
Զրուցեց՝ ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեան. մարդ, ում հետ հարցազրոյց անելն ուղղակի տօն է, իսկ կրկնակի տօն, երբ յաջողւում է երբեմն այցելել նրան ու զրուցել: Սօս Սարգսեանը 83 տարեկան է, ասում է, որ առողջութիւնն էլ բանի պէտք չէ, սակայն մի շարք չարուած գործեր են մնացել: Նա համարում է, որ սէրը մի զարմանալի յատկութիւն ունի՝ այն չի կարող մարդու միջից վերանալ. սիրուց աւելի մեծ ու կարեւոր բան կա՞յ աշխարհում. ամէն ինչ սիրելուց է ծնւում՝ երեխան, հայրենիքը, ընկերը, բարեկամը. նման կարծիք յայտնեց մեծ արուեստագէտը:
Ներկայացնում ենք yerkir.am-ի հարցազրոյցը Սօս Սարգսեանի հետ:
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Նկատե՞լ էք, որ վերջին շրջանում ինչ էլ լինի, դժգոհ ենք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո, մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լաւ բաներ են կատարւում: Կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախի պատերազմի մեր յաղթանակը, սակայն մինչեւ հիմա էլ չենք կարողանում հրճուել դրանով: Վերջին հաշուով՝ ամբողջ երկիրը հո սեւ գոյնով չէ՞ պատուած: Կեանքը նուէր է մարդուն, եւ ամէն մարդ պէտք է մտածի՝ այս ինչ հրաշք է, որ ես կամ: Կառավարութեան մէջ կան շատ լաւ մարդիկ, բայց կան նաեւ վատերը, որոնց դէմ, այո՛, պայքարել է պէտք, բայց նաեւ լաւն է պէտք նկատել:
Վերջին տարիներին աշխարհի համար զարմանալի բաներ կատարուեցին մի փոքրիկ Հայաստանում. Զօրի Բալայեանը շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարեց, եւ աշխարհը մտածում էր՝ այդ ինչպէ՞ս, երբ ծով չունէինք: Հէնց այդպէս, չէ՞ որ հայ ենք: Հպարտանալ է պէտք հայ շախմատիստների յաղթանակով. Չինաստանում 100 մլն. շախմատիստ կայ, այդ ինչպէ՞ս ստացուեց, որ մենք յաղթեցինք: Փոքր ազգն ինքն իրեն պէտք է գովի, ինքն իրեն բարձրացնի: Գիտեմ, որ պէտք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մէկն էլ ես եմ, փոքր ազգը պէտք է մեծ մարդիկ ունենայ, ամէն ինչ անի, որ նման մարդիկ ունենայ:
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Կա՞յ ինչ որ բան, որի համար ափսոսում էք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այնքան բան կայ, որի համար ափսոսում եմ: Մարդն ուզի-չուզի կեանքում սխալներ է գործում: Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում եւ չի էլ կարող չտառապել դրանց համար…
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Քաղաքական վայրիվերումներն անդրադառնո՞ւմ են նաեւ մշակութային կեանքի վրայ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Չէի ասի, որ անդրադառնում են: Օրինակ՝ մեր՝ Համազգայինի թատրոնի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ում ինչ պաշտօն տուեցին. լրիւ ուրիշ կեանք է այնտեղ:
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Չարուած գործեր շա՞տ ունէք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո, մի շարք բաներ ունեմ դեռ անելու: Սակայն, միւս կողմից, ես գիւղացի տղայ եմ, աշխատասէր եւ աշխատունակ, եւ երբ ուզում եմ այդ չարուած գործերս դնել իմ կեանքի որեւէ հատուածում, բաց տեղ չեմ գտնում:
ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Երիտասարդ Սօս Սարգսեաններ տեսնո՞ւմ էք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ինձնից շատ լաւերը կան, էս ջահելների մէջ շատ լաւերը կան. ժամանակը կ՛ապացուցի դա: Սակայն ցաւն այն է, որ իրենք չունեն այն հողը, որը մենք ունէինք, եւ որի հիման վրայ էլ կարող էինք աճել: Սիրոյ ազդեցութեան տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս: