
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ԳԼԵՆԴԷՅԼ.- Հայազգի աշխարհահռչակ սոպրանօ Յասմիկ Պապեանը Լոս Անջելըսում է եւ Յունիսի 22ին օպերայի սիրահարները բացառիկ առիթ կ՛ունենան ներկայ լինելու Օպերայի գեղեցիկ երեկոյի: Միջազգային ամենահեղինակաւոր բեմերը գրաւած ու տարբեր մրցանակների ու կոչումների արժանացած, այդ թւում՝ ՀՀ Ժողովրդական արտիստ ճանաչուած Յասմիկ Պապեանը, հանդէս կը գայ բարեգործական համերգի շրջանակներում, որից ստացուած ողջ հասոյթը տրամադրուելու է Հայաստանում շաքարախտով հիւանդ երեխաների հիմնադրամին: Նման համերգներին մասնակցութիւնը տաղանդաւոր երգչուհու խիստ յագեցած համերգային ծրագրերում, ա-ռանձնայատուկ տեղ ունի: Թէեւ Պապեանը նախընտրում է չխօսել իր բարեգործական գործունէութեան մասին, սակայն յայտնի դարձաւ, որ երգչուհին տարուայ ընթացքում շուրջ 8 բարեգործական բնոյթի համերգներ է ունենում: «Ես մշտապէս օգտւում եմ առիթից՝ օգտակար լինելու Հայաստանին ու հայերին», խոստովանեց երգչուհին Լոս Անջելըսում ՀՀ հիւպատոսարանում կայացած ասուլիսի ժամանակ:

Յասմիկ Պապեանի հետ հանդէս կը գայ Գլենդէյլի Սիմֆոնիկ նուագախումբը՝ մեր հայրենակից Միքայէլ Աւետիսեանի ղեկավարութեամբ: «Արուեստագէտները՝ երեխաների համար» (Artists for Kids) կազմակերպութեան այս համերգային նախաձեռնութեան շնորհիւ՝ երկու տաղանդաւոր հայ երաժիշտներ նոյն բեմից կը ներկայացնեն նաեւ հայկական երաժշտութիւնը ամերիկացի հանդիսատեսին: Ծրագրում հնչելու են արիաներ իտալական լաւագոյն օպերաներից ու հայկական, մասնաւորապէս՝ Կոմիտասի գործերից: Օպերային աշխարհի Դիւա համարուող Յասմիկ Պապեանը յայտնեց, որ մեծ հաճոյքով է սպասում ամերիկահայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:
Երաժիշտներն ու համերգի կազմակերպիչները («Արուեստագէտները՝ երեխաների համար» հասարակական կազմակերպութիւնը եւ Լոս Անջելըսում ՀՀ հիւպատոսարանը) անմոռանալի երեկոյ են խոստանում պարգեւել Յունիսի 22ին, երեկոյեան ժամը 8ին, Փասադինայի «Ամբասադոր Աուդիտորիում» սրահում (Ambassador Auditorium: 131 S. Saint John Ave, Pasadena): Տոմսեր կարելի է ձեռք բերել
www.itsmyseat.com կայքում:
Յասմիկ Պապեանի հետ հարցազրոյցը կարդացէք մեր յառաջիկայ համարում: