ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղաքապետարանի մի շարք պաշտօնների համար Ապրիլի 2ի ընտրութիւններում հայ թեկնածուները վստահ յաղթանակ տարան: Քաղաքապետարանի դեռ ոչ պաշտօնական տուեալներով, Գլենդելի քաղխորհրդի անդամութեան համար պայքարող Արա Նաջարեանն ընտրուեց՝ հաւաքելով 8615 քուէ, Զարեհ Սինանեանը՝ 6122 քուէ, քաղաքապետարանի քարտուղար Արտաշէս Քասախեանը ստացաւ 10.335 քուէ, գանձապետի թեկնածու Րաֆֆի Մանուկեանը՝ 12,226 քուէ:

Դպրոցական ընդհանուր խորհրդի համար յաղթեցին Գրեգ Գրիգորեանն ու Արմինա Ղարպետեանը:
Հայ թեկնածուների յաղթանակն իրաւամբ նաեւ Գլենդելի հայ բնակչութեան եւ ընդհանրապէս՝ ամերիկահայերի նշանակալի ձեռքբերումը կարելի է համարել: Ընտրողների

մասնակցութեան ցուցանիշները խօսում են այն մասին, որ Գլենդելի շուրջ 40 տոկոսը կազմող հայազգի քաղաքացիները յայտ են ներկայացնում քաղաքի կեանքում առաւել ներգրաւուելու, որոշումների կայացման գործընթացներին ակտիւօրէն մասնակցելու հարցում: Այս հանգամանքը նաեւ արդիւնք էր հասարակութեան հետ թեկնածուների տարած աշխատանքի. նախընտրական ողջ շրջանում բնակիչներին իրազեկման հսկայածաւալ աշխատանք են իրականացրել թէ՛ թեկնածուներն անհատապէս, թէ՛ Հայ Դատի յանձնախումբն իր ռեսուրսներով:
Գլենդելի քաղաքապետարանի այս տարուայ ընտրութիւններն նախորդներից տարբերուեցին մի շարք առումներով: Այս մասին էին նաեւ փաստում, Գլենդելի Պալադիօ հիւրասրահում Ապրիլի 2ի երեկոյեան քուէարկութեան ընթացքին հետեւելու համար հաւաքուած քաղաքական-հասարակական գործիչները, հանրութեան ներկայացուցիչները:
«Հայ Դատի յանձնախումբը, օգտուելով իր նախկին փորձառութիւնից, այս ընտրութիւններում թեկնածուներին առաջարկեց հանդէս գալ միասնաբար՝ աջակցելով միմեանց: Մենք ծանօթացանք բոլոր առաջադրուած թեկնածուների ծրագրերին եւ որոշեցինք պաշտպանել նրանցից մի քանիսին: Օրինակ, Գլենդելի քաղխորհրդի համար ընտրեցինք երեք թեկնածուի եւ հայ ազգաբնակչութեան առաջարկեցինք ոչ թէ բաժանել ձայները հայ թեկնածուների միջեւ, այլ քուէարկել բոլոր երեք՝ Նաջարեանի, Սինանեանի եւ Քէօռողլեանի օգտին, ինչն առաւել կը մեծացնէր նրանց երեքի ընտրուելու հաւանականութիւնը», նշում է Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի համանախագահ՝ իրաւաբան Նորա Յովսէփեանը: Նրա կարծիքով, այս մարտավարութիւնն ազդեց ընտրութիւնների արդիւնքի վրայ:
2013 թ.ի քաղաքապետարանի ընտրութիւնների միւս առանձնայատկութիւններից էր մեծ թուով կամաւորների մասնակցութիւնը, որոնց շարքում շատ էին հիմնականում երիտասարդներ: Զարեհ Սինանեանի նախընտրական արշաւին ամէնօրեայ հիմունքներով մասնակցել է շուրջ չորս տասնեակ պատանի ու երիտասարդ, ովքեր աշխատել էին սիրով ու մեծ հետաքրքրութեամբ:

«Այս ընտրութիւններում ինձ համար թերեւս ամենադրական երեւոյթը 14 տարեկանից սկսած տարբեր տարիքի հայ երիտասարդների ակտիւ մասնակցութիւնն էր: Նրանք իրենց նուիրուածութեամբ յոյս եւ ուժ էին ներշնչում եւ խթանում էին ինձ առաւել հաստատակամ լինելու եւ պատասխանատուութիւն ստանձնելու մեր ապագայ սերունդների համար», ուրախութեամբ նշեց Զարեհ Սինանեանը:

Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ատենապետ Պերճ Կարապետեանն էլ յաւելեց, որ այս ընտրութիւններում ներգրաւուած կամաւոր երիտասարդների պատրաստուածութեան մակարդակը անհամեմատելի բարձր է: «Վստահօրէն կարող եմ նշել, որ այս երիտասարդները մօտ ապագայում իրենք կարող են վարել նախընտրական արշաւներ եւ գործուն մասնակցութիւն ունենալ հասարակական-քաղաքական գործընթացներում: Նրանց կրթելու եւ պատրաստելու հարցում, մեծ աւանդ ունեն աւագ սերնդի գործիչները, որոնք հնարաւորութիւն են տալիս երիտասարդներին արտայայտուելու, միաժամանակ՝ ուղղորդելով նրանց», հաւաստիացնում է Կարապետեանը: Ըստ նրա,Րաֆֆի Մանուկեանը Արտաշէս Քասախեանը, Արա Նաջարեանը, Զարեհ Սինանեանը քաղաքական նոր մշակոյթ ձեւաւորեցին՝ իրենց շուրջը համախմբելով երիտասարդ կամաւորների:
Այս ընտրութիւնները տարբերւում էին նաեւ իրազեկման բարձր աստիճանով: Ամէն օր, թեկնածուներն իրենց աշխատակիցների ու կամաւորների հետ միասին հեռուստատեսութեամբ, բնակիչներին զանգահարելով տեղեկացնում էին ընտրութիւններին մասնակցելու կարեւորութեան մասին, միաժամանակ՝ նրանց իրազեկելով քաղաքացիների իրաւունքների, քաղաքապետարանում տեղի ունեցող գործընթացների մասին:
«Այս անգամ թեկնածուները չէին յորդորում իրենց ձայն տալ միայն որպէս հայի, նաեւ՝ մանրամասն ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագրերը եւ սա էր ընտրողների համար հիմնական ուղղորդիչը: Այս երեւոյթը նոյնպէս նոր էր հայ իրականութեան համար», նշում է Կարապետեանը: Գլենդելի քաղաքապետարանի նախընտրական շրջանում գրանցուեցին նաեւ բացասական երեւոյթներ. մասնաւորապէս, քաղխորհրդի գործող անդամ Լորա Ֆրիդմանն օգտագործեց պաշտօնը մրցակցի հեղինակութիւնը վնասելու համար:
«Որոշ թեկնածուներ մտավախութիւն ունէին կորցնելու իրենց պաշտօնը եւ դիմեցին անթոյլատրելի քայլերի: Նրանք շատ տգեղ արարքով փորձեցին կասեցնել այդ դաշտում թէեւ նորայայտ, բայց մեծ յաջողութեամբ առաջ ընթացող երիտասարդ թեկնածուին՝ Սինանեանին: Սակայն նրանց նախաձեռնութիւնը ոչ միայն տապալուեց, նաեւ՝ չազդեց վերջնարդիւնքի վրայ», նշում է քաղաքապետարանի գանձապահի թեկնածու Րաֆֆի Մանուկեանը:
Ընտրութիւնների ժամանակ տապալուեց նաեւ քուէարկութեան դրուած մի քանի բանաձեւ, որոնք նախատեսում էին հանրային ընտրութեան փոխարէն, նշանակովի դարձնել քաղաքապետարանի որոշ, այդ թւում՝ գանձապահի պաշտօնը:

Սինանեանի նախընտրական գրասենեակի տնօրէն Էլեն Ասատրեանն էլ փաստեց, որ այս ընտրութիւններն անցել են առաւել հանգիստ պայմաններում. «Նախորդ տարիների համեմատ, այս տարի հայ ընտրողների համար առաւել քիչ խոչընդոտներ եղան: Մասնաւորապէս, Գլենդելի քարտուղար Արդաշես Քասախեանի ջանքերով ընտրատեղամասերում հայազգի աշխատակիցներ էին նշանակուել, որ օգնում էին լուծել հայերէն լեզուով ընտրողների հետ կապուած հարցերը», նշում է Ասատրեանը: Զրուցակիցներս ուրախութեամբ արձանագրեցին, որ այս ընտրութիւններում ընդհանուր առմամբ հայ ընտրողների կողմից ոգեւորութիւն է նկատուել, թէեւ մասնակցութեան ցուցանիշները դեռեւս շատ գոհացնող չեն:
«Գլենդելում կայ 30 հազարից աւելի գրանցուած ընտրող եւ եթէ նրանց յիսուն տոկոսը մասնակցեր ընտրութեանը՝ մենք կ՛ունենայինք աւելի մեծ յաղթանակ, եւ բոլոր թեկնածուները կարող էին ընտրուել», նշում է Պերճ Կարապետեանը: Ընտրութիւններին չմասնակցելու հայ բնակիչների որոշումը ոմանք պայմանաւորում են նախորդ տարուայ ընդհանուր ընտրութիւններից յետոյ յոգնածութեամբ, միւս մասը՝ ընտրական գործընթացի նկատմամբ տիրող անտարբերութեամբ: Յուսանք, որ յաջորդ ընտրութիւնները կը տարբերուեն ամենակարեւոր առանձնայատկութեամբ՝ մասնակիցների քանակով:
Այդուհանդերձ, Գլենդելի այս ընտրութիւններում հայազգի թեկնածուների ընտրուելը, վկայութիւնն էր, որ միասնութիւնն ու ընդհանուր գաղափարի շուրջ համախմբումն է մեր յաղթանակի միակ գրաւականը, մեր ուժը: Այսպիսով է հնարաւոր մեր ձայնը լսելի դարձնել քաղաքում, նահանգում, երկրում, տէր կանգնել մեր իրաւունքներին եւ մասնակցել մեզ մտահոգող խնդիրների լուծմանը: Հարկ է ընդգծել, որ Հայ Դատի յանձնախումբը, այս անգամ եւս հանդէս եկաւ կառուցողական նախաձեռնութեամբ եւ թեկնածուների համար միանալու հարթակ ստեղծեց՝ միաժամանակ ուղղորդելով ու կենտրոնացնելով հանրութեանը: