ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Մօտենում է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման 100րդ տարելիցը: Հայ ժողովուրդը մի ամբողջ դար պայքարում է, որ միջազգային հանրութիւնը արժանի գնահատական տայ անցած դարասկզբին թուրք արնախումների կողմից 8 տարի շարունակ իրականացուած ոճրին:
Ճիշդ է, 2 տասնեակից աւելի պետութիւններ, միջազգային կազմակերպութիւններ, ԱՄՆի 40ից աւելի նահանգներ, աշխարհաճանաչ մարդիկ՝ գիտնականներ, քաղաքագէտներ, պատմաբաններ եւ այլք ճանաչել եւ դատապարտել են այդ ոճիրը, բայց դեռ հայ ազգը սպասում է, որ Թուրքիան նոյնպէս կը ճանաչի եւ կը դատապարտի, մանաւանդ, որ Ա. համաշխարհային պատերազմից յետոյ մահուան եզրին գտնուող եւ հրաշքով նոր կառավարութիւն ստեղծած Թուրքիան հեռակայ կարգով մահուան դատապարտեց Երիտթուրքերի ղեկավարներին (Եղեռն իրագործողներին): Փաստօրէն, իրենք այն ժամանակ ճանաչել են, բայց հիմա հրաժարւում են դա անել: Թերեւս պատճառներից մէկն էլ այն է, որ խուսափում են ճանաչումից յետոյ վերադարձնել հայ ազգից թալանած ու իւրացրած սեփականութիւնը, որը միլիարդաւոր դոլարների է հասնում (80-100 մլրդ.), խնայողութիւններն ու հարստութիւնները: Վախենում են հեղինակազրկուել, որից յետոյ Եւրոմիութեան անդամ չընդգրկուել եւ այլն:
1965թ. Խորհրդային Հայաստանում կառուցեցին Ծիծեռնակաբերդի համալիրը, որը Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման հիմնական կոթողն է հանդիսանում: Բայց Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կառավարութեան կողմից չէր կարողանում իր ձայնը լսելի դարձնել միջազգային հանրութեանը, չէր կարողանում պահանջատիրական հատուցումներ պահանջել: ԽՍՀՄ կառավարութիւնն էլ իր հերթին Թուրքիային յանձնած Հայաստանի գաւառները (Կարս, Արդահան, Սուրմալու…) չէր ուզում վերադարձնել: Առաւել եւս, ոչ մի անգամ խօսք չի եղել նոյնիսկ Սեւրի դաշնագրով Հայաստանին յատկացուած հողատարածքների (մեր պատմական) վերադարձման մասին:
Եւ եթէ Խորհրդային Հայաստանը միջազգային ատեաններում չէր կարողանում իր պահանջատիրութիւնը ներկայացնել, ապա հարց է ծագում. «Ինչո՞ւ այժմեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, նախագահը այդ ուղութեամբ չեն մտածում»:
Նախագահական ընտրութիւններից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԶԼՄների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, թէ «իշխանութեան մէջ գտնուողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որեւէ հարեւան երկրի: Ես 10 րոպէ յետոյ նրան կ՛ազատեմ աշխատանքից»: Ասել կ՛ուզէ՝ մենք իրաւունք չունենք Արցախի անկախութիւնը պահանջել, ազատագրուած տարածքները օրինականացնել որպէս Արցախի կամ ՀՀ տարածք: Նաեւ իրաւունք չունենք չեղեալ յայտարարել 1920 ական թուականներին բոլշեւիկների կողմից (այդ թուերին ԽՍՀՄը դեռ չէր կազմաւորուել) կնքուած Մասկուայի, Կարսի, Բաթումիի պայմանագրերը, որոնցով պատմական Հայաստանի հողատարածքները յանձնուեցին Թուրքիային եւ նոր ստեղծուած Ադրբեջանին: Չէ որ այդ հողատարածքների մեծ մասը այն ժամանակ Ցարական Ռուսաստանի տիրապետութեան տակ էր: Փաստօրէն, ՀՀ կառավարութիւնը չի ուզում, կամ մի գուցէ չի կարողանում դատի տալ թրքական կառավարութեանը: Չի կարողանում կամ չի ուզում Հաագայի դատարան ներկայացնել Ա. համաշխարհային պատերազմի եւ մարդկութեան դէմ կատարուած ոճրագարծութեան, որը յետագայում կոչուեց Ցեղասպանութիւն, յանցագործներին: Եթէ չեմ սխալւում, այս մասին կարծեմ պարոն նախագահն ինչ որ ամբիոնից հնչեցրեց, թէ գալու է մեր Նիւրնբերգը: Միթէ դեռ ժամանակը չէ, ինչքան դեռ պէտք է սպասենք: Եւ կարծես ակամայ պարզաբանուեց՝ պարոն նախագահը վերոնշեալ հանդիպման ժամանակ նաեւ ասաց. «Իշխանութեան մէջ գտնուողները չեն կարող անել յայտարարութիւններ, որոնք հակասում են իշխանութիւնների քաղաքական գծին: Ես 10 րոպէ յետոյ նրանց կ՛ազատեմ աշխատանքից»: Մի գուցէ հէնց այս յայտարարութեան մէջ է գաղտնիքը: Մի գուցէ հէնց այսպիսի քաղաքական գիծ են մշակել մեր իշխանաւորները կամ նրանց պարտադրել են այս աշխարհի «տէրերը»: Մի գուցէ դեռ ժամանակը չէ այս խնդիրներով (հայ ազգի համար ճակատագրական) զբաղուելու, մի գուցէ ինչ որ պայմանաւորուածութիւններ կան: Մի գուցէ աշխարհաքաղաքական նոր դասաւորումներ են մեզ սպասում:

Հապա ինչո՞ւ համար են անցկացւում Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ռազմավարութեան մշակման գիտաժողովները: Ինչո՞ւ համար է ստեղծուել Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ոգեկոչման պետական յանձնաժողովը: Ինչո՞ւ ՀՀ նախաձեռնած «Ցեղասպանութեան կանխարգելումը» բանաձեւը վաւերացուեց ՄԱԿի Մարդկային իրաւունքների խորհրդում: Ինչո՞ւ է Արտգործնախարարութիւնը աշխատանքներ տանում արտերկրներում դեսպանատների եւ տեղի հայ համայնքի միջոցով տուեալ երկրներում Հայոց Ցեղասպանութեան դատապարտման եւ ճանաչման բանաձեւերի ընդունման համար: Ինչո՞ւ ենք շահագրգռուած, որ Ֆրանսիան Ցեղասպանութեան ուրացման քրէականացնող օրինագիծ ընդունի: Միթէ՞ դրանք մեզ համար միայն հոգեկան հանգստութեան համար են:
Մենք յաճախ ենք շատ ոգեւորւում օտարազգի ճանաչուած դէմքերի, իսկ վերջերս նաեւ թուրք մտաւորականների յայտարարութիւններով, ովքեր համոզուած են, որ ցեղասպանութիւնը իրօք կազմակերպուել է թրքական կառավարութեան կողմից եւ դատապարտում ու յորդորում են Թուրքիային այն ճանաչելու համար:
Բայց մի հարց է ինձ մտահոգում. արդեօք նրանք՝ Թաներ Աքչամ, Ռակըփ Զարաքօլու, Հասան Ջեմալ (Ջեմալ փաշայի թոռն, ում «Վարդանանց Ասպետի» շքանշան յանձնեցին) եւ ուրիշներ համամիտ են այն մտքի հետ, որ թրքական կառավարութիւնը պէտք է հետ վերադարձնի տեղահանուածների ու սպանուածների հարստութիւնները: Արդեօ՞ք համամիտ են որ Թուրքիան պէտք է հետ վերադարձնի Վանը, Կարսը, Արդահանը, Մասիս սարը… Այս հարցերի մասին, կարծում եմ, նրանց կողմից մեկնաբանութիւններ չեն եղել:
Մեծ Եղեռնի զոհերի յետնորդներից ոմանք (ովքեր պահել էին համապատասխան փաստաթղթեր) ապահովագրական ընկերութիւններից ստացել են որոշակի փոխհատուցումներ, բայց մեզ հարկաւոր է, որ ողջ հայ ազգը ստանայ այդ փոխհատուցումները թէ՛ դատական պրոցեսներով (գործընթացներով-Խմբ.), թէ՛ գումարային (նիւթական առումով) եւ թէ հողային տարածքներով:
Հայ ազգը համոզուած սպասում է այդ օրուան՝ Մեծ Հայաստանի վերականգնմանը: