ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հայոց Ցեղասպանութեան հերթական տարելից թէ 100ամեակի նշում, Հայաստանի օրակարգի հրատապ եւ մշտարծարծ հարցն է Հայ Դատը, եւ կը մնայ այդպիսին, քանի անլոյծ է այն: Իւրաքանչիւր գաղափար նպատակ է հետապնդում եւ իրականացնում է այն զանազան միջոցներով՝ քաղաքական, դիւանագիտական, ռազմական եւ այլն: Չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ է, որ Հայ Դատի գաղափարը դառնայ համազգային ըմբռնում, որդեգրուի Հայաստանում եւ արտերկրում ապրող իւրաքանչիւր հայի կողմից, դառնայ ապրում եւ նպատակ, ստեղծելով այն անհրաժեշտ գետինը, որի վրայ կանգնած առաջընթաց կարող է ապահովել Հայ Դատը: Արեւմտահայութեան բնաջնջման միջոցով Հայաստանի արեւմտեան մասի բռնազաւթման անարդարացիութեան եւ այն շտկելու հնարաւորութեան գաղափարը պէտք է համընդհանուր ընկալում ձեռք բերի: Այդ մէկը պէտք է իրականացուի պետական մակարդակով, շարունակական եւ հետեւողական աշխատանքով: Մտածել, որ Հայաստանի այսօրուայ կառավարութիւնը կարող է ստանձնել նման պարտականութիւն, անհիմն է, որովհետեւ վարուող քաղաքականութիւնն ընթանում է հակառակ ուղղութեամբ, ինչպէս հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրութիւն, արեամբ ազատագրուած տարածքների զիջում եւ այլն: Արւում է աւելին. անհատապէս թէ այլ կերպ, գիտակցաբար թէ անգիտակցաբար, փորձ է արւում բարի թուրքի կերպար ստեղծել, բաց սրտով մօտենալ նենգ թշնամուն, որ բազմիցս ապացուցել է իր նենգութիւնը եւ վաղուց շատ յստակ մի յայտարարութիւն է կատարել, թէ «Թուրքիան երկու յաւերժական եւ մահացու թշնամի ունի. արեւմուտքում՝ Յունաստանը, իսկ արեւելքում՝ Հայաստանը»: Զմայլել կարելի է հայ-թրքական յարաբերութիւնների մասին թրքական այսքան պարզ ու խորունկ ձեւակերպման վրայ:
Թուրքիան իր առջեւ հայերի եւ թուրքերի համակեցութեան խնդիր երբեք չի դրել, այլ հետապնդել է Հայաստանի եւ հայութեան ոչնչացման նպատակը: Նոյնիսկ, եթէ լրջօրէն չվերաբերուենք պանթուրքիզմի գաղափարին, կայ մի հանգամանք. Թուրքիան հասկանում է, որ յայտնուել է Յունաստանի եւ Հայաստանի արանքում, եւ որ այդ աքցանը մի օր կարող է սեղմուել եւ մահացու լինել իրեն համար: Թուրքիան չի հանգստանում իր այսօրուայ հզօրութեամբ. նա

հեռատես է եւ ճիշդ է կարդում քարտէզը: Երկու թշնամիներից, Թուրքիայի համար առաւել վտանգաւորը, կարծում ենք, Հայաստանն է, որովհետեւ Թուրքիայի զբաղեցրած տարածքի մի նշանակալի մաս պատկանում է Հայաստանին, եւ նաեւ այն պատճառով, որ Թուրքիան դէպի արեւելք է ուզում տարածուել, իսկ դէպի արեւելք տանող ճանապարհն անցնում է Հայաստանով:
Հայաստանի եւ հայութեան համար Հայ Դատը սոսկ Արեւմտեան Հայաստանի ազատագրման եւ արդարութեան հարց չէ. այն գոյութեան հարց է: Հայաստանը ընդարձակուելու անհրաժեշտութիւն ունի, իսկ այս կէտը պետականօրէն եւհամաժողովրդական մակարդակի վրայ հարկ եղած խորութեամբ չի ընկալւում:
Համազգային նշանակութիւն ունեցող ցանկացած գաղափարի իրականացման համար ազգի կողմից տուեալ գաղափարի որդեգրումն ու հաւանութեան արժանացնելը յաղթանակ ապահովող կարեւոր եւ առաջնային գրաւական է:
Արցախեան Ազատամարտի յաղթական աւարտը պայմանաւորուած էր ոչ միայն հայ զինուորի արիութեամբ, այլեւ նրանով, որ իր թիկունքում ունէր հայ ժողովրդի մտքի եւ հոգու միաձուլումով ծնունդ առած այն ընկալումը, թէ մղուող պատերազմը արդարացի է եւ անհրաժեշտ: Նոյնն է պարագան Հայ Դատի հետապնդման աշխատանքներում: Բոլոր հնարաւոր միջոցներով պէտք է ժողովրդին պատրաստել այդ պայքարի դժուարութիւնների յաղթահարման եւ յաղթանակի ոգիով, ոչ թէ նրա մէջ սրսկել շատ վտանգաւոր լաւ թուրքի եւ բաց սրտերի մտայնութիւնը: Այն թմրադեղ է հայ ժողովրդի համար: Հայ ժողովրդի սիրտը բաց չէ եւ պէտք չէ լինի նոյնիսկ արդարահատուցումից յետոյ: Այլ մօտեցում, անտարակոյս, պիտի նշանակի, որ մենք թշնամուն ճանաչելու եւ վտանգի խորութիւնը չափելու անկարողութիւն ունենք: Պէտք է մերժել հայ ժողովրդին գիտակցաբար թէ անգիտակցաբար, սին բարեկամութեամբ պարուրուած թմրադեղեր առաջարկելու բոլոր ձգտումները եւ առաջ ընթանալ համազգային կուռ գիտակցութեամբ: