ՏՈՒՊԼԻՆ, «Արմէնփրէս».- Իրլանտայի մայրաքաղաք Տուպլինի մէջ, ԵԱՀԿի նախարարական խորհրդաժողովի ընթացքին, ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահ երկիրներու՝ Ռուսիոյ եւ ԱՄՆի արտաքին գործոց նախարարներ Սերկէյ Լաւրովն ու Հիլըրի Քլինթընը, ինչպէս եւ Ֆրանսայի եւրոպական հարցերու նախարար Քազենէոֆը հանդէս եկած են Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ միացեալ յայտարարութեամբ մը: Ստորեւ կը ներկայացնենք «Արմէնփրէս»ի թարգմանութիւնը՝ սոյն յայտարարութեան.
Դուբլինի՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատուիրակութիւնների ղեկավարները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին՝ քաղաքական կամք ցուցաբերել՝ խնդրի վերջնական խաղաղ լուծմանը հասնելու համար: Ինչպէս մեր նախագահներն են յայտարարել 2012թ.ի Յունիսի 18ին Լոս Կաբոսում, կողմերը պէտք է առաջնորդուեն Հելսինկեան սկզբունքներով, մասնաւորապէս, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքներ եւ այն դրոյթներով, որոնք մատնանշուած են 2009թ.ի Լ՛ակուիլայի եւ 2010թ.ի Մուսկոկայի յայտարարութիւններում: Վերահաստատելով 2011թ.ին Դովիլում ընդունուած համանախագահ երկրների ղեկավարների յայտարարութիւնը՝ մենք կրկին կոչ ենք անում կողմերին՝ վճռական քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ կարգաւորմանը հասնելու համար:
Ցաւում ենք, որ բանակցային գործընթացում արագ առաջընթացի սպասելիքները չարդարացան, ինչի մասին շեշտադրումներ կային 2012թ.ի Յունուարի 23ին Սոչիում ընդունուած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ յայտարարութեան մէջ: Դրա փոխարէն կողմերն աւելի շատ ձգտում էին միակողմանի օգուտներ քաղելու բանակցային գործընթացից, քան հասնելու համաձայնութեան փոխըմբռնման հիմքով: Ընդգծելով վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող միջադէպերի քանակի նուազումը՝ մենք յիշեցնում ենք կողմերին 1994թ.ի հրադադարը յարգելու անհրաժեշտութիւնը եւ շեշտում, որ ուժի կիրառմամբ այս հակամարտութիւնը լուծում չի ունենայ: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրենց բնակչութեան շրջանում թշնամութիւն առաջացնող յայտարարութիւններից ու քայլերից, ինչի արդիւնքում վերջին ամիսներին լարուածութեան աճ է նկատւում: Երկու կողմերի առաջնորդները պէտք է իրենց բնակչութեանը պատրաստեն այն օրուան, երբ նրանք կրկին կ՛ապրեն որպէս հարեւաններ, ոչ թէ թշնամիներ՝ միմեանց մշակոյթի, պատմութեան եւ աւանդոյթների հանդէպ լիակատար յարգանքով:
Մենք կոչ ենք անում կողմերին առաւել հրատապ քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցային գործընթացում եւ աշխատել համանախագահների հետ, ամբողջական եւ սրտացաւ վերաբերմունք ցուցաբերել Նոյեմբերին համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ ներկայացուած առաջարկներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը վերջ դնելու պատասխանատուութիւնը մնում է կողմերի վրայ: Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ 2013թ.ի սկզբին համանախագահների հետ հանդիպելու պատրաստակամութիւնը, որի ժամանակ կը շարունակուեն քննարկումները: Մեր երկրները շարունակում են լիակատար պատրաստակամութիւն ցուցաբերել կողմերին աջակցութեան հարցում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը վերջ դնելու պատասխանատուութիւնը մնում է կողմերի վրայ: