
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Այսօր Դաշնակցութիւն կուսակցութեան 122ամեակի օրն է: Մեր հայկական աւանդական կուսակցութիւններից Դաշնակցութիւնը, որ ունի այսպիսի հսկայ կուտակուած փորձ, մինչեւ այսօր կարողացել է պահել իր ազգային դիմագիծը, մարտունակութիւնը եւ կուսակցութեան դասական կառուցուածքի ձեւը, որը խիստ տարբերում է իրեն, եւ կարողացել է դա պահպանել:
Շատ կուսակցութիւններ կան, որ կապուած են մէկ առաջնորդի հետ: Եթէ առաջնորդը ձախողուի, կուսակցութիւնը կարող է վանուել ժողովրդի կողմից: Բայց Դաշնակցութիւնը տարբերւում է. նա իսկապէս կուսակցութիւն է՝ բառի դասական իմաստով, եւ իր առաւելութիւններից մէկը դա է: Այն, որ Դաշնակցութիւնը միշտ ձգտել է ազատատենչ լինել, հայրենիքը տեսնել ազատ ու անկախ, այսօր կուսակցութեան եւ ողջ հայութեան երազանքը իրականութիւն է՝ ի դէմս երկու հանրապետութիւնների: Այն, որ Դաշնակցութիւնը առաջ է մղում Հայ Դատը, դա մեր ազգի պատուի եւ արդարութեան խնդիրն է: Դա վսեմ առաքելութիւն է, եւ դա դժուար է գնահատել: Այսօր, գլոբալիզացիայի պայմաններում, ինչը համաշխարհային երեւոյթ է՝ համաշխարհային փոթորիկ, ցունամի, ինչպէս ուզում էք անուանէք, սակայն մենք պէտք է կարողանանք պահել մեր ազգային դիմագիծը: Եւ հայապահպանութեան հարցում, մանաւանդ Սփիւռքի պայմաններում, անգնահատելի է Դաշնակցութեան գործը: Ես գրեթէ ամէն տարի լինում եմ Սփիւռքում, եւ պէտք է ասեմ, որ այսօրուայ մեր մերձաւոր Սփիւռքը՝ Ռուսաստանը, աւելի վտանգուած է այս իմաստով: Խօսքս ձուլման մասին է՝ սպիտակ ցեղասպանութեան, որ հայերը շատ արագ ձուլւում են: Եւ այս առումով, ես կարծում եմ, մենք բոլորս միասին մեր ուժերը պէտք է լարենք, որ փրկենք հայկական բեկորները սփիւռքի պայմաններում: Մեծ ազգ չենք այսօր աշխարհում, ընդամէնը 10 միլիոն ենք, միգուցէ մի քիչ աւելի, բայց ամէն մի հայ մեզ համար շատ թանկ է:
Ես ուզում եմ պատմական փոքր ակնարկ անցկացնել: 1890 թուականից մինչեւ այսօր Դաշնակցութիւնը հաւատարիմ մնաց իր ազատատենչ ոգուն եւ Արցախեան գոյամարտում իր կուսակցական ընկերներով մասնակցեց մեր ինքնապաշտպանութեանը, մեր անվտանգութեանը՝ ապահովելով մեր անկախութիւնը: Դա հասկանալի է, եւ զարմանալի կը լինէր, եթէ դա չլինէր: Դաշնակցութիւնը ակտիւօրէն ներգրաւուած է ե՛ւ մայր Հայաստանում, ե՛ւ Արցախում՝ քաղաքական կեանքից ներս, եւ իրենից իւրայատուկ քաղաքական գործօն է ներկայացնում իր համարձակ, քննադատական եւ շինիչ հարցադրումներով: Դա պէտք է եւ անհրաժեշտ է: Ցանկացած շինիչ քննադատութիւն պէտք է բոլորիս: Չկայ անթերի մարդ: Չկայ անթերի կառավարութիւն, չկայ անթերի որեւէ կազմակերպութիւն: Դաշնակցութիւնն էլ իր բոլոր լաւ եւ հսկայ գործերով կարող է ունենալ կամ ունեցել է տկարութիւն եւ թերութիւն, եւ դա էլ է բնական: Չի սխալւում նա, ով չի աշխատում:
Սակայն խօսքս ուզում եմ ամփոփել նրանով, որ հսկայ գործ է արել Դաշնակցութիւնը՝ մատուցելով մեր ազգին եւ մայր հայրենիքին, եւ, որպէս հայ մարդ, ես պիտի իմ երախտագիտութիւնը յայտնեմ, որովհետեւ Դաշնակցութիւնից ծնուել են այնպիսի անուանի մարդիկ. չեմ ուզում թուարկել, քանզի դուք բոլորին ճանաչում էք: Եւ մէկ կարեւոր բան, որպէս պարզ հայ մարդ, գոնէ Ցեղասպանութեան վրէժխնդրութիւնը սկսեցին կազմակերպել եւ աշխարհի տարբեր վայրերում հետապնդեցին նրանց, ովքեր խուսափեցին միջազգային դատից: Մասամբ վրէժխնդիր եղան ամէն մի հայի անունից՝ իմ անունից, ձեր անունից, մեր նահատակների անունից: Վրէժխնդիր լինելը լաւ չէ, բայց երբ աշխարհը լռում է անմարդկային Ցեղասպանութեան դէմ, հայ մարդն ինքն է ստիպուած ոտքի կանգնում՝ ձայնն աշխարհով մէկ բարձրացնելով: Յիշենք Սողոմոն Թեհլերեանի դատավարութիւնը Գերմանիայում. այն ժամանակ աշխարհը նոր-նոր սկսեց իմանալ, որ եղել է Հայոց դաժան Ցեղասպանութիւն:
Շնորհաւորում եմ Դաշնակցութեան 122ամեակի կապակցութեամբ, մաղթում եմ կուսակցութեանը նորանոր ձեռքբերումներ, նորանոր յաջողութիւններ՝ յանուն հայրենիքի, յանուն հայութեան, որովհետեւ հայրենիքը եւ հայութիւնը, մեր հաւատքի հետ մէկտեղ, ամենանուիրական, ամենասուրբ հասկացողութիւնն է ցանկացած հայի համար: Դաշնակցութիւնն էլ ստեղծուել է հայրենիքը եւ ազգը, ազգային արժէքը պահելու ու պահպանելու համար: Պահէք ու պահպանէք ազգային դիմագիծը: Յուսամ, որ ձեր դասական, աւանդական կուսակցական ձեւը, որ դուք կարողացել էք 122 տարի պահել՝ կը պահպանէք: Կուսակցութիւն է, մէկ կամ երկու մարդու կազմակերպութիւն չէ:
Իսկ դա ձեզ յաջողուել է:
Ասիկա բնագիրն է Արցախի Առաջնորդ Պարգեւ Արք. Մարտիրոսեանի ելոյթին, որ ան ունեցած է ՀՅԴ 122ամեակի տօնակատարութեան ընթացքին՝ Ստեփանակերտի մէջ:
Արցախի Առաջնորդ Պարգեւ Արք. Մարտիրոսեան
Մեր օրերու Խրիմեան Հայրիկն է: