
ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Սեպտեմբերի 6ին Միացեալ Նահանգների Նիւ Եորքի հարաւային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայութիւնը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազեանի հանդէպ կատարման համար յօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸի («ԳԳՄ»): Կատարողական թերթը տրամադրուել է դատաւոր Ճէյ Փօլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրայ եւ այդ որոշումը (թիւ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մէջ մտնելուց յետոյ: Կատարման թերթի պայմաններով ԳԳՄի օգտին կայացրած որոշմամբ պէտք է գանձուի երեսունեօթ միլիոն հինգ հարիւր երեսունեօթ հազար ինը հարիւր եօթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02):
Ըստ վճռում եղած նիւթերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերութեան դուստր ընկերութիւններից մէկը, որը Հանքաւանի հանքավայրի լիցենզառուն (արտօնագիր ստացողը-Խմբ.) էր, ենթարկուել էր կոռումպացուած եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանութեան նախկին նախարար Վարդան Այվազեանի կողմից: Ընկերութիւնը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացեալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդիւնքում ընկերութիւնը Այվազեանի պատճառով կորցրել էր Հանքաւանի հանքավայրի նկատմամբ հսկողութիւնը:
Ընկերութիւնը ներգրաւել էր միջազգային եւ տեղի իրաւաբանների՝ դուստր ընկերութեան դէմ ուղղուած ապօրինի եւ կոռումպացուած գործընթացների հիման վրայ պատասխանատուութեան ենթարկելու համար: 2006 թ. Նոյեմբերի 7ին ընկերութիւնը սահմանել է 30օրեայ բարի կամքի ժամկէտ՝ բանակցութիւնների համար (որը նախապայման էր 2003 թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պէտք է տեղի ունենար երեք յայտնի վաճառողների/բաժնետէրերի, նախկինում ծպտեալ բաժնետէր եւ միւս բաժնետէրերին ուղղորդող Այվազեանի հետ:
Միջազգային առեւտրի պալատի («ՄԱՊ») կանոնների համաձայն՝ ընկերութիւնը 2006թ. Դեկտեմբերի 29ին դիմել է Փարիզում տեղակայուած արբիտրաժ (իրաւարարութեան-Խմբ.): 2008 թ. Յունիսի 25ին Նիւ Եորքի հարաւային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում Այվազեանից պահանջելով որպէս պատասխանող ներկայանալ ՄԱՊի արբիտրաժ:
2008 թ. Սեպտեմբերի 5ին ՄԱՊի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազեանը պէտք է համարուի որպէս կողմ Նիւ Եորքի հարաւային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. Յունիսի 25ին կայացրած որոշման համաձայն: Այնուհետեւ՝ 2011 թ. Դեկտեմբերին, ՄԱՊի տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն յայտնի երեք բաժնետէրերի մասով:
2012 թ. Մարտին ԳԳՄն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազեանի նկատմամբ նոյն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրայ եւ/կամ համապատասխանեցնել ՄԱՊի Տրիբունալի նախադէպերին:
Այվազեանի գործողութիւնների արդիւնքում կրած վնասների ապացոյցների հիման վրայ ԳԳՄի օգտին կայացուած 37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է 27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած 10,385,734.52 ԱՄՆ դոլար տոյժերը՝ հաշուարկուած 9%-ով՝ սկսած 2008 թուականից:
Ընկերութիւնը ծանուցել է ՄԱՊին առ այն, որ մնացած երեք բաժնետէրերի նկատմամբ ընթացող արբիտրաժը պէտք է դադարեցուի վիճարկելի լինելու հիմքով՝ հաշուի առնելով Այվազեանի հանդէպ կայացրած որոշումը:
Ի՞նչ իրաւական հետեւանքներ կարող է ունենալ Վարդան Այվազայնի նկատմամբ Նիւ Եորքի դաշնային դատարանի կայացրած վճիռը: Ամենայն հաւանականութեամբ, ոչ մի հետեւանք էլ չի ունենայ, քանի որ Հայաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ այդ ոլորտում համաձայնագիր առայսօր չի ստորագրուել: Միակ հետեւանքն այն է լինելու, որ Վարդան Այվազեանը չի կարող մուտք գործել Միացեալ Նահանգներ:
Ընկերութեան իրաւաբանը «Հետքին» տեղեկացրեց, որ վճիռը եւ կատարողական թերթը ուղարկուել են Վարդան Այվազեանի երկու հասցէներով՝ Երեւան եւ Չարենցաւան: