ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ասում են, թէ դեռահասների մօտ հետեւանքների մասին եղած պատկերացումները լաւագոյն դէպքում թերի են: Մի հետազօտութեան համաձայն, մինչեւ քսաներկու-քսանչորս տարեկան դեռահասներն ու երիտասարդները չեն պատկերացնում, թէ իրենց այս կամ այն արարքը ինչ վախճանի կարող է յանգեցնել: Խօսքը, ի հարկէ, այնպիսի երեւոյթների մասին չէ, որոնք ակնյայտ են, եւ որոնց մասին նրանց քարոզում են վաղ մանկութիւնից: Ասենք, օրինակ, բոլորն էլ գիտեն, թէ հրացանի ձգանը քաշելուց կարելի է մարդ սպաննել, բայց դեռահասի մօտ չի ձեւաւորուած եզրակացութիւնը, թէ դրա արդիւնքում ինչպիսի շրջադարձ կարող է ունենալ իր կեանքը: Նա չի կարող տեսնել վերոյիշեալ զարգացումն այնպէս, ինչպէս չափահաս մարդն է տեսնում, եւ խօսքը ոչ թէ չափահասութեան օրինական ձեւակերպման մասին է, այլ իսկական հասունութեանն է վերաբերւում: Տարիներ անց միայն դեռահասը շատ յաճախ մտածում է, «Ես ջահէլ էի ու յիմար, ինչո՞ւ ինձ որեւէ մէկը խելքի չբերեց:» Նա մոռանում է՝ հօր, մօր, քեռու կամ մօրաքոյրի զրոյցները, թէ «այսինչ բանը մի արա, այստեղ մի գնա, ուշ մի արի տուն» եւ այլն:
Այս ակնարկի ընթացքում նշուած բոլոր անունները մտացածին են, բայց դէպքերը՝ իրական:
Տասնեակ տարիներ առաջ դպրոցի բակում նկատեցի երկու հայ երիտասարդների, ովքեր մարիհուանա էին լցնում սիգարետի մէջ, ու պատրաստւում էին ծխել: Ինձ նկատելով, նրանցից մէկը ասաց, «Հոպար ջան, փոլիս չկանչես, հիմա գնում ենք:» «Ո՞ւր պիտի գնաք ու մինչեւ երբ», ասացի նրան, ապշած նայելով, թէ միւսները ինչպիսի ջանասիրութեամբ ու խնամքով էին հաւաքում մարիհուանայի մնացուկները, որպէսզի «թանկարժէք» ոչ մի փշուր չթափուի: Նրանք հասկացան իմ պատասխանի երկիմաստ բնոյթը, հաւանաբար մտքում հայհոյեցին ինձ, բայց բարձրաձայն ոչինչ չասացին ու հեռացան իրենց ինքնաշարժով: Այդ երիտասարդին հանդիպեցի անցեալ ամիս, մի հոգեհանգստի ժամանակ: Աշոտը (այդպէս անուանենք նրան) ներկայացաւ, կը լինէր մօտ 30-35 տարեկան: «Ինձ չե՞ս յիշում, հոպար», հարցրեց: Մտածեցի, թէ նախկին աշակերտներիցս էր: Բայց դէմքը չէի յիշում: Յիշեցրեց մեր էպիզոդիկ հանդիպման մասին, 1996 թուականին: «Ինձ ոչ ոք այդպիսի ձեւով չէր փնովել, ինչպէս դու», ասաց, ու աւելացրեց, թէ տանը տղամարդ չկար, իսկ մօր հետ լեզու չէր կարողանում գտնել, քանի որ վերջինս միայն վիճում էր հետը, երբ մի սխալ բան էր տեսնում: «Ես թարգեցի, իսկ տղերքը դեռ խրուած են», հառաչեց նա: Մէկն ամուսնացաւ մի հայ աղջկայ հետ, եւ հարսանիքից յետոյ երկուսով էին զբաղւում մարիհուանա եւ այլ թմրամիջոցներ «ըմբոշխնելով», մինչեւ որ երեխայ ունեցան, ու չկարողացան շարունակել իրենց համատեղ կեանքը: Երեխան մնաց առանց մօր, հայրն էլ ի վիճակի չգտնուեց նրան մեծացնել, ու երեխան ընկաւ պետական խնամքի տակ: Հարիւրաւոր հայ երեխաներ կան այսօր, ում կարիքները պետութիւնն է հոգում, քանի որ ծնողները չեն ուզում, կամ չեն կարողանում նրանց տալ ծնողական գուրգուրանքը: Շատերն էլ ի վիճակի չեն, չգիտեն թէ դա ի՞նչ է: Արդիւնքում՝ կոտրուած հոգիներ ու երերուն ճակատագրեր:
Աբօն ու Արուսեակը ճոխ հարսանիք արեցին, անմիջապէս գնացին հարսանեկան ճանապարհորդութեան: Մի քանի օր անց պարզուեց, թէ Արուսեակը թմրամոլ է: Աբօն լքեց նրան: Ծնողները մինչեւ այսօր էլ չեն հասկանում թէ ինչո՞ւ մինչեւ ամուսնութիւնը աղջիկը թաքուն էր պահում իր «պրոբլեմ»ի մասին: Հաւանաբար վախենում էր ծնողի արձագանգից:
Հազուադէպ են այն դէպքերը, երբ երեխան միանգամից թմրամոլ է դառնում: Ամէն ինչ սկսում է շրջապատից: Մանկուց ի վեր նա լսել է, թէ թմրանիւթը վտանգաւոր է, բայց երբ վստահելի ընկերն է գործածում այն, ուրեմն «կարելի է փորձել»: Ահա այսպէս են նրանք մտածում: Ակամայից յիշում եմ ընկերոջս հօր խորհուրդը, որ տարօրինակ հնչեց այն ժամանակ: «Լաւից զգուշացիր, վատը ակնյայտ է, պաշտպանական բնազդդ քեզ հետ է պահում վատի ազդեցութիւնից, իսկ երբ լաւն է սայթաքում առանց գիտակցելու, դա կարող է վարակիչ ու կործանարար լինել»:
Համլետը որոշեց փոխել իր ապրելակերպը, միանգամայն հրաժարուելով թմրամոլութիւնից: Կամքի ուժ գտաւ, թքեց իր վերջին թմրանիւթի վրայ, շպրտեց այն ու որոշեց ուղղուել: Բայց թմրանիւթ տարածելու եւ օգտագործելու համար դատուածութիւնը ուրուականի պէս հետեւում էր իրեն, երբ փորձում էր ինչ որ աշխատանքի դիմել: Հարցաթերթիկների զգալի մասը ունի հարցում՝ արդեօք աշխատանքի դիմողը երբեւէ թմրանիւթ օգտագործե՞լ է: Խաբելու դէպքում սպառնալիքն այն է, թէ գործատէրը կարող է հեշտութեամբ պարզել, արդեօք երիտասարդը կասկածելի անցեալ ունի, թէ ոչ: Ճշմարտութիւնն ասելու դէպքում աշխատանք ստանալու հնարաւորութիւնը հաւասարւում է զրոյի: Համլետի բախտը բերեց, նրան իր մօտ վերցրրեց քեռին, ով փոքր գործատեղի ունէր: Երիտասարդը ստիպուած մինչեւ այսօր կատարում է մի աշխատանք, որն իր սրտովը չէ, բայց այլընտրանք չունի: Այնինչ կարող էր համակարգչի փայլուն մասնագէտ դառնալ, քանի որ շնորհք ունի:
Նարինէն ձգտում է ընդունուած զգալ մի շրջապատում, որի անդամները կասկածելի համբաւ ունեն: Նրանք ջերմօրէն են ընդունում գեղեցկատես, բարձրահասակ աղջկան: Ծնողները ոչինչ չգիտեն աղջկայ նոր հետաքրքրութիւնների մասին, ու հաւանաբար կարծում են, թէ ամէն ինչ հոյակապ է: Իսկ կասկածելիները իրենց իմացած «գուրգուրանքն» են տալիս աղջկան, ուշադրութիւն, կատակներ, անբռնազբօս մթնոլորտ: Մինչեւ ե՞րբ: Մինչեւ ե՞րբ են ծնողները իրենց կոյր վստահութեամբ պատճառ դառնալու, որ իրենց դուստրը հասնի մի այնպիսի կէտի, որտեղից յետդարձ չկայ: Իսկ 18ը լրանալուց յետոյ իւրաքանչիւր երիտասարդ կարող է «ցտեսութիւն» մաղթել իր ծնողներին ու հեռանալ, որտեղ որ աչքը կտրի:

«Թող ռադը քաշի (հեռանայ-Խմբ.) էս տնից», ասաց վրդովուած հայրը, երբ իմացաւ, որ Վիկտորիան վիճել է մօր հետ ու հեռացել է տնից, ընկերների մօտ: 18ը ընդամէնը մէկ տարի առաջ էր լրացրել, ու հեռացաւ տնից, քանի որ մայրը չէր խրախուսում աղջկայ ընտրած ընկերներին: Իսկ հօրից թաքցնում էր աղջկայ բռնած ճանապարհը: Վախենում էր: Մենք ենք մեղաւոր, երբ այնպիսի մի զայրոյթով ենք պատասխանում կեանքի փորձութիւններին, որ մեր հարազատները զգուշանում են «վատ լուր» հաղորդել, «յանկարծ մի բան չլինի»: Իսկ երբ բանը «պատահում է», արդէն ուշ է: Վիկտորիան վաղ թէ ուշ տուն կը գայ, բայց որքա՞ն վնասուած կը լինեն իր թեւերը, կը կարողանա՞յ արդեօք ինքնուրոյն ճախրել, երբ դրա ժամանակը գայ:
Սիմոնը կարողացել է համոզել իր ընտանիքի անդամներին, որ մարիհուանան «վնաս չէ»: Բոլորն էլ ծխում են այսօր, ասել էր մօրն ու հօրը: Ճշմարտութիւնն այն է, թէ շատերն են ծխում, ու ոմանք կարողանում են միայն դրանով սահմանափակուել, իսկ ոմանք էլ անցնում են միւս քայլերին, որպէսզի աւելի «իսկական հաճոյք» վայելեն: Իսկ «իսկական» հաճոյքը ինքներդ էլ գիտէք, թէ ուր է տանում:
Ես չեմ դադարի այս թեման շօշափելուց, նոյնիսկ գիտենալով հանդերձ, որ երիտասարդները այսպիսի յօդուածներ չեն կարդում: Բայց յոյս ունեմ, որ կարդում են ծնողները, տատիկ պապիկները, հօրաքոյր մօրաքոյրները, ում ուսերի վրայ է դրուած իրենց ընտանիքի կրտսեր անդամներին մեծացնելու պարտականութիւնը: Յուսով եմ, թէ այսպիսի ակնարկների արդիւնքում գոնէ մի ծնող կը գնայ դպրոց, կը հարցնի իր զաւակի ուսուցիչներից, թէ նա ինչպիսի ընկերներ ունի դպրոցում, ո՞ւմ հետ է անցկացնում դասից դուրս ընկած ժամանակը, ինչպիսի՞ հետաքրքրութիւններ ունի: Յուսով եմ, թէ «տհաճ» լուր ստանալու դէպքում տեսարան չի սարքի, որովհետեւ խնդիրներ կան, որ միանգամից լուծել հնարաւոր չէ: Դրանք համբերութիւն, ժամանակ, եւ յաճախ՝ մասնագիտական միջամտութիւնն են պահանջում: