
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արդարութեան հաստատման պահանջով, Ապրիլի 24ին Գլենդելի քաղաքապետարանի բակում կայացած հանրահաւաքը, որին մասնակցեցին համայնքի հարիւրաւոր անդամներ եւ ԱՄՆ Կոնգրեսի, Կալիֆորնիայի, եւ տարբեր քաղաքների ընտրուած պաշտօնեաներ, քաղաքական, հոգեւոր, իրաւական, հասարակական ոլորտի հեղինակաւոր ներկայացուցիներ` ամբողջացրեց Հայոց Ցեղասպանութեան 110ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքը:
Հաւաքը մէկուկէս միլիոն նահատակներին յարգանքի տուրք մատուցելու, յիշողութեան եւ միասնութեան վառ դրսեւորում էր:
Հայոց Ցեղասպանութեան յանձնախմբի (AGC) եւ Լոս Անջելեսի Հայկական Միացեալ մարմնի Հայոց Ցեղասպանութեան յիշատակման խորհրդի (UACLA) համատեղ ձեռնարկի բանախօսները միակարծիք էին, որ Հայաստանի դէմ թուրք-ադրբեջանական քաղաքականութեան պայմաններում` ի դէմս 2023 թուականին Արցախում հայերի ցեղային զտումների եւ Հայաստանի տարածքների բռնակցման, հայերի դէմ ցեղասպանութիւնը չի աւարտուել:


Հանրահաւաքը մեկնարկեցին ՀԲԸՄի եւ ՀՄԸՄի սկաուտներն ու ճանաչուած տենոր Պերճ Քարազեանը` օրհներգների կատարմամբ: Ձեռնարկի հանդիսավարը` Ամերիկայի Հայկական Համագումարի Արեւմտեան շրջանի տնօրէն Դաւիթ Օճախեանը բացման խօսում մասնաւորապէս նշեց. «Շուրջ 4-5 սերունդ է անցել 1915 թուականի Հայոց Ցեղասպանութիւնից, եւ նրանք հայի այն սերունդներն են, ովքեր գոյատեւել են, զարգացել են, յիշում են նախնիներին` սպաննուած Օսմանեան կայսրութեան կողմից: Այսօր մենք նաեւ յիշում ենք եւ համերաշխութիւն ենք յայտնում Արցախի մեր քոյր եղբայրներին, երբ շուրջ երկու տարի առաջ ցաւով ականատես եղանք ցեղասպանութեան եւ ցեղային զտումների շրջանի շարունակութեան` ի դէմս Ադրբեջանի կողմից մեր պատմական Արցախում ցեղային զտումներին»: Օճախեանը յայտնեց, որ պէտք է երբեք չմոռանանք Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորսուած կեանքերը, պէտք է լինենք արցախահայերի ձայնը, եւ տէր կանգնենք մեր նախնիների ժառանգութեանն ու պահանջին:
Ելոյթի համար, նա այնուհետեւ հարթակ հրաւիրեց Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանին: «Ցեղասպանութիւնը ճանաչուել է Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Եւրամիութեան եւ բազմաթիւ ազգերի ու միջազգային հաստատութիւնների կողմից: Արդարութիւնը ճանաչելը մեղադրանք չէ, այլ` արդարադատութեան կայացման եւ ապաքինման ուղղութեամբ անհրաժեշտ քայլ: Պատմութեանն ազնուօրէն նայելը բեռ չէ, այլ՝ բարոյական հրամայական: Միայն ճշմարտութեան միջոցով կարող ենք յարգել զոհերին, զօրացնել վերապրածներին, եւ հաւաստիանալ, որ նման վայրագութիւնները երբեք չեն կրկնուի», իր խօսքում նշեց սրբազանը:


Ձեռնարկի գլխաւոր բանախօսներն էին Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Լենա Յովհաննէսեանն ու ՀԲԸՄի Արեւմտեան Ամերիկայի շրջանի ատենապետ Գէորգ Զօրեանը, որ անգլերէնով եւ հայերէնով ներկայացրեցին իրենց ուղերձը: «Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանութեան` 20րդ դարի առաջին ցեղասպանութեան 110ամեակը, որը երբեք չի աւարտուել եւ նրա ողբերգական շրջանը վերսկսուել է: 2020 թուականի Յուլիսին, Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնաց` ասելով, թէ՝ «պիտի աւարտենք մեր նախահայրերի առաքելութիւնը», եւ խոստումը գործադրել սկսեց: Մէկ ազգ, երկու պետութիւն գաղափարով, Ադրբեջանը եւ Թուրքիան համագործակցեցին` շարունակելու հարիւրամեայ ցեղասպանական ծրագրերի իրականացումը, եւ խախտեցին «այլեւս երբեք» խոստումը: Երեք տարուայ ընթացքում, 150,000 բնիկ արցախահայեր բռնի տեղահանուեցին Ադրբեջանի կողմից իրենց պապենական հողերից, եւ այդ հարցում իր գործուն մասնակցութիւնն ունեցաւ Թուրքիան` ցուցաբերելով բազմաբնոյթ ռազմական աջակցութիւն: Ադրբեջանն օգտագործեց շրջափակումը ու սովը որպէս պատերազմի զէնք: Մենք, ուղիղ եթերով ականատես եղանք պատերազմական յանցագործութիւնների, գլխատումների, խոշտանգումների, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անմարդկային տանջանքների տեսանիւթերի, որոնք ադրբեջանական զինուժն ու Ալիեւը բացայայտ ցուցադրեցին», Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ քաղաքականութիւնը ամփոփ ներկայացրեց Լենա Յովհաննէսեանը: Նա ցաւով նկատեց, որ «աշխարհն անտեսեց եւ աւելին` վաճառեց Արցախի անկախութեան եւ ինքնորոշման իրաւունքը ադրբեջանական գազի եւ նաւթի դիմաց», եւ թոյլ տրուեց, որ հայերի աւելի քան 3000 տարուայ բնիկ հողը հռչակուի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս: Միաժամանակ, ինքնիշխան Հայաստանի տարածքը գրաւուած է եւ անդադար սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից` փորձելով հասնել Հայաստանից նոր տարածքային զիջումների:
Լենա Յովհաննէսեանն ու Գէորգ Զօրեանը նկատեցին, որ ներկայում պայքարը ոչ միայն ռազմական է, նաեւ` տեղեկատուական պատերազմ է ընթանում տարբեր երկրների խորհրդարաններում, լրատուամիջոցներում, եւ միջազգային ատեաններում: Ով կը յաղթի այս պայքարում, բանախօսները նշեցին, որ կախուած կը լինի, թէ հայկական կողմն ինչպէս կ՛օգտագործի համահայկական ներուժը վերոնշեալ հարթակներում:



«Եթէ ստեղծագործելու ձիրքը, երեւակայութիւնն ու հնարամտութիւնը մեր ուժն են` պէտք է օգտագործենք այս պահին ունեցած բոլոր հնարաւորութիւնները, միջոցներն ու գործենք համատեղ», նշեցին խօսնակները` կարեւորելով Հայաստանի զարգացման ապահովումն ու այդ գործում նաեւ սփիւռքահայ մասնագէտների աշխոյժ մասնակցութիւնը: «Թող այս 110ամեակի յիշատակը փարոս դառնայ միասնական գործողութիւնների: Հետեւենք մեր քաջարի նախնիների օրինակին, ովքեր երբեք չեն կորցրել հաւատը: Եկէ՛ք բռնենք Երկաթէ Շերեփ` յանուն արդարութեան պայքարի համար մղուող աշխատանքների, յանուն վերադարձի իրաւունքի, գերիների ազատ արձակման, մշակոյթի պահպանման եւ Հայաստանի անվտանգութեան», ամփոփեցին բանախօսները:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաճարեանն էլ իր խօսքում ընդգծեց, որ Ապրիլի 24ը պէտք է ոգեշնչի գործողութիւնների, այլ ոչ թէ միայն մտորումների: «Հայերը զրկուել են իրենց սեփական հողի վրայ ապրելու իրաւունքից: Սա միջազգային հանրութեան բարոյական ձախողումն է, արդարադատութեան, մարդու իրաւունքների եւ «այլեւս երբեք» խոստմանը դաւաճանելն է, որը մենք այդքան յաճախ էինք լսում: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը միայն անցեալը յիշելու մասին չէ, այն արդարադատութեան, ճանաչման եւ պատահած վայրագութիւնների կրկնութիւնը կանխելու մասին է: Ճշմարտութիւնը չի կարող թաղուել, եւ մենք վերահաստատում ենք մեր յանձնառութիւնը` «այլեւս երբեք» կարգախօսին», յայտարարեց Նաճարեանը:

Միջոցառման բանախօսներից էր նաեւ ԱՄՆ Ծերակոյտի անդամ Ադամ Շիֆը: Նա պատիւ համարեց տարիներ շարունակ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը հայ համայնքի շահերի ներկայացումը` նշելով, որ երկար տարիների սերտ շփումը համայնքի հետ առիթ է ստեղծել նաեւ հանդիպելու Ցեղասպանութիւնը վերապրածների հետ: Շիֆը քննադատեց Ադրբեջանի կողմից շարունակուող բռնութիւնը եւ դատապարտեց ԱՄՆ վարչակազմերին` յարձակողներին պատասխանատուութեան չենթարկելու համար` ցեղասպանութեան ժխտումն անուանելով «երկրորդ ցեղասպանութիւն», որը շարունակում է յարձակումը ժողովրդի պատմութեան եւ գոյութեան դէմ: Շիֆը անդրադարձաւ Արցախում շուրջ 120,000 հայերի ցեղային զտման եւ բռնի տեղահանման փաստերին` նշելով, որ այժմ էլ փորձ է արւում ջնջել հայերի հետքը այն հողերում, որտեղ նրանք բնակուել են հազարամեակներ շարունակ: Շիֆը նշեց նաեւ Ադրբեջանում պահուող ռազմագերիների, Հայաստանի տարածքի բռնակցման շարունակուող դէպքերի եւ Ադրբեջանից հնչող պատերազմի սպառնալիքների մասին: «Ժամանակը չէ՛ շարունակելու ամօթալի լռութիւնը, այլ ժամանակն է, որ բոլորս բարձրաձայնենք 1915-1923 թուականների Հայոց Ցեղասպանութեան, 2025 թուականին Հայաստանի դէմ բռնութեան արշաւի մասին», կոչ արեց Շիֆը` խոստանալով նոր պաշտօնում էլ շարունակել հնարաւորինս օգտակար լինել հայ ժողովրդին:
Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Սաշա Պերեզն էլ դատապարտեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պատմութիւնը խեղաթիւրելու շարունակական ջանքերը` յայտարարելով, թէ «անկախ նրանից, թէ ինչ լեզու դաշնային վարչակազմը կ՛օգտագործի, Կալիֆորնիայի Ծերակոյտում իրենք երբեք չեն զիջի թուրքական կառավարութեան ճնշումներին»: Նա խոստացաւ, որ Կալիֆորնիան կը շարունակի վճռականօրէն պաշտպանել յիշողութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը: «Ես միանում եմ բոլորիդ կոչերին` ԱՄՆ կառավարութիւնից պահանջելով վճռական գործողութիւններ ձեռնարկել` դադարեցնելու ռազմական օգնութիւնն Ադրբեջանին եւ ապահովելու հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը: Անհրաժեշտ է նաեւ մարդասիրական օգնութիւն տրամադրել արցախահայերին, ովքեր բռնի տեղահանուել են իրենց նախնիների հայրենիքից», նշեց Պերեզը: Լինելով նաեւ կրթական յանձնախմբի նախագահ, ծերակուտականը կարեւորեց կրթութիւնը` ցեղասպանութեան շրջապտոյտը կասեցնելու եւ ժխտման դէմ պայքարելու համար, եւ յայտարարեց, որ կ՛աշխատի Սակրամենտոյում գործընկերների հետ` դպրոցներում ցեղասպանութեան մասին կրթութիւնը զօրացնելու ուղղութեամբ:
«Յաղթանակը միայն հանրահաւաքներ անցկացնելն ու ելոյթներ ունենալը չէ: Յաղթանակը` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրենց յանցագործութիւնների ընդունումն է, իրենց ժողովրդին կրթելը, Արցախ վերադառնալը, Հայաստանի սահմաններն ու պատմական հողերը պաշտպանելը», իր ելոյթում մասնաւորապէս նշեց Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ճան Հարապետեանը` ներկայացնելով արդարութեան հասնելու իր տեսլականը, եւ յաւելելով, որ մինչ այդ յաղթանակները, պէտք է ամէն տարի ոգեկոչենք Ապրիլի 24ը, երբեք չհանգստանանք, չմոռանանք եւ ամէն օր պայքարենք արդարութեան հասնելու համար:

«Տարուայ մնացած օրերին մենք դադարում ենք պայքարել եւ վայելում ենք մեր յարմարաւէտ կեանքն այստեղ, մինչդեռ` մեր եղբայրները Բաքուի բանտերում են, մեր դէմ ամէնօրեայ տեղեկատուական պայքար է մղւում: Մի հանգստացէ՛ք, ամէն օր պէտք է յիշենք եւ զգանք այն, ինչ զգում ենք այսօր, եւ ես ամէն օր Սակրամենտոյում պայքարելու եմ մինչեւ վերջնական յաղթանակ», յայտարարեց Հարապետեանը:
Ապրիլի 24ի ոգեկոչման եւ միասնութեան ձեռնարկն աւարտուեց Պերճ Քարազեանի խրոխտ երգեցողութեամբ, ում ձայնակցում էին Համազգայինի «Նայիրեան» երգչախմբի պարմանուհիները` եւս մէկ անգամ վկայելով հայկական անկոտրուն ոգու եւ արդարութեան պահանջի հարցում առողջ սերնդափոխութեան մասին: