«Էսթետ» աշխարհի ոսկերչական արդիւնաբերութեան հինգ լաւագոյն ընկերութիւններից մէկը, որ անուանը համահունչ ամփոփում է հայկական ոսկերչութեան ու աշխարհի մշակոյթների լաւագոյն աւանդոյթները՝ արտայայտելով նիւթի եւ դրա կերտման փիլիսոփայութեան նկատմամբ հիմնադրի մօտեցումը:

«Ոսկեայ զարդերից արուեստի էսթետիկ գլուխգործոցներ ստեղծելու համար, անհրաժեշտ է էսթետ (գեղագէտ-Խմբ.) լինել հոգով», համոզուած է Ռուսաստանում հիմնադրուած «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր, տաղանդաւոր գործարար Գագիկ Գէորգեանը: Նրա այս կարգախօսով են առաջնորդւում «Էսթե»չի օժտուած վարպետ ոսկերիչներն ու դիզայրներները՝ նրբաճաշակութեան ու շքեղութեան համադրմամբ ստեղծելով ոսկեայ զարդերի անկրկնելի նմուշներ:
Գործունէութեան 20 տարիների ընթացքում «Էսթե»չ ոսկերչական տան արտադրանքը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Այն անտարբեր չի թողել նաեւ նորաձեւութեան համաշխարհային դիզայներներին. «Էսթետ»ի ոսկեայ զարդերն իրենց ցուցադրութիւններում օգտագործել են հանրայայտ Վալենտինօ, Քրիստիան Լակրուա, Վերա Վոնգ, Վեաչեսլաւ Զայցեւ եւ այլ ճանաչուած նորաձեւութեան տներ ու դիզայներներ:
Գագիկ Գէորգեանն իր յաջողութեան գրաւականներից է համարում հայ վարպետների հետ համագործակցութիւնը: 2011 թուականի գարնանը, աշխարհասփիւռ հայ ոսկերիչները Գագիկ Գէորգեանին ընտրեցին Հայ ոսկերիչների համաշխարհային միութեան նախագահ:

«Իւրաքանչիւր երկրի աւանդոյթների ու հոգեկերտուածի համաձայն, տարբեր է նաեւ մեր գործելաոճը, ինչի արդիւնքում մենք շատ յաճախ չենք կարողանում փոխզիջման գնալ եւ դժուարանում ենք միանալ մէկ ընդհանուր գաղափարի շուրջ: Թոյլ տուէք ինձ միաւորուել ձեզ իմ գաղափարների շուրջ: Մենք կարիք ունենք համախմբուելու», ասւում է Գագիկ Գէորգեանի՝ միութեան անդամներին յղուած ուղերձում:
Պաշտօնավարման կարճ ժամանակահատուածում, Գէորգեանը խօսքերը գործի վերածեց՝ 2011 թուականի Սեպտեմբերի 21-23ը, Հայաստանի վերանկախացման 20ամեակին նուիրուած առաջին աննախադէպ ոսկերչական ցուցահանդէսը կազմակերպելով հայրենիքում: Բացառիկ շքեղ այդ միջոցառմանը մասնակցում էին հայազգի վեց տասնեակից աւելի ոսկերիչներ ու ոսկերչական ընկերութիւններ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թւում՝ ԱՄՆ, Կանադա, Շուէյցարիա, Ռուսաստանի Դաշնութիւն, Ֆրանսիա, Իտալիա, Թայլանդ, Լիբանան, ինչպէս նաեւ՝ հայաստանեան ոսկերչական ընկերութիւննները: «Հայերն ապահովում են աշխարհի ոսկերչական արդիւնաբերութեան 7 տոկոսը եւ մենք պէտք է կարողանանք օգտուել այս յաջողութիւնից՝ հայ ոսկերչական արուեստը նոր մակարդակի հասցնելու, Հայաստանին օգտակար լինելու համար», նշում է Գագիկ Գէորգեանը, ում հաւաստմամբ հայ ոսկերիչների աշխատանքները ոչ միայն նրանց ձեռքի շնորհքի, այլեւ հոգու եւ սրտի արդիւնք են եւ հէնց դրանով էլ հայերի աշխատանքները տարբերւում են միւսներից:

Գագիկ Գէորգեանի ու նրա գործունէութեան լաւագոյն վկայութիւնը նրա ստեղծածն է, ընկերների ու ծանօթների հիացմունքն ու հաւատը մարդու հանդէպ, ով գաղափարի շուրջ կարողանում է համախմբել հայ անհատների, ինչը կազմակերպչական բացառիկ տաղանդի պայմաններում է հնարաւոր միայն…
«Ասպարէզին» տրուած բացառիկ հարցազրոյցում Գագիկ Գէորգեանը պատմում է «Էսթետ»ի հիմնադրման, Հայ ոսկերիչների միութեան եւ առաջիկայ ծրագրերի մասին:
ՆԱՆԷ.- Ոսկերչութեան արհեստն աւանդաբար փոխանցուել է սերնդէ սերունդ: Արդեօք ձեր գործի ընտրութեան հիմքում ընտանեկան աւանդոյթներն են:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ոսկեգործութիւնն ու ոսկերչութեան արհեստը մեր տոհմում, այո, աւանդոյթներ ունի: Մեծ հօրս պապը եղել է ոսկեգործ, իսկ մեծ հայրս փայտից շուիներ էր պատրաստում եւ այնպէս էր փորագրում դրանց վրայ, որ արուեստի գործերի էին յիշեցնում: Հայրս նոյնպէս ոսկերչութեամբ եւ փայտագործութեամբ է զբաղուել եւ այժմ դիտելով նրա պատրաստած նմոյշները՝ ապշում եմ, թէ ինչպէս կարելի է ձեռքով նման աշխատանքներ ստեղծել: Եւ ընդհանրապէս, ոսկերչութիւնը մեր ազգի արեան մէջ է, օրինակ, խաչքարերն էլ ոսկերչութեանը բնորոշ մանրակրկիտ աշխատանքի արդիւնք են: Ես էլ մեծացել եմ մի միջավայրում, որտեղ բոլորն օժտուած էին ձեռքի շնորհքով, տիրապետում էին որեւէ արհեստի: Մինչ դպրոցն աւարտելը յաճախ էի այցելում քեռուս եւ հօրեղբօրս արհեստանոցներ, հետեւում էի նրանց աշխատանքային գործընթացին եւ այդպիսով կամաց-կամաց ես էլ մտայ այդ աշխարհ:
ՆԱՆԷ.- Ռուսաստանում ձեր հիմանդրած «Էսթետ» ոսկերչական տունն այսօր համաշխարհային մակարդակի ընկերութիւն է: Ե՞րբ եւ ինչպէ՞ս ծնուեց այն:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Քեռիս՝ Ռոբերտ Մելքումեանը, որ «Էսթետ»ի գլխաւոր նկարիչն է, եւ աշխարհի մակարդակով լաւագոյն դիզայներներից, քաջալերեց սկսելու մեր գործը: Եղբայրներիս հետ միասին ես նոյնպէս ոսկերչութեամբ էի զբաղւում, սակայն ժամանակի ընթացքում հասկացայ, որ ինձ հոգեհարազատ է կազմակերպչական գործընթացը: Երկու համալսարան աւարտելուց յետոյ, սկսեցի զբաղուել եղբայրներիս արտադրանքի վաճառքով: Արդիւնքում, ինձ յաջողուեց ոսկերչական ընտանեկան արհեստանոցը վերածել հսկայական ոսկերչական տան: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսատանում ոսկերչական առաջին սեփական մասնաւոր ձեռնարկութիւնը ես եմ ստեղծել՝ 1991 թուականին: Այսօր «Էսթետը» ոչ միայն Ռուսաստանի այլեւ աշխարհի մակարդակով հինգ լաւագոյն ընկերութիւններից է՝ իր մեծութեամբ, մշակոյթով, վարպետ-մասնագէտներով, յաճախորդների հետ ժամանակով ստուգուած յարաբերութիւններով: Գործարանը, միաժամանակ, յագեցած է ամենաժամանակակից սարքերով, ինչը թոյլ է տալիս հասնել լաւագոյն արդիւնքների: Ես ինքս սիրում եմ արտադրութեան գործընթացը. երբ մտնում եմ գործարան եւ լսում հաստոցների աղմուկն ու զգում դրանց հոտը, կարծես հանգստանում եմ:
ՆԱՆԷ.- Ո՞ր երկրներում է իրացւում ձեր արտադրանքը եւ որ շուկաներն են այսօր համարւում ոսկերչութեան ոլորտի առաջատար:

ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մեր կազմակերպութիւնը չի զբաղւում մանրածախ առեւտրով: ԱՊՀ երկրների տարածքում մեր ապրանքը ներկայացուած է 8500 խանութներում: Եւրոպայում աշխատում ենք Ֆինլանդիայում, Լեհաստանում, Չեխիայում, Գերմանիայում, այն երկրներում, որտեղ մեր արտադրանքը գնահատւում է եւ առաւել մեծ պահանջարկ կայ: Հարկ է նկատել, որ այսօր լաւագոյն շուկաներից մէկը Ռուսաստանի շուկան է, որտեղ գտնւում է աշխարհի ոսկու եւ ադամանդի 25 տոկոսը: Ներկայում ռուսական շուկան մեծամասամբ զբաղեցնում են այլազգիներ՝ չինացիներ, հնդիկներ, թուրքեր: Մեր նպատակներից է, որ ռուսաստանեան շուկայում պատկերը փոփոխուի եւ ռուսական արտադրութիւնները, որոնց հիմքում հիմնականում հայերն են՝ առաջնային դիրքերում յայտնուեն: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարկեր չկան եւ դա մեծ հնարաւորութիւն է տալիս, որպէսզի հայ ոսկերիչները կարողանան ռուսական հոյակապ շուկայի մէջ զարգանալ: Ես նաեւ Ռուսաստանի ոսկերիչների միութեան անդամ եմ եւ շուտով պիտի ստանձնեմ նախագահութիւնը եւ այս հանգամանքը կը նպաստի առաւել ակտիւօրէն զբաղուել հայ ոսկերիչների՝ Ռուսաստանում ներկայացմամբ:
ՆԱՆԷ.- Կարելի՞ է «Էսթետ»ի յաջողութեան գրաւականներից համարել հայ վարպետների ու աշխատակիցների առկայութիւնը:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Բացարձակ ճշմարտութիւն է, «Էսթետ ոսկերչական տան աշխատակիցների հիմնական ղեկավար կազմն ու աշխատակցիները հայեր են՝ թէ՛ ոսկերիչները, թէ՛ դիզայներներն ու նկարիչները: Սովորաբար շատ դժուար է գտնել հմուտ աշխատակիցներ այս գործում եւ պէտք է խոստովանեմ որ լաւ ոսկերիչ հասկացութիւնը մեր ազգին է բնորոշ, մանաւանդ Ռուսաստանում, որտեղ ոսկերչութեան մշակոյթը զարգացած չի եղել: Այս գործում հնարաւոր է ձեռք բերել լաւագոյն հաստոցներ եւ ամենաորակեալ ադամանդներ, բայց որակեալ աշխատակիցներ՝ դժուարութեամբ: Ռուսաստանում եթէ չգտնես հայ ոսկերիչ՝ գործդ դժուար թէ յաջողի:
ՆԱՆԷ.- Հայ ոսկերչութիւնը դարերի աւանդոյթ ունի: Արդեօք ձեր արտադրանքը ստեղծելիս կիրառո՞ւմ էք աւանդական ձեւեր:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Հայկական ոսկերչութիւնն ունի շուրջ 5000 տարուայ պատմութիւն: Երեւանում գտնուող պատմութեան թանգարանում կան ոսկերչական իրեր, որ մեր թուարկութիւնից առաջ 2րդ 3րդ դարում են ստեղծուել՝ այսինքն ոսկերչութիւնը կարծես Աստծոյ պարգեւն է մեր ազգին: «Էսթետ»ի դիզայներները կրթութիւն են ստացել Հայաստանում եւ իրենց գործերում առկայ է հայկական բնաւորութիւնը: Միաժամանակ, ունենալով բազմազգ յաճախորդներ, ուսումնասիրում ենք նաեւ համաշխարհային մշակոյթներն ու միտումները:
ՆԱՆԷ.- Ձեր ընտանեկան գործը շարունակո՞ւմ են արդեօք ձեր զաւակները:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Աղջիկս ինքնուրոյն է գործում՝ ունի իր առանձին բիզնեսը, որ զբաղւում է էլիտար բիժույով եւ աշխատում է յայտնի դիզայներների հետ: Շատ ուրախ եմ, քանի որ նա յաջողակ է: Տղաս, աւարտելով ԱՄՆում Pepperdine համալսարանը, այնուհետեւ ուսումը շարունակեց Միլանի Արուեստների ակադեմիայի ոսկեայ իրերի դիզայնի բաժնում: Աւարտելուց յետոյ նա պատրաստւում է վերադառնալ Մոսկուա եւ աշխատել մեր ընկերութիւնում:
ՆԱՆԷ.- Այս տարի, Ապրիլին դուք ստանձնեցիք Հայ ոսկերիչների համաշխարահային միութեան նախագահի պաշտօնը եւ արդէն բազմաթիւ նախաձեռնութիւններով էք հանդէս եկել: Արդեօք ձեր ծրագրերում նախատեսուա՞ծ է Հայաստանում ոսկերչական ոլորտի զարգացումը:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մեր միութիւնը մի մեծ ծրագիր ունի՝ Հայաստանում ստեղծել ազատ գօտի, որտեղ նախատեսում ենք աշխատանքի հրաւիրել աշխարհասփիւռ հայ ոսկերիչների, նաեւ՝ օտարների: Ես, օրինակ հայ ընկերներ ունեմ Նիւ Եորքից, որ Չինաստանում 50-100 աշխատակից ունեցող ոսկերչութեան արտադրամասեր ունեն: Փոխարէնը, կարելի է Հայաստանում ստեղծել փոքրիկ արտադրամաս, որտեղ հայ ոսկերիչների արտադրանքն առանց հարկերի հնարաւոր կը լինի արտահանել: Ազատ գօտու մասին օրէնք իմ միջնորդութեամբ եւ իհարկէ ՀՀ կառավարութեան աջակցութեամբ ընդունուել է արդէն, ըստ որի այդ գօտու աշխատանքները կը կազմակերպի ու կը վերահսկի Միութիւնը եւ ոչ որեւէ նախարարութիւն: Սա փոխշահաւէտ է, քանի որ իւրաքանչիւր ոսկերչական տուն կ՛ունենայ լաւագոյն վարպետներ ի դէմս հայ երիտասարդների, ովքեր գործ չունենալու պատճառով հեռանում են հայրենիքից: Այս պարագայում, նրանց արտադրանքը կարտահանուի, քանզի շատ դժուար է աշխատել միայն ներքին, առաւել սահամափակ շուկայի համար:
ՆԱՆԷ.- Իսկ ոսկերչութեան համաշխարհային շուկայում հայ ոսկերիչներն ի՞նչ տեղ ունեն:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Աշխարհի ոսկերչական արդիւնաբերութեան մօտ 6-7 տոկոս հայերն են վերահսկում: Դա հսկայական մի թիւ է, եթէ համադրում ենք ողջ աշխարհում հայ ազգի քանակի հետ: Մենք ճանաչում եմ գրեթէ բոլոր գործող հայ ոսկերիչներին, որոնցից, ցաւօք, ոչ բոլորն են Միութեան անդամ եւ, բնականաբար, ոչ բոլորն են ճանաչում միմեանց: Հայ ոսկերիչների միութեան ցանկութիւնն է բոլորին ցոյց տալ միասնութեան ուժը, եւ համախմբելու ուղղութեամբ աշխատանքներ ենք սկսել: Այս առիթով նշեմ, որ աշխարհի ոսկու համաշխարհային խորհուրդը ղեկավարում է բրիտանաբնակ հայազգի Արամ Շիշմանեանը: Նա եկել էր ինձ հետ հանդիպման Փարիզի հայ ոսկերիչների կազմակերպած միջոցառման ժամանակ, որին ներկայ էին 200 լաւագոյն գործարարներ եւ ոսկերիչներ՝ ողջ Եւրոպայից: Շիշմանեանը տեղեկանալով մեր միութեան նպատակների եւ գործունէութեան մասին՝ սիրով համաձայնեց մասնակցել մեր յետագայ ծրագրերին:
ՆԱՆԷ.- Ի՞նչ այլ աշխատանքներ էք իրականացրել ձեր պաշտօնավարման ընթացքում եւ ապագայի ի՞նչ ծրագրեր կան:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Առաջին գործս եղաւ տարբեր քաղաքներում տասնեակ խուրհուրդների ստեղծումը: Հիմնադրեցինք Հայ ոսկերիչների միութեան նոր ամսագիրը, որ բացառիկ է բնոյթով: Այն ներկայացնում է հայկական ոսկերչական աւանդոյթները, ժամանակակից ձեռքբերումները, անհատների, ամփոփում է միութեան գործունէութիւնը: Ամսագիրն առայժմ հրատարակւում է տարին չորս անգամ, չորս լեզուով՝ 5000 անգլերէն, 3000 հայերէն, 1000 ֆրանսերէն եւ 1000 իսպաներէն օրինակով: Միութիւնը շարժւում է միաժամանակ մի քանի ուղղութիւններով: Իմ նպատակն է որ Հայ ոսկերիչների համաշխարահային միութիւնը տարածուի ողջ աշխարհում եւ հայ ոսկերիչները ճանաչուեն ու գնահատուեն արժանւոյնս: Օրինակ, Ռուսաստանում մենք հասել ենք նրան, որ, երբ ասում ես հայ՝ հասկանում են ոսկերչութեան լաւագոյն աւանդոյթներ: Ցանկանում եմ որ այդպէս լինի նաեւ ամէնուր: Ամերիկահայ ոսկերչական համայնքը շատ հզօր է: Ոսկերչութեան լաւագոյն ցուցահանդէսներից Լաս Վէգաս այցիս ժամանակ ամէնուր հայկական ազգանուն էի տեսնում, հայերէն լեզուն էի լսում եւ հպարտութիւն էի զգում, որ այդ հսկայ ամերիկեան շուկայում մեր փոքր ազգը նման մեծ յաջողութիւն ունի: Բազմաթիւ անհատներ մեծ ձեռքերումներ ունեն, պատկերացնում էք ինչ կը լինի, եթէ նրանք բոլորը միանան՝ վերջապէս դառնալով մեծ ընտանիք:
ՆԱՆԷ.- Դուք եւ Հայ ոսկերիչների միութիւնը նաեւ մեծապէս օգնում է հայ համայնքին:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Այս պահին հայ համայնքի կեանքում մեր ամենամեծ ներդրումներից է Մոսկուայի կենտրոնում հայկական եկեղեցու կառուցումը: Սա իրադարձութիւն է, քանզի մինչ այդ մեր միակ սրբավայրը մի փոքրիկ մատուռի չափերով եկեղեցին էր: Ռուսաստանի կառավարութիւնը մեզ հողեր յատկացրեց, որտեղ կառուցուող եկեղեցին մի մեծ ոսկերչական նմուշ կարծես լինի՝ իր մանրանկարչութիւններով ու փորագրութիւններով: Միութեան Մոսկուայի խորհուրդը մեծապէս օժանդակեց այս նախագծին, միաժամանակ՝ օգնում ենք հայկական դպրոցներին եւ արձագանգում մեզ դիմող տարբեր անհատների:
ՆԱՆԷ.- Ձեր յաջողութեան բանաձեւը:
ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Որպէս ոսկերիչ իմ յաջողութեան բանաձեւը հայրենասիրութիւնն է եւ հայի ուժին հաւատալը: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ եթէ ես հայի հետ եմ աշխատում եմ, վստահում եմ իմ ազգակցին՝ յաջողում եմ: Չնայած երբեմն քննադատելու առիթներ լինում են, բայց չմոռանանք որ տաղանդաւոր ազգ ենք եւ եթէ ունենանք կազմակերպիչներ, առաջնորդներ ովքեր շնորհալի եւ հեռատես են, կարող ենք շատ բարձունքների հասցնել:
ՏԵՂԵԿԱՆՔ: «Էսթետ» ոսկերչական տան առանձնայատկութիւնը ստեղծագործական ազատ մթնոլորտն է, որտեղ գեղեցիկը ստեղծելու գաղափարի շուրջ համախմբուած վարպետներն իրենց անհատական մօտեցմամբ կերտում են արուեստի գործեր: Դրանք կազմում են «Էսթետ»ի արտադրած ոսկեայ զարդերի հիմնական հաւաքածուները՝ նախատեսուած կանանց, տղամարղկանց ու երեխաների համար: Ընկերութեան առաջատար մասնագէտների երիտասարդ թիմը՝ Վահագն Մկրտչեանի գլխաւորութեամբ, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար պատրաստուած գաւազանը կատարման, գեղարուեստական չափանիշներով եզակի է: