ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնիանաու».- Արդէն մի քանի ամիս է, ինչ ղարաբաղեան կարգաւորման մասին տեղեկութիւններում ոչ մի բառ չկայ հակամարտութեան քաղաքական կարգաւորման մասին: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանեան գագաթնաժողովից յետոյ, որտեղ կողմերը, ըստ էութեան, չկարողացան համաձայնութեան գալ կարգաւորման սկզբունքների շուրջ, միջնորդները սկսեցին աւելի շատ խօսել ժողովուրդների միջեւ շփումների հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման եւ նոյնիսկ տարածաշրջանային նախագծերի մասին: Հնարաւոր է, որ դրա հետ էր կապուած Հարաւային Կովկասում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի այցը Հայաստան:
Եւրամիութիւնը մշակում է նոր նախագծեր՝ ուղղուած հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահութեան քայլերի ընդլայնմանը: Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան ծառայութեան ղեկավարի պաշտօնական ներկայացուցիչ Մայա Կոչիանչիչը հաղորդել է, որ 2 միլիոն եւրօ բիւջէով առաջին ծրագիրն այժմ աւարտւում է, սակայն քննարկւում է յաջորդ նման ծրագրի հնարաւորութիւնը:
ԱՄՆը նոյնպէս կարեւորում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ շփումների կազմակերպումը, Նոյեմբերի 28ին յայտարարել է Բաքւում ԱՄՆ դեսպան Մեթիւ Բրայզան: «Անհրաժեշտ է որքան հնարաւոր է շատ շփումներ կազմակերպել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, որովհետեւ այդ կերպ հնարաւոր կը լինի ընդհանուր լեզու գտնել», ասել է Բրայզան:
Քաղաքացիական հասարակութեան մակարդակով շփումներից զատ անցկացւում են եւս մի քանի գործընթացներ: Դիցուք, Ռուսաստանը նախաձեռնում է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումները, որոնք արդէն տուել են իրենց արդիւնքը: Մէկ տարի առաջ Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլ Ա.ի միջնորդութեամբ տեղի ունեցած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչութեան նախագահ շէյխ ուլ իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի հանդիպումից յետոյ հնչեցուել է բոլոր գերիներին եւ զոհուածների դիակները վերադարձնելու կոչը: Եւ մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերն էլ դա արեցին:
Երեւանում այս շաբաթ տեղի ունեցած երկու հոգեւոր առաջնորդների հանդիպմանը նոր՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչ է հնչել: Պաշտօնական Բաքուն դեռ չի պատասխանել այս առաջարկին: Մինչ այդ պաշտօնական Երեւանը վերահաստատել է դիպուկահարներին դուրս բերելու իր պատրաստակամութիւնը, սակայն ոչ միակողմանի:
ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորութիւնը՝ միաժամանակ փաստելով, որ շփման գծում տեղի ունեցող միջադէպերը ցոյց են տալիս, որ անհրաժեշտ են դրանց միջազգային հետաքննութեան մեխանիզմներ:
Մինչ այդ, Ղարաբաղում այդ այցերից առաջ սահմանի վրայ լարուածութիւնը սրուեց: Հայկական բանակը հաղորդել է ադրբեջանական դիպուկահարների կրակոցից զոհուած իր երկու զինուորների մասին: Ի պատասխան հայկական կողմը պատժիչ օպերացիայի է դիմել՝ յայտարարելով, որ մէկ շաբաթուայ ընթացքում սպանուել կամ վիրաւորուել է ադրբեջանցի 7 զինուոր: Ադրբեջանը հաստատել է միայն մէկ զոհի դէպքը: Հետաքրքիր է, որ այս տեղեկատուութիւնը առանձնապէս չի անհանգստացրել ո՛չ Ադրբեջանին, որտեղ այն պարզապէս լռութեան մատնեցին, ո՛չ էլ միջազգային կազմակերպութիւններին, որոնք կարծես ընդունեցին հայկական բանակի՝ պատժիչ գործողութիւններ իրականացնելու իրաւունքը:
Յիշեցնենք, որ Նոյեմբերի 3ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ մշտական խորհրդին են ներկայացրել գործունէութեան ամենամեայ զեկոյցը, որում կրկին հաստատել են, որ հարցը ռազմական լուծում չունի, եւ յաւելեալ ջանքեր են ներկայացրել՝ բանակցային գործընթացի մթնոլորտը լաւացնելու, հրադադարի ռեժիմի պահպանումն ամրապնդելու համար: