Եթէ Այսպէս Շարունակուի, Ջաւախքում Հայ Չի Մնայ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Այսօր խօսելու ենք ջավախահայի խնդիրների մասին: Մեր հիւրն է Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆօ» լրատուական գործակալութեան տնօրէն Արտակ Գաբրիէլեանը, ով բացի թուարկելուց խնդիրները նաեւ մատնանշում է խնդրի լուծման իրատեսական տարբերակներ, որոնք հիմնականում կապուած են վրացական իշխանութիւնների փոխհամաձայնութեան հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խնդրեմ ասացէք, ի՞նչ հիմնական խնդիրներ ունի ջաւախքցին:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ջաւախքում վիճակը վատ է՝ մի քանի առումներով ու մի քանի ոլորտում: Մի քանի հիմնադրոյթներ առանձնացնենք: Առաջինը՝ կրթական հիմնախնդիրներն են, որ շատ կարեւոր են: Ամէն տարի հայոց լեզուի դասաժամերը կրճատւում են, հայկական դպրոցները կոչւում են՝ հանրային: Հայոց լեզուն պահպանելու խնդիրը շատ մտահոգիչ է: Ամէն տարի իրավիճակը բարդանում է, եւ լուծման ճանպարհը կարծես թէ սահմանափակ է: Եթէ 5-6 տարի առաջ այդ վտանգը չկար, ապա վերջին 2-3 տարում արդէն կայ: Երկրորդ հիմնախնդիրը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք հանդիսանում են արտագաղթի տեմպերի (թափ առնելու-Խմբ.) պատճառ: Գիւղմթերքների արտահանումը եւս մեծ խնդիր է:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Թուարկեցիք խնդիրները, բայց չառանձնացրիք եւս մի կարեւոր խնդիր: Արդեօ՞ք ոտնահարուած չեն æաւախքում ապրող հայի իրաւունքները:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Վերջին շրջանում՝ կապուած ընտրութիւնների հետ, ոչ միայն Ջաւախքում, այլեւ ողջ Վրաստանում ոտնահարուած են իրաւունքները: Եթէ տուեալ անձը կապուած է ընդդիմութեան հետ, ինքնաբերաբար զրկւում է աշխատանքից, ճնշումների է ենթարկւում, սառեցւում են բանկային հաշիւները: Իսկ Ջաւախքում միշտ է ոտնահարուած մարդու իրաւունքերը՝ անկախ նրանից ընտրութիւններ են, թէ՝ ոչ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խօսենք առաջիկայ ընտրութիւններից: Հայերը ո՞ր քաղաքական ուժին են սատարում: Հայաստանցիները ո՞ր քաղաքական ուժի կողքին են կանգնած այստեղի ընտրութիւնների ժամանակ: Թէեւ հարցը նման է, բայց ես կարծում եմ, որ տարբեր հարթութիւններ են: Միթէ՞ æաւախքում առաւել շատ չէ վախի մթնոլորտը:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ի հարկէ, վախի մթնոլորտ կայ: Այսօր ջաւախահայութեան մի ստուար զանգուած դէմ է տեղի իշխանութիւններին, պատճառն այն է, որ տեղի իշխանութիւնների օրօք են առաջացել այս խնդիրները: Թէ առաջիկայում ինչ դիրքորոշում կը բռնի ջաւախահայութիւնը, կապուած է այն բանի հետ, թէ որ քաղաքական ուժը կը լուծի, կամ կը խոստանայ լուծել ջաւախահայութեան խնդիրները: Թող խոստանայ իշխանութիւնը, մենք էլ մեր ձայնը տանք իշխանութեանը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Կա՞յ մի քաղաքական ուժ, որը սատարում է ջաւախահայութեանը:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Դեռեւս չկայ ոչ մի քաղաքական ուժ, որի հետ մենք կարողանանք համագործակցել: Ե՛ւ իշխանութիւնը, ե՛ւ ընդդիմութիւնը չեն փոխում համագործակցելու իրենց դիրքորոշումը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Իսկ Հայաստանի իշխանութիւնները որեւէ քաղաքական աջակցութիւն ցուցաբերո՞ւմ են:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Բացարձակապէս՝ ոչ: Հայաստանի իշխանութիւնների համար կայ միայն վիրահայութիւն: Հայաստանի իշխանութիւնների կողմից ոչ մի քաղաքական աջակցութիւն չի եղել: Շատ թեթեւ տարբեր նախարարութիւնների կողմից թեթեւ քայլեր են եղել: Հասարակական հիմունքներով մէկ-մէկ օգնութիւն է եղել, մի քանի գիրք եւ այլն:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խօսենք Վրաստանում հայկական եկեղեցիների, խաչքարերի պղծ-ման գործընթացների մասին, որոնք սկիզբ են առել շատ վաղուց: Արդեօ՞ք այդ գործընթացը շարունակական է:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Կարծես թէ վերջին շրջանում կանգ են առել նման քայլերը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Ի՞նչ կ՛ասէք, վրացական իշխանութիւնների կողմից վարուող հայաթափման քաղաքականութեան մասին: Երկար տարիներ դա այդպէս է, ըստ ձեզ արդեօ՞ք հիմա էլ են բոլոր քայլերն այդ ուղղութեամբ տարւում:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Այդ քաղաքականութիւնը վարւում է դեռեւս 90ականներից: Հիմա կարողանում են իրենց քաղաքականութիւնը ծառայեցնել նպատակին: Եթէ այսպէս շարունակուի, æաւախքում հայ չի մնայ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՁԱՅՆ».- Խնդրեմ ասացէք, ինչպէս է իրեն զգում Ջաւախքում ապրող հայը: Արդեօ՞ք հոգեպէս ընկճուած է:
ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Այո, ընկճուած է: Նա երաշխաւոր է փնտռում: Ու Հայաստանը նրա համար երաշխաւոր չի կանգնում: