
Հայրենի երգահան Տիգրան Մանսուրեանի պարբերաբար այցելութիւնները Լոս Անջելըս միշտ կապւում են աշխատանքային ծրագրերի, երաժշտական աշխարհի նորութիւնների հետ, որոնց տեղեակ լինելու համար, հանդիպեցինք մեզ մօտ գտնուող, ստեղծագործող եւ կատարող, դիտող եւ մտածող արուեստագէտին:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՒՈՐԳԵԱՆ.- Այս այցելութեան ընթացքում հասցրեցի՞ք արդէն աշխատանքային կապերի մէջ մտնել տեղի երաժիշտների հետ:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ.- Բարեբախտաբար այո՛: Կարճ ժամանակ առաջ Zipper Hall դահլիճում հնչեց իմ «Con anima 6» լարայինների համար գրուած գործը «Դիլիջան» համերգաշարի ծրագրի ընթացքում: Եւ ուրախ եղայ նորից համագործակցելու երաժշտական կեանքի հմուտ կազմակերպիչ, համերգաշարի գեղարուեստական ղեկավար եւ հիանալի ջութակահար Մովսէս Պողօսեանի ու իր ընկերների հետ: Այս մակարդակի երաժիշտների հետ աշխատակցելը իրաւ մեծ վայելք է: Ոչ պակաս կարեւոր են եղել իմ շատ սիրելի բարեկամ Վաչէ Պարսումեանի հետ երաժշտութեան եւ այլեւայլ հարցերին նուիրուած մեր զրոյցներն ու քննարկումները:
Խորհրդային երաժշտական կրթական համակարգի միջով անցած երաժշտիս համար, մեծ հաճոյք է Վաչէի հետ զրուցել՝ ոչ միայն Ամերիկեան համալսարանում խմբավարական արուեստի մասին իր ձեռք բերած գիտելիքների շուրջ, այլ նաեւ հայ եւ համաշխարհային հոգեւոր երաժշտութեան մասին: Պիտի ուզէի, որ մի օր Պարսումեանը դասախօսութիւնների շարք կարդար Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար: Այսօր հոգեւոր երաժշտութեան հետ հաղորդակցուելու կատարեալ ազատութիւնն ստացած հայ երաժշտի համար, կարծում եմ, հետաքրքիր պիտի լինէր Վաչէ Պարսումեանի խօսքը:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՒՈՐԳԵԱՆ.- Արդեօք Երեւանում մասնագէտների պակաս կա՞յ այս հարցերը քննարկելու համար:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ.- Երեւանում գործում են հայ հոգեւոր երաժշտութիւնն ուսումնասիրող քանի-քանի գիտնականներ, որոնց աշխատութիւններին ծանօթ եմ: Օրինակ վերջերս Երեւանում լոյս տեսաւ Կարինէ Խուդաբաշեանի «Հայ Երաժշտութիւնը՝ Համեմատական Երաժշտագիտութեան Տեսանկիւնից» աշխատութիւնը: Այն լուրջ ներդրում է հայ երաժշտագիտական մտքի բնագաւառում, որտեղ, անշուշտ, նաեւ հայ հոգեւոր երաժշտութիւնն է վերլուծւում: Գիրքը գրուած է ռուսերէն: Հաւատացած եմ, որ մի օր այն հայերէնի կը թարգմանուի: Հայ հոգեւոր երաժշտութեանը նուիրուած լուրջ գիտնականներից է Աննա Արեւշատեանը, նաեւ՝ Մհեր Նաւոյեանը:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՒՈՐԳԵԱՆ.- Կարծես թէ յայտնւում ենք մի հարցի առջեւ, որ վերաբերւում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայ երաժիշտների հետ ձեր բարեկամական կապերին:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ.- Օ՜, դա շատ հետաքրքիր եւ ծաւալուն նիւթ կարող է լինել զրոյցի համար:

Աշխարհի տարբեր երկրներում ունեմ տարբեր սերունդների պատկանող հայ երաժիշտ բարեկամներ, որոնց հետ տեւական կապի մէջ եմ: Փարիզում է ապրում ու աշխատում կոմպոզիտոր Արթուր Ահարոնեանը: Արթուրը եռանդուն ու որոնող երաժիշտ է: Ինձ հիացրել են Տիգրան Հէքէքեանի մանկական երգչախմբի համար գրած թումանեանական մանրապատումները: Առանց չափազանցութեան կարող եմ ասել, որ այս գործերն իրօ՛ք բարձր վարպետութեամբ են գրուած: Այս պարագային, Արթուր Ահարոնեանը եւ Տիգրան Հէքէքեանը իրար ներշնչող, իրարից անհնարինը ակնկալող խենթեր են: Արթուրի այս գործը շատ եմ սիրում: Երաժշտական վայելքի ինչպիսի՛ տօն կարող էր դառնալ Տ. Հէքէքեանի մանկական երգչախումբը Լոս Անջելըսի երաժշտասէր հանրութեան համար:
Երկար ժամանակ Ա. Ահարոնեանը աշխատում էր ջութակի «կոնցերտ»ի հետ, որ գրում էր մեր հռչակաւոր ջութակահարի՝ Սերգէյ Խաչատրեանի համար: Այսօր վերջապէս ստացայ այդ ձայնագրութիւնը, եւ մեծ ուրախութիւն էր ինձ համար լսել «կոնցերտ»ը: Դա իրօք հրաշալի մի ստեղծագործութիւն է, որ գտել է իր արժանի կատարողներին՝ Սերգէյ Խաչատրեանին եւ «Ամստերդամ Սինֆոնիէտա» նուագախմբին:

Շուեցարիայի Ցիւրիխ քաղաքում է ապրում իմ լաւ բարեկամ Դաւիթ Հալաջեանը: Վերջերս տեղի եկեղեցիներից մէկի հիմնադրման տարելիցի առթիւ, նա պատուէր էր ստացել գրելու երգչախմբային մի ստեղծագործութիւն: Դաւիթը հրաշալի է տիրապետում երգչախմբային արուեստին՝ թէ՛ իբր հեղինակ, թէ՛ իբր խմբավար: Իր այս նոր գործը հնչել է Շուեցարիայում եւ բարձր գնահատանքի է արժանացել, որի համար շատ ուրախ եմ: Դաւիթի հետ մենք յաճախ զրուցում ենք երաժշտութեան հետ կապուած այլեւայլ հարցերի շուրջ: Ասեմ, որ պատրաստւում է լայնածաւալ մի գործ ստեղծել Նարեկեան Մատեանի հիման վրայ, որ պիտի ներկայացուի մեծ երգչախմբով եւ նուագախմբով:
Ցաւօք սրտի, երաժիշտների այս անունները եւ մանաւանդ՝ գործերը, մեր հանրութեան շատ ծանօթ չեն: Իրականում այս անուններն արժանի են ոչ միայն ծանօթ լինելու, այլեւ՝ աւելիին: Տարբեր երկրներում ապրող մեր երաժիշտներից շատերի մասին կարող էի խօսել, սակայն եզրափակեմ՝ յիշատակելով հայր եւ որդի Քարթալեաններին, որ ապրում են այստեղ: «Դիլիջան» համերգաշարի ընթացքում արդէն հնչել է Արտաշէս Քարթալեանի քառեակը, որի մասին հիացական կարծիքներ եմ լսել: Աշոտ Քարթալեանի գործը առաջիկայում պիտի հնչի նոյն համերգաշարի ընթացքում:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՒՈՐԳԵԱՆ.- Դուք առաւելաբար խօսում էք ձեր գործընկերների մասին: Մեզ ոչ պակաս հետաքրքիր է իմանալ վերջերս Գերմանիայում հնչած ձեր «Ռեքվիէմ»ի մասին:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ.- Սիրո՛վ: Այս գործը գրելու առաջարկը երկու տարի առաջ ստացել էի Միւնխենի կամերային նուագախմբի եւ Պերլինի «Rias» երգչախմբի կողմից: «Ռեքվիէմ» գրելուն տասը տարուց աւելի յետամուտ եմ եղել: Տանս թղթերի մէջ մի քանի անգամ սկսուած եւ կէս թողուած ռեքվիէմներ ունեմ: Այս մէկը բարեբախտաբար աւարտուեց եւ հնչեց: «Ռեքվիէմ»ը գրել եմ 1915 թուի Եղեռնի զոհերի յիշատակին: 2015ին ընդառաջ՝ մտածել եմ, որ այս գործը մենք պէտք է ունենայինք:
Երեւանում ապրած մօրս տունը հեռու չէր Ծիծեռնակաբերդի Եղեռնի յուշարձանից: Նա յաճախ թոռներից մէկն ու մէկի ձեռքը բռնած եւ միւս ձեռքին՝ ծաղկեփունջ, քայլելով գնում էր դէպի Ծիծեռնակաբերդ: Մայրս որբանոցի զաւակ էր: Իրենց բազմանդամ ընտանիքից երկուսով էին միայն ազատուել 1915ի ջարդերից: Իր մանկութեան տարիներին վերաբերուող պատմութիւնները ականջիս մէջ են… ես պիտի գրէի այս գործը: Կարող էք հարցնել՝ ի՞նչ էի փնտռում տասը տարիների ընթացքում եւ ինչո՞ւ մի քանի տարբերակ կիսատ է մնացել: Ինչպէս առհասարակ հոգեւոր երաժշտութիւնը, այնպէս էլ ռեքվիէմը ծիսակարգի մաս է կազմում. հետեւաբար, նրանում ներկայ է պայմանականութիւնների մի շարք, որ թերեւս նրան մօտեցնում է թատրոնին: Հայ երաժիշտը, երբ փորձում է երգել ռեքվիէմ եւ կրկնում կամ նմանակում է կաթողիկէ եկեղեցու ծիսակարգային «թատրոն»ը, յայտնւում է աննպաստ, երբեմն նաեւ՝ ծիծաղելի վիճակի մէջ: Եւ որպէսզի թատրոնի թատրոնը չխաղաս (որ թերեւս ամենատխուր թատրոնն է), պէտք է հրաժարուես շուրջ 500 տարի Եւրոպայում երգուած ռեքվիէմի աւանդոյթից:
Սրա փոխարէն պէտք է ստեղծես քո իրականութեան հիմքերի վրայ գոյացած, հայ մարդու հոգեբանութիւնից եկող, օրինակ՝ Kyrie Eleison-ը, որ նոյն «Տէր Ողորմեա՛»ն է: Այն օրը, երբ յայտնաբերեցի, թէ ռեքվիէմի երգիչ-երգչուհիները եւ առհասարակ ռեքվիէմի գործող անձիք մեր մանրանկարչութեան էջերում ապրող մարդիկն են՝ իրենց այնքան կենդանի դիմագծերով, ես ներշնչուած էի: Խոշոր եւ կլոր աչքերով, սեւ յօնքերով այս աղջիկներին ու տղաներին հիմա էլ կը տեսնես Հայաստանի տարբեր շրջաններում: Ուրեմն այն օրը, երբ հասկացայ այս իրողութիւնը, ես ոչ միայն ազատուեցի կրկնակի թատրոն խաղալու վտանգից, այլ նաեւ պարարտ երաժշտական հիմք ու հող ունեցայ՝ յանձին հայ հնագոյն հոգեւոր երաժշտութեան:
Կարծում եմ իրար բերեցի երբեւէ իրար չհանդիպած երկու նշանակալի երեւոյթներ, մշակութային երկու ակունքներ, որոնցից մէկը լատիներէնն է՝ հարիւրամեակների իր անցեալով, եւ միւսն է՝ դարերի միջով անցած հայ հոգեւոր երաժշտութիւնը: Գրելու ընթացքում ես տեսնում էի, թէ ինչպէ՛ս մեր երաժշտութեան արտայայտչականութեան ուժը լատիներէն լեզուին մի երանգ է հաղորդում, որ շփոթեցնում է քեզ: Լատիներէնը հայերէնի է վերահնչիւնաւորւում, հնչում է այնպէս, կարծես դա հայերէն է: Այս վերափոխութիւնը տեղի էր ունենում երաժշտութեան ճնշման ներքոյ, եւ այս արտառոց երեւոյթների հետ հաղորդակցուելը, խոստովանեմ՝ ինձ հրճուանք էր բերում:
«Ռեքվիէմ»ը առաջին անգամ հնչեց Պերլինում: Աւելորդ չէ ասել, որ համերգի առաջին բաժնում կատարուեց իմ «Ռեքվիէմ»ը եւ երկրորդ բաժնում հնչեց Մոցարտի «Ռեքվիէմ»ը: Համերգային այս ծրագիրը կրկնուեց Գերմանիայի ե՛ւս երեք քաղաքներում:
Մօտենում էինք կէսգիշերին: Դադարեցրինք հարցերը եւ այստեղ կանգ առանք: Շատ բնականօրէն, գրեթէ երկու դար ժամանակաշրջանով իրարից հեռու գտնուող դասական երաժշտութեան երկու մեծութիւններն իրենց «Ռեքվիէմ»ներով կանգնել էին կողք-կողքի՝ անկախ բնութեան այն դասաւորումից, որ թէ՛ Մոցարտը, թէ՛ Մանսուրեանը ծնուել էին Յունուարի 27ին: Մենք հանդիպել էինք երկու օր անց: Տարեդարձ չէինք յիշում, այլ՝ արձանագրում էինք հաշուետուութիւնը, վաւերագրութիւն էր: