Այսու մեր համայնքի յարգելի ժողովրդին յայտնում ենք, որ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը թուականիս Փետրուարի 27ից Մարտի 3ը իր հնգօրեայ նիստերը անցկացրեց՝ նախագահութեամբ թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի, որոնց ընթացքում լսելով շրջանաւարտ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշուեքննիչ մարմնի քսան ամիսների աշխատանքային տեղեկագրերը ու լսելով դրանցից բխած հարցումների պատասխանները՝ իր ըստ էութեան քննարկումների արդիւնքում՝ համապատասխան բանաձեւերը հաստատեց պատկան խորհուրդների ու մարմնի ծաւալած աշխատանքների շուրջ, որտեղ մանրամասնօրէն բնութագրուած են տարուած աշխատանքների դրական ու բացասական կողմերը, ձեռքբերումներն ու բացթողումները:
Համայնքիս սիրելի ժողովուրդը հաստատուած բանաձեւերի ամբողջական բովանդակութեանը կարող է տեղեկանալ՝ այցելելով ազգային առաջնորդարանի պաշտօնական կայքը (www.tehranprelacy.com), որտեղ դրանք տեղադրուած են՝ առ ի գիտութիւն հանրութեան:
Յիշեալ նիստերի աւարտին գործադիր մարմինների համար ընդհանրական թեկնածուների ցանկի պատրաստ չլինելու պատճառով՝ չիրականացաւ նոր մարմինների ընտրութիւնը, հետեւաբար՝ ժողովս ընտրական օրակարգը յետաձգելով Ապրիլի 15-20ի ժամանակաշրջանի՝ շրջանաւարտ մարմիններին յանձնարարեց Պատգամաւորական ժողովի հայեցողութեամբ աշխատանքները շարունակել մինչեւ նոր մարմինների ընտրութիւնները:
Շուրջ քառասուն օր դադարից յետոյ, թուականիս Ապրիլի 17ին Պատգամաւորական ժողովն իր 8րդ նիստը գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի:
Ժողովը լսելով շրջանաւարտ մարմինների քառասուն յաւելեալ օրերի աշխատանքային տեղեկագրերը՝ իր հարցումները տուեց ու տեսակէտները յայտնեց դրանց ուղղութեամբ: Ատենապետ Գէորգ Վարդանը ժողովականների կողմից շնորհակալութիւն յայտնեց նրանց՝ անցած երկու տարիների ընթացքում ծաւալած ազգանուէր ու անմնացորդ գործունէութեան համար, եւ բարեմաղթեց ամենայն բարիք՝ նրանց անձնական ու համայնքային կեանքի բոլոր ասպարէզներում: Մաղթանքներից ու հրաժեշտի խօսքից յետոյ՝ Թեմական խորհուրդն ու Հաշուեքննիչ մարմինը ներկաների բուռն ծափողջոյնների ընկերակցութեամբ թողեցին ժողովը:
Պատգամաւորներն օրակարգի միւս բաժնում ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրուած տկն. Սէյէդիի ներկայութեամբ անցան Կրօնական, Թեմական խուրհուրդների եւ ապա Հաշուեքննիչ մարմնի ընտրութիւններին, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմիս բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրուեցին հետեւեալ անձնակազմերով.
Կրօնական խորհուրդ՝ Վարազդատ Ա. քհնյ. Տէրտէրեան, Արսէն քհնյ. Աւետեան, Վազգէն քհնյ. Շմաւոնեան, Մաշտոց քհնյ. Խաչատրեան, Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան, Կոմիտաս քհնյ. Ղարախանեան, Սահակ քհնյ. Խոսրովեան.
Թեմական խորհուրդ՝ Արա Շահնազարեան, Արշաւիր Քեշիշեան, Երուանդ Իսմայիլեան, Էդուարդ Բաբախանեան, Թադէ Յարթուն Քեշիշ, Հարմիկ Զովելեան, Մարտիկ Միրզայեան, Ռաֆիկ Գալստեան, Ռաֆիկ Մելիքսէթեան, Ռուբէն Շահուերդեան, Վարդան Բաբախանեան.
Անձնափոխանորդներ՝ հերթականութեամբ՝ Եփրեմ Անտոնեան, Բաբգէն Քեշիշ, Արմէն Ալլահվերդեան.
Հաշուեքննիչ մարմին՝ Ռուզան Մարգարեան, Արին Խոսրովեան, Գրիշ Մանուկեան, Հայդուկ Մուրադխանեան, Հարմա Եադգարեան, Մայիս Աբրահամեան, Ռոմել Եարութիւնեան, Ռուբիկ Բալալեան, Սերոժ Համբարձումեան:
Ընտրութիւնների աւարտին Գէորգ Վարդանը շնորհակալութիւն յայտնեց ներքին գործոց նախարարութեան (ՆԳՆ) ներկայացուցչին՝ նրա ներկայութեան համար, եւ ասաց. «Իրանահայութիւնը հազարամեակների ներկայութեան շրջանում ամէնուրեք իր դրական ներկայութիւնն է դրոշմել Իրանի պատմութեան էջերում: Յոյս ունենք, որ նորընտիր մարմինները պետական կառոյցների հովանաւորութեամբ յաջողեն իրենց բոլորանուէր աշխատանքով սատարել մասնաւորապէս իրանահայ համայնքի եւ ընդհանրապէս Իրանի սիրասուն ընտանիքի անխախտ վերելքին, կայուն բարգաւաճման ու հողային ամբողջականութեան պահպանմանը»: Պատասխան բարեմաղթանքի խօսքից յետոյ ժողովը թողեց ՆԳՆի ներկայացուցիչը՝ հաստատուած համարելով իրականացուած ընտրութիւնները:
Ժողովն իր օրակարգի վերջին բաժնում ի նկատի ունենալով Ազգային ժողովի գումարման մօտալուտ թուականը՝ զբաղուեց թեմիս կողմից յիշեալ ժողովին մասնակցող ներկայացուցիչների ընտրութեամբ, որից առաջ առաջնորդ սրբազան հօրը խնդրեց բացատրութիւններ տալ Ազգային ժողովի օրակարգի բաժինների եւ ընդհանրապէս կարգի մասին: Սրբազան հօր բացատրութիւններից յետոյ ժողովն անցաւ ընտրական գործընթացին եւ դրա արդիւնքում հետեւեալ տասը ազգայինները ընտրուեցին որպէս թեմիս ներկայացուցիչներ՝ մասնակցելու Մայիս ամսում Անթիլիասում կայանալիք ժողովին՝ Գէորգ Վարդան, Ժոզէֆ Մեհրաբեան, Շաքէ Աւետեան, Էդուարդ Բաբախանեան, Արմէնուշ Առաքելեան, Գեւիկ Մկրտչեան, Ռաֆիկ Գալստեան, Սեդա Թարուերդեան, Ռուբիկ Կարապետեան, Արմէն Հայրապետեան:
Պատգամաւորական ժողովը մէկ անգամ եւս շնորհաւորելով ընտրուած սիրելի ազգայիններին՝ ուժ ու կորով է մաղթում նրանց ստանձնած պարտականութիւններն ու վստահուած ձայները լիարժէք արդարացնելու գործընթացում եւ մեր համայնքի սիրասուն ժողովրդին կոչ է անում ինչպէս միշտ, իր զգօն ու ազդեցիկ ներկայութեամբ սատարել նորընտիր մարմիններին ու նրանց ազգօգուտ աշխատանքների իրականացմանը:
Յաջողութիւն բոլորիս:
Յարգանօք՝
ԴԻՒԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ