ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Քննադատները շատ են երբ հարցը վերաբերւում է հայկական հեռուստաալիքներին: Քննադատում են սերիալները, որտեղ ոմանց կարծիքով բռնութիւններն ու վայրագութիւնները հասել են չտեսնուած սահմանագծի: Քննադատում են որոշ անճաշակ հաղորդումները, մանկական ծրագրերի պակասը, բազմազանութեան բացակայութիւնը, չարաբաստիկ որոշ ուղիղ եթերները, որ շատ դէպքերում գրեթէ յանպատրաստից է լինում:
Թող ներեն ինձ ընթերցողները, բայց այսօր մէկ այլ հանգամանքի վրայ պիտի փորձեմ սեւեռել ձեր ուշադրութիւնը:
Տարիներ առաջ ինքս էլ ներգրաւուած եմ եղել հեռուստատեսային ալիքների աշխատանքների մէջ, վարել եմ ինչպէս կրթական, այնպէս էլ հանրամատչելի ու տնտեսական աշխարհին վերաբերուող ծրագրեր: Հիմնականում գովասանքի խօսքեր եմ լսել ծրագրերիս առումով, բայց ինքս միշտ դժգոհ եմ եղել մատուցուածի որակով, եւ ահա թէ ինչու: Կէս ժամանոց ծրագրի վրայ աշխատել եմ մօտաւորապէս 5 ժամ, հիմնականում՝ նիւթի ընտրութիւն, նախապատրաստական աշխատանք, խմբագրում, եւ նիւթի օգտակարութեան վերլուծութիւն: Դրանով աւարտուել է իմ աշխատանքը, որից յետոյ մի քանի ժամ է պահանջուել որ ծրագիրը տեսագրուի, երբեմն՝ մոնտաժի ենթարկուի, բացումն ու փակումը դրուի եւ պատշաճ երաժշտական ձեւաւորում տրուի:
Այսքանը:
Միջոցների բացակայութեան պատճառով ի վիճակի չեմ եղել համապատասխան նկարահանումներ կատարել դրսում: Սակայն ծրագրի հետաքրքրութեան համար հարկաւոր են առնուազն մի քանի մարդու աշխատանք՝ խմբագիր, ռեժիսոր, հաղորդավար, նկարահանող խումբ, մոնտաժող, եւ այլն: Միջոցների բացակայութեան դէպքում ծրագրերի հեղինակները ստիպուած են իրենք կազմակերպել այս հաղորդումները, յաճախ բաց թողնելով վերը նշուած քայլերից մէկը կամ մի քանիսը: Դրանից անխուսափելիօրէն տուժում է ծրագրի որակը, եւ կէս կատար ձեւով է ներկայացւում այն, ինչ իրականում կարելի էր չափազանց հետաքրքիր մտայղացում համարել:
Նշեցի միջոցների բացակայութեան գործօնը: Հիմնականում դա գալիս է գովազդատուից: Չգիտես ինչու հայ համայնքում մատերի վրայ կարելի է հաշուել այն գործատէրերին կամ պրոֆեսիոնալներին, ովքեր հաւատում են գովազդի ուժին եւ առանց տրտնջալու գովազդ են տեղադրում այս կամ այն հեռուստատեսութեան, թերթի կամ ամսագրի մէջ: Ոմանց թւում է, թէ երբ գովազդ ես առաջարկում տեղադրել հաղորդման մէջ կամ թերթում, ուրեմն ողորմութիւն ես խնդրում: Ոմանք էլ իրենց այնքան լկտի են պահում, որ անբարտաւան ձեւով են վերաբերւում այն անձին, ով թակել է վերջինիս դուռը, յոյս ունենալով գովազդ վաճառել: Նոյնիսկ մերժումը կարելի է արժանապատիւ ձեւով կատարել, ոչ թէ անել այնպէս, որ մարդը, ով եկել է գովազդ վաճառելու, ընկճուած ու տխուր հեռանայ գործատեղից: Ոմանք էլ պնդում են, թէ ընդհանրապէս չեն ուզում հայկական որեւէ՛ հեռուստաալիքով կամ թերթի միջոցով գովազդ դնել, նախընտրում են մեքսիկական «շուկան», եւ իրենց գովազդները յօժարակամ նրանց են տրամադրում: Սա էլ նոր երեւոյթ է, որ փոքրիշատէ ընդվզման է արժանանում:
«Հայերի հետ չեմ ուզում գործ ունենալ», ասում է, եւ հազիւ եմ զսպում ինձ, որ աւելորդ բան չասեմ, ու երդւում եմ, որ այլեւս ո՛չ մի անգամ այդ խանութը ոտք չեմ դնի: Պարզապէս այդ մարդկանց անունը չեմ կարող բարձրաձայն յայտարարել ի լուր համայնքի, քանի որ խնդիրներ ունենալու դէպքում այդ գործատէրը արդարաբար կարող է դատ բանալ ձեր խոնարհ ծառայի դէմ, եւ իրաւունք կ՛ունենայ. ազատ երկրում ենք ապրում, եւ նա՝ այդ հայը, ազատ է իր մտայղացման մէջ «հայերի հետ գործ չբռնելու» առիթով:
Ահա այս ամէնը հեռուստաընկերութիւններին, հեռուստատեսային ծրագրերի հեղինակներին, թերթերի ու ամսագրերի խմբագիրներին դնում է չափազանց ծանր կացութեան մէջ, չէ՞ որ նրանք ահագին ծախսեր ունեն, ու պարտաւոր են վճարել այդ ծախսերը, որպէսզի հայ հեռուստադիտողին կամ ընթերցողին «հրամցնեն» ծրագրերն ու յօդուածները: Արդիւնքում կաղում է որակը, քանի որ բաւարար քանակութեամբ կամ բաւարար արժէքի գովազդների բացակայութեան դէպքում պակասում է ակնկալուած եկամուտը: Իսկ ցանկացած հեռուստատեսութիւն այստեղ, Լոս Անջելեսում, նախ եւ առաջ բիզնես է, եւ հետեւում է ճիշդ այն օրէնքներին, ինչպիսին ասենք՝ բանջարեղէնի կամ հագուստեղէնի խանութն էայս գործատեղին ունի շէնքի վարձ, լոյսի եւ ջրի վարձ, աշխատողների ամսական կամ շաբաթական աշխատավարձ, հեռուստատեսութեան կայանի դէպքում՝ եթերն վարձակալելու գումար (յաճախ՝ հարիւր հազարաւոր դոլարներ), թերթի կամ ամսագրի պարագայում՝ տպարանի տասնեակ հազարաւոր դոլարների վճարում, ապահովագրութիւն, եւ այս ամէնից յետոյ այս գործը պէտք է եկամուտ թողնի այն նախաձեռնողին, այսինքն՝ տիրոջը: Ուրեմն, եթէ բաւարար չափով գովազդ չկայ, ապա հեռուստատեսութիւնը կամ թերթ/ամսագիրը ամէն օր գործում է փակման վտանգի տակ: Իսկ տասնեակ հազարաւոր մարդիկ կան, ովքեր դիտում են այդ հաղորդումները, կարդում են յօդուածները, կարօտ են մայրենի լեզուին, մաքուր հայկական երգերին, մաքուր ու անաղարտ խօսքին, Հայաստանից ու աշխարհից եկած լուրերին՝ հայերէնով: Այս մարդիկ պոտենցիալ գնորդներ են, ովքեր օգտւում են խանութներից, փաստաբանների ու բժիշկների, ապահովագրական գործակալների, փականագործների ու այլոց ծառայութիւններից:
Այժմ մէկ այլ երեւոյթի մասին: Հեռուստատեսութիւնը ժամանցի ընդունուած միջոց է ժամանակակից իրականութեան մէջ, բայց այսօր շատերն են այն օգտագործում ապրանք կամ ծառայութիւն վաճառելու համար: Ոչ մի սխալ բան չկայ այստեղ, բայց երբ մի հեռուստաալիքով ժամեր շարունակ ելոյթ են ունենում անհատ ձեռներէցներ, ում նպատակը միայն իրենց ծառայութիւնն ու ապրանքը վաճառելն է, այդ հաղորդումները հիմնականում դիտում են միայն այնպիսի մարդիկ, ում հարկաւոր են այդ ծառայութիւնները ժամանակի հէնց ա՛յդ հատուածում, իսկ մնացեալը փոխում են ալիքը ու յանձնւում են իրենց ամերիկեան ալիքների դատին, յոյս ունենալով զուարճանալ կամ օգտակար տեղեկութիւններ քաղել: Հաճելի կը լինէր, որ վերը նշուած ձեռներէցները իրենց մատուցած ծառայութեան կամ ապրանքի հետ մէկտեղ մի ինչ որ հետաքրքիր տեղեկութիւն, թեմա մատուցէին:
Քննադատելը միշտ էլ հեշտ է աւելի, քան գործնական քայլեր առաջարկելը, եւ նիւթը պատրաստելիս հնարաւորին չափ աշխատել եմ զերծ մնալ անտեղի քննադատութիւնից: Բայց խնդիրն առկայ է, եւ նրանք, ովքեր պոտենցիալ գովազդատու են ու ըմբոշխնում են հայկական հեռուստաալիքները ու տպագրութիւնները, թող մի փոքր աւելի խորը մտածեն, երբ յաջորդ անգամ գովազդ վաճառող գործակալը իրենց դուռը ծեծի, քանի որ գովազդ զետեղելով այս կամ այն հաղորդման մէջ կամ թերթի/ամսագրի էջում նրանք անում են շատ աւելին, քան իրենց ապրանքի կամ ծառայութեան վրայ ուշադրութիւն գրաւելը: Նրանք սատար են կանգնում այս կամ այն ՀԱՅԿԱԿԱՆ մամուլին, հաղորդմանը, եւ որոշակի ուժ են ձեռք բերում պահանջելու, որ հաղորդումների որակը ապահովուի: Այլապէս ի՞նչ է լինում. բոլորը քննադատում են, իսկ նրանք, ովքեր կարող են եղանակ ստեղծել եւ ունեն այդ հնարաւորութիւնը, մեծ մասամբ մնում են լուսանցքից այն կողմ՝ դիտորդի դերում, ու դժգոհում են որակից: Իսկ նրանք, ովքեր հայերի հետ «գործ չեն ուզում ունենալ» եւ նախընտրում են իրենց ապրանքը «միւսներին» գովազդել, թող բարի լինեն չբացել հայկական հեռուստաալիքները, թերթ/ ամսագրերը, իսկ հայ գնորդներին բացայայտ ասեն՝ «մենք ձեր դրամի կարիքը չունենք, ուրիշ խանութից առեւտուր կատարէք»:
Հնարաւորին չափ սատար կանգնենք հայ մամուլին՝ հեռուստատեսութեանը, թերթերին, ամսագրերին, այլապէս տհաճ այլընտրանքի գիրկը կարող ենք ընկնել, երբ հայ խօսքն ու մշակոյթը վերանան եթերից ու թերթ/ամսագրերի էջերից: