Համաշխարհային հանրութիւնը վերջին տարիներին անյաջող փորձեր է անում՝ լուծելու ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը: Մինչդեռ, միջազգային իրաւունքի նորմերին խստիւ համապատասխանութեան հիման վրայ, նրա խաղաղ եւ վերջնական կարգաւորման համար հարկ է հաշուի առնել այս հակամարտութեան ծագման առանձնայատկութիւններն ու պատճառները: Ղարաբաղեան հակամարտութեան գլխաւոր տարբերակիչ գծերից մէկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը դէ-իւրէ (իրաւականօրէն-Խմբ.) երբեք չի պատկանել պետութեան տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ յղում կատարող պետութեանը՝ Ադրբեջանի Հանրապետութեանը: Եւ այն հանգամանքը, որ միջնորդ պետութիւնները այսօր ելնում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելութեան կեղծ յղումից, ոչ այլ ինչ է, քան՝ տարածքային նուաճումների քաղաքականութեան քաջալերանք, Ադրբեջանի կողմից այդ հայկական մարզի նկատմամբ կրկնակի՝ 1921 թուականին եւ 1991 թուականին կատարուած բռնազաւթման արդիւնքների ճանաչում:
Ղարաբաղեան հակամարտութեան երկրորդ, գուցէ, աւելի էական տարբերակիչ առանձնայատկութիւնը, պայմանաւորուած է հակամարտութեան ծագման պատճառներով եւ նրա զարգացման բնոյթով: Պատմական բազմաթիւ փաստերը հիմք են տալիս ասելու, որ տարածքային վէճի առաջացման սկզբից ի վեր (1918թ.) հայկական այդ տարածքի հանդէպ ադրբեջանական պետութեան իշխանութիւնը հաստատուել եւ պահպանուել է բռնութեամբ՝ վերջինիս ամենադաժան եւ ամենաանմարդկային դրսեւորումներով: Աւելին, բոլոր հիմքերն առկայ են պնդելու, թէ 1918 թուականից ի վեր հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը եղել է օսմանեան կառավարութեան եւ նրա ժառանգորդների՝ երիտթուրքերի եւ քեմալական իշխանութիւնների կողմից իրականացուող բռնազաւթողական ծրագրի բաղկացուցիչ մասը, ծրագիր, որը նախատեսում էր իսպառ բնաջնջել ոչ միայն Թուրքիայի իշխանութեան տակ գտնուող Արեւմտեան Հայաստանի, այլեւ Արեւելեան Հայաստանի բռնազաւթուած տարածքների՝ Ղարսի մարզի, Նախիջեւանի, Շիրակի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայ բնակչութեանը:
Այդ յանցաւոր քաղաքականութեան հետեւանքով 1894-1923թթ. Թուրքիայի եւ Անդրկովկասի տարածքում ողբերգաբար զոհուեցին 2 միլիոնից աւելի հայեր, ամայացան Արեւելեան եւ Կենտրոնական Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան) երբեմնի ծաղկուն, անծայրածիր տարածքները:
Մուսաւաթական Ադրբեջանի (Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութիւն) կողմից Օսմանեան Թուրքիայի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի դէմ սկսուած լայնածաւալ պատերազմը (1918-1920թթ.) սովորական ագրեսիա (յարձակում-Խմբ.) էր ընդդէմ ղարաբաղցի եւ զանգեզուրցի հայերի, քանի որ այն սկսելու պահին Ադրբեջանը տուեալ տարածաշրջանին տիրելու ոչ մի լեգիտիմ (օրինական-Խմբ.) իրաւունք չունէր: Թուրքական զօրքերի առաջխաղացման հետ հայ բնակչութիւնը զանգուածաբար հեռացաւ Ղարսի, Սուրմալուի, Ալեքսանդրապոլի, Կաղզուանի նահանգներից եւ կուտակուեց Արեւելեան Հայաստանի միւս նահանգներում ու քաղաքներում: Տեղահանումների հոսքն ընդգրկեց Անդրկովկասի հայ բնակչութեան մի մեծ հատուած: 1918-20թթ. պատերազմի աղէտին աւելացան նաեւ ջարդերը: Մուսաւաթական Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը հայերի համար մեծ չափերի հասնող գաղթի պատճառ դարձաւ: Ըստ ոչ լրիւ արխիւային տուեալների, 1918-1920թթ. Ադրբեջանից բռնագաղթած հայերի թիւը (առանց հաշուի առնելու Ելիզավետպոլի բոլոր գաւառները) կազմել է գրեթէ 235 հազար մարդ: Մուսաւաթական կառավարման տարիներին հայերի հետ միասին Ադրբեջանից գաղթել են նաեւ այլ ազգութիւններ: Դրա հետեւանքով Ադրբեջանի բնակչութեան թիւը միայն 1918-1919թթ. կրճատուել է 401.5 հազարով:
Յիշեալ իրադարձութիւնների ընթացքում իր բնակութեան բոլոր վայրերում՝ Բաքւում, Շամախիում, Գիանջայում եւ այլուր, կոտորածի է ենթարկուել Արեւելեան Անդրկովկասի հայ բնակչութիւնը: Միայն Բաքու քաղաքում տեղի ունեցած (1918թ. Սեպտեմբերի 15-17) կոտորածի եւ հայկական ջարդերի ժամանակ տուժել են աւելի քան 52 հազար հայեր (քաղաքի հայ բնակչութեան ընդհանուր թուի շուրջ 60 տոկոսը), սպաննուել եւ պատճառուած ծեծերից ու վէրքերից մահացել է մօտ 30 հազար մարդ: 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղում հրկիզուել եւ աւերուել են տասնեակ գիւղեր եւ երկրամասի կենտրոն Շուշի քաղաքը: Զոհուել է Ղարաբաղի իւրաքանչիւր հինգերորդ հայը: 1920 թուականի Մարտի 23ին Շուշի քաղաք ներխուժեցին թուրք-ադրբեջանական զօրքերը: Քաղաքի 25 հազարանոց հայ բնակչութիւնից փրկուեց միայն մի քանի հազարը: Քաղաքի մեծ մասը կազմող հայոց թաղը հրի ճարակ դարձաւ եւ չկառուցապատուեց ընդհուպ մինչեւ 60ական թուականների սկիզբը:
1918 թուականին թուրքական զօրքերի կողմից Անդրկովկաս կատարուած ներխուժման եւ 1918-1920թթ, ադրբեջանական զօրքերի եւ անկանոն զինուած աւազակախմբերի հետ համատեղ իրականացուած հայաբնակ շրջանների էթնիկ զտումների հետեւանքով մորթուեցին եւ սովից ու համաճարակներից զոհուեցին եւս աւելի քան 300 հազար հայեր:
Այս բնաւ ոչ լրիւ փաստերի հիման վրայ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից քաղաքացիական բնակչութեան նպատակասլաց բնաջնջում է իրականացուել ըստ ազգային յատկանիշի, այսինքն՝ 1918-1920թթ. ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչ այդ Թուրքիայում փորձուած մեթոդներով շարունակուել է Հայերի Ցեղասպանութիւնը:
Ամէն բանից դատելով՝ թուրքական ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման վրայ չափազանց ուժեղ ազդեցութիւն է գործել այդ ժամանակ (19րդ դարի երկրորդ կէսեր) արդէն ձեւաւորուած գերմանական ազգայնամոլութիւնը՝ պանգերմանիզմի տեսքով: Աւելին, պանթուրքական շարժման գլխաւոր մղիչ ուժը դարձան ոչ թէ Օսմանեան կայսրութեան թուրքերը, այլ՝ Ռուսաստանի թուրք թաթարները:
Կովկասում պանթուրքիզմի կենտրոնը Բաքու քաղաքն էր: Այնտեղ էր հրատարակւում նաեւ «Կասպիյ» ամէնօրեայ թերթը, որն իր շուրջն էր համախմբել թաթար (ադրբեջանցի) ազգայնականներին: «Կասպիյ» թերթի ղեկավարութիւնը գտնւում էր պանթուրքիզմի այնպիսի ներկայացուցիչների ձեռքում, ինչպիսինն էին Ալի Հուսէյնզադէն, Ահմեդ Աղաեւը եւ Ալի Մարդան Թօփչիբաշեւը:
20ական թուականներին հիմնականում Զիյա Եօք Ալփի ջանքերով պանթուրքիզմի ծրագիրը վերջնական ձեւաւորում ստացաւ: Այսօր էլ ամէն մի թուրք շովինիստի համար ուղեցոյց եւ սեղանի գիրք հանդիսացող նրա «Թուրքիզմի հիմունքներ» (1923թ.) գրքում նախանշուած էին ազգային իդէալին հասնելու երեք աստիճանները. 1) Թուրանիզմ բուն Թուրքիայում. ուծացում, կամ դրանից հրաժարուելու դէպքում՝ բոլոր ոչ թուրք տարրերի հեռացում (կարդալ՝ ոչնչացում), արաբական խառնուրդներից թուրքերեն լեզուի մաքրում, թուրքական ազգային մշակոյթի ստեղծում, 2) Օղուզիանիզմ, այսինքն՝ Օղուզի սերունդներով բնակեցուած երկրների՝ Թուրքիայի եւ երկու՝ իրանական եւ ռուսական Ադրբեջանի միաւորում, երեք թուրքախօս այլ ժողովուրդների ֆեդերացիա (դաշնակցային միութիւն-Խմբ.):
Անհրաժեշտութիւն չկայ ապացուցելու նաեւ այն փաստը, որ այսօրուայ Ադրբեջանի ղեկավարները, ինչպէս եւ 80 տարի առաջ նրանց նախորդները, հաւատարիմ են նոյն պանթուրքիզմ-քեմալիզմի գաղափարախօսութեանը: Տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականութեան մի ամբողջ շարք հարցերի վերաբերեալ թուրքական եւ ադրբեջանական տեսակէտների նոյնականութիւնը, պատմական անցքերի միատեսակ գնահատումը (մասնաւորապէս, Հայերի Ցեղասպանութեան լրիւ հերքում եւ այդ յանցագործութեանն առնչուող պատմական դէպքերի համաձայնեցուած կեղծում), այդ երկու պետութիւններին բնորոշ այլ էթնոսների ներկայացուցիչների ստեղծած պատմամշակութային արժէքների լայն ու անամօթ իւրացումը, սեփական պատմութեան բոլոր շրջանների կեղծումը եւ, վերջապէս, նրանց լրիւ փոխըմբռնումը ազգային քաղաքականութեան ոլորտում համոզիչօրէն վկայում են, որ այդ երկու թուրքական պետութիւնների կառավարող ընտրախաւը նախկինի պէս առաջնորդւում է Զիյա Եօք Ալփի սկզբունքներով:
1988-1994թթ. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղ գտած իրադարձութիւնները՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ակնյայտօրէն միեւնոյն սցենարով կատարուած հայերի ջարդերը, կողոպուտները եւ սպանութիւնները, ԼՂԻՄ եւ մարզին յարակից հայերով խիտ բնակեցուած շրջանների քաղաքացիական բնակչութեան տեղահանութիւնը, ապա եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ձեռնարկուած ռազմական ագրեսիան նոյնպէս վկայում են վերը նշուած տեսակէտների օգտին:
Այսպիսով, պանթուրքիզմի ձեւով արտայայտուած տարածքային բռնազաւթման թուրք-ադրբեջանական քաղաքականութիւնը եւ նրա հետ կապուած՝ Հայերի Ցեղասպանութեան քաղաքականութիւնը այն հիմնական գործօնն են, որը որոշեց ոչ միայն հայ-թուրքական դիմակայութեան, այլ նրա բաղկացուցիչ մասի՝ հայ-ադրբեջանական հակամարտութեան սրութիւնը: Այդ բանը յատուկ երեւակուեց ղարաբաղեան հակամարտութեան այն փուլերում, երբ Ադրբեջանը գործում էր իբրեւ անկախ պետութիւն (1918-20թթ. եւ 1991 թուականից յետոյ) եւ խորհրդային շրջանում: Ղարաբաղեան առաջին պատերազմից (1918-1920թթ.) յետոյ, որը Ադրբեջանը սկսել էր հայերին լրիւ բնաջնջելու նպատակով, սկսուեց բռնութեան նոյն ապարատի գործադրմամբ հայերին Ղարաբաղից դուրս մղելու քաղաքականութիւնը: «Սպիտակ» ցեղասպանութեան մեթոդները եւս կատարեալ էին իւրացուած Ադրբեջանում եւ արդէն կիրառւում էին ոչ միայն հայերի, այլեւ թուապէս քիչ թէ շատ նշանակալի էթնիկ խմբերի՝ քրդերի, լեզգիների, թալիշների եւ միւսների նկատմամբ:
Ամենայն որոշակիութեամբ կարելի է ասել, որ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ 70ամեայ պատմութիւնը իրենից ներկայացնում է կազմակերպուած յանցագործութիւնների մի ինքնատիպ շղթայ: 1921 թուականից ի վեր Լեռնային Ղարաբաղի դէմ սկիզբ առած պատերազմը ձեռք է բերել հայերի ոչնչացման նոր, ճկուն ձեւեր:
Ադրբեջանի կոմունիստական իշխանութիւնները ղարաբաղցի «բուրժուական ազգայնականների» դէմ գործի էին դրել պրոլետարիատի դիկտատուրայի պետութեան ողջ ճնշիչ մեխանիզմը՝ զանգուածային գնդակահարութիւններով, բանտարկութիւններով, կոլեկտիւ բռնադատումներով եւ աքսորներով (օրինակ, 1949թ. Յունիսի լոյս 14ի գիշերը Ալթայ աքսորուեցին 24.5 հազար ղարաբաղցիներ), բայց արդէն ինտերնացիոնալիստական դարձուածաբանութեան ճռճռոցի ներքոյ: Լեռնային Ղարաբաղի հանդէպ վարուող հակահայկական քաղաքականութիւնը հետապնդում էր երկու նպատակ. սոցիալ-տնտեսական եւ մշակութային ոլորտներում անտանելի պայմաններ ստեղծելով՝ ստիպել հայերին փոխել բնակութեան վայրը եւ մարզը բնակեցնել ադրբեջանցիներով: Այս քաղաքականութիւնը մասամբ արդարացնում էր իրեն. միայն ետպատերազմական շրջանում հայ բնակչութեան թիւը ադրբեջանցիների թուի բացարձակ աճի (աւելի քան 3.5 անգամ) հաշուին կրճատուեց 15-20 տոկոսով: Ադրբեջանում Հէյդար Ալիեւի ղեկավարման օրօք այդ քաղաքականութիւնը շեշտակի ակտիւացաւ եւ անսքօղ բնոյթ ստացաւ: Եւ նա 1991 թ. Փետրուարի 7ին ադրբեջանական խորհրդարանի նիստում լկտիաբար յայտարարեց, որ իր ղեկավարման օրօք հայկական մարզի ադրբեջանացումը չափից աւելի յաջող է իրականացուել, քան այդ արել են ԱԺՃ իր երիտասարդ գործընկերները:
1921-1988 թուականներն ընկած ժամանակաշրջանում ադրբեջանցի շովինիստների կողմից կատարուած յանցանքների գրքում մի առանձին էջով է գրուած Նախիջեւանի ԻԽՍՀ հայերի ողբերգական պատմութիւնը: Այստեղ իրեն լիովին արդարացրեց «սպիտակ» ցեղասպանութեան քաղաքականութիւնը. 70 տարուց էլ պակաս ժամանակահատուածում այս հայկական հինաւուրց երկրամասը իսպառ զրկուեց իր արմատական բնակչութիւնից:
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետութեան Նախիջեւանի ինքնավարութեան տարածքը հիմնականում միաւորում է պատմական Հայաստանի Վասպուրականի նահանգի Նախիջեւան եւ Գողթն գաւառները, մասամբ էլ Արարատեան նահանգի Շարուր, Սիւնիքի նահանգի Երնջակ, Չաուք, Կովսական գաւառները: Լինելով Հայաստանի կենտրոնական շրջաններից մէկը՝ Նախիջեւանի մարզը նշանակալի դեր է խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Հէնց Նախիջեւանը դարձաւ Հայաստանի այն առաջին նահանգը, որտեղ մ.թ. չորրորդ դարի սկզբներին տարածուեց քրիստոնէութիւնը: Հէնց այստեղ էլ, Գողթն գաւառում բացուեցին առաջին դպրոցները, որտեղ ուսուցանւում էր հայոց նորաստեղծ գիրը: Նահանգի քաղաքներից առանձնանում էր Նախիջեւանը, որը «մարդաշատ էր եւ հոյակապ ու ներառում էր մինչեւ 30 հազար շինութիւն», նշում է «1850թ. կովկասեան օրացոյցը» (Թիֆլիս, 1849, 3րդ բաժ., էջ 69):
1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից յետոյ, 1828 թուականին Թուրքմէնչայի պայմանագրով Նախիջեւանի եւ Օրդուբադի նահանգները մտան Ռուսական կայսրութեան կազմին մէջ: 1829-1832թթ. լաբորատոր ցուցակագրման համաձայն, Նախիջեւանի նահանգի ողջ նստակեաց բնակչութեան կառուցուածքում հայերի բաժինը կազմում էր 41.2 տոկոս: Կարճ ժամանակում վերականգնուեցին մեծ թուով ամայացած գիւղեր: 19րդ դ. 40ական թուականներին նահանգի գիւղերի թիւը հասնում էր 230ի, թէպէտ մեծ էր նաեւ դատարկուած գիւղերի թիւը՝ շուրջ 50 բնակավայր: 1840 թուականին հայկական նահանգը բաժանուեց երկու գաւառի՝ Էրիւանի եւ Նախիջեւանի: Աւելի ուշ, երբ կազմաւորուեց Էրիւանի նահանգը, նրա կազմի մէջ մտաւ նաեւ Նախիջեւանի գաւառը: Նախկին Նախիջեւանի ԻԽՍՀն (Ադր.ԽՍՀ կազմում) տարածքով գրեթէ համընկնում է 1867 թուականի սահմաններով Նախիջեւանի գաւառի հետ (բացառութեամբ Շարուր-Դարալագեազի գաւառի կազմի մէջ մտած շրջանի): Այդ վարչական վերափոխումները, ամէն ինչից զատ, կապուած էին նաեւ նահանգի բնակչութեան էթնիկ կազմի առանձնայատկութիւնների հետ: 1917 թուականին Նախիջեւանի նահանգի բնակչութեան ընդհանուր թուի մէջ հայերի բաժինը աճեց եւ կազմում էր 41 տոկոս (54.030 մարդ): Սակայն առաջին համաշխարհային պատերազմը եւ յետագայ իրադարձութիւնները Ռուսական կայսրութեան անկումը, ազգամիջեան պատերազմները եւ թուրքական ագրեսիան զգալի ազդեցութիւն գործեցին Նախիջեւանի հայ բնակչութեան թուաքանակի վրայ: Այդ տարիներին թուրքական զօրքերը երկու անգամ օկուպացրին (բռնագրաւեցին-Խմբ.) նախկին Նախիջեւանի գաւառը, որի հետեւանքով հայ բնակչութիւնը, որ որոշ չափով համալրուել էր Արեւմտեան Հայաստանից գաղթածների հաշուին, ստիպուած էր երկու անգամ հեռանալ այդտեղից:
Քաղաքացիական պատերազմի աւարտից եւ Անդրկովկասի խորհրդայնացումից յետոյ, չնայած տնտեսական ծանրագոյն կացութեանը, Հայաստանում պայմաններ ստեղծուեցին տեղացի ադրբեջանական բնակչութեան վերադարձի համար: Սեղմ ժամկէտում բնակութեան նախկին վայրը վերադարձաւ պատերազմի տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համարեա 82 տոկոսը: Ինչ վերաբերում է Ադրբեջանից հեռացած փախստական հայերին, հանրապետութեան ղեկավարութիւնն ամէն կերպ խոչընդոտում էր նրանց հայրենիք վերադառնալուն: 1921թ. յետոյ Ադրբեջանի կազմի մէջ մտած շրջաններից 1918-1920թթ. տեղահանուած հայերի ընդհանուր թուից բնակութեան նախկին վայր վերադարձաւ ընդամէնը 8.3 տոկոսը (12,330 մարդ): Հայրենիք վերադառնալու համար «յատուկ պայմաններ» ստեղծուեցին Նախիջեւանի փախստական հայերի համար: Թուրքական զօրքերի կողմից կրկնակի օկուպացումից եւ կազմակերպուած ջարդերից յետոյ փախած հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ 1920 թուականին դարձեալ եւ արդէն ընդմիշտ հեռանալ իր հայրենիքից: Նրանցից շատերը յետագայում այդպէս էլ հնարաւորութիւն չստացան ետ վերադառնալ: Այսպէս՝ 1926-1956թթ. Նախիջեւանի ԻԽՍՀ բնակչութեան ընդհանուր թուի՝ 134.8 տոկոս աճի պայմաններում, հայ բնակչութեան թուաքանակը կրճատուեց, հասաւ 9.5 հազար մարդու, ընդսմին նրա տեսակարար կշիռն արդէն կազմում էր 6.7 տոկոս: Հայերի արտաքսումը, իբրեւ ինքնավար հանրապետութիւնում իրականացուող սոցիալ-տնտեսական, մշակութային եւ ազգային քաղաքականութեան արգասիք, բնութագրւում էր հետեւողականութեամբ եւ «բարձր կազմակերպուածութեամբ»: 1970թ. հայերի բաժինն արդէն կազմում էր 2.9 տոկոս, իսկ 1979թ.՝ 1.6 տոկոս (3.4 հազար մարդ): Ներկայումս այս հինաւուրց հայկական երկրամասը լիովին զուրկ է բնիկ բնակչութիւնից: Հայ բնակչութեան հետեւողական արտամղումն ուղեկցւում էր պատմութեան եւ մշակոյթի հայկական կոթողների ոչնչացմամբ: Ձեռնարկելով հայ բնակչութեան արտաքսում՝ թուրք շովինիստները առաջին հերթին փորձում էին ջնջել հին ու հարուստ մշակոյթ ունեցող ժողովրդի մասին յիշողութիւնն անգամ:
Վերջին 70 տարում հայ բնակչութեան մշտական արտահոսքը յատկանշական էր ողջ Ադրբեջանի համար: Միայն 1970-1979թթ. այդ հանրապետութիւնից ամէն տարի հեռացել են 8-10 հազար հայեր: Ադրբեջանական պետութեան ողջ պատմութեան ընթացքում թուրքացման քաղաքականութիւն է վարուել նաեւ նրա տարածքում ապրող ոչ թուրքական միւս ժողովուրդների՝ քրդերի, թալիշների, լեզգիների, ուդիների, աւարների, թաթերի եւ միւսների նկատմամբ:
«Սպիտակ» ցեղասպանութեան մեթոդներով էթնիկ զտումը շարունակուեց մինչեւ 1988 թուականը, երբ ի պատասխան ԼՂԻՄ հայ բնակչութեան ինքնորոշման հարցի առաջադրման, Ադրբեջանը վերսկսեց հայերի ցեղասպանութեան թուրք-ադրբեջանական նախկին քաղաքականութիւնը:
Ադրբեջանի տարածքում վերջին 10 տարուայ մէջ առաջին հայկական ջարդը տեղի ունեցաւ 1988թ. Փետրուարի 28ին, Սումգայիթ քաղաքում: æարդարարները բնակարաններն էին ներխուժում, ձեռքի տակ ունենալով այնտեղ ապրող հայերի նախօրօք կազմուած ցուցակները: Երեք օր տեւած վայրագութիւնների հետեւանքով գազանաբար սպաննուել են 53 հայեր, ծեծի ենթարկուել՝ տասնեակ անմեղ մարդիկ: Աւերուել եւ հրկիզուել են տասնեակ տներ, կողոպտուել հարիւրաւոր բնակարաններ: Նոյն թուականի Նոյեմբեր-Դեկտեմբերին արդէն Ադրբեջանով մէկ տարածուեց հայկական ջարդերի լայն ալիք: Ամենախոշոր ջարդերը եղան Բաքւում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: Մասնաւորապէս ջարդարարները ներխուժել են Կ՛իրովաբադի ծերանոցը, 12 անպաշտպան հայ ծեր կանանց ու տղամարդկանց տարել քաղաքից դուրս եւ գազանաբար սպաննել: Նրանց թւում եղել են նաեւ հաշմանդամներ:
1988 թուականի ձմրանը տեղահան արուեցին Ադր.ԽՍՀ տասնեակ հայկական գիւղեր: Նոյնպիսի ճակատագիր բաժին ընկաւ Լեռնային Ղարաբաղի հիւսիսային հատուածի (որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան կազմաւորման ժամանակ չէր մտցուել նրա կազմի մէջ. Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի եւ Գետաբեկի շրջանների լեռնային եւ նախալեռնային գօտիներ) 40 աւելի հայկական բնակավայրերի, ներառեալ՝ Կիրովաբադ քաղաքի (Գեանջայի) 40 հազարանոց բնակչութեանը: Այդ իրադարձութիւններից յետոյ Ադրբեջանական ԽՍՀում, բացառութեամբ ԼՂԻՄ, Շահումեանի եւ Խանլարի շրջանների չորս գիւղերի (Գետաշէն, Մարտունաշէն, Ազատ եւ Կամօ) մնաց ընդամէնը հայ բնակչութեան մի փոքր հատուած, հիմնականում Բաքւում՝ շուրջ 50 հազար մարդ (1988թ. Բաքւում ապրում էին մօտաւորապէս 215 հազար հայեր):
1989թ. ընթացքում Բաքւում չէին դադարում առանձին պարբերական յարձակումները հայերի վրայ, ծեծն ու սպանութիւնները, առանձին բնակարանների աւերումը, դրանց տէրերին դուրս վռնդելը: Ճշգրիտ վիճակագրութիւն չէր պահւում, քրէական գործերը «դէմ էին առնում արգելակների», բայց յայտնի է, որ տարուայ ընթացքում հայերի սպանութեան դէպքերը հասնում էին տասնեակների: Հայերի վրայ փողոցային յարձակումների եւ սպանութիւնների բռնկում եղաւ 1989թ. Օգոստոս-Սեպտեմբերին: Մարդիկ շարունակում էին հեռանալ եւ 1990 թուականի Յունուարին, Բաքւում, մօտաւոր տուեալներով, մնացել էին շուրջ 30-35 հազար հայեր, մեծաւ մասամբ տարեցներ, որոնք չէին կարողացել հեռանալ:
1990թ. Յունուարի 12-13ին Բաքուի հայկական ջարդերն ընդունեցին կազմակերպուած բնոյթ: Յունուարի 13ին ժամը 17ից յետոյ Լենինի հրապարակում կայացած հանրահաւաքի դուրս եկած մօտ 50 հազարանոց ամբոխը խմբերի բաժանուելով՝ սկսեց մեթոդաբար, տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Բազմաթիւ վկայութիւններ կան բացառիկ դաժանութեամբ (օրինակ, ողջակիզման միջոցով) կատարուած գազանութիւնների եւ սպանութիւնների մասին: Առայսօր անյայտ է մնում սպաննուածների ճշգրիտ թիւը. ըստ տարբեր տուեալների, սպաննուել է 150-300 մարդ: Քանի որ Բաքւում մնացած հայ բնակչութեան մեծ մասը տարեց մարդիկ էին, տեղահանութիւնից յետոյ մեծ թուով փախստականներ շուտով մահացան ոչ միայն ծեծի ենթարկուելու, այլեւ՝ ապրած ցնցումների պատճառով: æարդերը շարունակուեցին ընդհուպ մինչեւ Յունուարի 20ը, երբ խորհրդային զօրքեր մտցուեցին քաղաք: Յունուարի 13-20նն ընկած ժամանակահատուածում քաղաքը լիովին «ազատագրուեց» հայկական տարրից, բացառութեամբ գուցէ խառը ընտանիքների մի քանի հարիւր հայերի, որոնց աւելի ուշ, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւններ սկսուելուց յետոյ, ըստ ցուցակների, բառացիօրէն «որսում էին» ադրբեջանցի ռազմագերիների հետ փոխանակելու համար: æարդերի հետեւանքով սպաննուածների եւ տուժածների մէջ կային նաեւ ռուսներ եւ այլ ազգութիւնների ներկայացուցիչներ: Բաքուի աւելի քան 100 հազար ռուս բնակիչներ, տասնեակ հազարաւոր հրեաներ եւ այլ ազգութիւնների ներկայացուցիչներ ընդմիշտ հեռացան քաղաքից հայկական ջարդերից եւ յետագայում խորհրդային զօրքերի հետ Ադրբեջանի ժողովրդական ճակատի գրոհայինների ու ջարդարարների ընդհարումներից յետոյ:
Բաքուի ջարդերի օրերին ԱԺՃ եւ ադրբեջանական միլիցիայի զինուած ջոկատները արդէն զրահատեխնիկայի կիրառմամբ, զինուած յարձակումներ էին գործում Լեռնային Ղարաբաղի հիւսիսային հատուածի (Խանլարի շրջանի Ազատ, Կամօ, Գետաշէն) եւ Շահումեանի շրջանի Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ հայկական գիւղերի վրայ:
ԽՍՀՄ դատախազութեան ոչ լրիւ տուեալների համաձայն, 1988 թուից մինչեւ 1992թ. Մայիսն ընկած ժամանակահատուածում ԼՂԻՄում եւ Հայաստանին սահմանակից գիւղերում սպաննուել են 388 եւ տեղահանուել 302 հազար հայեր:
1992 թուականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան դէմ սկսուեց մի նոր լայնածաւալ պատերազմ: Ազգային ինքնորոշման իրաւունքի համար պայքարող ղարաբաղցի հայերի դէմ Ադրբեջանի սկսած պատերազմն ագրեսիւ էր եւ գաղութատիրական: Այդ, թուով՝ երկրորդ, ղարաբաղեան պատերազմը, Ադրբեջանի կողմից, ինչպէս որ 1918 թուականին էր, մղւում էր միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր նորմերի խախտումներով: Այն ուղեկցւում էր հայկական խաղաղ բնակավայրերի օդային ռմբահարումներով, զանգուածային ոչնչացմամբ, հրետանային կայանքներից հրետակոծումներով, երկարամեայ շրջափակմամբ, կենսապահովման օբյեկտների (կեդրոններու-Խմբ.) աւերմամբ եւ պատերազմական այլ յանցանքներով, որոնք միտուած էին քաղաքացիական բնակչութեան բնաջնջմանը, հայերի, որպէս ազգային խմբի, վերացմանը: Հայկական բնակավայրերի գրաւման ընթացքում վերջիններս ենթարկւում էին էթնիկ զտումների, քաղաքացիական բնակչութիւնը մասամբ ոչնչացւում էր, իսկ ովքեր չէին հասցնում փախչել, բռնում էին՝ անկախ սեռից ու տարիքից եւ ուղարկում համակենտրոնացման ճամբարներ:
Միջազգային իրաւունքով մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ որակուող մերկ բռնութեան եւ յանցանքների վրայ հիմնուած ադրբեջանական պետութեան տիրապետութիւնը ոչ միայն զուրկ է իրաւական հիմքերից, այլեւ, բնականաբար, չէր կարող յարուցել ոչ մի իրաւունք եւ իրաւական հիմք: Ղարաբաղի հայ բնակչութեան նկատմամբ կատարուած յանցանքները Ադրբեջանին վերջնական ու անշրջելիօրէն զրկեցին Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իր իշխանութեան վերահաստատման համար միջազգային իրաւունքը վկայակոչելու որեւէ հնարաւորութիւնից: