
ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Եթէ իր անուան սկզբից վերցնէք ընկեր խորհրդաբառը, ապա կը փլուզի եւ կ՛իմաստազրկուի իր անունն ու ազգանունը: Իսկ եթէ զանգէք իր բջջային հեռախօսին եւ լսէք իր հեռախօսապատգամը, ձեր ականջին ամէնից առաջ կը հնչեն «Հոս դաշնակցական» բառերը եւ ապա իր անունն ու ազգանունը:
Վաշինգտոնից Գլենդէլ տեղափոխուելուց յետոյ, անցնող քսան տարիներին, ամէն անգամ երբ փորձել եմ գտնել իրեն, փնտռելուս առաջին հանգրուանը եղել է «Ասպարէզ» օրաթերթի խմբագրութիւնը, քանզի նրա ամէն օրուայ առաւօտեան ժամերի այցելավայրը հանդիսանում է «Ասպարէզ» օրաթերթի շէնքը, թէեւ ինքը ո՛չ թերթի խմբագիրն է, ո՛չ թղթակիցը եւ ո՛չ էլ աշխատակիցը: Փաստօրէն, հոգեկան հպարտախառն բաւարարութիւն է զգում, երբ հանդիպում է թերթի աշխատակիցներին եւ տեսնում, որ խմբագրութիւնում, բոլորը նստած համակարգիչների առջեւ, լուրեր, յօդուածներ եւ զանազան նիւթեր են պատրաստում՝ երեկոյեան թերթը, կամ իր բառերով՝ «Դաշնակցութեան ձայնը» հանրութեանը հասցնելու համար: «Ասպարէզ»ից յետոյ այցելում է «Փէշէքէրեան» (Կեդրո-նական կոմիտէի) շէնք, որին, իր բառերով՝ «պետական շէնք» է անուանում, հանդիպելու եւ սուրճի սեղանի շուրջ զրուցելու իր գաղափարակից հին ու նոր ընկերների հետ, կիսելով կուսակցական կեանքի հին ու նոր օրերի յուշերը եւ ամէնօրեայ կարգով անխախտելի դարձնելու իր կապը՝ Դաշնակցութեան հետ:
Դաշնակցութիւնը գաղափարաբանութիւնից անդին՝ օդ ու ջրի պէս ապրելու եւ գոյատեւելու անհրաժեշտութիւն է իր համար: Անփոխարինելի գանձի պէս է պահում դաշնակցական ղեկավարների ու մտաւորականների լուսանկարները, որոնք տարիների ընթացքում նկարահանել է իր ձեռքից ու ուսից անբաժան լուանկարչական սարքով: Հաշուի առնելով իր անսահման սէրը կուսակցական ընկերների նկատմամբ, չեմ զարմանայ, եթէ պատմեն, որ ամէն օր բացում է իր լուսանկարների ալբոմը եւ նայելով նրանց՝ մտովի վերադառնում է իր կեանքի անցած տասնամեակներին եւ զրոյցի է նստում Իրաքից մինչեւ Միացեալ Նահանգներ ձգուող երկար ճանապարհին հանդիպած իր վաղեմի ընկերների հետ:
Եթէ որեւէ ճշմարտութիւն վերահաստատելու կամ իրեն հաւաստիացնելու համար երդուելու անհրաժեշտութիւն է զգում, երդւում է երրորդութեամբ: Իր համար երրորդութիւնը՝ Քրիստափոր, Ռոստոմ, Զաւարեանն է: «Երրորդութիւնը վկա՛յ» ասելիս, այլեւ կասկած չպիտի ունենալ, որ իր ասածը բացարձակ ճշմարտութիւն է:
Ամիսներ առաջ, հայկական թերթերից մէկում իր մասին մի յօդուած էր հրապարակուել, ուր յօդուածագիրը նշել էր, թէ նա այժմ իր կեանքի աշունն է անցկացնում: Ես ամենեւին էլ համամիտ չեմ այդ բնութագրմանը: Չնայած իր յառաջացեալ տարիքին, եթէ զրոյցի նստես իր հետ, եթէ ընկերական սեղան բացես իր հետ ու հետեւես կատակներով լեցուն իր հին ու նոր պատմութիւններին, եթէ հայութեանը յուզող որեւէ զգայացունց հարցի անդրադառնալիս նայես իր զայրացած աչքերին եւ եթէ յարգանքի արտայայտութեամբ դիմացի կնոջ ձեռքը համբուրելու ժամանակ ուշադիր նայես նրան, կը համոզուես, որ ոչ թէ աշուն, այլ՝ մշտնջենական գարնան մէջ է ապրում 95ամեայ այս երիտասարդը…:
Հոգու պարտք եմ զգում յիշատակելու մասնաւորաբար իր այն հեռախօսազանգերը, որոնցով խրախուսական խօսքեր է շռայլում մամուլում լոյս տեսնող իմ գրութիւնների առիթով: Իսկ շատ յաճախ հանդիսանում է առաջին եւ երբեմն միակ ընթերցողը, որին հաւանաբար դիւր են գալիս, կամ որի սրտից են խօսում նաեւ իմ մտորումները: Այնուամենայնիւ, պարտք եմ համարում շնորհակալ լինել այդ խօսքերի համար:
Վստահաբար դուք էլ ճանաչեցիք նրան: Նա, իմ եւ մեր բոլորի ընկեր Ցոլակն է, որը գնում է թեւակոխելու իր կեանքի 95րդ գարունը: Ընկե՛ր, տարեդարձդ շնորհաւո՛ր:
Փետրուար 15, 2013