
ԵՐԵՒԱՆ.- Երէկ, Ուրբաթ 22 Փետրուարին, Ազատութեան հրապարակին վրայ ընթացող հանրահաւաքին միացան ՀՅԴի ներկայացուցիչներ: Րաֆֆի Յովհաննէսեանի հրաւիրած հաւաքին մասնակիցներուն ՀՅԴի խօսքը փոխանցեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան: Ստորեւ կը ներկայացնենք Ռուստամեանի ելոյթի բնագիրը՝ ամբողջութեամբ.
Սիրելի՛ ժողովուրդ
Դաշնակցութեան անունից ես ողջունում եմ ձեզ: Ձեր ներկայութիւնն այստեղ մեծ գործի սկիզբն է: Դուք արել էք գլխաւորը: Դուք վախը յաղթահարել էք: Եւ ուրեմն կարող էք անել նոյնիսկ անհնարինը: Կարող էք հասնել ցանկացած նպատակի:
Ազատութեան այս հրապարակն արդէն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցութեանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահաւաքին: Ինչպէս յայտարարել ենք՝ Դաշնակցութիւնը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ Փետրուարի 18ին ապացուցեց՝ անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մէջ մեռցնել արդարութեան, ազատութեան ձգտումը: Այն ժողովրդի, որ պատրաստ է իր ընտանիքի, իր երկրի վաղուայ օրուայ համար պայքարել: Որ այլեւս չի հանդուրժում իր երկրում առկայ քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյական խեղդող մթնոլորտը: Այն ժողովրդի, որ ընդվզեց իշխանութեան՝ վերեւից ներքեւ, ինքնագոհ պահուածքի դէմ, թէ իրենց դէմ խաղ չկայ, թէ իրենք հասարակութեան բացարձակ մեծ մասի վստահութիւնը եւ աջակցութիւնն ունեն: Ձեր պատասխանը յստակ էր՝ այս վիճակն անընդունելի է: Փետրուարի 18ին դուք ապացուցեցիք, որ Հայաստանի քաղաքացին շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան է արժանի: Սա ընդվզում էր անարդարութեան, անյուսութեան, արտագաղթի դէմ:
Ընտրութիւնների բնոյթի, որակի գնահատականը մենք տուել ենք: Ինչ էլ ասեն միջազգային կառոյցներն ու դիտորդները, այդ ընտրութիւններին դուք էք մասնակցել, դուք գիտէք, թէ ինչ է կատարուել: Ժողովրդի կամքը չի կարող ոտնահարուել: Ով չի տեսնում, չի գիտակցում տեղի ունեցածը, նա չի ճանաչում, արհամարհում է մեր ժողովրդին: Ցաւօք, այսօր իշխանութեան դէմքերը դա են անում:
Սիրելի՛ ժողովուրդ, ձեր այս համախմբումը ժողովրդի իշխանութիւնը հաստատելու շարժում է, որ պիտի աւարտին հասցնել: Սա դժուար ու տեւական գործ է, սա միտք ու աշխատանք պահանջող գործ է: Հեշտ ճանապարհներ չկան: Բայց եթէ վճռական էք, եթէ միասնական էք, եթէ պատրաստ էք պայքարի, յաղթանակը չի ուշանալու: Այս ընտրութիւններում մեր ժողովուրդը յոյս նշմարեց, եւ դրա մարմնաւորողը եղաւ Րաֆֆին:
Րաֆֆին հանդիպել է մեզ հետ: Քննարկել ենք ստեղծուած իրավիճակը: Մենք օրինական, սահմանադրական ճանապարհով ընթանալու եւ իրական, շօշափելի արդիւնքների հասնելու կողմնակից ենք: Այս վիճակը նաեւ իշխանութեանը պէտք է ստիպի ելքեր որոնել: Մեր երկրում արմատական փոփոխութիւններ են անհրաժեշտ:
Դաշնակցութիւնն ինքնուրոյն, պատասխանատու կուսակցութիւն է: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը: Մենք վճռական ու հետեւողական ենք լինելու: Կրկնում եմ՝ այս շարժումը յանուն Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու է: Յանուն Հայաստանի ապագայի: Յանուն Արցախի: Յանուն հայութեան ուժերի մէկտեղման: Մենք մեր ներսում թշնամի չենք տեսնում: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ապրի արժանապատիւ ու բարեկեցիկ: Մենք ուզում ենք ազատ, արդար, ժողովրդավար, ուժեղ Հայաստան:
Եւ մենք ունենալու ենք այդ Հայաստանը: