերօն, Տէյվ Ուիվըրը, Գլենդէյլի բարելաւման յանձնախմբի տնօրէն՝ Հաղանի Հասսանը, վերաբարելաւման տնօրէն՝ Ֆիլիփը, Նահանգային Ասամբլիման՝ Մայք Կաթօն, Լոս Անջելեսի շերիֆ Բաքան, նրա խորհրդատու՝ Թեւան Առուստամեանը, Գլենդէյլի Փրեսպիթերիըն եկեղեցու հովիւ Քրիս Հարիսընը, Գլենդէյլի նախկին քաղաքապետ՝ Ռաբըրթ Եուսէֆեանը, Գլենդէյլի քաղաքապետարանի քարտուղար՝ Արտաշէս Քացախեանը, Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս՝ Յովհանէսեան Գրիգորը, Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանը, Հայոց առաքելական եկեղեւցոյ արեւմտեան թեմի առաջնորդ՝ Յովնան արք. Տէրտէրեանը: Նախասրահում տիրում էր ջերմ ու հարազատ մթնոլորտ, խուռներամ ժողովրդը բարձր տրամադրութեան մէջ էր. Ռուբինա «քէյթրինգի բարձրորակ սպասարկումը, համադամ խորոտիկներով, երկու երիտասարդ երաժիշտների Արագած Աբրամեանի ու Գառնի Բասիկեանի բարձրարուեստ կատարումը ճոխացնում էին երեկոն:
Ժամը 8ին, բացուեց շքեղ սրահի դռները: Ներդաշնակ գոյներով լուսաւոր սրահը զարդարուած էր սեղանների վրայ զետեղուած գոյնզգոյն վարդերի ծաղկամաններով: Հանդիսավարներ Ալինէ Մագսուդեան եւ Գրեգորի Զարեանը, ողջունելով ներկաներին բեմ հրաւիրեցին արուեստագիտուհի Անահիդ Ներսիսեանին, որ իր թաւշային ձայնով երգեց Ամերիկայի եւ Հայաստանի օրհներգները: Ապա հարեւան եկեղեցւոյ հովիւ՝ Քրիս Հարիսըն աղօթքով ողջունեց երկու կառոյցների եղբայրական համագործակցութիւնը: Ապա բացման խօսքով, հանդէս եկաւ խնամակալ մարմնի նախագահ՝ Վահան Գրեգորին: Անհրաժեշտ է թարմացնել յիշողութիւնները եւ նշել, որ Վահան Գրեգորին իր իւրայատուկ խառնուածքով, 1976 թուականից սկսեալ, երբ Գալուստ Բաբախանեանի (Դայի) ուժեղ կամքի, հեռատեսութեան եւ աննկուն ջանքերի շնորհիւ Գլենդէյլում գնուեց, Իրանահայ միութեան կենտրոնատեղին, իր անձնական միջոցներով անհրաժեշտ երաշխաւորութիւնը շնորհեց հայապահպանման այս կարեւոր կենտրոնին: Նա միշտ պատրաստ է եղել հովանաւորել, քաջալերել նպատակասլաց գործը. նա մեծ ներդրում է ունեցել ԻՀՄ կեանքում: Այս հանդիսաւոր պահի առիթով նա իր ընտանիքի անունից նուիրեց 250,000 դոլար: Վահան Գրեգորին ուրախութիւն յայտնեց, որ երկու սենեակով ճամբայ ելած միութեան կենտրոնատեղին, օր ըստ օրէ բարգաւաճելով հարստացել ու վերածուել է հպարտութիւն ներշնչող նոր տան:
Ապա ելոյթ ունեցաւ, կենտրոնական վարչութեան նախագահ՝ Նժդեհ Փիրջանեանը: «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՆՈՐ ՏՈՒՆ» հարազատ խօսքով նա ողջունեց ներկաները, որմէ ետք ամփոփ, իմաստալից մեկնաբանութեամբ ներկայացրեց միութեան նպատակը: «Լինելով այն սերունդը, որը ստանձնել է իրեն հասած մշակոյթի բարձր արժէքները, հաւատացած ենք, որ կատարելագործելով մեր աշխատանքները պայքար կը մղենք յանուն մեր մշակոյթի պահպանման», ասեց նա:
Ապա քաջալերանքի ու գնահատանքի խօսքեր արտայայատեցին Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Գրիգոր Յովհանիսեանը եւ Լոս Անջելեսի ոստիկանապետ՝ շերիֆ Բաքան: Իսկ Գլենդէյլի քաղաքապետարանի խորհրդի անունից՝ Ֆրանք Քուինթերոն շնորհաւորեց ԻՀՄ կենտրոնի պաշտօնական բացումը:
Յայտագրի յաջորդ բաժնով ցուցադրուեց Իրանահայ միութեան գործունէութիւնը ներկայացնող, հետաքրքիր մի տեսաերիզ: Ապա գեղարուեստական գողտրիկ մի ծրագրով հանդէս եկաւ՝ «Սերենադ» լարային քառեակը, մասնակցութեամբ՝ Արմէն Մանգասարեանի՝ առաջին ջութակի, Սարգիս Քուրքչեանի՝ երկրորդ ջութակ, Սուսաննա Քուրքչեանի՝ միջակ ջութակի, Գարիկ Թերզեանի՝ թաւ ջութակ: Քառեակը նուագեց Ռուբէն Ալթունեանից եւ Արամ Խաչատրեանից հիասքանչ կտորներ: Կատարողական արուեստի բարձր մակարդակով ելոյթ ունեցաւ Սեւանա Յովսէփեան Սալմասինը, (Սոփրանօ) եւ երգեց հայկական ժողովրդական երգ «Աղաւնիները» ու հատընտիր արիաներ եւրոպական Օպերետներից: Դաշնամուրի մօտ նրան ընկերակցում էր, Արմինէ Ղազարեանը: Ապա դաշնակարուհին, արհեստավարժ կատարումով մեկնաբանեց Առնօ Բաբաջանեանի «Էլեգի»ն:
Յայտագրի եզրափակիչ փուլին բեմ բարձրացաւ Իրանահայ միութեան խնամակալ մարմնի անդամ ու պաշտօնական բացման ճաշկերոյթի նախագահ՝ Թոմիկ Ալեքսանեանը: Նա ոգեւորիչ խօսքերով շնորհակալութիւն յայտնեց 19 հոգանոց կազմակերպիչ յանձնախմբի անդամներին եւ բոլոր նրանց, որոնք իրենց նիւթական ու բարոյական օժանդակութեամբ ու նուիրումով նպաստել էին միջոցառման եւ ընդհանրապէս ԻՀՄ յաջող գործունէութեան: Նա յատկապէս գնահատելով տիկնաց գործունէութիւնը, նրանց ներդրած լուման ու մտահոգութիւնները ասաց. «Մեր տիկինները պարտք չեն սիրում»:
Ալեքսանեան շնրհակալութիւն յայտնեց բոլորր նրանց, որոնք անվերապահօրէն գործել եւ կատարել են իշխանական նուիրատւութիւններ:
«Մեծ է նիւիրատուների եւ գործօն միութենականների թիւը ու արդար լինելու համար խուսափում եմ անուներ նշելու: Նախօրօք ներողութիւն եմ խնդրում վրիպումների համար», ասեց Խնամակալ մարմնի անդամը:
Ապա Թոմիկ Ալեքսանեանը բեմ հրաւիրեց Յովնան սրբազանին, որ իր սրտի խօսքը փոխանցի ներկաներին: Նա բարձր գնահատելով Իրանահայ միութեան հայրենանուէր գործունէութիւնը, ասաց որ մեր ազգի զաւակները ուր որ ալ գնան պիտի կառուցեն ու ստեղծագործեն: «Տայ Աստուած, որ շքեղ այս նոր շէնքը դառնայ ապրող ու շնչող կառոյց, ապագայ մեր սերունդի ու հայութեան համար», ասեց սրբազան հայրը:
Պահը հասաւ պատուի ու գնահատանքի: Սրբազան հայրը, ամենայն հայոց կաթեղիկոս Գարեգին Բ.ի անունից յայտարարեց, որ 2 հոգի պիտի գնահատուին այդ երեկոյ: Պատիւը պիտի տրուի Վահան Գրեգորիին եւ Թոմիկ Ալեքսանեանին, որոնք մէկը միւսին լրացնող յամառ ու անձնուէր աշխատողներ են: Ապա ներկաների ծափողջիւների ներքոյ սրբազանը երկու հայորդիների կրծքին փակցրեց Ս. Աթոռ Էջմիածնի «Ներսէս Շնորհալի» շքանշանները:
Շնորհաւորում ենք շքանշաններ ստացողներին ու նորանոր նուաճումներ ենք մաղթում Իրանահայ միութեան: Վարձքներդ Կատար: