ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ աներհայրս, Հենրիկ Յովհաննիսեանը, մօտ 2 տասնամեակ առաջ ինքնակամ լքեց երկարամեայ ճարտարապետ-շինարարի իր պաշտօնը (եւ դրա հետ էլ նաեւ՝ մասնագիտութիւնը), բոլորս խիստ զարմացանք, թէ ինչո՞ւ այս արհեստավարժ մարդը միանգամից այսպիսի որոշում ընդունեց: Միայն այժմ է պարզւում, թէ մարտավարական ինչպիսի քայլ նա որդեգրեց, երբ Հայաստանի շրջաններից մէկում 3 հեկտար հող գնեց եւ որոշեց զբաղուել հողագործութեամբ:
Աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիւ մասնագիտութիւնների տէր մարդիկ վերջին մի քանի տարիներին որոշում են ընդունել իրենց համար նոր այս մասնագիտութիւնն ընտրել եւ դրա համար պարարտ հող է հանդիսանում համաշխարհային լրատուութեան տարածած տեղեկութիւններն այն մասին, թէ մօտ ապագայում մարդկութիւնը ստիպուած կը լինի ուտելիքի պաշարների ճգնաժամ դիմագրաւել:
ՄԱԿի Սննդի եւ Գիւղատնտեսութեան յանձնաժողովի հրապարակած վերջին մի հաղորդագրութեան համաձայն, անցեալ 11 տարիներից 6ի ընթացքում աշխարհի բնակչութիւնը աւելի շատ կերել է, քան ուտելիք է արտադրել: Սա նշանակում է, թէ հարիւրաւոր երկրներ ստիպուած են եղել բացել ուտելիքի իրենց մարտավարական պաշարների ամբարները, որպէսզի կարողանան բաւարարել իրենց բնակիչներին ամենաանհրաժեշտ սնունդով: Վերոյիշեալ ցուցանիշի պատճառը եղանակի կտրուկ տատանումներն են եղել, որն էլ անդրադարձել է սննդարդիւնաբերութեան վրայ:
Այս տարուայ սկզբին Միացեալ Նահանգները վերջին յիսունամեակի ամենադաժան երաշտը տեսաւ, իսկ Ռուսաստանի սեւծովեան շրջանում աննախադէպ տօթի արդիւնքում երկրի կառավարութիւնը ստիպուած էր վերանայել սննդի արտադրանքի իր նախապէս կատարած կանխատեսումները, կտրուկ նուազեցնելով յայտարարուած ցուցանիշները: Սեպտեմբերին սննդի ընդհանուր արժէքներն աշխարհում աճեցին աւելի քան մէկ ու կէս տոկոսով, իսկ անցեալ Յուլիսին այդ արժէքները 6 տոկոսի աճ էին գրանցել: Բանն այն է, թէ սննդի պահանջարկը ինչ որ տեղ կարելի է կանխատեսել, բայց դրա արտադրութեան կանխատեսումը գնալով աւելի մեծ խնդիր է դառնում:
Որոշ ցուցանիշների համաձայն, սննդի արտադրութիւնն այնքան էլ խնդրահարոյց չէ, համեմատած սննդի մատակարարման ճանապարհների սղութեան հետ: Այս ուսումնասիրութեան արդիւնքում նշւում է, թէ աշխարհում աղբը թափուած ուտելիքով 8 միլիարդ մարդ կարելի է կերակրել՝ տարեկան:
Սննդի արժէքների նմանօրինակ կտրուկ բարձրացումը անխուսափելիօրէն բերում է հասարակական ընդվզումների, որի արդիւնքում ժողովուրդը փողոց է դուրս գալիս՝ բողոքի ձայնն արտայայտելու: 2008 թուականին աֆրիկեան եւ միջին արեւելեան երկրներում հացի գնի բարձրացման արդիւնքում մարդիկ բողոքի հզօր ցոյցերի դուրս եկան, որոնց արդիւնքում բազմաթիւ աւերածութիւններ գրանցուեցին: Անցեալ տարի Հնդկաստանի բնակչութիւնը դուրս եկաւ բողոքի ցոյցի, երբ կարմիր սոխի արժէքը քառապատկուեց շուկայում, իր հետ բարձրացնելով այլ բանջարեղէնների արժէքները: Իսկ Չինաստանի կառավարութիւնը վերջին շրջանում կրկնապատկել է իր քայլերը, ուտելիքի պաշարներն աւելացնելու առումով: Այս տարի չինական կառավարութիւնը մրցանիշային չափով աւելացրել է սոյայի իր տարեկան գնումները, միաժամանակ փորձում է Աւստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարաւային Ամերիկայում եւ այլուր հողեր գնել, գիւղատնտեսական եւ անասնապահական նպատակներով:
Վաշինգտոնում գործող Earth Policy Institute կազմակերպութեան տուեալների համաձայն, սննդի հետ կապուած խնդիրների արդիւնքում պետութիւնների տարաձայնութիւնների հաւանականութիւնը կտրուկ աւելացել է: Այս կազմակերպութեան ներկայացուցչի խօսքերով «իւրաքանչիւր պետութիւն պարտաւոր է ինքը ապահովել սննդի իր պաշարները, եւ ոչ մի խոչընդոտ չկայ, որ ամէն պետութիւն իր գլխի ճարը տեսնի»:
Հետաքրքրական է Սինգապուրի օրինակը: Աշխարհի ամենահարուստ երկրներից մէկը հանդիսանալով, այս պետութիւնը ընդամէնը 700 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մօտ 5 միլիոն բնակչութեամբ: Երկնաքերերի այս նոր մեքքան իր սպառած սննդի 90 տոկոսը ներկրում է Մալազիայից, անհատ ձեռներէցներից եւ Չինաստանից: 60ականների Սինգապուրը աւելի քան 20 հազար տնտեսութիւն ունէր, որոնք զբաղւում էին գիւղատնտեսութեամբ, եւ երկիրը ամբողջութեամբ ինքնաբաւ էր: Այսօր Սինգապուրի հողերի միայն 2 տոկոսն է այս նպատակով շահագործւում, սակայն երկրի առաջնորդները որոշել են շտկել իրենց մարտավարութիւնը, անհատ հողագործների եւ փոքր խմբերի համար նպաստաւոր պայմաններ ստեղծելով, դրամ տալով, եւ այլ խրախուսական միջոցներով նրանց յորդորելով, որ հողագործութեամբ եւ անասնապահութեամբ է պէտք զբաղուել: Բարենպաստ պայմաններ են ստեղծուել անհատ ձեռներէցներից պետութեան գնումները նպաստաւոր հիմքերի վրայ դնելու համար անհատի դրամապանակն աւելի շատ միջոց լցնելով, որպէսզի վերջինս շահ եւ հետաքրքրութիւն ունենայ գիւղատնտեսութեամբ զբաղուելու: Սինգապուրը նոյնպէս երկար տարիների պայմանագրերով վարձակալել է օտարերկրեայ հողատարածքներ, որտեղից արտադրուած ուտելիքը սահուն ճանապարհով ներկրւում է երկիր: Մեծ ուշադրութեան են արժանացել տնամերձ հողատարածքները, որոնց մշակման համար պետութիւնը դրամ է յատկացնում անհատներին:
Վերադառնանք Հենրիկ Յովհաննիսեանին: Բարձրագոյն շինարարական կրթութեան տէր, աւելի քան 7 տասնամեակ ապրած այս մարդը ամէն օր զարթնում է, լուացւում, ու վաղ առաւօտեան լծւում աշխատանքի, մշակում է իր ձեռքով տարիներ առաջ ստեղծած մրգատու այգիներն ու բանջարանոցները: Բայց իր մերձաւորներից բացի ո՛չ ոքի չի հետաքրքրում նրա արտադրանքը, եւ յաճախ եմ լսել, թէ ինչպէս է տրտնջացել, որ իրավիճակից ելնելով ստիպուած է եղել ինքնարժէքից աւելի ցածր գնով վաճառել սնունդը, կամ էլ պարզապէս ոչնչացրել է, մատակարարման ուղիների պակասի արդիւնքում: «Մեր ընտանիքը կերակրւում է,» հպարտութեամբ ասում է Հենրիկը, նկատի ունենալով իր ազգականներին ու ընկերներին, «բայց շատ աւելին կարելի էր անել,» ու թւում է ջրի, արտադրանքի մշակման, դրա իրացնելու, եւ այլ բազմաթիւ հոգսերը:
Ընկերս, Վաչէն, ասում է, թէ որքան մեծ է սիրիահայերի փորձը ցորենի արտադրութեան յատուկ եղանակների իմացութեան առումով: Ինչո՞ւ նրանց յատուկ պայմաններ, միջոցներ, յատուկ վարկեր չի տրամադրւում, Հայաստանում հացի խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ համապատասխան պայմաններ չեն ստեղծւում Հայաստանում, որպէսզի մարդիկ շահ ունենան քաղաքից գիւղ տեղափոխուելու համար: Բազմիցս կարդացել եմ, որ հայրենիքում օրեցօր աւելանում է լքուած գիւղերի թիւը, իսկ գիւղացին իր հայեացքը նետում է դէպի հիւսիս՝ Ռուսաստան, որտեղ նրան բնակարան, աշխատանք եւ դրամ են խոստանում, ասենք՝ շինարարութեամբ զբաղուելու համար: Այս գիւղացիներից քանի՞սը կը վերադառնան: Իմ լրագրողական գործունէութեան ընթացքում ինձ համար ուղեցոյց եմ ընտրել «եթէ չես կարող ուղին ցոյց տալ, ապա մի քննադատիր» կոչը, սակայն լռելով էլ բան դուրս չի գալիս: Արդեօք այս յօդուածը կը կարդա՞ն այնտեղ, որտեղ այն կարող է թէկուզ մի փոքր հարց բարձրացնել: Եւ եթէ ո՛չ, ապա ինչո՞ւ: Միթէ՞ համաշխարհային սննդի տագնապը Հայաստանին չի վերաբերւում: