ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ

Գրականագէտ, պարսից գրականութեան մասնագէտ, քսան տարի Թեհրանի, ապա տաս տարի Քեմբրիջ համալսարանի դասախօս, հինգ գիտական գրքերի հեղինակ պարոն Յովհաննէս Յովհաննիսեանի վերջերս հրատարակած Եւգենի Այլինի «Իրանը սահմանադրական յեղափոխութեան սեմին» գիրքը ուշադրութիւնս գրաւեց: Ինձ հետաքրքրեց ոչ թէ հեղինակն, այլ նրա թարգմանիչ Լեւոն Բուդաղեանի ու հրատարակիչ պարոն Յովհաննէս Յովհաննիսեանի նախաբանը, ներածականը, խմբագրական աշխատանքն ու շատ կարեւոր լուսանցքագրութիւնները, որոնք հրաշալի աղբիւր են ծառայում ծանօթանալու 19րդ դարասկզբին Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ իրենց ուրոյն դերն ու տեղը ունեցած, իրանահայ քաղաքական ու հասարակական գործիչներին ու առհասարակ իրանահայ մտաւորականութեան մի փոքրիկ փաղանգին:
Նախաբանը Եւգենի Այլինի «Իրանի սահմանադրական յեղափոխութեան սեմին» գրքի թարգմանիչ Լեւոն Բուդաղեանի համառօտ կեանքն ու կենսագրութիւնն է: Հարկ է նշել, որ նա հիանալի տիրապետել է ռուսերէն, անգլերէն, պարսկերէն եւ հայերէն լեզուներին ու մեծ ներդրում է ունեցել Իրանի բանկային (դրամատնային-Խմբ.) բիզնեսի զարգացման ու տարածման գործում:
Ներածականում հրատարակիչ Յովհաննիսեանը գրքի հեղինակ Եւգենի Այլինին անծանօթ լինելով հանդերձ, ընդհանրապէս կարեւորում է արտասահմանցի մտաւորականութեան կարծիքներն ու խոհերը որեւէ երկրի անկիւնադարձային նշանակութիւն ունեցող քաղաքական իրադարձութիւնների շուրջ ու ցաւ է յայտնում, որ հազարամեակների պատմութիւն ունեցող իրանցիները դեռեւս չունեն զինուորական, աշխարհագրութեան, օրինաց, բնագիտութեան, արուեստի, քաղաքաշինութեան, մարզամշակութային, կրօնի, գրականութեան ու բժշկագիտութեան պատմութեան լուրջ ուսումնասիրութիւններ:
Ներածականում խօսւում է նաեւ սահմանադրական յեղափոխութեան թեմայով շուրջ 100 այն աւարտաճառերի մասին, որոնք Թեհրանի համալսարանի արխիւներից հանուել էին իր մեծ ջանքերի շնորհիւ ու օգտագոծուել ուրիշի կողմից: Համառօտակի տեղեկանում ենք այն մասին, թէ ինչպէս է Եւգենի Այլինի գրքի լուսանկարային պատճէնը Ռուսաստանից բերւում Իրան, ու իր իսկ խնդրանքով պարսկերէնի թարգմանւում Լեւոն Բուդաղեանի կողմից:
Պարոն Յովհաննիսեանի ներածականի մէջ ի յայտ եկած ափսոսանքն ու «վիշտը» այն մասին, որ մինչ օրս որեւէ, բացի ցաքուցրիւ նիւթերից, լուրջ ուսումնասիրութիւն չկայ Իրանի 18րդ դարավերջի ու 20րդ դարասկզբի շատ կարեւոր իրադարձութիւնների, ի մասնաւորի Սահմանադրական յեղափոխութեան շուրջ, ինձ յուշում է նաեւ մեր պատմագրութեան բացը նոյն ժամանակաշրջանի վերաբերեալ, սկսած 19րդ դարի վերջերի հայ ազատագրական շարժումներից մինչեւ բոլշեւիկների մուտքը Հայաստան:
Հայ հանրային ընթերցողին առաւել հետաքրքիր է ներածականի լուսանցքային բաժինը, որտեղ համառօտ կեպով ծանօթանում ես ժամանակի այն քաղաքական ու յեղափոխական հայ գործիչների իւրայատուկ այնպիսի երեւոյթների հետ, որոնք յոյժ կարեւոր են թէ պարսիկ, թէ հայ ընթեցողի համար: Այդ երեւելիներից են.
– Սահմանադրական յեղափոխութեան ամենանշանակալից դէմքերից մէկը՝ ՄԻՐԶԱ ՄՈԼՔՈՒՄ ԽԱՆԸ, որի հայ լինելու մասին հեղինակը ոչ մի կասկած չունի:
– ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՍԵՀԵԱՆ: Շեքսպիրեան անզուգական թարգմանիչ, պարսից երկրի դեսպանը տարբեր երկրներում:
– ՏԻԿԻՆ ԲԵՐՍԱԲԷ: Իրանի առաջին մանկապարտէզի հիմնադիր եւ տնօրէն /1934թ./ Իրանի կանանց ազատութեան համար առաջին ըմբոստացող կինը:
– ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱԽՆԱԶԱՐԵԱՆ: Իրանի առաջադէմ մտաւորական, գիտնական, բազմավաստակ մանկավարժ, գերմաներէնի առաջին դասախօսը Իրանում:
– ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼԵԱՆ:
– ԵՓՐԵՄ ԽԱՆ: Հերոս, առանց որի չես կարող պատկերացնել Իրանի սահմանադրական յեղափոխութեան յաղթանակը:
– ԳՐԻԳՈՐ ԵՂԻԿԵԱՆ: Քաղաքական ու հասարակական գործիչ, լեզուների բանիմաց մասնագէտ, հմուտ մանկավարժ ու թարգմանիչ «Իրան Քաբիր» օրաթերթի հիմնադիրը Ռեշտ քաղաքում, ապա պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով «Իրանէ Քոնունի» Թեհրանում:
Ամբողջ գրքի /120 էջ/ միայն 32 էջն է պարունակում ռուս հեղինակ Եւգենի Այլինի «Իրանը Սահմանդրական յեղափոխութեան սեմին» գրքի թարգմանութիւնը, որը աւելի շատ կարող է հետաքրքրել մասնագէտներին, յատկապէս պատմաբաններին: Ինձ հետաքրքրող հատուածներում չտեսայ մտաւորական հրատարակիչի անաչառ վերաբեմունքն ու մօտեցումը ժամանակի այն բոլոր յեղափոխականների, հասարակական գործիչների, գրողների, մանկավարժների, արուեստագէտների ու ճարտարապետների մասին, որը ընթերցողի մօտ աւելի լուրջ տպաւորութիւն կը թողնէր հեղինակի անկողմնակալ մօտեցման հարցում: Ցաւօք յիշատակուած անձինք միայն, եթէ ոչ միայն, ապա մեծ մասը, հեղինակի մերձաւորներն են: Կամ ի՞նչ կապ ունեն տիկին Բերսաբէն ու 1994 թուականի Իրանում նահատակուած պատուելի Թաթէոս Միքայելեանը Իրանի Սահմանադրական յեղափոխութեան հետ: Լաւ կը լինէր, ինչ-որ տեղ Պարոն Յովահննիսեանը շեշտէր, որ սա ոչ ամբողջական պատկերն է այն իրանահայ գործիչների, որոնք իրենց մեծ լուման են ներդրել քսաներորդ դարի սկզբին Իրանի յեղափոխական, մշակութային, քաղաքական ու տնտեսական կեանքի մէջ:
Վերջում նշեմ, որ պարոն Յովհաննէս Յովհաննիսեանը Իրանահայ երկրորդ մտաւորականն են, որը 1971 թուականին արժանացել է ժամանակի կառավարութեան՝ Թագաւորական ամենաբարձր պար-գեւին:
Հրատարակութեան տակ է Յովհաննիսեանի «Հայերը Սեֆեւիների դինաստիայում» աշխատութիւնը: