ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այսօր աւելի քան երբեւէ կարեւորւում է նուիրատուութեան գաղափարը, յատկապէս տնտեսական ճգնաժամի պայմաններում: Այնպիսի մեծահարուստներ, ինչպիսիք են Ուարըն Բաֆեթը, Բիլ Գեյթսը, Հիլթըն ընատնիքի ներկայացուցիչները, Թեդ Թըրնըրը եւ այլօք միլիարդներ են նուիրաբերում ամենատարբեր ոչ շահութաբեր կազմակերպութիւնների, առանց որեւէ ակնկալիքների: Յիշեցնեմ, թէ Բաֆեթը խոստացել է իր հսկայական կարողութեան առիւծի բաժինը՝ 99 տոկոսը նուիրաբերել մարդասիրական ծրագրերի: Նրա օրինակին անմիջապէս հետեւել է Գեյթսը:
Ոմանք նշում են, թէ մարդասիրական նուիրատուութիւնները աւելի յատկանշական են ամերիկացիներին: Աշխարհի մէկ այլ մեծահարուստ, մեքսիկահպատակ Կառլոս Սլիմը յայտարարել է, թէ չի հաւատում նուիրատուութիւնների միջոցով աշխարհի ընչազուրկներին օգնելու գաղափարին, այլ փորձում է փոխարէնը աշխատատեղեր ստեղծել, եւ ա՛յդ ձեւով իր ներդրումը կատարում բարեգործութեան գաղափարին: Եւրոպացի մեծահարուստներից ոմանք էլ նշել են, թէ բարեգործութեան փոխարէն իրենք նպաստում են այնպիսի մի կառավարութեան ստեղծման գործընթացին, որ խթանում է աղքատների կարիքները հոգացող ծրագրերին, եւ այդ միջոցով են իրենց մարդասիրութիւնն իրագործում: Ակնյայտ է նաեւ այն տեսակէտը, որի համաձայն իսկական ժողովրդավարութիւնն այն է, երբ մարդիկ համընդհանուր միջոցներով են որոշում, թէ ինչ ուղղութեամբ պիտի ներդրուեն հարուստների կողմից նուիրաբերուած գումարները, ոչ թէ կախուած լինեն անհատական կամքից:
Բարեգործութիւնը նախ եւ առաջ բարեգործին է օգտակար: Միտքը թէ ինչ որ ձեւով կարողանում ես օգտակար լինել այլոց կարիքներին հսկայական թերապեւտիկ (բուժող-Խմբ.) նշանակութիւն ունի, եւ ինչ որ տեղ բժշկում է անձին: Անտեղի չի լինել յիշատակել հայ բարերարներ Մանթաշեանի, Գիւլբենկեանի, Քըրքորեանի, Մանուկեանների, եւ շատ այլոց նուիրաբերութիւնները հայանպաստ ծրագրերին, որոնց շնորհիւ հազարաւոր ծրագրեր են իրականացուել, մեծագոյն ներդրում կատարելով հայութեան կենսակերպի, մշակոյթի, տնտեսութեան եւ այլ բազմաթիւ բնագաւառների թռիչքին: Այս մարդկանց անունները ոսկէ տառերով արդէն իսկ գրուած են պատմութեան մէջ:
Հետաքրքրական է նաեւ մէկ այլ վիճակագրութիւն, որի համաձայն բարեգործութիւնը կարիք ունի խրախուսանքի, եւ որքան շատ, այնքան լաւ: Պարզւում է, թէ բարեգործութեան մեծարման գործընթացի արդիւնքում տուեալ բարեգործի նուիրատուութիւնները միջին առումով բազմապատկւում են մօտաւորապէս 4 անգամ: Այսինքն, հրապարակային գովասանքն ու խրախուսանքները երբեք աւելորդ չեն, եթէ ուղղուած են գործունէութեան մեծարումը մատնանշելուն, ոչ թէ անձի աներկբայ գովասանքին:
Այս առումով յատկանշական է մի դէպք. 90ականների կէսերին, երբ Հոլիվուդի հանրակրթական դպրոցներից մէկում էի դասաւանդում, դասարանի դուռը բացուեց, եւ պատկառելի տարիքի մի կին մտաւ ներս: Իմ հարցին, թէ ինչով կարող էի օգտակար լինել, տիկինը պատասխանեց, թէ գրասենեակի աշխատակցուհին էր յուշել, որ նա այցելի հէնց ի՛մ դասարանը, քանի որ նա ցանկանում էր գրքեր նուիրել դպրոցին: Դասի աւարտին պատկառելի տիկինը շնորհակալութիւն յայտնեց, որ թոյլ տուեցի ներկայ գտնուել, եւ հայերէն մի քանի հանրագիտարան նուիրեց դպրոցին: Լոնդոնում լոյս տեսած, չտեսնուած ու չլսուած տպագրական եւ իմաստային որակով գրքեր էին տիկնոջ նուիրածը: Շնորհակալութիւն յայտնեցի տիկնոջ եւ նրա գնալուց մի քանի ժամ յետոյ միայն տեղեկացայ, որ հանրագիտարանը լոյս էր տեսել լոնդոնաբնակ մեծահարուստ Վաչէ Մանուկեանի հովանաւորութեամբ, եւ հատորները բաժանողը նրա զոքանչն էր: Տարեց այդ կինը, որ համեստաբար լռեց բարերարի քայլը լուսաբանելու առումով, նկատելի պայծառ տրամադրութեամբ հեռացաւ դպրոցից: Կարող էր, չէ՞ տանը նստել եւ հեռուստացոյց դիտեր կա՛մ զրոյցի բռնուէր իր ընկերուհիների հետ: Փոխարէնը չէր վարանել դպրոցից դպրոց այցելել (յետոյ իմացայ, որ այլ հայաշատ դպրոցներ էլ էր գնացել, նոյն նպատակով) եւ իր քայլով ցոյց տալ, թէ որքան հաճելի է «տալու» գաղափարը: Աւելի քան մէկ տասնամեակ ուշացումով, թոյլ տուէք հրապարակային ձեւով շնորհակալութիւն յայտնել յարգարժան տիկնոջից ու նրա փեսայից՝ իշխանական նախաձեռնութեան, նուիրատուութեան, եւ այցելութեան համար:
Ցաւօք, առկայ է նաեւ հակառակ գործընթացը: Երբ բարեգործութեան նպատակով նուիրաբերուած միջոցները ապօրինաբար իւրացւում են յանցագործ անհատների կամ խմբերի կողմից, բարերարը յաճախ զայրանում է, բնականաբար՝ տխրում, եւ քիչ չեն դէպքերը, երբ առաջիկայ նուիրատուութիւնները կամ նուազում են, կամ էլ դադարում: Այսինքն, հարստանալու նպատակով նուէրը իւրացրած յանցագործները ոչ միայն խաբում են բարերարին, այլ խաբում են հազարաւոր այն մարդկանց, ովքեր կարող էին օգտուել նուիրատուութեան արդիւնքում իրականացուող ընթացիկ ծրագրերից: Նման խաչագողերը շատ աւելի վտանգաւոր են, քան շարքային աւազակները:
Աշխարհում իրականացուող անհատական նուիրատուութիւնները այս կամ այն նպատակով զգալի աճել են: Յատկանշական է, թէ նորաթուխ հարուստները աւելի քիչ պատրաստակամութիւն են ցուցաբերում իրենց միջոցներից ազատուելու՝ այս նպատակով, քան «հին» հարուստները: Չինացի միլիարդատէրերը ուշի ուշով հետեւել են Բաֆեթի եւ Գէիթսի յորդորներին, բարեգործութիւնը ընդլայնելու առումով, սակայն դեռեւս նկատելի տեղաշարժ չի գրանցուել իրենց վարքագծում:
Չափազանց նպաստաւոր է նաեւ «ոչ ունեւորների» կատարած նուիրատուութիւնները, ինչպէս ասացի, հէնց իրենց՝ նուիրատուների համար, առաջին հերթին: Բազմաթիւ մեծ ու փոքր նախագծեր կան, որոնց կարելի է նպաստել: Դրանցից մէկի մասին կ՛ուզէի նշել այսօր: Հանրային դպրոցներում ուսանող հայ աշակերտներին աջակցող ոչ շահութաբեր CASPS կազմակերպութիւնը, որ գործում է Առաջնորդարանի հովանու ներքոյ, տարիներ շարունակ նպաստում է հայ աշակերտների կրթական կարիքներին: Յունիսի սկզբին այս կազմակերպութիւնը իր տարեկան ձեռնարկն է կազմակերպել, որի նպատակն է խրախուսել հանրակրթական դպրոցների հայ աշակերտներին՝ բարձր պահելու իրենց կրթական առաջընթացը: Եթէ որեւէ մէկը այս յօդուածը կարդալուց յետոյ նպատակ կ՛ունենայ բարերարութեամբ զբաղուել, իմ յորդորն է ա՛յս կազմակերպութիւնը նկատի առնել, քանի որ կարող եմ ամենայն պատասխանատուութեամբ յայտարարել, թէ նրա անդամները զգալի հայրենանուէր գործունէութեամբ են զբաղուած: Նրանց կազմակերպած ծրագրերը կարիք ունեն իւրաքանչիւրիս աջակցութեան: Փոքրաթիւ նուիրեալների այս խումբը ամէն շաբաթ հաւաքւում է միայն մի նպատակով՝ ի՞նչ անել, որպէսզի հնարաւորինս չափ լայնածաւալ ձեւով օգտակար լինել հայ աշակերտին, իսկ դպրոցական տարուայ վերջին պահուն գտնում է լաւագոյններին եւ կրթաթոշակներ ու պատուոգրեր տալիս, հրապարակայնօրէն մեծարելով նրանց: Նրանց ամէն մի կազմակերպած միջոցառում ընդգրկում է դրամական միջոցների ներդրում, եւ գրեթէ միշտ այս անհատները իրենց անձնական միջոցները շռայլօրէն նուիրում են ազնիւ նպատակների: Ձեր մասնակցութեամբ դո՛ւք էլ խրախուսէք CASPS-ի գործունէութեանը, իսկ մանրամասնութիւնների համար այցելէք www.casps.org կայքէջը:

Վերադառնանք հարուստներին: Վիճակագրութեան համաձայն, այսօր աշխարհում բնակւում են մօտաւորապէս 1000 միլիարդատէրեր, ում ընդհանուր կարողութիւնը գերազանցում է 3,5 տրիլիոն դոլարի սահմանը: Մի ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, որ եթէ այս ամբողջ գումարը միասին ներդրուէր խելամիտ բայց պահպանողական մի դրամատան մէջ, ապա դրանից ստացուած տոկոսներով կարելի էր լուծել երկրագնդի բազմաթիւ խնդիրներից շատերը՝ համաճարակների վերացում, մաքուր խմելու ջրի անխափան մատակարարում երկրագնդի ընչազուրկներին, գիւղատնտեսութեան զարգացում այն շրջաններում, որտեղ սննդի զգալի պակաս է նկատւում, եւ այլն: Սա, ի հարկէ, իրականութիւն չի դառնայ: Փոխարէնը կարելի է նշել, որ սահմանափակ եկամուտների տէր անձանց համար էլ խորթ չէ տալու գաղափարը: Ճիշդ է, այսպիսի անհատների նուիրատուութիւնը խոշոր բարերարների մօտ ինչ որ տեղ անուշադրութեան է մատնւում, բայց դրանք էլ չափազանց կարեւոր են:
Եթէ սահմանափակ միջոցների տէր թոշակառուն կարողանում է իր ամսական եկամտից բաժին յատկացնել բարեգործական նպատակների, ապա խօսքերն աւելորդ են, երբ խնդիրը վերաբերւում է միջին եւ բարձր եկամուտ ունեցող անհատներին: Տալու գաղափարը շատ աւելի զօրաւոր է եւ բուժիչ, քան՝ ստանալունը: