ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Աշնան մեղմ հովից
Մրսեց արեւը,
Ու դալուկ ծառից
Պոկուեց տերեւը…
Աշնան քամու հետ
Անցաւ իմ կեանքը,
Թոշնեց մայթերում
Իմ երազանքը…
Ներսէս Տէր Մեսրոպեան
Կիրակի, Յունիս 23ին, երեկոյեան ժամը 5:30ից սկսեալ, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան (ԻՀՄ) մուտքի մօտ եռուզեռ կար. մեքենաների շարանը, «փարքինգ»ի դժուարութիւնը խառնաշփոթ էր առաջացրել «Լուիս» պողոտայում: Երգ ու երաժշտութեան սիրահարները շտապում էին ապահովելու իրենց տեղերը: Սրահում նախատեսուած էր 200 հանդիսատէս՝ ելնելով անցեալի փորձառութիւնից, բայց ժողովուրդը գալիս ու գալիս էր: ԻՀՄ պատասխանատու մարմինը ուրախ եւ զարմացած՝ նախ մէկ-մէկ, յետոյ շարքերով աւելացնում էր աթոռները: Հանդէսը պիտի սկսէր 6ին, բայց ժողովրդի հոսքը աննախընթաց էր: Խանդավառ էր մթնոլորտը. «Գլենդելում մարդ մնա՞ց», ականջիս շշնջաց բարեկամուհիս: Այդ միջոցին, Թոմիկ Ալեքսանեանը՝ Խնամակալ մարմնի անդամ, լայն ժպիտը դէմքին, ոգեւորուած բեմ բարձրանալով՝ յայտարարեց. «Ներեցէք սիրելի հանդիսականներ ուշացման համար, այսքան մարդ չէինք սպասում: Բարի էք եկել. ամէն ինչ դասաւորուեց. աթոռները պահեստից վար է իջնում, սրահի ջերմութեան աստիճանն էլ՝ համապատասխան ներկաների, փոխուած է, սակայն հիւրասիրութիւնը եւ ուտելիքները 200 հոգու համար է նախատեսուել. հանդէսը կը սկսի ճիշդ ժամը 6:30ին»: Նա տեղեկացրեց նաեւ, որ Ալէք Բազուկեանի «Ալբոմ Երգարան» գիրքը, հեղինակը անվճար է ուզում տրամադրել ընթերցողին, սակայն ցանկալի է, որ ներկաները, իրենց սրտաբուխ նուիրատուութեամբ սատար հանդիսանան Իրանահայ միութեան:
Ներկայ էին միութիւնների, մամուլի ներկայացուցիչներ, ԱՄՆի առաջին հայկական դպրոցի հիմնադիր Գ. Ինճէճիքեան, Թեհրանի ՀԲԸՄի նախկին ատենապէտ դոկտ. Ժ. Կարապետեան, Մաշտոց քոլեճի դասախօս դոկտ. Օշին Հայրապետեան, մի խումբ՝ «Արազ» երգչախմբի անդամներց, եւ շատ ուրիշ յարգելի հիւրեր, որոնց բոլորի անունները նշել անկարելի է:
«Ալբոմ Երգարան» գիրքը ներկայացնում է Ա. Բազուկեանի 100ից աւելի երաժշտական ստեղծագործութիւններից միայն 26 մեներգներ եւ զուգերգներ: Գրքի առաջին բաժնում տպագրուած է բանաստեղծութիւնները եւ յօրինուած նօթագրութիւնը, իսկ երկրորդ բաժնով՝ պատկերազարդ նկարներով ներկայացւում է «Արազ» երգչախմբի ելոյթները, թէ՛ տարեկան եւ թէ զանազան ազգային բնոյթ կրող միութիւնների յայտագրերը եւ նկարները: Տեղին է նշել, որ նա ազգային ձեռնակներին ելոյթ է ունեցել սիրայօժար: Գրքում տպագրուած երգերի բանաստեղծներից յիշում ենք Ներսէս Տէր Մեսրոպեան, Վահան Տէրեան, Պետրոս Քաջբերունի, Իռեն Տէր Յովհաննէսեան, Հայկ Յովսէփեան, Սիրաք Բեդվին, Հիմենս, եւ այլն:
Անդրադառնալով Ա. Բազուկեանի ստեղծագործական մտքի եւ ներշնչման աղբիւրի շուրջ հարցումներիս, եւ թէ ինչպէ՞ս են ծնւում նրա ներաշխարհում փոթորկուող յոյզերը եւ արտայայտութիւնը՝ պատասխանեց ինքը Բազուկեան՝ գրքի հեղինակը:
Նա ասաց. «Ես ներշնչւում եմ բանաստեղծութիւններից. օրինակի համար, սրճարանում նստած կարդացի «Հայաստան» բանաստեղծութիւնը, որ ասում է.
Հայաստան սիրելիս, թող ընդմիշտ սիրեմ քեզ,
Մի հատիկ սիրելիս, հարազատ որդու պէս,
Սիրելով սիրեմ քեզ, անձուրաց մի հօր պէս
Անձնուրաց սիրեմ քեզ, նուիրեալ մի մօր պէս.
եւ վերջին տողերը՝
Դու յոյսի, դու լոյսի աշխարհ
Դու յաւերժ, դու անկախ իմ Հայաստան:
Կարդալու պէս, անմիջապէս մեղեդին յորդեց մթքումս, մեքենան քշելուց արդէն երգը պատրաստ էր, տուն հասնելու պէս ամիջապէս նօթագրեցի եւ նոյնպէս բոլոր երգերը»:
Եզրափակելով կարելի է մտածել, որ խօսքը եւ նրա խորքում առկայ քրմական պաշտօնը մղումն է Ա. Բազուկեանի ստեղծագործութեանց: Այդ իսկ պատճառով, Ա. Քաջբերունին մէկ ընդ մէջ ելոյթներ ներկայացնում էր ասմունքով:
Ճիշդ ժամը 6:30ին, բացումը կատարեց ԻՀՄի խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանեանը: Նա ողջունելով Արեւմտեան թեմի առաջնորդներ Մուշեղ արք. Մարտիրոսեանի եւ Յովնան արք. Տէրտէրեանի ներկայացուցիչները, յաջորդաբար՝ Կոմիտաս քհնյ. Թորոսեան եւ Միքայէլ քհնյ. Կիւրէղեան, նաեւ քաջալերուած հոծ բազմութեան ներկայութիւնից՝ բարի գալուստ մաղթեց ներկաներին ու պատուարժան հրաւիրեալներին: Ապա բեմ հրաւիրեց հանդիսավարուհի Անահիտ Քաջբերունիին:
Ա. Բազուկեանի հեղինակային համերգ-շնորհանդէսի գեղարուեստական բաժինը սկսուեց Անահիտ Քաջբերունիի տպաւորիչ ելոյթով: Նա ըմբռնումով արտասանեց Ներսէս Տէր Մեսրոպեանի «Աշնան դէմ» բանաստեղծութիւնը, ապա բեմ հրաւիրեց Նելլա Գասպարեանին՝ կատարելու առաջին երգը, որուն բառ-իմաստով ու անոր ձուլուած՝ Ալէք Բազուկեանի ստեղծագործած հոգեզմայլ մեղեդիներով, սրահն ու բեմը միացան երգչուհու քաղցր ձայնի ոլորտներով: Երկրորդ երգը՝ «Հայաստան»ն էր, խօսք՝ Պ. Քաջբերունիի: Նժդեհ Մարտիրոսեանը համոզիչ կատարումով, հայրենասիրական ոգի յորդեց դէպի հանդիսասրահ: Ապա Քնար Աւագեանը թաւշային ձայնով մեկնաբանեց բանաստեղծ Հիմենսի «Հիւանդ եմ մայրիկ» երգը ու բեմ հրաւիրեց բանաստեղծ եւ Քալիֆորնիոյ հայ գրողների միութեան նախագահ Գրիշ Դաւթեանը, որ «Խօսք օրուայ մասին» վերնագրի ներքոյ ներկայացրեց օրուայ խորհուրդը ու պատմեց մանկութեան յուշերից:
Հետաքրքիր էր, որ նա եւ Ա. Բազուկեանը ծնուել են Նոր æուղայում, նոյն փողոցում, եւ եղել են հարեւաններ: Նա պատմեց, թէ ինչպէ՛ս են անցկացրել մանկութեան անհոգ օրերը՝ իւրայատուկ խաղեր յիշելով:
Ապա ծափահարութեան ներքոյ բեմ բարձրացաւ Արմինէ Մարտիրոսեանը. նա յուզուած արտայայտուեց, որ Սիդնիից ԱՄՆ է եկել, որպէսզի մասնակցի իր շատ սիրելի վարպետի երեկոյին: Նա, անկախ իր հիւանդութեան ու քաշուած ձայնին, զգացումային արտայայտականութեամբ երգեց Ն. Տ. Մեսրոպեանի «Ափսոսանքի պահեր» քերթուածքը:
Ա. Բազուկեանը յայտագիրը կազմել էր բծախնդրութեամբ, եւ երգով արտացոլում էր օրուայ խորհուրդը: Հաճելի անակնկալ մատուցեց Ա. Բազուկեանի 17 տարեկան թոռնիկ Արմէն Ղազարեանը, երբ յայտագրում նշ-ուած «Moonlight L. Beethoven»ի փոխարէն՝ յայտարարեց, թէ դաշնամուրի վրայ պիտի նուագի իր առաջին ստեղծագործութիւնը՝ նուիրելով իր մեծ պապին: Հաճելի էր. նա նուագեց զգացումով լի: Յայտագիրը շարունակուեց՝ մէկը միւսին գերազացելով 18 գեղեցիկ երգերով: «Մոռացուած» երգը, խօսք՝ Հ. Յովսէփեանի, կատարեց Ն. Մարտիրոսեանը: Ա. Բազուկեանի «Անմոռաց յուշեր» տետրից Ա. Քաջբերունին յուշեր կարդաց երաժիշտ Համբարձումեանից: «Չեմ հաւատում», խօսք՝ Ի. Տ. Յովհաննիսեանի, երգեց հանրածանօթ երգիչ Սոկրատ Մարտինեանը, ապա «Էլ մի կանչիր» բանաստեղծութիւնը՝ Ս. Բեդվինի, դիւթիչ ձայնով երգեց Արմինէ Գալստեանը: Նաեւ մեկնաբանուեցին «Անմեղութեան տարիները», «Կարօտներ» եւ այլ երգեր:
Արհեստավարժ կատարումով դաշնամուրի վրայ նուագեց Արին Բազուկեանը (Բազուկեանի տղան), Շոփենի «Prelude op.28 no.4» կտորը: Զաւակների սրտի խօսքը, հայերէնով՝ քնքուշ եւ իմաստալից, արտայայտեց Արազ Ղազարեանը (Ա. Բազուկեան դուստրը): Ինքնաբուխ բեմ բարձրացաւ Նժդեհ Մարտիրոսեանը եւ յայտարարեց, որ «Ֆէյսբուք»ում տեղադրուծ այս առիթով դասաւորուած էջում իրենց են միացել բազմաթիւ հին ընկերներ եւ ուղարկել շնորհաւորական ուղերձներ: Յատկանշական էր, որ գեղարուեստական բաժնում մասնակցողները «Արազ» երգչախմբի անդամներ էին, կամ՝ Ա. Բազուկեանի գործունէութեան դաշտում յիշատակելի անձեր:
Ուրախ եմ յայտնելու, որ ինձ էլ՝ Անուշ Ալեքսանեանիս, առիթ էր տրուել յուշերից արտայայտուելու: Ինձ համար այդ երեկոն յուզիչ էր, կապ էր հաստատել անցեալի եւ ներկայի միջեւ: Յուշերը վերանորոգուեցին եւ դարձան վայելք: Ճիշդ է, որ ոչ սիրտը եւ ոչ էլ միտքը կարող են յագենալ, առանց զգացական ներհայեացութեան: Ամէն մի հանդիպում, իւրաքանչիւր աշխատանք, Ալէք Բազուկեանի եւ իր սիրասուն կնոջ՝ Աստղիկ Բազուկեանի հետ, թողել է անմոռաց յուշեր, հաճելի ու խորհրդաւոր նշանակութիւն եւ իմաստ: 1975-76 թուին, Ալէք Բազուկեանը եւ իր «Արազ» երգչախումբը հրաւիրուեցին Թեհրանի ՀԲԸՄ, եւ իրենց ծաւալուն գործունէութիւնը շարունակեցին ՀԲԸՄի հովանու ներքոյ: Ահա այդ թուականից առիթն ունեցայ մօտիկից շփուել նրա հետ, իբրեւ ՀԲԸՄի գեղարուեստական բաժնի պատասխանատու, եւ միացեալ ուժերով զարկ տալ միութեանս մշակութային կեանքին: Փակագծերը բացելով՝ ուզում եմ պարզաբանել, որ Թեհրանում բացառւում էր հայկական 3 կուսակցութիւնների կամ լուսաւորչական տարբեր եկեղեցիների գունաւորումները. ողջ հայութիւնը կապուած էր ազգային առաջնորդարանին եւ Թեմական խորհրդին. միութիւնների նպատակը հայապահպանումն էր: 1975-1978ին, շուրջ 20 ելոյթներ են կազմակերպուել ազգային բնոյթ կրող զանազան միութիւններում, «Արազ» երգչախմբի սիրայօժար մասնակցութեամբ: Այդ շրջանում չեմ յիշում մի փոքրիկ բախում կամ անհանգստութիւն, շնորհիւ Ա. Բազուկեանի ազնիւ, համեստ, գործունեայ եւ հաւասարակշռուած նկարագրի: (Նկարագրի եւ կենսագրականի մանրամասնութիւնների մասին՝ տես «Ասպարէզ»ի Հինգշաբթի, Յունիս 20, 2013 թիւը):
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ բանաստեղծ ու ԻՀՄի «Տեղեկատու» ամսաթերթի երկար տարիների պատասխանատու Ն. Տ. Մեսրոպեանը:
Գեղարուեստական բաժինը աւարտուեց «Դու եկար» երգով՝ Ա. Մարտիրոսեանի հաճելի կատարումով:
Հանդիսատեսի ծափողջոյններով բեմ հրաւիրուեց Ա. Բազուկեանը: Նա իր ողջոյնի խօսքի հետ շնորհակալութիւն յայտնեց ԻՀՄի Գրականութեան եւ արուեստից բաժանմունքից, խնամակալ մարմնից եւ ի մասնաւորի՝ Թոմիկ Ալեքսանեանից, որ այնքան նուիրուածութեամբ սատար է հանդիսացել միջոցառման: Շնորհակալութիւն յայտնեց նաեւ մասնակցող բոլոր անդամներին, յանձնախումբին՝ յականէ անուանէ նշելով անունները: Մասնաւոր շնորհակալութիւն՝ Էդիկ Մարտիկեանին, իր ներկայութեան եւ գեղեցիկ ծաղկեկողովի համար: Նա եղել է երգչախումբի հետ համագործակցող ամենաերկար տարիների դաշնակահարը:
Գինեձօնի արարողութեան, Թ. Ալեքսանեանը բեմ հրաւիրեց քահանայ հայրերին, տէր եւ տիկին Բազուկեաններին ու նրանց ընտանիքին, Խնամակալ մարմնի փոխատենապետ Արսէն Դանիէլեանին, Իրանահայ միութեան նախկին խմբավարներ Ալֆրէդ Մարդոյեանին ու Ալենուշ Եղնազարին: Բացակայում էր ներկայիս ԻՀՄի խմբավար Միքայէլ Աւետիսեանը:
Ապա քահանայ հայրերի օրհնանքով, գինիով օծուեց գիրքը: Գրականութեան եւ արուեստի բաժանմունքի պատասխանատու Մակի Ջառահեանը յայտարարեց, որ ԻՀՄում գինիով օծուած բոլոր գրքերը ուղարկւում են Հայաստանի Մատենադարանին:
Վերջում տեղի ունեցաւ ճոխ հիւրասիրութիւն, գինիով, զովացուցիչներով եւ համով խորոտիկներով: Կեցցէ՛ «Դիանա քէյթրինգ»ը, որ կարճ ժամանակամիջոցում կարողացաւ լաւագոյն ձեւով սպասարկել 500 հոգու: Նոյն ընթացքին, Ալէք Բազուկեանը մակագրում էր երկար շարքում սպասողների գիրքերը:
Հաճելի, հարազատ եւ կազմակերպուած երեկոյ էր. երկարեց գեղարուեստական ծրագիրը, յայտագրից դուրս ինքնաբուխ ելոյթների պատճառով:
Շնորհաւորում ենք Ա. Բազուկեանին՝ ոգեւորիչ մթնոլորտ ստեծելու համար, եւ սպասում ենք նորանոր անակնկալների: