
ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցութեան արդիւնքում ստեղծուած «Անուշ» օպերայի առաջին ներկայացումը տեղի կ՛ունենայ 2013 թուականի Ապրիլի 26ին, Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնում: Այն կը լինի «Անուշ»ի նոր՝ ժամանակակից մեկնաբանութիւնը:
««Անուշ» բեմադրելու գաղափարը ինձ տուեց Իրինա Իգիթխանեանը: Այն ժողովրդին շատ մօտ գործ է, բայց եւ գաղտնիքներ ունի, որոնք դեռ չեն բացայայտուել», ասաց ֆրանսիահայ ռեժիսոր, օպերայի բեմադիչ Սերժ Աւետիքեանը: Նա պատմեց, որ ժամանակի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրելով Յովհաննէս Թումանեանի համանուն պոէմի հիման վրայ Ալեքսանդրապոլում 1908-1912 թուականներին Արմէն Տիգրանեանի կողմից գրուած օպերայի երաժշտութիւնը եւ լիբրետօն, հասկացել է, որ պոէմի ո՞ր դրուագները մինչեւ վերջ հանրութեան համար բացայայտուած չեն:
«Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ այն դարձաւ դասական, ժողովրդական գործ, սակայն այս աշխատանքը կ՛ապացուցի, որ շատ յստակ կրճատումներ են արուել պոէմից, որովհետեւ Թումանեանի մօտ շատ նուրբ մօտեցում կար աւանդութիւների հանդէպ. նա այնտեղ նախնական ձեւով չի ասում, որ պոէմը միայն վրէժխնդրութեան մասին է», պարզաբանեց բեմադրիչը: Նրա խօսքով «Անուշ» օպերան միայն յետամնաց մտածելակերպի՝ Մոսիի կողմից Սարոյին սպաննելու մասին չէ: «Իրականում այստեղ շատ այլ մանրամասներ էլ կան. կարեւոր է եկեղեցու դերը, որ կրճատուել էր, Անուշի հօր դերը, որ չկար լիբրետոյում, բայց առկայ էր պոէումում», շարունակում է ան, եւ յաւելում, որ այս կերպ նա կը փորձի «յանձնել» պոէմի ոչ թէ կրճատ, այլ ճիշդ տարբերակը: «Ես չեմ կարող ապացուցել կամ ասել, որ 1912 թուականին Տիգրանեանի արուածը մօտ չէր այն գործին, որ հիմա ենք անում, պարզապէս այսօրուայ արուածը ժամանակակից հայեացքով է կատարւում, ոչ թէ պոէմը վերականգնելու ինքնանպատակ փորձ է», նշեց Աւետիքեանը:
Բեմադրիչի գնահատմամբ, այսօրուայ տեսանկիւնից «Անուշ»ը վերլուծելը նշանակում է ներկայացնել, որ սա գիւղական սիրոյ մասին «Ռոմիօ եւ æուլետ» չէ, այլեւ ընկերային, հաւատին եւ աւանդոյթներին առնչուող պատմութիւն: Աւետիքեանի համոզմամբ՝ օպերան ցոյց կը տայ, թէ որքանով են նահանջել կամ պահպանուել այդ աւանդոյթները: «Վերջերս ուշադիր հետեւում էի Աֆղանիստանում, Թուրքիայում, այլ երկրներում տեղի ունեցող իրադարձութիւններին, որտեղ աւանդութեան հարցը շատ յստակ է դեռ դրուած, այն, որ եթէ ընտանիքը համաձայն չէ, ապա աղջիկը, ոչ մի սիրոյ պատմութիւն չպէտք է ունենայ», աւելացրեց բեմադրիչը: Նա շատ է ցանկանում, որ իր մեկնաբանութեամբ «Անուշ»ը որքան հնարաւոր է մօտ լինի բնութեանը:
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք ռիսկային չէ դասական գործի ժամանակակից մեկնաբանութիւնը՝ Աւետիքեանը նշեց, որ իրականում քննադատութիւնից չի վախենում: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ արուեստագէտը իր դերը խաղայ, իսկ արուեստագէտին դերը, ոչ թէ հրահրել, այլ նոր հայեացք մատուցելն է: Կարեւորը այն է, որ կարող եմ մատուցել այն, ինչ ես տեսայ պոէմում», ասաց զրուցակիցս: Կարելի է դատել կամ չհաւանել աշխատանքը, եւ բեմադրիչը պատրաստ է պատասխանել բոլոր քննադատական հարցերին: «Իսկ եթէ հարցեր չունենան եւ կտրուկ ձեւով ասեն, որ այսպէս անհնար է, ապա ես պատասխան չունեմ տալու, քանի որ դա մօտեցում չէ», կարծիք յայտնեց ան:
«Անուշ» օպերայի ժամանակակից մեկնաբանութիւնը նորովի կը ներկայանայ հանդիսատեսի դատին, ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնիկական առումով: Օպերայի ընթացքում բեմում դերասաններից բացի կը լինի նաեւ մեծ պաստառ, որը շարժապատկերի միջոցով անմիջականօրէն կը լինի օպերային բեմադրութեան մի մասը: Օպերայի արդիական տարբերակում ներգրաւած են ազգութեամբ հայ երիտասարդ երաժիշտներ, երգիչներ, պարողներ: Յատուկ բեմադրութեան համար կը ստեղծուեն նոր դեկորներ, բեմական հագուստներ:
Օպերան ներկայացուելու է նաեւ Փարիզում, Մայիսի 22ին: Օպերայի վերագործիքաւորումը կ՛իրականացնի բարսելոնաբնակ Անահիտ Սիմոնեանը, դիրիժորն է Վահան Մարտիրոսեանը: Նախաձեռնութիւնն իրականացնում են «Delta cultural art» խումբը, Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակոյթի նախարարութիւնները, ինչպէս նաեւ Ֆրանսիայի Նանտ քաղաքի գլխաւոր թատրոնը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»