ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Ախալքալաքի եւ Նինոծմինտայի հայկական բնակչութիւնը կը պահանջէ հանդիպում ունենալ Վրաստանի վարչապետ Պիձինա Իվանիշվիլիի հետ: Տարածաշրջանէն ժամանած խումբ մը անձեր նման պահանջով բողոքի ցոյց մը կատարած են Պետական գրասենեակին մօտ:
«Մեր գլխաւոր պահանջն է հանդիպել վարչապետին եւ ծանօթացնել Ջաւախքում ընթացող գործընթացների հետ: Տեղեկութիւն է տարածւում, թէ մենք վտանգ ենք ներկայացնում, բայց դա այդպէս չէ: Բացի այդ, կան խնդիրներ, որոնք պէտք է լուծուեն: Մենք գրել ենք եւ յայտարարութիւններ, բայց ոչ ոք ուշադրութիւն չի դարձրել», դիտել տուած է բողոքի մասնակիցներէն Արմէն Քարմանեանը:
Մասնակիցներէն մէկուն համաձայն, վերջերս Ջաւախք եկած է նաեւ Վանօ Մերաբիշվիլին եւ հանդիպում ունեցած իր կողմնակիցներուն հետ: «Այժմ Մերաբիշվիլին փորձում է Թբիլիսիին համոզել, որ Ջաւախքում արտակարգ ինչ որ բան է լինում: Դա այդպէս չէ: 90ականներին էլ մեզ հետ լաւ են վարուել: Մենք վախենում էինք, բայց լաւ էինք ապրում, իսկ Մերաբիշվիլին փորձում է հակառակը համոզել», նշած է ան:
Բողոքի ցոյցի մասնակիցներուն հետ հանդիպած է Վրաստանի համարկման հարցերով նախարար Պաատա Զաքարէիշվիլին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.