ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Ազատագրուած Քարվաճառի շրջանի Նոր Վերինշէն գիւղին մէջ կ՛ապրի Մարգարեաններու բազմանդամ ընտանիքը: Նոր Վերինշէնի դպրոցի տնօրէն Շահէն Մարգարեանը 13 երեխայ ունի՝ 9 որդի եւ 4 դուստր՝ Արմանը, Արմինէն, Լիւդուիգը, Արեգը, Նարեկը, Մարգարիտը, Փառանձեմը, Նորայրը, Վահէն, Վահանը, Վարդանը, Հերմինէն եւ Դաւիթը:
Շահէն Մարգարեան Քարվաճառ տեղափոխուած է 1996ին, Հայաստանի Մարտունիի շրջանի Վաղաշէն գիւղէն, երբ տակաւին 6 երեխայ ունէր: «Նիուզ»ի թղթակիցին հետ ունեցած զրոյցին ընթացքին Շահէն Մարգարեան պատմած է. «Այդ նեղ տարիներին Հայաստանում վեց երեխայ էի պահում: Աշխատում էին դպրոցում, 7 հազար դրամ փող էի ստանում, այդ վեց երեխաներին էլ պահում էի»: Պատասխանելով այն հարցումին, թէ ինչպէս որոշեց տեղափոխուիլ Քարվաճառի շրջան՝ Շահէն Մարգարեան յայտնած է. «Հայերի խասեաթն է, չէ՞, աւանդական ընտանիքներում տունը փոքրինն է, մեծերը պէտք է տանից դուրս գան: Տունը թողեցի կրտսեր եղբայրներիս, ընտանիքով ուզում էի տեղափոխուել Լեռնային Ղարաբաղ: Այն ժամանակ այս շրջանի մասին խօսք չկար, յետոյ եկայ, տեսայ, տղերքն ասեցին, որ արդէն տներ են կառուցում, որոշեցինք գալ այստեղ: Կինս էլ Խանլարի շրջանից է, բնութիւնը մեր դուրը եկաւ, եւ տեղափոխուեցինք այստեղ: Մնացած եօթ երեխաներս այստեղ են ծնուել»:
Շահէն Մարգարեանի աւագ որդին՝ Արմանը մէկ տարի առաջ զօրացրուած է բանակէն: «Մէկ տարի է՝ վերադարձել է, արդէն համալսարանի երկրորդ կուրսում է սովորում, դուստրս անգլերէն բաժնի երրորդ կուրսն է վերջացնում, մի տղաս ագրարային քոլէջում է սովորում: Փոքրս այս տարի դառնում է երկու տարեկան», հպարտութեամբ նշած է բազմազաւակ հայրը:
«Եթէ ես չեմ կարողացել իմ ուժերով կռուին մասնակցել կամ ինչ որ բանով օգնել, ես էլ ճիշդ համարեցի, որ կարելի է իրենց փոխարինողներ ունենալ: 9 տղայ, 9 սահմանապահներ ունենք: Իրենք էլ, երեւի, հայրիկին կը նմանուեն, այդքան տղայ էլ իրենք կ՛ունենան», հպարտութեամբ յայտնած է Շահէն Մարգարեանը:
Պատասխանելով այն հարցումին, որ կինը արդեօք դժգոհ չէ՞ 13 երեխաներու առկայութենէն՝ Շահէն Մարգարեան նշած է. «Դէ դժգոհելը դժգոհում է, եթէ մանկավարժական կրթութիւն ունենար, երեխաների հետ լեզու կը գտնէր, չէր ջղայնանայ, բայց երեխաների ամէն մի քայլը իր վրայ ազդում է», դիտել տուած է Նոր Վերինշէնի դպրոցին տնօրէնը:
«13 եւ վե՞րջ» հարցումին ի պատասխան՝ ան նշած է. «Ու վերջ: Արդէն թոռներին պիտի սպասենք»։
«Նիուզ»ի թղթակիցը զրուցած է նաեւ Շահէն Մարգարեանի կրտսեր չորս որդիներուն հետ: Պատասխանելով այն հարցումին, թէ ինչով կը զբաղին գիւղին մէջ՝ 6ամեայ Վարդանը ըսած է. «Խաղում ենք, կենդանիներին ենք պահում՝ կով, ոչխար, ձի, խոզ, հաւ»: Վարդանը պիտի մեծնայ եւ «կովբուժ» (անասնաբոյժ) դառնայ, իսկ ամենասիրած կենդանին ձին է:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.