
Յարգելի «Ասպարէզ»ի
խմբագրութիւն,
Սրանից ամիսներ առաջ Թեհրանում իր հոգին աւանդեց հայ ազգին նուիրուած գաղափարականը եւ ՀՅԴի գործիչ Վարուժան Սարգիսի Խորշիդեանը, թողնելով իր սիրած կեանքի ընկերուհուն, լաւ եւ ազնիւ Յասմիկին, սիրասուն զաւակներին եւ թոռնիկներին:
Քանի որ հանգուցեալը բոլոր յատկանիշներով օրինակելի անձնաւորութիւն էր, վստահ եմ, որ իր արժանի տեղը կ՛ունենայ Աստծոյ մօտ: Նա հիմա չկայ, մթութեան եւ անելութեան մէջ է:
Այս տողերս որպէս մեր մտերմութեան, 60 տարուայ ընկերութեան հոգու պարտք՝ ասես անթառամ ծաղիկներ, նուիրում եմ իր թարմ եւ խնկելի շիրիմին, իր պայծառ յիշատակին:
Ծնւում ենք չ՛ուզելով, ապրում ենք տանջուելով, մեռնում ենք կարօտով: Այո՛, դժբախտաբար, այդպէս է եղել եւ կայ, քանի որ գոյութիւն ունի այդ գեղեցիկ, խաբուսիկ եւ գրաւիչ աշխարհը:
Աշխարհը հեքիաթ է, իսկ կեանքը պատմութիւն: Մենք բոլորս գիտենք, որ այդ աշխարհիկ կեանքի վերջն է մահը՝ դաժան է բնութեան հրամայականը: Մենք ընդվզում ենք, բողոքում ենք, չենք հաշտւում, բայց վերջիվերջոյ ստիպուած համակերպւում ենք այդ դառն իրականութեան հետ… Իջաւ մահուան գորշ վարագոյրը եւ մեզանից հեռացաւ ու գնաց միանալու իր հարազատներին, հարազատներին- ծնողներին այդ անզուգական եւ աննման լաւ եւ բարի մարդը:
Նա Արարատի ձիւնի պէս մաքուր էր եւ կապոյտ երկնքի պէս ջինջ: Նա անիմաստ չի ապրել. իր կեանքի ողջ ընթացքում եղել է արգասաբեր եւ բեղմնաւոր, միշտ գնահատուել եւ ուշադրութեան է արժանացել իր շրջապատի կողմից: Նա անոյշ էր Վիվալդիի քոնչերթոյի նման, Պախի Մեսսայի նման՝ սրբանուէր, հայ Պատարագի նման՝ երերուն, հոգեզմայլ եւ սրտաթով: Նա տառապեց, երջանկացաւ, տեսաւ կեանքի մութն ու լոյսը, հուսահատուեց եւ ամբողջութեամբ սիրեց իր ընտանիքին եւ հայ ազգին ու նաեւ լաւութիւն արեց մարդկանց: Նա կորցրեց ճակատամարտը, բայց ոչ մենամարտը, վասնզի նրա կեանքը շարունակւում է իր զաւակների եւ թոռների մօտ: Դրա համար էլ, ես վստահ եմ, որ իր բարի յիշատակը կը մնայ իր հարազատների սրտում հաւիտեան, իսկ նրանք կը փոխանցեն իրենց զաւակներին եւ թոռներին:
Աստուած հոգին լուսաւորի, մշտական լոյս լինի գերեզմանին, Յիշատակն արդարոց անմեռ եղիցի, մխիթարութիւն եւ համբերութիւն իր հարազատներին:
Քեզ միշտ յիշող եւ չմոռացող՝ Վարդան Տիգրան Մատթեւոսեան
Յետգրութիւն՝
Ի վերջոյ մահը եւ կեանքը միանալով դառնում են «Անհաս բարձունքներ», որի առեղծուածը մինչ օրս չեն կարողացել բացատրել՝ հիմնաւորել ոչ բարձրաստիճան հոգեւորականները եւ ոչ աշխարհահռչակ գիտնականները. մահը մերն է, մենք՝ մահինը, մարդուս գործն է միշտ անմահ: Աշխարհն հիւրանոց է, մարդիկ՝ ճամբորդ, շարուէ շարան կու գան ու կ՛երթան…