ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ամէն անգամ երբ ինչ որ ձեւով մեզ դանակահարում են մէջքից, մենք արդարացի վրդովմունքով բողոքի ձայն ենք բարձրացնում, ամենատարբեր խաւերից սկսեալ: Հունգարական բարձրաստիճան կառավարական շրջանների թոյլ տուած ճակատագրական սխալը վրդովմունք է առաջացրել նաեւ իրենց՝ հունգարացիների շրջանակներում: Այս մասին՝ քիչ յետոյ:
Որտե՞ղ էր հայկական դիւանագիտական «կորպուսը»: Արդեօք նրանք որեւէ քայլ կանխազգո՞ւմ էին, կանխատեսո՞ւմ էին, թէ Սաֆարովը կարող է առեւտրի առարկայ դառնալ: Միթէ՞ դժուար էր կանխատեսել, թէ Սաֆարովի հարցը անպայման մէջտեղ կը գայ, երբ Հունգարիան Ադրբեջանի հետ կլոր սեղանի շուրջ նստի բանակցելու: Հայաստանի ներկայացչութիւնը Բուդապեշտում քննարկման ենթարկե՞ց արդեօք The Budapest Times պարբերականի Յուլիսի 11ին տպագրած Orban Backs Azerbaijan Gas յօդուածը, որտեղ մասնաւորապէս նշուած էր հետեւեալը. Հունգարիան արեւելքից գազի մատակարարման նոր աղբիւրներ է որոնում: Հէնց այս ժամանակ էր, որ երկրի ներկայիս վարչապետ Օրբանը պաշտօնական այցով Բաքու էր այցելել, եւ իր ելոյթի ժամանակ յայտարարել էր, թէ Եւրոպան, այդ թւում նաեւ Հունգարիան պարտաւոր են ուժանիւթի այլընտրանքային աղբիւրների եւ դրանց մատակարարման նոր ուղիների որոնման գործում ակտիւօրէն հաշուի առնել Ադրբեջանին:
Ներկայումս Հունգարիան բնական գազի իր պաշարի 80 տոկոսը ներմուծում է դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից: Օրբանը նշել էր, թէ միակ այլընտրանքային ներմուծումը գալիս է Ռումինիայից, որն իր գազի պաշարները ստանում է հարաւային գծից: Խօսք էր գնացել նաեւ տխրահռչակ Նաբուկօ գազատարի մասին, որ Թուրքիայից Բուլղարիայի միջոցով պիտի գազ մատակարարէր Եւրոպական երկրներին, իսկ այս գազատարի ակունքը ինքներդ գիտէք թէ որտեղ է ընկած: Մինչեւ այս ամառուայ սկիզբն ընկած ժամանակաշրջանը դեռեւս տարակուսանք կար Նաբուկոյի աշխատանքների աւարտի առիթով, սակայն Յուլիսին ադրբեջանական Շահ Դենիզ, Բրիթիշ Փեթրոլիում եւ նորվեգական Սթաթօյլ կոնցեռնների համատեղ յայտարարութեամբ, Նաբուկոն նոր կեանք ստացաւ որպէս հարաւային գազատարի ամենահաւանական ուղիներից մէկը:
Ինչպէս Հունգարիան, այնպէս էլ եւրոպական այլ երկրներ նախորդ մի քանի տարիների ընթացքում «պատանդի» կարգավիճակում էին ռուսական գազից, երբ խնդիրը վերաբերւում էր գազի գների յանկարծակի թանկացումներին, կամ ուկրաինական կառավարութեան տեղի ու անտեղի տատանողական քմահաճոյքներին (չէ՞ որ գազը Ռուսաստանից Եւրոպա էր անցնում Ուկրաինայի եւ Բելոռուսի տարածքով, իսկ այս երկրների կառավարութիւնները արգելք էին հանդիսանում գազի հոսքը Եւրոպա թողնելուց): Ռուսաստանն իր հերթին է կառուցում հարաւային անցուղի՝ բնական գազը Եւրոպա հասցնելու ակնկալիքով: Հարաւային Հոսք անուանումը կրող գազատարի կառուցման աշխատանքները պիտի սկսեն այս տարուայ Դեկտեմբերին: Ուրեմն, Հունգարիան որոշեց իր էներգետիկ եւ այլ տնտեսական շահերի համար զոհել իր արժանապատուութիւնը. այսպիսի արձագանգ տուեցին հէնց իրենք, հունգարացիները այս շաբաթուայ բազմահազարանոց ցոյցի ժամանակ: Բայց եկէք մի փոքր բարձրաձայն մտածենք:
Կասկած չկայ, թէ Ադրբեջանը իր այս ցուցադրական քայլի մէջ առանձին չի գործել: Բայց թէ բացի Թուրքիայից, էլ ո՞ր խոշոր կայսրութիւններն են խառնուած սադրանքի մէջ, մեզ մնում է միայն կռահել: Մի ներքին ձայն ինձ յուշում է, թէ Սաֆարովի «հերոսացումը» աւելի մեծ քաղաքատնտեսական խաղի ընդամէնը նախերգանքն է: Արեւմուտքը փորձում է Ռուսաստանից առաջ անցնել, ապահովագրելով իր նախընտրած պայմանագրերի շուտափոյթ ձեւակերպումը, քանի դեռ Ռոուսական գազատարը չի կառուցուել: Իսկ ի՞նչ դեր կ՛ըն-դունի Ռուսաստանը:
Յաջորդ մտահղացումը հետեւեալն է. Հունգարիան եւրոպական երկիր է եւ այստեղ շատ աւելի տարածուած է օրէնքի ուժը, համեմատած արեւելեան երկրների հետ: Միթէ՞ հնարաւոր չէ փաստաբանների հզօր մի բանակ անդամագրել, որպէսզի Սաֆարովի փոխանցման հարցը դատական գործընթացով ապօրինի յայտարարուի եւ դրամական մի խոշոր պատժամիջոց սահմանուի կատարուած ապօրինութեան արդիւնքում: Արեւմտեան երկրների լեզուով դրամական պատիժը ամենախստագոյնն է, որ կարող է ինչ որ մէկին կամ մի քանիսին պատասխանատուութեան առաջ կանգնեցնել: Կասկած անգամ թող չլինի, թէ Ադրբեջանն ու Թուրքիան քաջ գիտակցում էին, թէ համայն հայութիւնը ինչպիսի արձագանգ կարող է տալ կատարուածի արդիւնքում: Իսկ մեր դիւանագէտները կարողութիւն ունե՞ն կանխատեսելու, թէ նրանց յաջորդ քայլը որն է. իսկ մեր մեծահարուստները պատրա՞ստ են իրենց միջոցների մի մասը նուիրաբերել Հայաստանի արտաքին քաղաքական քայլերի նախաձեռնման համար: Իսկ ո՞րն է Սփիւռքի դերը: Սրանք հարցեր են, որ կարօտ են պատասխանների: Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նախորդող այս ժամանակաշրջանում սադրանքների շղթան սանձազերծուած է Սաֆարովի «հերոսացմամբ»: Տնտեսական զարգացումների, տարածաշրջանի ռազմաքաղաքական հնարաւոր ապագայի պատկերի վերլուծութեամբ զբաղուելը դարձել է հրամայական, բայց ինչպէ՞ս անել, որպէսզի ծուղակը չընկնենք:
Ամօ՛թ Հունգարական կառավարութեանը՝ ո՛չ թէ հունգարացիներին: Հունգարացի ժողովուրդն իր արդար ձայնը բարձրացրել է, եւ բողոքի ձայն բարձրացնելիս հայերս պէտք է յստակ նշենք, թէ մենք չենք նոյնացնում հունգարացի ժողովրդին իրենց ապաշնորհ ու ծախուած կառավարութեան հետ: