ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

«Յօդուածներ ես գրում, համայնքը գնահատում է աշխատանքդ, բայց ո՞րն է քո քաղաքացիական դիրքորոշումը Հայաստանում ընթացող իրադարձութիւնների վերաբերեալ», հարցրեց զրուցակիցս, տարեց մի մարդ, ում խոստովանութեան համաձայն իմ ոչ մի յօդուածը բաց չի թողնում:
«Շփոթուած եմ», անկեղծօրէն խոստովանեցի նրան: Ու հասկացայ, որ սա էլ է մի վիճակ, որ արտայայտւում է հազարաւոր մեր հայրենակիցների դիրքորոշման մէջ: Կարեւորը անկեղծ լինելն է, ինքս ինձ խոստացայ, երբ գրիչ վերցրեցի: Գիտակցեցի նաեւ, որ բացարձակ անկեղծութիւնը յաճախ իր հետ հետեւանքներ է բերում: Պատրաստ եմ դրանք դիմակայել:
Րաֆֆի Յովհաննիսեանին հանդիպել եմ երկու անգամ՝ մէկ անգամ Լոս Անջելեսում, աւելի քան տաս տարի առաջ, երկրորդ անգամ Երեւանում՝ 2008 թուականին, երբ իր կնոջ կազմակերպութեամբ «Օրրան» ոչ շահութաբեր կազմակերպութիւնը աճուրդ դրամահաւաք էր նախաձեռնել Մարիոթ Արմէնիա հիւրանոցի դահլիճներից մէկում՝ յօգուտ շրջանների ընչազուրկ բնակիչների: Երկու անգամ կարճ զրոյց ունենալուց յետոյ հասկացայ, որ գործ ունեմ շիտակ, անձնուրաց ու հայրերնասէր մարդու հետ:
«Արժանի էր», ինքս ինձ ասացի, երբ տեղեկացայ, թէ վերջին ընտրութիւնների պաշտօնական տուեալների համաձայն այս հայորդին 37 տոկոս ձայն էր հաւաքել, աւելի քան կէս միլիոն մարդ վստահութեան քուէ էին տուել:
Հայաստանում բնակուող մի քանի ազգականի հետ խօսելիս հարցրի, թէ ո՞ւմ օգտին էին քուէարկել: Նրանցից միայն մէկը ինձ ասաց, թէ ձայնը տուել էր Րաֆֆուն: Միւս երկուսը քուէարկել էին Բագրատեանի օգտին, քանի որ ըստ նրանց մեկնաբանութեան, Բագրատեանի առաջարկած նախընտրական ծրագիրը աւելի առարկայական մօտեցում էր որդեգրել տնտեսութեան բարելաւման ու զարգացման տեսանկիւնից: Ի՞նչ արած, ազատ երկիր է, մարդիկ էլ ազատ են ձայները տալու իրենց նախընտրած թեկնածուին: Վերջին զարգացումները ինձ համար մի կողմից հաճելի էին, միւս կողմից՝ տագնապալի: Հաճելի էին, որովհետեւ յստակօրէն երեւում էր ժողովրդի մի զգալի մասի վրդովմունքը, ովքեր չէին ցանկանում ապրել հին ձեւով: Ես էլ դժգոհ կը լինէի, տեսնելով յուսալքուած մարդկանց, ովքեր թողնում են իրենց տարիների տունն ու տեղը ու հեռանում՝ ուր աչքները կտրի: Անհանգստացած էի, քանի որ չէի ցանկանայ, որ արաբական գարնան նման մի շորշոփ պատէր Հայաստանին, քանի որ այնտեղ կատարուող «յեղափոխութիւնները» առայժմ ոչ մի լաւ բան չեն բերել տեղի ժողովուրդներին, եւ ծայր աստիճան խառնաշփոթ իրավիճակ է տիրում այն բոլոր երկրներում, որտեղ ներսի ու դրսի ուժերը առկայ ռեժիմներին գահընկէց արեցին: Հայաստանի յարաբերական կայունութիւնը ընչազուրկ անհատի աչքին չի երեւում, նա կորցրել է գոյութիւնը պաշտպանելու տարրական հնարաւորութիւնները: Մի հեռուստազրոյցի ընթացքում Արմէն Զատիկեանը արդարաբար նկատեց, թէ Հայաստանի պէս ֆորպոստային երկրում ոչ ամէն ինչ է, որ որոշւում է բացարձակ ժողովրդավարական հիմունքների վրայ: Այսինքն, շատ դէպքերում առանցքային համարուող որոշումները դիւանագիտօրէն պարտադրւում են արտաքին մի շարք ուժերի կողմից, ու դա ժխտելը միամտութեան հաւասար է: Շատերին կարող է դուր չգալ ինքնիշխան Հայաստանը, որովհետեւ մի շարք որոշումներ, այդ թւում նաեւ անվտանգութեան հարցեր, կարող են այլ ընթացք ստանալ, եթէ Հայաստանի ժողովուրդը յանկարծ «անյարմար» առաջնորդների ընտրի որպէս իրենց ղեկավարներ: Վստահ եմ, որ գործող որեւէ նախագահ չի կանգնի հարթակին եւ բացարձակ անկեղծութեամբ խոստովանի, թէ ինչ կարգի, ինչ բնոյթի, եւ ինչ ձայնային երանգի երկխօսութիւն կամ ճառ է լսել այս կամ այն «դրսի» եղանակաստեղծ ուժի հետ: Դա պարզապէս անհնար է: Ուրեմն ի՞նչ անել, ինչպէ՞ս ապրել:
Րաֆֆի Յովհաննիսեանի վերջին ժամանակների ելոյթները շատերի համար մաքուր օդի պէս ի յայտ եկան իրենց առօրեայում եւ քաղաքական դիրքորոշումների շրջանագծում: Շատերն էլ զարմացան, երբ հարցականի տակ դրուեցին այնպիսի աւանդական համարուող արժէքներ, որոնց ժողովուրդը կուրօրէն հաւատացել էր: Եթէ նոյնիսկ այսքանով աւարտուի վերջին շարժումը, մի բան ակնյայտ է, որ առաջուայ պէս ապրել չի լինի, որ երկրի ղեկավարութիւնը ստիպուած է վերանայել իր դիրքորոշումը շատ ու շատ կարծրատիպերի հարցում: Րաֆֆին խոստանում է, որ ոչ մի կաթիլ արիւն չի հոսելու: Հապա ինչպէ՞ս է նա պատկերացնում, որ տասնեակից աւելի տարիներ արմատներ նետած օլիգարխը հրաժարուի իր դիրքից: Վերջինս առանց պայքարի չի հրաժարուի: Այսպիսի մարդիկ իրենց կերակրամանի շուրջն են հաւաքել ուրիշներին, սրանք էլ իրենց հերթին՝ միւսներին, հետեւաբար այս մարդկանց թիւը զգալի է, թէկուզ եւ փոքր է ժողովրդի ոտքի կանգնած հատուածից: Ուրեմն բախումը անխուսափելի՞ է: Րաֆֆին յայտարարում է, որ ինքը թոյլ չի տայ որեւէ բախում, փոխարէնը իր անձը կը զոհի: Տխուր կսկիծ է պատում շատերին, ովքեր անկեղծօրէն ցանկանում են, որ Րաֆֆին չզոհուի: Ես էլ դրանց թուին եմ պատկանում ու շատերի հետ մէկտեղ աղօթում, որ այս տարբերակը բացառուի:
Բայց ո՞րն է ելքը:
Ռուսաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում նախագահ Պուտինը զոհաբերեց մի քանի խոշոր պաշտօնեաների, այդ թւում՝ նախկին պաշտպանութեան նախարարին, ով հաւանաբար աւելի մեծ քաղաքական կշիռ ունէր, քան բազմաթիւ երկրների նախագահներ միասին վերցրած: Միլիոնաւոր դոլարների չարաշահում կատարող անձանց օրէնքի առաջ են կանգնեցրել, բռնագրաւելով տարիների ընթացքում կուտակած կեղտոտ փողերն ու ունեցուածքը: Հայաստանում դեռ լռում են: Ինչ է, այդքան օրինապաշտ երկիր դարձա՞նք միանգամից: Ե՞րբ եւ ո՞վ է սկսելու մաքրման գործընթացը: Միթէ՞ պէտք է յոյսներս դնենք այն տարբերակի վրայ, թէ ժողովրդին կեղեքող փողատէրի որդու որդին մի քանի տասնեակ տարուց գիտակցութեան կը գայ, ու յանկարծ կ՛որոշի իր պապիկի գծած ճանապարհից ետ կանգնել: Եթէ համբերելն է մարտավարութիւնը, ապա այդ ընթացքում քանի՞ մարդ կը մնայ երկրում: Իսկ ի՞նչ անել: Յուսալ, թէ ահագնացող լարուածութիւնը անտարբերութեամբ կընդունուի շրջապատող թշնամիների ու չարակամների կողմի՞ց: Որքանո՞վ է սա իրական:
Միւս կողմից չեմ ուզում մտածել մի շարք Լոս Անջելեսաբնակ մեր եղբայրների կամ քոյրերի նման, ովքեր յայտարարում են, թէ «հերիք եղաւ բոլ եղաւ, թող քանդուի վերջանայ եթէ այսպէս է լինելու»: Չեմ ուզում քանդուի: Մի դատապարտէք ինձ եւ հազարաւոր ինձ պէս մտածող մարդկանց, ովքեր դեռեւս ելք չեն տեսնում: Ամէն առաւօտ օրս սկսում է Հայաստանից: Հետեւում եմ: Շփոթուած եմ: