ՎՐԷԺ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

Շատ խելօք կին է՝ ասաց ու ընկալուչը դրեց… Դէ արի ու Քրիստոսի խաչելութեան ազնիւ մտածմունքի փոխարէն լօլիկի թանկացման ու այդ պիղծ սպանութիւնների միջեւ կապ փնտռիր… Անհեթեթութիւն է… Սկսում եմ գիտակցել, որ իմ եւ կնոջս յարաբերութիւնները սառնարանի ներքեւի խցիկում սառչող տոլմայի մակարդակին են իջել… Գրող եմ, թէ գրող չեմ՝ այդ մասին պարտաւոր եմ մտածել… Եթէ Երեւանում հայրը որդուն է սպանում, Գորիսում էլ որդին՝ հօրը, շուկայում էլ լոլիկի գինը կրկնապատկւում է, ուրեմն ինչ որ բան այն չէ… Երեսուն-քառասուն տարի առաջ մի անեկդոտ էր թեւածում (զարմանալի է, որ այլեւս չեն պատմում)… Ուրեմն, մի գիւղացու գոմից երեք կով են գողանում… Թալանուած երեք եղբայրները խելք խելքի են տալիս, որ գողին բացայայտեն… Մեծ եղբայրն ասում է. «Եթէ գողօնը երեք կով է, գողը կարճահասակ պէտք է լինի»… Միջնեկ եղբայրն ասում է. «Եթէ գողը կարճահասակ է, ուրեմն մեր գիւղից է»… Փոքր եղբայրն ասում է. «Եթէ գողը մեր գիւղից է, ուրեմն Սերոբն է»… Հարա-հրոցով Սերոբին դատարան են քարշ տալիս… Դատաւորը հարցնում է եղբայրներին՝ ինչպէ՞ս որոշեցիք, որ Սերոբն է գողը… Էսպէս-էսպէս, բացատրում են եղբայրները… Դատաւորը խնդմնդալով մի արկղ է բերել տալիս… «Խնդրում եմ նոյն տրամաբանութեամբ բացայայտէք, թէ ինչ է արկղի մէջ»… «Եթէ արկղը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է», ասում է մեծ եղբայրը… «Եթէ միջինը կլոր է, ուրեմն դեղին գոյնի է», ասում է միջնեկ եղբայրը… «Եթէ դեղին գոյնի է, ուրեմն նարինջ է», ասում է փոքր եղբայրը… «Սերոբ, բարկանում է դատաւորը, գնայ եւ մարդկանց կովերը վերադարձրու»…
Որ ինչ որ բան այն չէ, ինձնից առաջ կինս է գիտակցել… Կամ էլ վերջին պատմուածքս նրա քիմքին չի նստել… Չի հաւանել անխիղճն ու որոշել է իր վերաբերմունքը բազմիմաստ ակնարկներով համեմել… Իմ խելքն ասա, որ գրուածքներս առաջինը նրա դատին եմ յանձնում… Բժշկուհի է, չէ՞, ամէն ինչին նայում է որպէս հերթական հիւանդի… æերմաչափը խոթում է պատմուածքիս անթատակն ու իր խորհուրդներով հոգիս հանում. «Էս բառն իր տեղում չէ… էս կերպարը ձանձրալի է… կիսատ է… ոնց որ սկիզբն ու վերջը տարբեր մարդիկ գրած լինեն… ճահիճ է… չի շնչում… թոքախտաւոր հիւանդի պէս արիւն է թքում…»… Կնոջս լսելիս քիչ է մնում հաւատամ, որ ես կամ պատմուածքս դատապարտուած ենք մահուան… Ի՞նչ անեմ. ի վերջոյ ընթերցող է՝ սեփական կարծիք ունենալու իրաւունք ունի…
Ոտքերս սառչում են, հաւանաբար ցուրտ է… Երեւի օրն սկսուել է… Բժշկուհի ջան, եթէ օրն սկսուել է ու ոտքերս սառչում են, ինչո՞ւ ես զարմանում, որ շուկայում լոլիկի գինը կրկնապատկուել է… Ամէն ինչ իր ժամանակի մէջ է էժան… Եթէ Քրիստոսն ուզենար չխաչուել, ի՞նչ ես կարծում, խաչուելո՞ւ էր… Ինքը յօրինեց իր տառապանքները, որպէսզի մենք՝ ապագայ քրիստոնեաներս, ապրելու եւ մտածելու բան ունենանք… Այնպէս որ, մտքովդ չանցնի, թէ այսուհետ մեզ համար նա՝ կամ մէկ ուրիշը երկրորդ անգամ խաչուելու է… Այս հասարակ բանը եթէ չես ուզում հասկանալ, լոլիկ մի կեր, պատմուածք մի կարդա եւ քո սառած տոլմայով էլ մեզ մի զարմացրու… Ունես-չունես մի ամուսին ունես եւ ինքդ՝ քեզ, գնա փառք տուր Աստծուն, որ մեր ժամանակի մէջ ենք ապրում… Աստուած չանի՝ դուրս գանք մեր ժամանակից՝ հո չենք թանկանալո՜ւ… Դու մեղք չունես, հիւանդներդ են քեզ երես տուել՝ վա՜յ, բժշկուհի ջան, դու հրեշտակ ես… էս ես, էն ես…
Հիւանդ են, չէ՞. ինչ որ մէկին պէտք է կառչեն, որ առողջանան… Իսկ ես գրող եմ, թէ գրող չեմ՝ բայց հո գիտես, որ սասունցու ճուտ եմ (մի շատ պատկառելի մարդու բնորոշում է)… Սասունցու ճուտը, որ աշխարհը տրաքի էլ, կնոջ առաջ (էն էլ սեփական) կակղելու սովորութիւն չունի… Այնպէս որ, բժշկուհի ջան, սառած տոլմայով սիրտս չես շահի, իսկ լոլիկի գնի կրկնապատկման փաստը աչքս խոթելուց առաջ մտածիր, թէ ինչու գորիսեցի որդին՝ հօրը, երեւանցի հայրը՝ որդուն սպանեցին…
Ո՞վ է ասել, որ Քրիստոսի խաչելութիւնն ու այլ արտառոց բաները միայն գրողների երեւակայութիւնը սնելու համար են կատարւում… Ի՞նչ է, չգիտե՞ս, որ առողջ մարդիկ, այն էլ արիւնակիցներ, միմեանց չեն սպանում…
Այսօր միտքս երեւակայութեանս առջեւից ընկած վազում է… Ուզում եմ ամէն ինչ հասկանալ… Նոյնիսկ այն մօրը, որը կաշուից դուրս է գալիս՝ պաշտպանելու համար մեծահարուստ պարոնին, ով իր երեխայի հետ մանկապղծութեամբ է զբաղուել… Ուզում եմ հասկանալ, թէ ինչու է քաղաքակրթութիւնը սողեսող մօտենում իմ երկրին եւ ինչու չի ֆշշացնում խայթելուց առաջ… Ուզում եմ հասկանալ այն երգը, որը հնչելու է միմիայն տարագիր հայի շուրթերից, քանզի չկայ մի մարդ արար աշխարհում, որ «դրախտավայր» կոչի այն երկիրը, ուր ինքն ապրում է… Սովորաբար «դրախտավայր» տիտղոսին արժանանում են լքուած եւ կորսուած հայրենիքները…
Երբ արիւնս մրսում է մարմնիս վերջոյթներում, խուճապահար փախչում-լցւում է գլխիս մէջ, եւ խառնիխուռն մտածումներս Քրիստոսի խաչելութեան նոր դրուագներ են մտաբերում… Աստուծոյ որդին իրեն խաչողներին ասում է. «Թշուառականներ, իմացէք, որ դուք իմ կամակատարներն էք»…
Կինս իմ մտքերը ջոկջկելուց ու դասդասելուց յետոյ, բնականաբար, յանգելու է միակ ողջամիտ եզրակացութեանը. «Սպառւում ես, սիրելիս»… Ասենք, թէ սպառւում եմ. արժի՞ թմբկահարել ճշմարտութիւնը… Մեռնող հիւանդին մահ գուշակելը, բժշկուհի ջան, մեղմ ասած, լաւ զբաղմունք չէ… Երկրապահ Աֆոն ասում է. «Մեր գիւղում հէնց մէկը տնքաց, սկսում են հողը փորել… Դրա համար մեր գիւղացիք անաղմուկ են մեռնում, որ մի քիչ երկար ապրեն»… «Սպառուել ես». ասում ու մի կողմ ես քաշւում… Ուզո՞ւմ ես մի գլուխկոտրուկ յօրինեմ ու Նոր կտակարանի մէջ դնեմ. «Գորիսեցի որդին, որ սպանել է իր հօրը, եւ երեւանցի հայրը, որ սպանել է իր որդուն, յայտնւում են նոյն բանտախցում… Ճշմարիտ եւ սուտ մարգարէներ, կարո՞ղ էք գուշակել, թէ ինչ են խօսելու միմեանց հետ»… Թող մարգարէները գլուխ կոտրեն, առաքեալներն էլ իրենց պատումներն արդիականացնեն, հազիւ թէ նրանց մեկնութիւնները լոլիկի գնի թանկացումը կանխեն… Կ՛ուզե՞ս մի բանաստեղծութիւն հիւսեմ քեզ համար. «Մենք չենք ուզում… չենք ուզում ապրել մի երկրում, ուր պատմուածքներն անտէր-անտիրական մեռնում են զնդաններում… Իսկ գրողներն ազատութեան մէջ դանդաղ սպառւում են»…
Բժշկուհի ջան, այն, որ դու դանդաղ սպառուող գրողի կին ես ու նրա արատները մեկնելու թուլութիւն ունես, արդէն մեծ նուաճում է… Ամենեւին էլ պատահական չէր, որ ընկալուչը կոպտօրէն կախեցիր ու լոլիկի թանկացումը՝ որպէս մտորելու հումք, ամուսնուդ պարզեցիր… Դու քո գլխին գալիքը գիտէիր… Պիղծ սպանութիւնների կեղեքիչ թեման այսուհետ պղտորելու է մեր տան առօրեան… Եթէ սխալուես ու կինոնկար դիտելու ցանկութիւն յայտնես, շուրթերս հաւաքելու եմ քթիս տակ ու հոգուս մէջ լցուած մաղձը գոյնզգոյն բառերի եմ վերածելու (ով չի հաւատում, թող գայ վերեւի, ներքեւի եւ դրկից հարեւանների բնակարաններից ունկնդրի)…
– Հայ քրիստոնեաներ, ականջ արէք. Գորիսում որդին հօրն է սպանել, Երեւանում հայրը՝ որդուն, իսկ իմ կինը սիրային շարժանկարի ծարաւ է զգում… Ամօ՜թ… ամօ՜թ… ամօ՜թ…
– Այն երկրում, ուր գրողներն արագօրէն սպառւում են, իսկ շուկայում լոլիկի գինը կրկնապատկւում է, արիւնակիցները սկսելու են միմեանց սպանել, ասելու ես դու…
Ասելու ես ըմբոստ կեցուածքով, ամուսին ոչնչացնող հայեացքով, պատմուածք հասկացողի ու դատափետողի վստահութեամբ… Ես էլ, գիտես, սեւին՝ սպիտակ, սպիտակին սեւ ասող սասունցու ճուտ, հօ հեշտ ու հանգիստ կուլ չեմ տալու քո պարսաւանքները…
– Թշուառական, դու ինձ խաչում ես, որովհետեւ ես եմ այդպէս ուզում, արտասանելու եմ ես…
– Եթէ ես քեզ խաչել ուզենայի, չորրորդ մեխը լեզուիդ կը խփէի, ասելու ես դու…
– Այն երկրում, ուր հիւանդները կեանք են աղերսում, իսկ բժիշկները՝ փող, ծնւում եւ բարգաւաճում են ահաւասիկ այսպիսի պնդաճակատ տանտիրուհիներ… Աստուած ջան, ներիր աշխարհի բոլոր սասունցիներին, որ ամէնքի համար «Զարթի՛ր, լաօ» երգեցին, իսկ իրենք քնով ընկան…
– Ի՜նչ սասունցի, ի՜նչ բան, ասելու ես, ընդամէնը մի ճմրթուած թղթադրամ է՝ լոլիկ վաճառող գեղջկուհու գրպանում պահ տրուած…
Հիմա կողքից լսողը կամ ընթերցողը կը մտածի, թէ ձեռից գնացած ընտանիք է. իր եղած-չեղածը դուրս է տալիս ու այլոց լսողութիւնը բռնաբարում (միամի՜տ, խե՜ղճ ունկնդիրներ ու ընթերցողներ)…
Էնքա՜ն բան կայ, որ մնում է իմ եւ կնոջս գաղտնարաններում… Էն, ինչ ասում-խօսում ենք, դրսի համար է… Ամենակարեւոր բաները մենք չենք արտասանում… Եթէ երբեւէ իմ կամ կնոջս մտքով անցնէր միմեանց սպանել, վստահ եղէք՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն էլ ճիշդը չի իմանայ… Ասացի ու կրակն ընկայ… Ի սէր Աստծոյ, այդպիսի բան մեր մտքով չի անցնում… Եթէ անցնէր, մէկ է, ոչ ոք չէր զարմանայ… Եթէ Երեւանում հայրը՝ որդուն, իսկ Գորիսում որդին հօրն է սպանում, ինչո՞ւ պէտք է ամուսինները այդ մասին չմտածեն՝ հէնց միայն այն բանի համար, որ յայտնուեն նոյն բանտախցում եւ զնդանում մեռնող անտէր-անտիրական պատմուածքի գաղտնիքներին հասու դառնան…
Հէնց կինս քնքշանում է, սկսում է պատմուածքներս գովել (ծերունական սեքսի բազմաթիւ ձեւերից մէկն է)… Ես էլ, հասկանալի է, հաճոյքից նուաղում եմ…
-Միայն թէ, ասում է նա, մի թող, որ էդ արտառոց բաները մտքիդ մէջ երկար ապրեն… Մի թող, որ կեանքից հոսող արցունքը լցուի գրուածքիդ մէջ…
– Ախր ո՞նց չթողնեմ, եթէ արցունքն իմ աչքերից է հոսում, մտածում, բայց չեմ բարձրաձայնում…
– Սպանելու համար երեւակայութիւն պէտք չէ… Ով սպանելու է՝ կը սպանի… Դու թոքերիդ մասին մտածիր… Սովորիր շնչել, նոյնիսկ եթէ օդ չկայ… Աստուած ինձ այսպիսի կին է բաժին հանել. ուզի՝ կ՛ոչնչացնի, ուզի՝ կեանք կը պարգեւի…
– Սասունցի ախպեր, ասում է կինս, մի խեղճացիր, քեզ օր են պարգեւել՝ ապրիր, եթէ, իհարկէ, ապրելը չապրելուց զատում ես… Ուզում է Ճապոնիա գնաս, թէ Ուրուգուայ, մէկ է, քո տարածքից դուրս չես գալու… Թաշկինակդ հանիր, թափ տուր օդում ու քո պարը պարիր՝ քոչարի՜… քոչարի՜… երկուս գնա, մէկ՝ արի…
– Բա էլ ինչո՞ւ էք գլուխ պատռում, սրտնեղում ես, եթէ ոչ մէկի փոյթը չէ, թէ ով, որտեղ եւ ում է սպանում…
– Գնա՛ եւ քաւի՛ր գորիսեցի որդու եւ երեւանցի հօր մեղքը, ասում է կինս…
– Ինձ բանտախո՞ւց ես ուղարկում, տիկի՛ն…
-Ինչո՞ւ ոչ, եթէ դոյզն ինչ քեզ գրող ես զգում…
– Հետս էնպէս ես խօսում, կարծես քո հերթական անբուժելի հիւանդն եմ, ասում եմ ու ձեռքս նրա մազերի մէջ խրում…
– Ամէնքս էլ անբուժելի հիւանդ ենք, ասում է ու ձեռքս իր մազերի միջից նրբանկատօրէն դուրս հրաւիրում… Սուրբ գիրքն ասում է՝ մի դատիր, որ չդատուես… Այդ դէպքում ինչո՞ւ ենք զարմանում, որ Պիղատոսը ձեռքերը լուաց…
– Բժշկուհի ջան, երէկ սառած տոլման տաքացրեցի ու կերայ… Ճիշդ է, աղն էր պակաս ու կաղամբը՝ հում, բայց համով էր, ասում եմ սիրասուն կնոջս փիլիսոփայութեան ճիրաններից փր-կելու համար…
– Անոյշ լինի, ասում է կինս…
– Երախտապարտ եմ, ասում եմ…
– Կ՛ուզենայի, որ ամուսինս ինձ երջանկութիւն պարգեւեր, յետոյ նոր՝ մահ, նուաղկոտ ասում է կինս, երջանկութի՜ւն… յետոյ մա՜հ… Էդ քո ասած դեղից չունեմ ու չեմ էլ ունենայ, ասում եմ, իսկ միւս ցանկութիւնդ կը կատարեմ հաճոյքով… Քեզ քո հիւանդների դատին կը յանձնեմ… Ա՜յ թէ պատիժ կը ստացուի…
– Ճիշդ ես, հիւանդներս քեզնից աւելի անողոք են… Երեք ամիս մի ջահէլ կին էի բուժում… Դեղորայքը իմ միջոցներով Գերմանիայից հայթայթեցի, անալիզները ամերիկեան ամենահեղինակաւոր բուժհաստատութիւնների քննութեանը ղրկեցի, կեանքիս մի մասն էլ օշարակի պէս նրան խմեցրի ու մահուան ճանկերից խլեցի… Դուրս գրուելուց առաջ գիտե՞ս ինչ ասաց… Ասաց. «Բժշկուհի ջան, մայրս երազ էր տեսել. երազում Գաբրիէլ հրեշտակապետն էր այցելել… Ասել էր՝ Մայրանուշ (մօրս անունն է), անխիղճ, գնա Խոր վիրապի եկեղեցում մոմ վառիր ու երեք անգամ Աստծոյ անունը տուր՝ դեռ տուն չհասած աղջիկդ կ՛առողջանայ… Աստուած ինձ փրկեց»… Էնպէս որ, ասաց կինս՝ բարձը իմ գլխատակից իրեն քաշելով, հէնց նեղը կ՛ընկնես, Աստծոյ անունը երեք անգամ տուր, իմ հետ գործ չունես…
– Ոնց որ թէ դրսում քամի է, ասում եմ, ինչ որ մէկը երեւի պատուհանի փեղկը բաց է թողել…
– Ինչո՞ւ ես շշուկով խօսում, ասում է կինս…Ինձ թւում է նա մեզ լսում է…
– Թող լսի, ասում է կինս, թող իմանայ, որ դրսում քամի է…
– Ի՞նչ իմանաս, ասում եմ, կարող է գաղտնիքներ եմ ուզում յայտնել…
– Եթէ գաղտնիք լինէր, վաղուց գրած կը լինէիր, ասում է նա…
– Չեմ սիրում, որ տղամարդիկ շշուկով են խօսում…
– Կ՛ուզե՞ս գոռամ՝ ժողովու՜րդ, դրսում քամի է…
– Հիմա հիւանդանոցում շնկ-շնկոցն ընկել է, ասում է կինս…
– Հիւանդներդ կը մրսեն, չարչարանքդ ջուրը կ՛ընկնի, ասում եմ…
-Քամին օտար աղմուկ ու շունչ է բերում, մեղք են հիւանդները, շշուկով ասում է…
-Շա՜տ են վախենում անկոչ հիւրերից, շա՜տ…
-Ինձ ասում ես շշուկով մի խօսիր, բայց ինքդ շշնջում ես…
– Ես շշնջում եմ, որովհետեւ կին եմ, ումից երջանկութիւնը երես է թեքել…
– Երջանկութիւնը ամերիկեան բարեգործութեան որդնած լոբի չէ, որ քաղցածներին բաժանես, ասում եմ ես…
– Այն կա՛յ կամ չկայ…
– Քառասուն տարուայ ամուսին ենք, բայց քեզնից երբեւէ երջանկութիւն չեմ ակնկալել… Այսօր այն այլեւս ինձ պէտք չէ, ուշ է, շատ ուշ է… Պարզապէս վախենալու քամի է եւ յիշեցի, որ երջանկութիւնը ինձնից երես է թեքել, ասաց կինս ու քնեց Ինչ լաւ է, որ կանայք քնելու պահը ճիշդ են ընտրում…
– Քնելուց առաջ ամէնքն էլ երջանկութեան մասին են մտածում, բայց ոչ ոք չգիտէ, թէ ինչ բան է, այն, ասում եմ շշուկով եւ հաստատ գիտեմ, որ կինս այլեւս ինձ չի լսում…
Ինքս էլ արդէն ինձ չեմ լսում, հաւանաբար հետեւել եմ կնոջս օրինակին… Ինձ եւ կնոջս երբեք քնած ժամանակ չեմ դիտել եւ չեմ կարող պնդել, որ գեղեցիկ պատկեր է… Նրանք, ովքեր մէկ-երկու օրից մեզ յայտնաբերելու են մեր ամուսնական առագաստում, ապշելու են… Ոչ այն պատճառով, որ աւելի գեղեցիկ հանգուցեալների երբեւէ չեն հանդիպել… Ինչ մի գլուխ գովելու բան է…
Երեւոյթները հասկանալու մոլուցքով տառապող հասարակութիւնը մէկը մէկից տպաւորիչ վարկածներ է քննելու մեր խորհրդաւոր մահուան կապակցութեամբ… Թունաւորման միջոցով ինքնասպանութիւն գործելու երերուն վարկածը դիազննումից անմիջապէս յետոյ ժխտուելու է բժիշկների կողմից… Յանցախոյզ ոստիկանները մանրակրկիտ զննումից յետոյ բացառելու են բռնութեան միջոցով մէկմէկու մահ պատճառելու վարկածը (բնականաբար, նաեւ օտար միջամտութիւնների արդիւնքում մահուան հասցնելու թէզը չի քննարկւում)… Ի՞նչ անեն խեղճ բժիշկները, բռնում եւ մահուան թերթիկների մէջ գրում են բժշկութեան պրակտիկայում գրեթէ չօգտագործուող մի եզրակացութիւն. «Միաժամանակեայ յանկարծամահութիւն»…
Ով ով, բայց «Հայկական ժամանակ» օրաթերթը չի ընդունելու արատաւոր հասարակութեան պատկան մարմինների մոգոնած տարբերակը, նա առաջ է քաշելու իր վարկածը՝ յղում անելով ռոմանտիկ գիտնականների զարգացրած տեսութեան տրամաբանութիւնը… Այդ տեսութեան առաջամարտիկ գիտնականը փորձ արեց սեփական կեանքի գնով ապացուցել իր ճշմարտացիութիւնը… «Հայկական ժամանակ» օրաթերթը ծանուցեց. «Երեւանում արտառոց դէպք է գրանցուել. գրող եւ բժշկուհի ամուսինները փոխադարձ համաձայնութեամբ, իրականացրել են երազի միջոցով մահ փոխադրուելու իրենց մշակած ֆանտաստիկ ծրագիրը»…
Ով ինչ կը գրի, կարեւոր չէ… Նաեւ էական չէ, թէ ով է աւարտելու այս յօրինուածքը՝ նա, ով սկսե՞ց, թէ՞ նա, ով քամու միջից լսում էր մեր շշնջոցները… Փաստն այն է, որ ես ու կինս անթերի իրագործեցինք մեր հանճարեղ մտահղացումը… Ասել եմ արդէն, որ ամենակարեւոր բաները մենք չենք արտասանում… Խնդրեմ՝ Նոր Կտակարանի առաքեալների համար Սուրբ Գիրքը նոր երանգներով հարստացնելու եւս մէկ հնարաւորութիւն… Եթէ կինս հրաշքով աչքերը բացեր, ու ես էլ հրաշքով նրան լսելու կարողութիւն ունենայի, լսելու էի. «Սասունցու ճուտ, բա որ ասում էի… տեսա՞ր, որ շուկայում լոլիկի գինը եռապատկուեց»…
«ԱՆԴԻՆ» հանդէս
Մարտ 2013