Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը գեղեցիկ մտայղացումն է ունեցել իր այս տարուայ դրամահաւաքի երեկոյթին պատուել եւ մեծարել Համազգայնական ընտանիքի եւ հայ մշակոյթի երկարամեայ ծառայողներ եւ վաստակաւոր համազգայնականներ՝ Գուրգէն Գասապեան, Գաբրիէլ Ինճէճիկեան, Յովհաննէս Մանուկեան, Բաբգէն Սասունի, Վարուժան Տէմիրճեան եւ Օննիկ Քէշիշեան, որոնք իրենց անսակարկ ներդրումով ու օրինակելի աշխատանքներով մեծապէս նպաստել են մեր գաղութի հայ կեանքին եւ յատկապէս հայ մշակոյթի բարգաւաճմանն ու զարգացմանը: Համազգայինի ընտանիքին համար նման նախաձեռնութիւնները յաւելեալ ամրապնդման ու մեր միութենական կուռ շարքերի վերաշխուժացման առիթ են:
Ձեռնարկը տեղի է ունենալու Կիրակի, Ապրիլ 29ի յետմիջօրէին, ժամը 5:30ին, տէր եւ տիկին Շահէ եւ Լենա Ասատուրեանների բնակարանում, որուն հասցէն է՝ 3100 Mesaloa lane, Pasadena, CA 91107: Մուտքի նուէրն է՝ զոյգը 500 դոլար:
Այսու կոչ ենք ուղղում մեր սիրելի մշակութասէր ընթերցողներին՝ քաջալերել վերոնշեալ ձեռնարկը եւ ձեր մասնակցութեամբ սատար հանդիսանալ սփիւռքահայութեան մշակութային կեանքում այնքան որոշիչ դեր ունեցող Համազգայինի մեծ ընտանիքի գործունէութեան վերելքին:
Տոմսեր ապահովելու եւ յաւելեալ տեղեկութիւնների համար, կապուել (213) 278-2020 հեռախօսահամարին:
Ստորեւ՝ Այբբենական կարգով ներկայացնում ենք օրուայ մեծարեալների ամփոփ կենսագրութիւնը:
ԳՈՒՐԳԷՆ ԳԱՍԱՊԵԱՆ
Ծնուել է Հալէպ, ուր եւ ստացել է նախնական եւ երկրորդական ուսումը: Համալսարանական կրթութիւնը

ճարտարապետական ճիւղում ստացել է Միշիգընի համալսարանում, որից յետոյ վերադարձել է Պէյրութ եւ զբաղուել իր մասնագիտութեամբ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետեւանքով, հեռացել է Լիբանանից եւ վերադարձել է ԱՄՆ՝ 1976ին: Թէ՛ Պէյրութ եղած տարիներին եւ թէ ԱՄՆում եղել է Համազգայինի գործօն անդամ՝ մաս կազմելով տեղի վարչութիւններին: Մինչեւ 1976, երկու շրջան անդամակցել է Համազգայինի Կենտրոնական վարչութեանը: 1968ից սկսեալ, Միացեալ Նահանգների տարածքին եւ յատկապէս Քալիֆորնիայի հայահոծ շրջանում արդէն ծնունդ էին առել Համազգայինի մասնաճիւղերը, որոնց աշխատանքներն համադրելու եւ կազմակերպութիւնը ամրապնդելու համար, Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը յանձնարարում է Գուրգէն Գասապեանին նախաձեռնել յատուկ մի ժողով՝ Ամերիկայում Շրջանային վարչութիւն ստեղծելու մտադրութեամբ: 1980ին գումարուած այս ժողովին մաս կազմեցին Լոս Անջելըսի, Գլենդէյլի եւ Սան Ֆրանսիսքոյի մասնաճիւղերը: Ժողովն ընտրեց Արեւմտեան ԱՄՆ շրջանի հիմնադիր Շրջանային վարչութիւնը, որի անդամներէն էին՝ Գուրգէն Գասապեանը, Յակոբ Ինճէճիկեանը, Ռիթա Որբերեանը, Կարօ Պետրոսեանը, Պետրոս Ալահայտոյեանը, Ռուբինա Բագրատունին, Եդուարդ Մսրլեանը, Նշան Յովսէփեանը, Ժիրայր Պոյաճեանը, Մարժօլէն Սասունին եւ Վարուժան Տէմիրճեանը:
Գուրգէն Գասապեանը չորս շրջան եղել է Արեւմտեան ԱՄՆի Շրջանային վարչութեան անդամ եւ վարել է նրա ատենապետութիւնը: Որպէս Համազգայինի Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ ան բազմիցս մասնակցել է շրջանի Պատգամաւորական ժողովներին: 1994ին մասնակցել է Համազգայինի երկրորդ Պատգամաւորական ընդհանուր ժողովին, որը գումարուել է Երեւանում:
Հանդէս է եկել Հայկազեան Հայագիտական եւ «Ահեկան» հանդէսներում՝ ճարտարապետական յօդուածներով: 1972ին, Հրաչ Տասնապետեանի հետ խմբագրել եւ հրապարակել են երեք լեզուներով (հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն) «Հայկական Ճարտարապետութեան Յուշարձաններ» գիրքը:
Մասնակցել է 1982ին եւ եղել է նաեւ Համազգայինի Սան Ֆերնանդօ հովիտի մասնաճիւղի հիմնադիրներից մէկը, եւ մինչ օրս հանդիսանում է այդ մասնաճիւղի ամենավաստակաշատ ընկերներից մէկը:
ԳԱԲՐԻԷԼ ԻՆՃԷՃԻԿԵԱՆ

Ծնուել է 1930ին, Քեսապ, Սուրիա: Յաճախած է Քեսապի Ուսումնասիրաց վարժարանը եւ ապա՝ Պէյրութի Ամերիկեան համալսարանը: 1953ին անցել է ԱՄՆ եւ ուսանել Դիթրոյիտի «Ուէյն» համալսարանում՝ արժանանալով բակալորական տիտղոսի՝ «Հասարակական գիտութիւններ», եւ մագիստրոսական տիտղոսի՝ «Կրթական տնօրինութիւն» ճիւղերում: Երկու տարի դասաւանդել է Դիթրոյիտի պետական դպրոցներում եւ ապա փոխադրուել է Քալիֆորնիա, ուր շարունակել է կրթական գործունէութիւնը հանրային դպրոցների կրթաշրջաններում:
Պէյրութ վերադառնալով երեք տարի դասաւանդել է «Հայկազեան» քոլեջում՝ միաժամանակ հիմնադրելով չափահասների համար գիշերային դպրոցներ: Պէյրութում Գաբրիէլ Ինճէճիկեանը յաջողում է մեծ խանդավառութիւն ստեղծել Ամերիկայի մէջ հայկական ամէնօրեայ վարժարան հիմնելու գաղափարի շուրջ եւ կազմակերպում է մեծ դրամահաւաքներ: Յունիս 1964ին, Լոս Անջելըս վերադառնալիս, նա արդէն հաւաքել էր 3000 խոստումնաքարտեր՝ 20,000 դոլար արժողութեամբ: ՀՕՄի 25,000 դոլար ներդրումով ու պրն. Ինճէճիկեանի հաւաքած նուէրներով, վերջապէս Սեպտեմբեր 14, 1964ին, Էնսինօ քաղաքում բացւում է Ամերիկայի առաջին հայկական ամէնօրեայ վարժարանը՝ «Սրբոց Նահատակաց Ազգ. բարձրագոյն վարժարան» անունով: Յետագային դպրոցի անունը փոխւում է «Ֆերահեան» Ազգ. բարձրագոյն վարժարանի: Վարժարանի տնօրէնի պաշտօնը մինչեւ 1990 վարում է Ինճէճիկեանը: Նրա կրթական գործունէութիւնը սակայն այսքանով չի աւարտւում: Նա հետապնդում է եւս մի անհնար թուացող ծրագրի իրագործումը, որն է՝ պետական ֆինանսաւորումով ստեղծել հայերէն լեզու եւ մշակոյթ դասաւանդող պայմանագրեալ դպրոց:
Սեպտեմբեր 22, 2009ին, Գ. Ինճէճիկեանը յաջողում է երկարատեւ աշխատանքից յետոյ ստանալ «Արարատ» պայմանագրեալ դպրոցը բացելու արտօնութիւնը: Այս դպրոցը, որը գտնւում է Վեն Նայս քաղաքում, իր դռները բացում է Օգոստոս 31, 2010ին, մանկապարտէզից մինչեւ երրորդ դասարանների համար՝ իւրաքանչիւր տարի յաւելեալ դասարաններ աւելացնելու հեռանկարով:
Գաբրիէլ Ինճէճիկեանը եղել է երկար տարիների համազգայնական: Արեւմտեան Ամերիկայի շրջանում եւս եղել է նախ Լոս Անջելըսի եւ ապա Վալիի Համազգայինի մասնաճիւղերի գործօն անդամ, եւ շարունակում է իր ազգանուէր աշխատանքը մինչեւ այսօր:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ծնուել է 1926ին, Ալեքսանդրէթ: Նախնական ուսումը ստացել է Ալէքսանդրէթի «Նուպարեան» եւ «Նոր Դպրոց» վարժարաններում: 1939ին ընտանեօք անցնում է Լիբանան, ուր յաճախում է Ազգային «Աբգարեան» վարժարանը, ապա՝ «Մխիթարեան» վարժարանը եւ Ժեզուիթների Սուրբ Գրիգոր դպրոցը: Նրա կեանքում բախտորշ դեր է ունեցել հանրածանօթ բանաստեղծ Մուշեղ Իշխանի քաջալերանքը, որն իրեն հասցնում է Հայոց Ճեմարանի լսարանական բաժինը, որն աւարտում է 1948ին:
Սկսել է բանաստեղծութիւններ գրել ճեմարանական տարիներին: Որդեգրել է «Ալագեազ» գրչանունը: Ունի հայրենաշունչ եւ սիրային երկեր: Միշտ ականջալուր Սփիւռքի թէ հայրենիքի մէջ կատարուող իրադարձութիւններին՝ Յովհաննէս Մանուկեանը արձագանգել է դրանց իր բանաստեղծութիւններով, որոնք նուիրուել են Հայաստանին, Երեւանին, Ղարաբաղին…
Որպէս ժամանակակից մարդ՝ անտարբեր չէ նաեւ միջազգային քաղաքական դէմքերի եւ դէպքերի նկատմամբ եւ իր բանաստեղծութիւնների մէջ փառաբանում է ճիշդն ու բարին եւ այպանում չարն ու անարդարը:
Ալագեազի հրատարակած գրքերն են՝ «Ցօղեր ու Ցոլքեր»՝ 1991ին, «Ցիր ու Ցան Ծաղիկներ»՝ 1995ին, «Սրտի Պատառիկներ»՝ 2003ին: Ունի նաեւ գրքեր անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով: Ունի անտիպ գրական ելոյթներ եւ վերլուծութիւններ՝ զանազան մտաւորականների կեանքի ու գործի մասին:
ՎԱՐՈՒԺԱՆ ՏԷՄԻՐՃԵԱՆ
Ծնուել է Պէյրութ, Լիբանան: 1947ին աւարտելով Պէյրութի Նշան Փալանճեան Ճեմարանը՝ յաճախել է
Վարուժան Տէմիրճեանը իր ապրած բոլոր վայրերում՝ լինի դա Լիբանան, Ֆրանսիա թէ ԱՄՆ, աշխոյժ մասնակցութիւն է բերել մեր ազգային, հասարակական կեանքին ու մանաւանդ Համազգայինի ազգանուէր աշխատանքներին:
Երբ 1969-1970 թուականներին Քալիֆորնիոյ մէջ կազմուեց Համազգայինը, Վարուժան Տէմիրճեանը իր մասնակցութիւնը բերել է հիմնադրութեան աշխատանքներին: Նշելի է, որ Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանում գումարուած առաջին ժողովը տեղի է ունեցել 1969ի Ապրիլի 13ին, եւ ապա 1970ի Օգոստոսի 7ին: Այն օրերին Համազգայինը ունէր միայն մէկ վարչութիւն, որը հաստատուած էր Լոս Անջելըս քաղաքում: Վարուժան Տէմիրճեանը միշտ եղել է գործունեայ՝ Համազգայինի բազմածաւալ գործունէութեան զանազան մարզերում՝ ստանձնելով վարչական եւ այլ պարտականութիւններ: 1975-1978 եղել է ատենապետը Համազգայինի տեղի վարչութեան, իսկ 1989-1993՝ ատենապետը Շրջանային վարչութեան: Նշելի է, որ այդ տարիներին, իր ջանքերով Համազգայինին են միացել Իրաքահայերի մշակութային միութիւնը, Ռումանահայերի «Րաֆֆի» միութիւնը, «Անի» պարախումբը, իսկ հետագային կազմուել են մասնաճիւղեր ու միաւորներ, որոնք ունեցել են իրենց առանձին վարչութիւնները՝ ի մի հաւաքուելով Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան շուրջ: 1990ին մասնակցել է Համազգայինի առաջին Պատգամաւորական ընդհանուր ժողովին, որը գումարուել է Աթէնքում:
1994-1998 եղել է Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ եւ ներկայացրել Արեւմտեան Ամերիկայի շր-ջանը:
Որպէս հիմնադիր անդամ՝ վարչական թէ շարքային ընկեր Վարուժան Տէմիրճեանը իր անմնացորդ ծառայութիւնն է բերել հայ մշակոյթին, Համզգայինի մէջ իր գործօն եւ ազդեցիկ գործունէութեամբ: Նա Համազգայինը համարում է իր միութիւնը եւ հաւատում է, որ մեր նոր սերունդները պէտք է վառ պահեն մեր մշակոյթի ջահը, եւ իր նախկին սերնդի վեր պարզած դրօշը յառաջ տանին՝ զինուած նոր օրերի միջոցներով, դիմագրաւելով նոր օրերի մարտահրաւէրները:
ՕՆՆԻԿ ՔԷՇԻՇԵԱՆ

Ծնած է Երուսաղէմ, ապա անցել է Յորդանան եւ Լիբանան: 1956ից ապրում է ԱՄՆում: Պէյրութում զբաղուել է լրագրութեամբ եւ եղել է թերթի թղթակից: ԱՄՆում թղթակցել է «Լոս Անջելըս Թայմզ»ին: Այնուհետեւ երկու տարի ծառայել է ամերիկեան բանակում եւ բանակի կողմից ուղարկուել է Լիբանան՝ որպէս թարգմանիչ: Վերադառնալով ԱՄՆ՝ ուսանել է Քլերմոնթի աւարտական համալսարանում՝ նախ Քաղաքական գիտութիւններ եւ ապա՝ Միջազգային յարաբերութիւններ ճիւղերում, եւ ստացել է դոկտորական տիտղոս: Քաղաքական գիտութիւնների դասախօս է եղել Այտըհոյի եւ Նիւ Եորքի պետական համալասարաններում, ինչպէս նաեւ Վըրճինիայի «Փոլիթեքնիք» հիմնարկում, եւ հիմնադիրներից է եղել «Ակորա» պարբերաթերթի: Վերը նշուած բարձրագոյն ուսման բոլոր հիմնարկներում յաջողել է նաեւ հայերէնի եւ հայոց պատմութեան մասին դասաւանդում կատարել իր ուսանողներին: Դոկտ. Քէշիշեանը իր կեանքը նուիրել է հայկական կրթական աշխարհին: Հոգաբարձութեան ատենապետն է եղել Սուրբ Նահատակաց՝ ապա «Ֆերահեան» վերանուանուած վարժարանին: 17 տարի եղել է «Մեսրոպեան» եւ «Ալէք Փիլիպոս» վարժարանների տնօրէնը: Մասնակցել եւ ատենապետն է եղել Լոս Անջելըսի Միացեալ կրթաշրջանի կազմած հայկական հարցերի պատասխանատու յանձնախմբերի: Կազմակերպել եւ իրականացրել է Քալիֆորնիայի համալսարանական ուսանողների համար UCLA-ի եւ «Օքսիտենթըլօ» համալսարանի մէջ տեղի ունեցած ՀՕՄի չորսշաբաթեայ հայագիտական ամառնային դասընթացքներ: Գլենդէյլի համայնքային քոլեջում հաստատել է հայերէնի դասաւանդութեան դասընթացքներ եւ դասաւանդել է հայերէն լեզու՝ Լոս Անջելըսի համալսարանի երկու մասնաճիւղերում:
Դոկտ. Քէշիշեանը եղել է Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան երկար տարիների ատենապետը: Այդ տարիներին Համազգայինին յաջողուել է իրականացնել բազմաթիւ ձեռնարկներ, փառատօներ եւ յիշատակելի աշխատանքներ, որոնք իրենց անմնացորդ դերն են ունեցել մեր նոր սերնդների հայեցի ինքնութեան կազմութեան գործում:
ԲԱԲԳԷՆ ՍԱՍՈՒՆԻ

Ծնած է Ֆրանսիա, 1929 թուին: Յաճախել է Պէյրութի Համազգայինի Հայկական Ճեմարանը: Ուսանել է Պէյրութի Ֆրանսական համալսարանի ուսողութեան կենտրոնում: Ֆրանսիա է անցել 1953 թուին եւ մէկ ու կէս տարի ծառայել Ֆրանսական բանակում, ապա շարունակել է ուսումը Փարիզի «Սորբոն» համալսարանում, եւ արժանացել մագիստրոսի տիտղոսին՝ ուսողութեան ճիւղում:
1957ից հաստատուել է ԱՄՆի Ֆիլադելֆիա քաղաքում: 1957-59 ուսանել է Փենսիլվանիայի համալսարանում՝ Կիբերնետիկա ճիւղում: 1959ին փոխադրուել է Քալիֆորնիա: Երիտասարդ տարիքից մասնակցել է ազգային կեանքին՝ անդամակցելով Պէյրութի «Զաւարեան» եւ Փարիզի «Ռուբէն» Ուսանողական միութիւններին:
1968ին մի խումբ գաղափարակից ընկերների հետ սկսել են քննարկել Քալիֆորնիայում Համազգայինի գործունէութիւն ծաւալելու հնարաւորութիւնները: 1969ի Ապրիլին գումարել են Համազգայինի անդամական ընդհանուր ժողով, որն ընտրել է վարչութիւն, մշակել ծրագիր-կանոնագիր եւ գործունէութեան նախագիծ՝ հիմը դնելով Համազգայինի ԱՄՆ Արեւմտեան շրջանի առաջին մասնաճիւղին:
Բաբգէն Սասունին մաս է կազմել այս առաջին վարչութեանը՝ յառաջիկայ տարիներին ստանձնելով վարչութեան ատենապետի կամ քարտուղարի պարտականութիւնները: 70ական թուականների աւարտին եղել է Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ: