ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Սեղանիցս, հայեացքիցս ու մտքիցս գրեթէ անբաժան է Չարենցի «Գիրք ճանապարհին»… եւ ոչ միայն նրա համար, որ տարիներ առաջ իր առաջաբանով լոյս տեսած ժողովածուն Հրանտ Մաթեւոսեանն է նուիրել:
Ինքնախօսութեան, հիւծող դատարկութեան ու անելի պահին նրա հետ եմ՝ մեր անղեկ մաքառումից ժանգոտ, հաշտուած լռութիւնից ու կեղծ հաւատարմութիւնից անվերջ ամուլ երթը հասկանալու ցաւով ու խոհով:
Լուսամուտիցս մէկ փողոց այն կողմ Ազատութեան հրապարակն է. Րաֆֆի Յովհաննիսեանի հացադուլի տասներորդ օրը: Արթնացող գարնան կապոյտ երկնքի, մեր սարերից եկող ու հրապարակում սուրացող քամիների մէջ մենակ, շատ մենակ, համարեա կապոյտի մէջ նստած է Րաֆֆին՝ կողքին Կարինը՝ Ռոսլինի իմաստուն ու խոնարհ դպիրի թաւշէ հայեացքով: «Գգանձերս» ականջիս շշնջում է Արմինէն, ու նրա հեզ ու հպարտ ժպիտի մէջ ցաւ կայ, անհանգրուան տագնապ, զոհաբերութիւն ու սէր, սէր…
Ես ու երեւի հրապարակով անցնողները (եւ ոչ միայն հրապարակով) մարդանում ենք Րաֆֆիով, ապշում Կարինի նուիրումից ու նախանձում Արմինէի ցաւին…
Ու թւում է, գրեթէ համոզուած լինելու չափ թւում է, թէ այս անգամ մեր հաւաքական ճիգն ու իմաստնութիւնը մեզ ափ կը հանի: Գրեթէ համոզուած լինելու չափ թւում է, թէ անվերջ խարխափելու ու մոլորուելու, անցեալի դառն ու անպատուաբեր բեռից ազատուելու ու այս եղծուած իրականութիւնը խմբագրելու իմաստնութիւնը կը սթափեցնի մեզ: Բայց՝ ոչ, մենք էլի նոյնն ենք, մեզ նման…
Ժողովրդի հետ ենք՝ ասում են ոմանք ու շարունակում խարխափել մարող ու անլոյս արահետում, ժողովրդի հետ ենք, ասում են միւսներն ու հերթական ընտրութիւնից առաջ կենտրոնացնում տրակտորաձայն անպարտակելի փողերը, ժողովրդի հետ ենք, ասում են երրորդներն ու ռետինէ մահակները իւղում, ժողովրդի հետ ենք, ասում են միւսներն ու աւելացնում, բայց ճիշդը մենք ենք, ժողովրդի հետ ենք ասում են մի ուրիշ միւսներ ու լքում Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹԵԱՆ հրապարակը:
«Մեր թիւ մէկ խնդիրը հասարակութեան համերաշխութիւնն է». տիզբոնաբնոյթ ասուլիսում յայտարարում է Սերժ Սարգսեանը: Համաձայն եմ նրա հետ: Բայց մի վերապահութեամբ կամ կարեւոր պայմանով՝ նա մոռանում է, որ միայն հաւասար իրաւունքներով ազգի բոլոր անդամները կարող են քաղաքացիական հասարակութիւն ստեղծել, ձեւաւորել սահմանադրական պետութիւն ու ապրել հանրային համերաշխութեան մթնոլորտում: Նա մոռանում է նաեւ, որ նման պետութեան համար նախ անհրաժեշտ էր, որ աշխատէին սահմանադրութեամբ ամրագրուած բոլոր ինստիտուտները …(«Տարօն սիրուն չի» մոդելը բացառող): Իսկ մենք ժամանակ ունէինք տեղծելու եւ երաշխաւորելու քաղաքական այն միջավայրն ու մշակոյթը, ուր մարդկանց կառավարում են օրէնքները, իսկ օրէնքներին՝ բանականութիւնը:
Եւ ի վերջոյ՝ նա մոռանոմ է նաեւ, որ հասարակութեան համերաշխութիւնը քայքայւում է այն ժամանակ, երբ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ Են ՍՏԵՂԾՒՈՒՄ, ՄԵՐՁԱՒՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹԻՒՆ:
«Դառնացած ժողովուրդ ենք» արդարացիօրէն նաեւ Յովհաննէս Թումանեանի խօսքն է կրկնում Սերժ Սարգսեանը, ու ես դարձեալ համաձայն եմ նրա հետ: Չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ընտանիքների մեծ մասը քայքայուած ու անհայր է արտագաղթի ու անգործութեան պատճառով, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի կէսից մի փոքր պակասն ամէնօրեայ նուաստացման է դատապարտուած աղքատութեան ու հացի խնդրի որոգայթներում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ազատութիւնն ու հեռանկարը ընրութիւնից ընտրութիւն 10-15000 հազար դրամ է գնահատւում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի «ազգընտիրը» մռութ ջարդելու փիլիսոփայութեամբ ու վարքականոնով է ապրում՝ իրաւունքի ու արդարութեան բոլոր յայտարարութիւնները դարձնելով գարշելի ու ցաւացնող առասպել, եւ ի հարկէ չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի իշխանութիւնը թաթախուած է կեղծիքի ու ստի մէջ:

Սերժ Սարգսեանը, մոռանում է նաեւ, որ երբ հեռաւոր 1910 թուականին Յովհաննէս Թումանեանը գրում ու ասում էր «դառնացած ժողովուրդ ենք», մենք անթիկունք էինք, բզկտուած ու մեր անղեկ հայրենիքում Ամենայն Հայոց բանաստեղծն էր սպիտակ դրօշով համերաշխութիւն քարոզում:
Հարիւր եւ երեք տարի է անցել, ու ողբերգութիւնն էլ հէնց այն է, որ մեր երթն իբրեւ թէ անստոյգ չէ, նրա ղեկին՝ նախագահ կայ, եւ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՄԲ մեր երկրի գլուխն ու մեր իրաւունքների երաշխաւորը նա պիտի լինէր:
Ի դէպ, Թումանեանն իր «դառնացած ժողովուրդ» յօդուածում նաեւ սա է ասում. «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից: … դուք պէտք է մարդկային հանճարի տուած ամէն միջոցներով վեր կենաք ցաւերի դէմ ու ազատուէք, առողջանաք. ի հարկէ, եթէ էնքան արիութիւն ու հասկացողութիւն ունիք: Առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը»:
Իսկ մինչ այդ հացադուլի տասներորդ օրն է: Արթնացող գարնան կապոյտ երկնքի ու մեր հրապարակում սարերից սուրացող քամիների մէջ մենակ, շատ մենակ համարեա կապոյտի մէջ նստած է Րաֆֆին:
Միասնութեան մասին Չարենցի անհաս բանաձեւն արդէն իբրեւ անէծք է հնչում ու ականջներումս խշշում՝ «Գուցէ սուտ է Նաիրին, Նաիրին չկայ… Գուցէ յուշ է միայն, ֆիկցիա, միֆ: Ուղեղային մորմոք. սրտի հիւանդութիւն…»:
Վաղը հացադուլի տասնմէկերորդ օրն է…