ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Գուցէ նորութիւն ասած չեմ լինի, եթէ տեղեկացնեմ, թէ Կալիֆորնիոյ տնտեսութիւնը իր ամենածանր օրերից մէկն է ապրում: Նահանգապետ Բրաունի գալիք տնտեսական տարուայ նախահաշուի բացը ոչ թէ 9 միլիարդ, այլ մօտ 16 միլիարդ դոլար է կազմում: Սա զգալի թռիչք է, եւ խիստ անհանգստութեան տեղիք է տալիս: Նահանգապետը յայտարարել է, թէ բոլոր բնագաւառներում կրճատումներ են ակնկալւում, այդ թւում նաեւ անվտանգութեան, կրթութեան, առողջապահութեան, սոցիալական ապահովութեան, եւ այլ ոլորտներում: Նշուած է նաեւ, թէ ընչազուրկներին յատկացուող դրամական եւ առողջապահական ծրագրերը առաջիններից են, որ կարող են տեսնել կարմիր թանաքի գոյնը:
Այս ամէնը կապուած է հիմնականում այն հանգամանքի հետ, թէ նահանգային հարկերի վճարումները սպասուածից աւելի քիչ են եղել անցեալ տարուայ ընթացքում: Գաղտնիք չէ նաեւ այն, որ հարկերի բարձրացում է ակնկալւում, մի բան, որ ուղղակիօրէն կապուած է մեր կենսամակարդակի հետ:
Հարկեր աւելացնելու գաղափարը ոչ մի քաղաքական գործչի բարենպաստ պատուանդանի վրայ չի կանգնեցնում սովորաբար, բայց այլընտրանք չկայ: Նրանք, ովքեր բարձրաձայն ու բացարձակօրէն դէմ են նոր հարկերին, թող մի պահ մտածեն, թէ ինչ կարող է լինել, եթէ առողջութեան հետ խնդիրներ ունենան, եւ շտապօգնութեան մեքենան թէկուզեւ մի քանի րոպէ ուշանայ: Կամ էլ, եթէ դպրոցները գերծանրաբեռնուած լինեն, ինչպէ՞ս է մատաղ սերունդը կրթութիւն ստանալու:
«Թող չսովորե՛ն», ասում է ծանօթներիցս մէկը, ում փորձում եմ բացատրել, որ դպրոց չյաճախող երեխային գրկաբաց սպասում է փողոցային կեանքը, որին հիմնականում յաջորդում է բանտը: Բանտերի աշխատանքն ապահովել նոյնպէս անհնար կը դառնայ, քանի որ այստեղ էլ զգալի նախահաշուային խնդիրներ կան: Առանց այդ էլ ծանրաբեռնուած բանտերը ժամանակից շուտ են ազատ արձակում բազմաթիւ յանցագործների, ովքեր նոր յանցագործութիւններ են կատարում, խրախուսուելով անպատժելիութիւնից:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, ցոյց տալու համար, որ տարին մի քանի հարիւր դոլարի լրացուցիչ հարկ վճարելը շատ աւելի նախընտրելի է, քան այլընտրանքային տարբերակը:
Մէկ այլ դէպք. Կալիֆորնիոյ բնակավայրերից մէկը իր ունեցած նախահաշուի բացի պատճառով փոփոխութեան է ենթարկել աղբի հաւաքման չուացուցակը, արդիւնքում համաճարակի վտանգի առաջ կանգնեցնելով իր բնակիչներին:
Մի շարք կարեւոր առաջարկներ կը դրուեն ընտրողների առջեւ առաջիկայ աշնանը. ապրանքների վաճառքից ստացուած նահանգային հարկը կը բարձրանայ 0.25 սենթով, $250,000 դոլարից աւելի եկամուտ ունեցողները լրացուցիչ հարկեր կը վճարեն, եւ էլի մի քանի նախագծեր կարիք ունեն քննարկման եւ վաւերացման: Եթէ ընտրողները «ո»չ քուէարկեն այս նախագծերին, ապա անորոշ ու մութ կը դառնայ բոլորի կենսակերպը, հարուստից մինչեւ աղքատ:

Նահանգապետ Բրաունն առաջարկել է 544 միլիոն դոլարով կրճատել դատական ատեաններին յատկացուող գումարները, որ համարեա քաոսային կարող է դարձնել իրավիճակը: Կալիֆորնիոյ բնակիչների քանակը կրկնակի գերազանցում է Նիւ Եորք նահանգի բնակչութեան թուին, սակայն Կալիֆորնիոյ նախահաշիւը կազմում է այդ նահանգի նախահաշուի մօտաւորապէս 45 տոկոսը, այս մասին հարցազրոյցներից մէկի ընթացքում յայտարարել է քաղաքապետ Անտոնիօ Վիյարայգոսան: Թէ ինչու է սա այսպէս, միայն Տիրոջն է յայտնի: Կալիֆորնիոյ Համալսարանական համակարգը զգալիօրէն բարձրացնելու է կրթութեան համար գանձուող կրթական վճարումները, աւելի ամրացնելով այն վտանգաւոր թէզը, թէ այսուհետեւ միայն հարուստներին է հասու լինելու բարձրագոյն կրթութիւն ստանալու հնարաւորութիւնը: Առաջարկ կայ, թէ հանրակրթական դպրոցներում կրթական տարին 3 շաբաթով կրճատելու, եթէ հարկային փոփոութիւնները չվաւերացուեն: Երկու կամ երեք տարի առաջ մասնագէտները վկայում էին, թէ կրթական տարին առանց այդ էլ բաւականին կարճ է, եւ այն պէտք է աւելացնել: Որքան շուտ են փոխւում հանգամանքները:
Այն ինչի մասին խօսում էին վերջին մի քանի տարիների ընթացքում, արդէն իսկ ժամանել է: Նահանգապետ Բրաունը իրավիճակը մեր նահանգում նմանեցրել է Յունաստանի եւ Իսպանիայի վիճակին, եթէ իր առաջարկած նախագծերը չխրախուսուեն ու չվաւերացուեն ընտրողների կողմից: Նոյեմբեր ամիսը դեռ առջեւում է եւ բազմիցս կը լսենք այս կամ այն ծրագրի գլխին կախուած վտանգի մասին, բայց կասկած չունենաք, թէ հարկերը բարձրացնելուն որեւէ այլընտրանք կայ: Մենք էլի կը խօսենք այս մասին առաջիկայ ակնարկների ընթացքում: