ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Ի պատասխան Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու փորձերին, գիտական լուրջ ուսումնասիրութիւններից եւ յօդուածներից բացի եւ դրանց շարքին, պէտք է ստեղծել նաեւ

լրացուցիչ այլ միջոցներ՝ հակազդելու համար հակահայկական քարոզչութեանը, իսկ այն պէտք է իրագործել համընդհանուր ջանքերով: Ընտանեկան հին ալբոմը տան ամենասիրելի իրերից է: Երբեմն չենք անդրադառնում, թէ որքան արժէքաւոր տեղեկութիւններ են դրանք պարունակում, մանաւանդ հին, հարիւրամեայ հնութիւն ունեցող լուսանկարները, որոնց յետեւում արուած են որեւէ պատմական իրադարձութիւնը հաստատող արձանագրութիւններ: Այդ լուսանկարներից իւրաքանչիւրի հետ մի պատմութիւն է կապուած. դա մեր անցեալն է՝ մեր պատմութիւնը:
Հայկական Ցեղասպանութեան վերապրողներից մէկն էլ իմ հայրն է եղել, ով փրկուել է եւ որպէս որդեգիր՝ ապաստան գտել թուրք ընտանիքում, ապա զգալով, որ, այնուամենայնիւ, վտանգաւոր է այդտեղ մնալը, իր թուրք «մօր» խորհրդով փախել է եւ շատերի նման՝ ապաստան գտել հիւրընկալ Հալէպում, ուր ապրել է աւելի քան մէկ տասնամեակ: Ինչպէս յաճախ պատմում էր մայրս, իր ազգականների հանդէպ տածած սիրուց, հայրս նրանց նկարները պահպանել է մեծ խնամքով եւ գաղթի ու փախուստի վտանգաւոր պայմաններում կարողացել է անվնաս կերպով հասցնել մինչեւ Ռումանիա եւ ապա՝ Հայաստան: Այս փաստը վկայում է նաեւ անցեալում հայ ընտանիքներում գոյութիւն ունեցող ազգակցական սերտ կապերի մասին:
Հօրս խօսքերը վերյիշելով, մայրս պատմում էր, որ նա յատկապէս շատ կապուած է եղել իր երկու հօրեղբայրների՝ Սարգսի եւ Կարապետի հետ, որոնք ճանաչուած են եղել Տիգրանակերտում որպէս յայտնի զինագործներ: Առաջինը նրանց են տարել սպանելու: Շատերի նման, հայրս նոյնպէս տեղահանութեան եւ կոտորածի մասին որոշ լռութիւն է պահպանել, հաւանաբար՝ տառապանքի ուժգնութիւնից ու սարսափից դժուարանալով խօսել այդ մասին: Բայց եւ այնպէս, որպէս հայ ժողովրդին վիճակուած մեծագոյն ողբերգութիւնը հաստատող փաստ, չի զլացել նկարի յետեւում արձանագրելու հետեւեալը. «Երկու հարազատ եղբայրներ Սարգիս եւ Կարապետ Գուշերեան, «Հայնի» տիգրանակերտցի, որ շատերուն հետ ինկան հայ արիւնօտ ճանապարհի մէջ (1915)ին: Յիշեալ հօրեղբայրներուս լուսանկարները մեծցնել տուի իրենց յիշատակը վառ պահելու համար: Յարգանք անոնց յիշատակին»: Ապա, շարունակելով արձանագրութիւնը, նկարի միւս անկիւնում աւելացրել է հետեւեալ փաստը. «Երկու հօրեղբայրներս սպանուեցան թուրք դաւադիր թշնամուն կողմէն Տիգրանակերտէն մի քանի ժամ հեռաւորութեամբ (այստեղ անընթեռնելի է տեղանունը)ի դիմացը, շատերուն հետ անոնց դիակները վառեցին»: Այս եւս, Ցեղասպանութիւնը վկայող մի փաստաթուղթ է:
Նկարներից մէկում պատկերուած երիտասարդուհին Վիկտորիան է՝ հօրս զարմուհին, որին թուրքերը ուզել են առեւանգել: Նրան յաջողուել է փախչել, բայց վախի ու սարսափի հետեւանքով, շուտով մահացել է թոքախտից: Նա ընդամէնը քսաներեք տարեկան էր: Եղեռնը շարունակուել է նաեւ յետագայում, եւ մինչեւ այսօր, իր կնիքը թողնելով վերապրողների հոգեբանութեան, նրանց կեանքի յետագայ ընթացքի վրայ: Արհաւիրքի այդ օրերից մէկ այլ օրինակ, որ անձամբ լսել ենք մի վերապրողից, ով վիշտը հոգում պատմում էր, թէ ինչպէս ինքը, մի արաբ մարդու կողմից ազատուելով, դառնում է նրա կինը, ունենում է երկու որդի: Սակայն, փախչելու գաղափարը երբեք չի լքում նրան: Եւ մի գիշեր, իր երեխաներին կերակրելուց յետոյ, համբուրում է նրանց եւ արցունքն աչքերին, իր ճակատագիրը կիսող քրոջ հետ միասին, նախօրօք կատարուած պայմանաւորուածութեամբ՝ փախչում են, իրենց յետեւում թողնելով երեխաներին. անդարմանելի վիշտ է սա, որն ուղեկցում է կրողին՝ իր ողջ կեանքի ընթացքում:
Թուրք ջարդարարների դաժանութիւնների մասին են պատմում վերապրողների վկայութիւնները: Նրանցից մէկն էր եւ իմ մեծ մայրը, որ պատմում էր, թէ ինչ զարհուրելի մահ էր վիճակուել իր զարմուհուն, որին թուրք զինեալները բռնելով ստիպել են ասել իր ամուսնու պահուած տեղը, բայց նա մերժել է որեւէ տեղեկութիւն հաղորդել. թուրքերը նրան նետել են հացի շիկացած փուռը: Մարդկային երեւակայութիւնից դուրս են հայ ժողովրդի կրած տանջանքները, որոնց մասին ինչքան էլ գրուի եւ խօսուի, չի կարող ամբողջական լինել, որովհետեւ ով պիտի պատմի կամ յիշի անհետ կորածներին, որոնց մասին ոչ մի գրաւոր կամ բանաւոր տեղեկութիւն չի մնացել. դրանք պատմութեան չգրուած էջերն են՝ սպիտակ էջերը:
Օգտաշատ գործ կը լինի, որ մեր ընտանիքներում պահպանուած այն հնատիպ լուսանկարները, որ պատմական որեւէ փաստի վկայութիւն են, հաւաքագրուեն եւ առանձնաբար ամփոփուեն մի գրքի մէջ՝ որպէս ալբոմ-յուշագիրք: Այս աշխատանքը կարեւոր տեղ ունի փաստահաւաքի աշխատանքներում եւ անհրաժեշտ է, որ այն տարուի միւս գործերին զուգընթաց: Հարկ է նշել, որ սա նոյնպէս Հայ Դատի աշխատանք է եւ կարեւոր է մեր պատմութեան համար: Լուսանկարները կարող են կորչել կամ ոչնչացուել, բայց գրքի ձեւով դրանք կը պահպանուեն արխիւներում, որպէս Հայոց Ցեղասպանութիւնը հաստատող վկայագրեր: