ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Երկու ժամ տեւող մեր խօսակցութեան վերջին վայրկեաններն էին, երբ պարոն Ժիրայրն ասաց, որ աշխատելու ժամանակ դասական երաժշտութիւն է լսում: Այս մէկը մեզ համար եղաւ յայտնութիւն, քանի որ ամբողջ ընթացքում դիտում էի նրա ձեռքի աշխատանքները եւ մտածում, ինչո՞ւ այսքան մանրակրկիտ է աշխատել, խոշորացոյցով, երբեմն կրկնակի խոշորացոյցով մատանու երես համարուող մակերէսի վրայ փորագրել է թեմաներ, որոնք կարող էին նկարչական պաստառներ դառնալ: Դասական երաժշտութեան իմացական խորհուրդն ունէր իր դերը, որ աշխատանքային մթնոլորտում նրան վերացնում էր առօրեայից եւ՝ կենտրոնացնում սիրած մասնագիտութեան, արուեստի վերածուած արհեստի վրայ:
Շիրիկճեան գերդաստանի ոսկերիչների հինգերորդ սերնդին է պատկանում Ժիրայրը: Մանկութեան տարիներն անցել են Հալէպում եւ Պեյրութում: Ոսկերչութիւնն այս ընտանիքում աւանդոյթ էր՝ սկսած մեծ հայրերի պատմական Այնթապ քաղաքից: Հայրը՝ Լեւոն Շիրիքճեանը «չիֆթի» գործ աշխատատեսակի մեծ վարպետ էր, որ ոսկերիչների մօտ կարելի է համարել ազնիւ մետաղով կատարուած ժանեակագործութիւն: Հայր Լեւոնը մահանում է վաղ՝ 42 տարեկանում: Սակայն նրա պատրաստած արծաթեայ սկուտեղները, գաւաթակալները, շաքարամանները, անձեռոցիկի կապերը, ափսէներն արդէն տարածուած էին հանրութեան մօտ: Տարիներ յետոյ այդ գործերն ունեցող մի սեփականատէր, մօտաւորապէս 100 կտոր արծաթեղէն ուղարկում է Հայաստան եւ Լեւոն Շիրիքճեանի աշխատանքները նուիրում է թանգարանին: Մամուլում տպագրւում է այդ նուիրատւութեան մասին:

Ժիրայրը բնականաբար ընդգրկւում է ընտանեկան արհեստի մէջ՝ չորս եղբայրների հետ միասին: Նա սիրում էր փորագրութիւնը եւ մի արհեստաւորի մօտ ծանոթանում է այդ աշխատանքին: Ինքնաշխատութեամբ եւ յամառ կամքով, զարգացնելով իր մէջ այն համոզումը, որ անկարելի բան չկայ կեանքում, օրեցօր խորամուխ է լինում գործի մանրամասնութիւններին: Փնտռում է կարեւոր նկարներ, որպէսզի դրանք փորագրի ոսկու վրայ: 1964 թուականին, Լիբանանի նախագահն է դառնում Շարլ Հըլուն: Անմիջապէս Ժիրայրը վերցնում է նորընտիր նախագահի նկարը, պատրաստում է կլոր ոսկեդրամ, որի մէկ երեսի վրայ փորագրում է Շարլ Հըլուին, իսկ միւս կողմում՝ լիբանանեան մայրիները: Այս աշխատանքը նուիրում է նախագահին եւ ստանում է շնորհակալական նամակ: Առաջին գործերից էին ոսկերիչ հօր դիմանկարի փորագրութիւնը մատանու վրայ 1965 թուականին: Աւելի ուշ մի բարեկամ ցանկանում է ունենալ Վարդան Մամիկոնեանի նկարի փորագրութեամբ մատանի, մէկ ուրիշը նոյնպիսի մատանի՝ ՀՅԴ զինանշանի փորագրութեամբ: Եւ այսպիսով պատկերներն ստանում են ազգային բնոյթ:
1967 թուականին երիտասարդին ոգեւորում է Եւրոպայում ապրելու գաղափարը, եւ նա մեկնում է Զուիցերիա: Զուիցերացի փորագրիչ- ոսկերիչը տեսնելով Ժիրայրի կարողութիւնները ապահովում է նրան թէ կեցութեան եւ թէ աշխատանքային արտօնագրերով: Որոշ ժամանակ անց Լիբանանը ետ է կանչում Ժիրայրին, վերադառնում է եւ ընտանիք է կազմում: Լիբանանեան պատերազմի տարիներին վերջնականապէս տեղափոխւում է Միացեալ Նահանգներ, Նիւ-Ճըրզի, 1979ին հաստատւում է Լոս-Անճելեսում, Հոլիվուդ, ապա՝ Գլենդէյլ:

Հայն իր աշխատանքին առընթեր պարտաւորւում է ներգրաւուել ազգային գործունէութիւնների մէջ, մանաւանդ Սփիւռքում: Եւ Ժիրայրը այդ գիտակցութեամբ, աւելի ճիշդ առանց նոյնիսկ մտածելու, որ դա պարտաւորութիւն է, երկար տարիներ եկեղեցում շապիկ է հագնում եւ երգում է դպրաց դասում՝ Լիբանանում եւ այստեղ: Անդամակցում է Այնթապի հայրենակցական միութեան վարչական կազմին, մասնակցում է ազգային, միութենական, ՀՄԸՄի սկաուտական աշխատանքներին: Երգում է հայկական երգչախմբերում: Տիկնոջ՝ Լուսինի եւ զաւակների հետ՝ Վահէ, Վաչէ, Վանա, որոնց մէկ մասն արդէն իր գործընկերներն են անկախ մասնագիտական կրթութիւնից, Ժիրայր Շիրիկճեանը կարողացել է արժեւորել իր ընտանեկան, գերդաստանական շարունակութիւնը:
Որպէս մասնագէտ համբերատարութեամբ եւ անաղմուկ, իր իսկ պատրաստած մատանիներով կնքել եւ
Պատրաստութիւնը յանձնւում է Ժիրայրին: Յանձնելու պարտականութիւնը տրւում է նրա աղջկան, որ այդ դպրոցի աշակերտ էր: Փոքրիկ Վանան տալիս է յուշանուերը Վազգէն վեհափառին եւ մոտենալով նրան՝ շշնջում է. «Գիտե՞ս, ասի պապաս ըրաւ»: