ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Պրոֆեսոր Լեւոն Մարաշլեանն արդի սփիւռքահայ այն պատմաբաններից է, ում համար հայոց պատմութեան անցեալն ու ներկան եւ ազգի ճակատագիրը նրա սեփական կենսագրութեան ու առօրեայի անքակտելի մասն են: 1980 թուականից Գլենդելի Հանրային քոլեջում, այնուհետեւ՝ նաեւ Կալիֆորնիայի լաւագոյն համալսարաններում, Մարաշլեանը հայոց պատմութեան ծաւալուն էջերը իւրովի ներկայացնելով՝ հազարաւոր հայ պատանիների ու երիտասարդների փոխանցել է ազգային արժէքները՝ անցեալը, ներկան, եւ ուղղորդել՝ դէպի ազգայինով լի ապագայ: Կրթելը՝ Լեւոն Մարաշլեանի մասնագիտական գործունէութեան մի մասն է սակայն. Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, Արցախի հարցի միջազգային արծարծումը, Սփիւռքի ու Հայաստանի յարաբերութիւնների զարգացումը, մշտապէս, քաղաքագէտ-պատմաբանի աշխատանքային օրակարգում են: «Ասպարէզ»ի էջերում Լեւոն Մարաշլեանն անկեղծանում է, որ իր մուտքը «Հայկական աշխարհ» ճակատագրական զուգադիպութիւնների մի շղթայ է, որոնց մասին նա ժպիտով պատմում է. «Ընտանիքս Միացեալ Նահանգներ տեղափոխուեց 1956 թուականին, երբ 8 տարեկան էի: Պատանեկութեան ու երիտասարդ տարիներս անցել են Չիկագոյում, որտեղ բացի իմ ազգականներից այլ հայեր գրեթէ չկային, եւ հայերէն խօսում էի միայն տանը», յիշում է Մարաշլեանը: Տարուած լինելով մեքենաներով, նա աշխատում է որպէս աւտոմեխանիկ, եւ թերեւս այդպէս էլ կը շարունակէր իր գործունէութիւնը, եթէ չմեկնէր բանակ, որտեղից նրան ուղարկում են մասնակցելու Վիետնամի պատերազմին: Մէկ տարի անց, երբ Լեւոն Մարաշլեանը վերադառնում է, նրան առաջարկում են ծառայութիւնից վաղժամկէտ ազատում, եթէ ընդունի յաճախել քոլեջ: «Պատերազմին մասնակցելու ընթացքում շատ ճշմարտութիւններ բացայայտեցի ինձ համար. հասկացայ, թէ որքան անարդար, անիմաստ պատերազմ էր: Վերադառնալուց յետոյ, ամէն ինչ կեղծ ու շինծու էր թւում: Ծառայութիւնս աւարտելու համար դեռ վեց ամիս ժամանակ ունէի, եւ իննսուն օրով այդ ժամանակահատուածը կրճատելու համար որոշեցի ընդունել ինձ արուած առաջարկը եւ դիմեցի քոլեջ, թէեւ մինչ այդ նման մտադրութիւն չէի ունեցել», յիշում է Մարաշլեանը: Պատմութեան եւ քաղաքագիտութեան դասերն առաւել են հետաքրքրում պատերազմի բովով անցած երիտասարդ Մարաշլեանին, եւ նա որոշում է շարունակել ուսումը Իլինոյի համալսարանում:
Ամերիկեան միջավայրում մեծացած եւ կրթուած Մարաշլեանը հայկական իրականութեան հետ գրեթէ ոչ մի կապ չունէր, սակայն, «Աստծոյ ճանապարհներն անքննելի են»…: Լեւոն Մարաշլեանին արուած յաջորդ առաջարկը վերջնականապէս կանխորոշում է նրա ապագան՝ որպէս հայ պատմաբանի: «Աւարտական (դիպլոմային) աշխատանքս որոշել էի գրել Ֆրանսիական յեղափոխութեան մասին, սակայն Ֆրանսիայի գծով մասնագէտ դասախօսս ինձ գործարք առաջարկեց՝ գրել Հայկական հարցի մասին, ինչի դէպքում բարձր գնահատականն էլ էր ապահովուած, քանզի, ինչպէս պրոֆեսորս խոստովանեց, ընդհանուր առմամբ անտեղեակ էր հայկական հարցերից: «Ես ընդունեցի գործարքը եւ սկսեցի հայկական թեմայով ուսումնասիրութիւններս», ժպիտով յիշում է Մարաշլեանը: Արդիւնքում՝ Շիկագոյի համալսարանում առաջին անգամ ներկայացւում է Հայկական հարցը, խօսւում է Հայոց Ցեղասպանութեան մասին: «Աշխատանքս արժանացաւ բարձր գնահատականի, միաժամանակ, դառնալով իմ նոր ուղու սկիզբը: Արդի Հայոց պատմութեան ամենալաւ ծրագիրը UCLA-ում էր եւ ես 1976 թուականին տեղափոխուեցի Կալիֆորնիա՝ ուսումս շարունակելու եւ ստացայ Մագիստրոսի եւ Դոկտորի աստիճաններ:
Լեւոն Մարաշլեանի մասնագիտական գործունէութեան յաջորդ փուլը ճակատագրի հերթական յուշումն է լինում: «Պատրաստւում էի գրել աւարտական թեզս, երբ Գլենդելի Հանրային քոլեջում ինձ աշխատանք առաջարկեցին: Երկար էի մտածում այդ աշխատանքը ստանձնելու մասին, սակայն ընկերներիս խորհրդով, համաձայնուեցի, ինչն էլ երկարաձգեց թեզիս պատրաստումը, եւ միայն 12 տարի անց ինձ յաջողուեց գրել այն», պատմում է պրոֆեսորը: Ամերիկեան կրթական այս հաստատութիւնում նա ստեղծում է նոր դասընթաց՝ «Հայկական Սփիւռք», միաժամանակ փաստագրելով եւ անմիջական մասնակցութիւն ունենալով նաեւ Ամերիկայի հայ համայնքի ժամանակակից պատմութեան կերտման գործում: Քոլեջում Մարաշլեանը դասաւանդում է նաեւ Հայոց պատմութիւն, Ամերիկայի պատմութիւն եւ քաղաքականութիւն, Ռուսաստանի եւ Միջին Արեւելքի պատմութիւն առարկաները: Միաժամանակ, պրոֆեսոր Մարաշլեանը, Հայոց պատմութեան դասախօսութիւններով հանդէս է գալիս UCLA-ում, «Վելի» քոլեջում, եւ UC Irvine-ում՝ 4 տարի դասաւանդելով «Ժամանակակից հայոց պատմութիւն»: 1999 թուականին «Հայաստանի եւ Սփիւռքի այժմէական հարցեր» թեմայով դասընթաց է ստեղծում նաեւ Northridge համալսարանում: Լեւոն Մարաշլեանի համոզմամբ, Հայոց պատմութեան նկատմամբ հետաքրքրութիւնն, օրինակ, հանրային քոլեջում տարիների ընթացքում նուազել է. «80ականներին, երբ քոլեջում հայ ուսանողների թիւը 700 էր, հայոց պատմութեան դասին այցելող հայ ուսանողների թիւը միջինում՝ 40 էր: Այսօր, երբ հայ ուսանողների թիւը 5000 է, հայոց պատմութեան առարկայով հետաքրքրուողների թիւը գրեթէ նոյնն է», նշում է Մարաշլեանը: Չնայած այս հանգամանքին, հայ ուսանողները ոգեւորութեամբ են յաճախում քոլեջի Հայոց պատմութեան եւ Սփիւռքի դասընթացներին. դրանք տարբերւում են թեմայի բազմակողմանի մատուցմամբ, նոր մեթոդների կիրառմամբ: Լեւոն Մարաշլեանի՝ քոլեջում գտնուող աշխատասենեակի հիմնական մասը զբաղեցնում է պատմական տարբեր ժամանակահատուածներ ու իրադարձութիւններ ներկայացնող տեսանիւթերի ու ֆիլմերի հսկայական բացառիկ արխիւը, որ 1980ականներից Մարաշլեանն անձամբ է հաւաքել. «Դասախօսութիւններս համեմուած են երեսուն տարուց աւելի միջազգային տարբեր լրատուամիջոցներից՝ իմ դասաւանդած թեմաներին առնչուող տեսանիւթերով, պարբերականներից ընթերցումներով, որ ուսանողների համար աւելի առարկայական է դարձնում տուեալ թեման», իր մեթոդաբանութիւնն է ներկայացնում պրոֆեսորը: Մարաշլեանի արխիւը, որ ժամանակակից պատմութեան մի ողջ շրջան է ընդգրկում՝ կարող է դառնալ նաեւ իւրատեսակ տեսահանրագիտարան: Դրանք նաեւ ուղեկցւում են անմիջական ականատեսի մեկնաբանութիւններով. «1988թ.ին, երբ սկիզբ էր առնում Արցախեան շարժումը, Սփիւռքի մի շարք քաղաքներում եւս, ի նշան համերաշխութեան, կազմակերպուեցին զանգուածային հանրահաւաքներ: Սփիւռքի հայկական կազմակերպութիւնները շատ արագ կարողացան մոբիլիզացնել եւ կազմակերպել դրանք, որովհետեւ կիրառուեց արդէն փորձուած՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար գործող մեխանիզմը. պատրատի պաստառներն, օրինակ, ուղղակի ձեւափոխւում էին եւ պայքարն այդ պահին փոխակերպւում էր», 1988թ.ի ամերիկեան հեղինակաւոր լրատուամիջոցների՝ Արցախեան շարժման մասին պատմող տեսանիւթերի լրաքաղի կադրերն է մեկնաբանում անմիջական մասնակիցը: Անդրադառնալով արդէն ներկայ քարոզչական պատերազմին, Մարաշլեանը կարծում է, որ միջազգային հարթակում հայկական կողմը 90ականների հետ համեմատած թէեւ ակտիւացել է, սակայն հսկայական աշխատանք կայ դեռ անելու՝ հաշուի առնելով, որ Հայաստանի թշնամի Ադրբեջանն օրինակ, հսկայական գումարներ եւ ռեսուրսներ է ծախսում այսօր միջազգային հանրութեան հետ աշխատանքում: «Իմ դասերում, յօդուածներում, ելոյթներում շատ եմ խօսում քարոզչական պատերազմի մասին: Հարկ է նկատել, որ այս հարցում Հայաստանը տկար է, եւ Սփիւռքը աւելի շատ աշխատանք է տարել մինչ այժմ, բայց Սփիւռքի հնարաւորութիւնները սահմանափակ են եւ ՀՀ կառավարութիւնը պէտք է պետական մակարդակով հովանաւորի երկրի քարոզչութիւնը»: Ըստ քաղաքագէտի, փոքր, ոչ հարուստ երկրների համար միջազգային հանրութեան հետ աշխատանքը առաջնային պէտք է լինի: «Այդ մասին ես բարձրաձայնում էի դեռ 1992 թուականին, երբ դասաւանդում էի Հայաստանի Ամերիկեան համալսարանում: Օրինակ, Խօջալուի մասին ադրբեջանցիների պարաստած կամ պատուիրած տեսանիւթերը յաճախակի ցուցադրւում էին միջազգային լրատուամիջոցներում, եւ միայն 1994 թուականին, իմ դասախօսութիւնից յետոյ այդ մասին տեղեկացան Արցախում, թէեւ այդ դէպքում էլ հակազդող կամ հայերի տեսակէտը ներկայացնող անմիջական արձագանք այդպէս էլ չեղաւ: Քարոզչութիւնը պէտք է դրուի արհեստավարժ բարձր մակարդակի վրայ», առաջարկում է մասնագէտը, նշելով, որ Սփիւռքում Հայ Դատի յանձնախմբի, տարբեր կազմակերպութիւնների ու անհատների աշխատանքն ու ջանքերը պէտք է զօրակցութիւն ստանան Հայրենիքից: Մարաշլեանն ինքն էլ, ակտիւօրէն գրում է ամերիկեան լրատուամիջոցներում, հանդէս գալիս Հայոց Ցեղասպանութեան, Արցախեան հարցի շուրջ բանախօսութիւններով, սակայն այդ շարժումը պէտք է ունենայ յստակ ռազմավարութիւն եւ կենտրոն: Ընդհանրապէս, ըստ քաղաքագէտի, Հայաստանը զարգացման երկարաժամկէտ ռազմավարութեան տեսլական չունի, մինչ, օրինակ Թուրքիան ունի յաջորդ հարիւրամեակի զարգացման յստակ ուղղութիւն. «Հայաստանը որտեղ պիտի լինի, ինչպիսի երկիր պէտք է լինի 50 տարի յետոյ, այդ մասին ՀՀ կառավարութիւնը չի խօսում՝ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ խորհրդարանը: Հայաստանը վարում է կարճատես, սահմանափակ քաղաքականութիւն, որ ուղղուած չէ ապագային», մտահոգութիւնն է յայտնում Մարաշլեանը: Ըստ նրա, երբ պետութիւնը հասնում է վտանգաւոր եզրագծին՝ փրկելն այլեւս դժուար կը լինի, իսկ «Հայաստանում ներկայ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի հսկայական թուերը, արտաքին քաղաքականութիւնը, բնապահպանութեան առկայ հիմնախնդիրները գուժում են անկումը», նշում է քաղաքագէտը: Սփիւռքը, Հայաստանի հետ յարաբերութիւններն արդէն երեք տասնամեակ ուսումնասիրող պատմաբանի կարծիքով, յարաբերութիւնների երկարաժամկէտ ծրագիր պէտք է մշակուի նաեւ Հայաստանի եւ սփիւռքահայերի համար: «Այսօր երկկողմ յարաբերութիւնները թէեւ նոր փուլ են թեւակոխել, սակայն միեւնոյնն է, դրանց որակը բաւարար չէ: Ճիշդ է, ի տարբերութիւն 90ականների, այսօր ՀՀ իշխանութիւնները կանչում են, լսում են Սփիւռքի ներկայացուցիչերին, ցոյց են տալիս, թէ հաշուի են առնում մեր կարծիքը, սակայն արդիւնքում՝ ՀՀ նախագահն ու կառավարութիւնը շարժւում են իրենց նախապէս գծուած ծրագրով՝ դիրքորոշումը համատեղ ձեւաւորելու փոխարէն: Այդպէս եղաւ հայ-թուրքական արձանագրութիւնների ժամանակ, այդպէս է տեղի ունենում այժմ՝ Ցեղասպանութեան 100ամեակի շեմին, երբ նախագահի ստեղծած յանձնախմբի հանդիպումները աւելի շատ «շոու» են յիշեցնում», մտահոգութիւններն է կիսում Մարաշլեանը: Քաղաքագէտը անընդունելի է համարում Հայաստանից հնչող այն յայտարարութիւնները, թէ հայրենիքից դուրս ապրողները չեն կարող կիսել համատեղ որոշումերի հետեւանքները եւ ըստ այդմ՝ չեն կարող գործուն մասնակցութիւն ունենալ դրանց կայացմանը: «Առանց Հայաստանի Սփիւռքը չի կարող գոյութիւն ունենալ, եւ Սփիւռքի ապագան անմիջականօրէն կապուած է Հայաստանի հետ, եւ ուրեմն՝ երկուստեք պէտք է իրաւունքներ ունենանք միջամտելու միմեանց ներքին հարցերին», իր տեսլականն է ներկայացնում քաղաքագէտը: Նա առաջարկում է ստեղծել Սփիւռքի եւ Հայաստանի մասնագէտերից կազմուած տարբեր ոլորտների մնայուն յանձնախմբեր, որոնք պարբերաբար փակ խորհրդատուական հանդիպումներ կ՛ունենան ռազմավարական հարցերի շուրջ: Ըստ պատմաբանի, հայութեան առաջիկայ ամենամեծ մարտահրաւէրը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակն է, որին պէտք է լրջօրէն պատրաստուել: «Թւում է, թէ ՀՀ նախագահն ու ԱԳՆ նախարարը Ցեղասպանութեան հարցին ռազմավարական նշանակութիւն չեն տալիս, այլ վերաբերւում են որպէս զուտ բարոյական հարցի, այնինչ, մենք պէտք է պատրաստուած լինենք 2015թ.ին: Եթէ Թուրքիան յայտարարի, որ պատրաստ է հատուցման, ինչ պիտի անենք՝ արդեօք ունե՞նք ձեւաւորուած պահանջ, համախմբուած տեսակէտ», հարցնում է Մարաշլեանը: Նա մտավախութիւն ունի, որ այս դէպքում էլ Հայաստանի մի շարք բարձրաստիճան, պատասխանատու պաշտօններում գտնուող անձիք կ՛առաջնորդուեն զուտ անձնական շահերով եւ հատուցումը կը սահմանափակուի միայն նրանց անձնապէս բաւարարելով: Հայաստանը պէտք է պահանջատէր դառնայ, քանզի «առանց Ցեղասպանութեան արդար լուծման, Հայաստանը ապագայ չունի, գոյատեւումը անհնար է», ահազանգում է պատմաբանը: Նա ողջունում է հայ-թուրքական արձանագրութիւնների սառեցումը Սերժ Սարգսեանի կողմից՝ երեւոյթը համարելով նուէր Թուրքիայի կողմից: «Իմ կարծիքով, պէտք է չեղեալ համարել ՀՀ արտգործնախարար Նալբանդեանի ստորագրութիւնը: Թուրքերը չվաւերացնելով դր-անք՝ փրկեցին հայերին, քանզի դա հսկայական պատմական կորուստ կը լինէր ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանը կարող է չեղեալ համարել այդ արձանագրութիւնները, եւ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանի նախագահին», համոզուած է քաղաքագէտը: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականութեանը, Մարաշլեանը նշում է, որ ՀՀ կառավարութիւնը չկարողացաւ համոզել Ռուսաստանին, ԱՄՆին, Եւրոպային, որ զօրաւոր Հայաստանն է իրենց համար շահաւէտ դաշնակից: Զօրեղ լինելու համար, ըստ քաղաքագէտի պէտք է լինի ժողովրդի վստահութիւնը վայելող կառավարութիւն եւ նախագահ: «Եթէ երկիրը չունի ներքին կայունութիւն, ժողովուրդը ուրախ եւ գոհ չէ, արտագաղթում է, ինչպէս պէտք է պետութիւնը կարողանայ լուծել նոյնիսկ աննշան հարցեր», հարցնում է քաղաքագէտը եւ կարեւորում ազգային արժէքների հիման վրայ գործող կառավարութեան անհրաժեշտութիւնը:
Հայրենիքի ու ազգի ապագայով մտահոգ մտաւորականի հետ զրոյցը անհատական դասախօսութիւն էր ինձ համար: Այն ընդհատեց Գլենդելի Հանրային քոլեջի «Հայ ուսանողների միութեան» անդամներից մի երիտասարդ, ով եկել էր իր մտահոգութիւնը կիսելու եւ խորհրդակցելու քոլեջի թերթում լոյս տեսած Հայոց Ցեղասպանութեան մասին յօդուածի առիթով: Լեւոն Մարաշլեանը բովանդակ խորհրդատուութիւն տրամադրեց երիտասարդին… Լեւոն Մարաշլեանը, 1980թ.ից, նուիրումով աշխատում է նաեւ որպէս «Հայ ուսանողների միութեան» խորհրդատու՝ Գլենդելի քոլեջի հայ ուսանողներին համախմբելով ազգային նշանակութեան հարցերի, մշակութային ձեռնարկների շուրջ: «Բազմաթիւ միջոցառումների շարքում են Ապրիլեան ոգեկոչման, Անկախութեան տօնին նուիրուած օրերը, ունենք մշակոյթի ձեռնարկներ, որոնց ընթացքում դասախօսութիւնների համար հրաւիրում ենք տարբեր ոլորտի հեղինակաւոր ներկայացուցիչների, որոնց թւում եղել են Վահագն Տատրեանը, Արամ կաթողիկոսը, Թաներ Աքչամը եւ շատ ուրիշներ», նշում է Մարաշլեանը:
Պատմաբանն ու քաղաքագէտն իր այս պաշտօնում եւս՝ Գլենդելի Հանրային քոլեջում գործող «Հայ երիտասարդների միութիւնը» վերածել է ազգային արժէքներով կրթութեան դարբնոցի: