Թարգանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

Գիւրիւնի բոլոր հայ երիտասարդներին բանակ էին զօրակոչել. մնացել էին միայն կանայք, ծերերը, անչափահաս երիտասարդներն ու երեխաները: Օրէցօր մթնոլորտն աւելի անյոյս եւ անտանելի էր դառնում: Իսկ ժողովրդին պատել էր ահը: Դպրոցը բաց էր, սակայն քանի որ ուսուցիչները զօրակոչուել էին, այդ տարուայ շրջանաւարտներից մէկը նշանակուեց մեր դպրոցի (Պարթեւեան) ուսուցիչ: Նա դեռ առաջին օրը մեզ ասաց. «Ես ուսուցիչ չեմ, դուք էլ աշակերտ չէք, մենք ընկերներ ենք, ովքեր միմեանց սովորեցնում են միայն այն, ինչ չգիտեն կամ էլ մոռացել են»: Մեր շրջապատում հասուն տղամարդ չէր մնացել: Չկար նաեւ քահանայ եւ ուսուցիչ: Մեր դպրոցը վերածուել էր ոստիկանական կենտրոնի:
Քանի որ մեր այգու հովտին մօտ եւ ցածրադիր հատուածն այդ տարի առատ տեղացած անձրեւներով էր ջրուել, հայրս աշորա ցանեց՝ յաջորդ տարի այդ հատուածը մարգագետնի վերածելու համար: Մի օր հայրս ձեռքիցս բռնեց եւ տանելով աշորա ցանած հատուած՝ ասաց. «Տղա՛ս, Զերու՛ն, ես գնալու եմ, տան մեծը դու ես, մօրդ եւ

եղբայրներիդ լաւ նայիր, աշորան էլ կը հնձես եւ տանը կը պահես. միգուցէ դրա կարիքն ունենաք…»:
Հայրս արտասուեց, ես էլ սկսեցի լացել: Նրան չհարցրեցի, թէ ուր եւ ինչու է գնում, որովհետեւ ենթագիտակցօրէն զգում էինք աղէտը մօտենում է:
Մի քանի օրից Կիրակի էր, Սվազ (Սեբաստիա-«Ակունք»ի Խմբ.) աքսորուածների քարաւանում գտնուող հօրս ճանապարհելու համար գնացինք Սազին Բողազ: Եկաւ հրաժեշտի պահը, հայրս մէջքի գօտին հանեց, տուեց հօրաքրոջս, ապա ասաց. «Քո՛յր ջան, վերցրո՛ւ, կապի՛ր այս գօտին եւ երեխաներիս տիրութի՛ւն արա»:
Մի աշնանային օր մայրս ասաց, որ գնամ հօրաքրոջս տուն, դոյլը վերցնեմ եւ ջուր բերեմ: Բախտի բերմամբ տեսայ, որ հօրաքրոջս երկրորդ աղջկայ ամուսինը՝ Վարդեվար Չաքմաքչեանը, այնտեղ է թաքնւում: Նա, որպէս դասալիք, ընկերոջ՝ Պետրոս Շամմամեանի հետ միասին ապաստանել էր զօքանչի տանը: Երկուսին էլ ճանաչում էի. մեր թաղից էին: Նրանք ինձ յորդորեցին, որ ոչ ոքի չասեմ, որ իրենց տեսել եմ այնտեղ, որովհետեւ գտնելու դէպքում գնդակահարելու էին ե՛ւ իրենց, ե՛ւ տանտէրերին: Նոյն գիշեր երկուսն էլ միանգամից տեղափոխուեցին մեր տուն, քանի որ այն աւելի ընդարձակ էր: Հօրս փորած անցքերն ու փոսերը աւելի յարմար կարող էին լինել թաքնուելու համար: Մեր տանը երկար ժամանակ մնացին: Ես էլ նրանց համար անհրաժեշտ առարկաներ հայթայթողն էի:
Նոր տարուայ նախօրէին ոստիկանները մեր տան մօտակայքում ծխախոտի մաքսանենգների են հետեւելիս լինում: Թէեւ մաքսանենգներին բռնում են, սակայն ծխախոտը չեն գտնում, ուզում են հետախուզել շրջակայքի տները: Եւ քանի որ մեր տունն ամենամօտն էր, առանց թոյլտուութիւն հարցնելու դռնից ներս են մտնում: Մի բառ անգամ թուրքերէն չիմացող մայրս (գիւրիւնցիները իրար մէջ բացառապէս հայերէն են խօսում, մեծ մասը թուրքերէն մի բառ անգամ չգիտէր) քրոջս օրօրոցի վրայ կռացած նրան կերակրելիս է լինում: Ոստիկաններին տեսնելուն պէս մահու չափ վախենում է եւ կանչում հօրաքրոջս: Տանը նստած՝ լսեցինք մօրս ձայնը: Հօրաքոյրս, ով յայտնի էր որպէս բժիշկ, հեքիմ եւ

փորձառու ու քաջ կին, վազում է մեր տուն եւ սկսում գոռալ ոստիկանների վրայ, թէ ինչու են մտել անտէր ու անպաշտպան կնոջ տուն՝ առանց լուր տալու: Ոստիկանները հօրաքրոջս յայտնում են կատարուածի մասին եւ նրա ուղեկցութեամբ խուզարկում են տունը: Երկու դասալիքները քանի որ խոհանոցում էին, թաքստոց վերադառնալու հնարաւորութիւն չէին ունեցել եւ ատրճանակները ձեռքներին սպասելիս են եղել: Փառք Աստծոյ, ոստիկաններն այնտեղ չեն մտել:
Յաջորդ օրը մտածելով, որ իրավիճակը աւելի կը վատանայ, գիշերն իրենց ընտանիքներին հրաժեշտ տալով՝ թաքնուեցին «Ծով»ի հետեւի քարանձաւում: Կառավարութիւնը շրջափակեց շրջակայքը: Մէկ շաբաթ դիմադրելուց յետոյ, հաւատալով կառավարութեան ներում շնորհելու խոստմանը՝ յանձնուեցին: Մի քանի օր յետոյ բռնեցին Սվազի ճանապարհը: Չնայած տրուած խոստմանը՝ երկուսին էլ բոլորի հետ կախաղան բարձրացրեցին:
Անցան ամիսներ, որոնց ամէն մի օրը լի էր միւսից էլ աւելի վատ լուրերով եւ դէպքերով: Մի օր ոստիկանները թաղերը մտան երիտասարդ տղամարդկանց հաւաքելու համար: Նրանք չափահաս տղաներին յատուկ դաս տալու համար հաւաքեցին դպրոցի բակում:
Դպրոցում հաւաքելով 13-15 տարեկան երիտասարդների՝ մի քանի ոստիկանի ուղեկցութեամբ բոլորիս միասին տարան Շուղուլի Բողոքական դպրոց: Այնտեղ տեսանք Օրէնի, Շուղուլի վերին եւ ներքին թաղերի երեխաներին: Նրանց կողքին մենք էլ ծալապատիկ նստեցինք տախտակամածին: Երեկոյեան կողմ բարձրաստիճան մի պաշտօնեայ եկաւ, մի մասին եւ ինձ առանձնացնելով՝ հրամայեց տուն գնալ: Մենք՝ մի խումբ երիտասարդներ, առանց շուրջբոլորը նայելու՝ ճանապարհ ընկանք դէպի Օրէն:
Երբ հասանք մեր թաղամասի եկեղեցու մօտ, թէեւ բաւականին մութ էր, սակայն մեր թաղամասի բոլոր բնակիչները այնտեղ էին հաւաքուել: Վերադարձածներին ձեռքից ձեռք գցելով՝ սկսեցին համբուրել եւ լալ: Այս արցունքների պատճառը իրենց ամուսիններին, եղբայրներին եւ հայրերին կորցնելու ցա՞ւն էր, թէ մեր վերադարձի ուրախութիւնը:
Մեր վերադառնալուց յետոյ, մեզ հետ եկած միւս երիտասրադներին տարել են կառավարութեան շէնք եւ ձերբակալել: Դրանից յետոյ մի քանի օր շարունակ տարբեր խոստումներով եւ կտտանքների ենթարկելով՝ բանտարկուած երիտասարդներին կրօնափոխ լինելու առաջարկներ են արել: Երիտասարդներից ոմանք կրօնափոխ լինելու առաջարկը ընդունելով՝ ազատ են արձակուել: Երիտասարդներին ցոյց տալով իրենց ծանօթ հայերի իրերը՝ ասել են, որ նրանց բոլորին սպանել են, եւ եթէ իրենք իսլամ չընդունեն, նոյն ճակատագրին կ՛արժանանան:
1-2 շաբաթ երիտասարդներին կտտանքների ենթարկելուց յետոյ օրերից մի օր ասացին, թէ կրօնափոխ չեղած երիտասարդներին Օրէնի ստորին հատուածով Եօնջալըքի ճանապարհով շղթայակապ տարել են Ադանա՝ նահատակելու:

Դժնդակ եւ դժբախտ օրերը հետեւում էին մէկը միւսին: Մի օր էլ Սահսորի հայերի աքսորի լուրը եկաւ:
Վարդավառի տօնակատարութեան Կիրակի օրը ոստիկանները առաւօտ կանուխ եկան եւ մեզ՝ օրէնցիներիս, յայտնեցին աքսորի սեւ լուրը: Ամբողջութեամբ հայաբնակ վերին եւ ներքին թաղի բնակիչներին հաւաքեցին: Կէսօրին լաց ու կոծով ճամբայ ընկանք: Երեկոյեան կողմ, յոգնած եւ դժբախտ, գիշերեցինք բացօթեայ մի վայրում: Առաջին երեկոն էր, սկսուեց աքսորի կեանքը:
Յաջորդ առաւօտ նորից ճամբայ ընկանք, երրորդ օրը հեռուից նկատեցինք Էլբիստանը, որտեղ հասանք կէսօրից յետոյ: Ճամփի երկայնքով շարուած թուրքերը փորձեցին աղջիկ փախցնել, սակայն հօրաքոյրս՝ Վարդենը, ով ներկայիս

Հալէպի Սուլթան Դուդուի եւ Հավրանի գիւղերից մէկում աքսորի մէջ մահացաւ, եւ միւս տարեց կանայք քարաւանի երկու կողմով պատ հիւսեցին եւ այդպէս հասանք իջեւանատուն: Այնտեղ մեզ մի օր հանգստանալու իրաւունք տուեցին՝ հրահանգելով չլքել իջեւանատունը:
Մեզ Էլբիստանից տարան: Չեմ յիշում, թէ քանի օր ենք քայլել, սակայն մի գետ անցանք: Հրամայեցին, որ քարաւանը գետի ափին կանգնի: Բոլորն իրենց իրերը տեղաւորելուց յետոյ սկսեցին մի բուռ ձաւար կամ ապուր պատրաստել:
Թաւաների ջուրը դեռ նոր էր եռացել, հատիկեղէնը նոր էին աւելացրել, երբ ոստիկաններն իրենց մտրակներով ժողովրդին հրամայեցին գետի ափից վեր բաձրանալ: Նորից սկսուեց հեկեկոցն ու յապաղողների անողոք մտրակահարութիւնը: Ուտելիքը թափելով՝ դեռ նոր բացած պողչաները հաւաքեցինք եւ ճանապարհ ընկանք:
Կեղեքումն ու աքսորը՝ ողջ անխղճութեամբ եւ տառապանքներով, սկսեցին հարուածներ հասցնել մեզ: Յոգնածութիւնից ուժասպառ՝ դեռ նոր էր քուն իջել մեր աչքերին, երբ հեծկլտոց եւ աղաղակ բարձրացաւ: Քարաւանի ուղեկցորդ ոստիկանները երիտասարդ հարսներ ու աղջիկներ էին պահանջում: Ամէն մի մայր ու կին իր մինուճարին պահում էր սեփական փէշի տակ: Կարծես այդ լաթի կտորները անառիկ ամրոց էին դարձել: Շուրջբոլորը տարածուել էր ոստիկանների պահանջած երիտասարդ աղջիկների եւ հարսների սրտակեղեք ճիչերն ու նրանց մայրերի անէծքները:
Յաջորդ առաւօտ կրկին ճանապարհ ընկանք: Ժողովուրդն ամբողջութեամբ յուսալքուած էր, չնայած աներեւակայելի վախին՝ առաջ էինք գնում: Այլեւս սիրտ չունէինք յիշելու նախորդ գիշեր տեղի ունեցածը: Ամէն մի նոր օր նախորդից աւելի սարսափելի էր. օրուայ մէջ մի քանի անգամ կողոպուտ, մահեր եւ հրէշաւոր գործողութիւններ:
Աքսուի ափը՝ Գիւրիւնի կողմից, երկու օր շարունակ մեզ համար դարձաւ նախկինից էլ աւելի սարսափելի իջեւանատուն: Օրը ցերեկով երեխայ եւ աղջիկ առեւանգելը, գողութիւնն ու ծեծն անպակաս էին: Երբ երկու անօթով գնացի գետ՝ ջուր բերելու, վերադառնալիս երկու թուրք յարձակուեց, մէկը գողացաւ ուսիս լաչակը, միւսն էլ՝ ձեռքիս մետաղեայ դոյլերը: Տարեց կանայք քաջութեամբ այս անգամ եւս պահապան հրեշտակի դեր կատարեցին:
Երբ անցանք գետի միւս կողմը, հրամայեցին, որ մեր իրերը ափից բաւական հեռու դնենք եւ հանգստանանք, սակայն այդ գործողութիւնը դեռեւս չաւարտած, կրկին հրամայեցին հաւաքել իրերն ու ճանապարհ ընկնել: Քարաւանը՝ անյոյս եւ ուժասպառ, ճանապարհ ընկաւ: Տեղաւորուեցինք մեր կանգ առած վայրից 1-2 ժամ հեռաւորութեան վրայ գտնուող բլրի լանջին:
Երկու օր հանգստանալուց յետոյ կրկին ճանապարհ ընկանք, սակայն այս անգամ մեզ ուղեկցող ոստիկանները փոխուել էին. մեզ հետ էր սերժանտ Զաքարեան: Կտրելով մէկ ժամանոց ճանապարհ՝ անցանք երկու լանջերը վայրի ծառերով ծածկուած հովտի միջով: Արդէն բոլորին համակել էր վախը. միմեանց վհատ հայեացքով նայելու քաջութիւնն էր մնացել միայն: Ամէն օր մի քանի անգամ մանր-մունր կողոպուտի եւ յարձակումների ենթարկուելով՝ քայլեցինք օրեր շարունակ:
Այնթապ հասնելու նախորդ օրն անցանք մարգագետնի միջով, որի արեւելեան յատուածը նօսր անտառածածկ էր, իսկ արեւմուտքում՝ քարանձաւ էր: Երկու կողմից սկսեցին կրակել, սերժանտ Զաքարեանն ի՞նչ կարող էր անել: Սակայն չյուսալքուեց, շրջուելով արեւմուտք՝ սպառնալից ձայնով ասաց. «Հէ՜յ, ինձ սերժանտ Զաքարեա են ասում, Աստուած վկայ, էս ժողովրդին այստեղ կը թողեմ, կը գնամ Այնթապից յաւելեալ զօրք կը բերեմ ու վաղուայ Քուրբան բայրամը գլխներիդ յարամ կ՛անեմ: Ձեզ՝ դասալիքներիդ, վաղը Այնթապի հրապարակում կախել եմ տալու»:
Քարանձաւից եկող ձայնը սկսեց կրակել անմիջապէս՝ պատասխանելով. «Եղբա՛յր, մենք դիմացի բաշիբոզուկների վրայ ենք կրակ բացում»: Իսկ Զաքարեան, օգտուելով առիթից, ատրճանակն ուղղեց անտառի կողմը եւ կրակեց: «Մա՜մ ջան» գոռացող մէկը ծառից ցած ընկաւ: Սակայն աւազակներն արդէն խառնուել էին ժողովրդին եւ յափշտակում էին՝ ինչ պատահի: Այս ու այն կողմ շարունակաբար կրակոցներ էին հնչում: Սակայն Զաքարեան յուսալքուող մարդկանցից չէր: Ձի հեծած, մի ձեռքին ատրճանակ, միւսին մտրակ՝ սկսեց ցրել աւազակներին: Ըստ էութեան, կէս ժամ անց գառներն ու գայլերն իրարից զատուել էին: Նրանք շնորհակալ էին, որ քիչ թէ շատ աւար են ձեռք բերել, մենք էլ՝ կոտորածից էինք փրկուել: Ճանապարհը շարունակեցինք ուղիղ Այնթապ եւ նոյն երեկոյ հասանք գետի հիւսիսային հատուած: Վարդավառի տօնակատարութեան Կիրակի օրը Գիւրիւնից ճանապարհ ընկանք, Քուրբան բայրամին հասանք Այնթապ:

Երբ հասանք Այնթապ, այնտեղ դեռ հայեր կային, նրանք մեզ ուտելիք տուեցին, իսկ նրանց, ովքեր ցնցոտիների մէջ էին, հագուստով ապահովեցին: Կիրակի էր, թէեւ մեզ արգելել էին քաղաք մտնել, սակայն տարեկիցներիցս մի քանի հոգու հետ գետն անցանք եւ եկեղեցին գտանք: Այնթապում հանգստանալուց յետոյ մի օր, կրկին բռնեցինք «տառապանքներ»ի ուղին, երեկոյեան հասանք Քիլիս: Այստեղ թոյլ տուեցին իջեւանատանը գիշերել: Յաջորդ առաւօտ կրկին ճանապարհ ընկանք: Առաջին անգամ գնացք էինք տեսնելու: Տեսանք, թէ հեռուից ինչպէս է կայծեր արձակում օձի պէս ձգուող երկաթգիծը: Վերջապէս հասանք Քաթմա կայարան:
Քաթմա՝ առաջին քուրայ, որտեղ հաւաքեցին հայերին… Սա ազգային խաչի շրջա՞ն է: Այնտեղ հոծ բազմութեամբ հաւաքուել էին հայերը: Երկրի տարբեր հատուածներից այնտեղ էին եկել ադանացիներ, կեսարացիներ, քոնիացիներ, մերսինցիներ եւ նոյնիսկ մի քանի օր առաջ մեզ կերակուր եւ հագուստ տուած այնթապցիներ: Քաթման՝ իր կարմրահողով, դարձաւ հայերի առաջին եղբայրական գերեզմանը: Այնտեղ տասնեակ մարդ էր մահանում ամէն օր: Ոչ ջուր կար, ոչ ստուեր. շուրջբոլորը կարմրահող էր, խմելու ջուր բերելու համար անհրաժեշտ էր բերել կայարանից կէս ժամուայ հեռաւորութեան վրայ գտնուող գիւղից: Այնտեղ էլ անհրաժեշտ էր երկար սպասել, որպէսզի հերթը մեզ հասնէր, եւ ջրհորից ջուր հանէինք:
Մեր երկու աւանակը հօրաքրոջս աւանակի հետ միասին վաճառեցինք մի մզկիթի: Մինչդեռ այդ աւանակների համար «մեր ընտանիքի բարեկամ» թուրքերին մի շարք տան իրեր էինք տուել:
Մօտ 15 օր Քաթմայում մնալուց յետոյ մեզ գնացք նստեցրեցին, եւ առաւօտեան երբ աչքներս բացեցինք, Հալէպում էինք: Երբ գնացքի կարիքները հոգացին, այն շարժուեց առաջ: Երեկոյեան կողմ հասանք Ռայեաք, որտեղ փոխեցինք գնացքն ու շարունակեցինք մեր ճամբան դէպի Դամասկոս: Գիւրիւնից Քաթմա մեր կրած տառապանքները, դժուարութիւնները գրեթէ մոռանում էինք, կարծես մեր դժբախտ դէմքերը կեանք վերադարձած մարդկանց դէմքի արտայայտութիւն էր տանում: Արեւի առաջին ճառագայթները մեզ դիմաւորեցին Դամասկոսի կայարանում, որտեղ «խղճով» Օսմանեան կառավարութիւնը իւրաքանչիւրիս ութական հաց բաժանելով՝ մեզ ճանապարհ դրեց: Կարծես թէ ցանկանում էինք մոռանալ լեռան լանջերով, հովիտների միջով կիսաբոբիկ եւ ցնցոտիների մէջ, կիզիչ արեւի տակ յուսալքուած եւ վախուորած մեր երկար ճանապարհորդութիւնը, որի ընթացքում ենթարկուել էինք թուրք եւ քուրդ դահիճների բռնութիւններին:
Գնացքը հասաւ Դրայա, որտեղ էլ մեզ բեռնաթափեց: Հասել էինք Հավրանի սահման: Փռուեցինք կայարանի առջեւ տարածուող մարգագետնի վրայ: Ըստ էութեան, մեզանից առաջ բազմաթիւ մարդիկ էին եկել այդտեղ, մեծ մասն էլ ազգակիցներին գտնելու համար էր գալու: Այդ ընթացքում Դեր Զօր ուղարկուած եղբայրները սպանւում էին թուրքական կանոնաւոր բանակի սուինների, չեչեն, չերքեզ, քուրդ, թուրք եւ տեղացի ժողովրդի փամփուշտների, սրերի եւ մահակների հարուածներից:
Մեզ համար արաբական հողերում նոր կեանք էր սկսւում: Տարատեսակ դժուարութիւններ տեսանք, սակայն զանգուածային կոտորածների սարսափը չկար: Աղքատ էինք. արդէն մեզ կողոպտող աւազակներ չկային: