ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Մեր ակնարկների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք աղքատութեան խնդրին: Բազմատեսակ հարցումներ, վիճակագրութիւններ են հրապարակւում յատկապէս վերջին տարիներին՝ այս թեմայով: Տնտեսութիւնը, ասում են, վերականգնւում է: Սակայն աւելի քիչ մարդիկ են վայելում տնտեսական բարօրութեան պտ-ուղները. հարուստների եւ աղքատների միջեւ առկայ բացը գնալով լայնանում է, եւ գերհարուստների թիւը՝ աւելանում:
Որեւէ վիճակագրութիւն չկայ, թէ այստեղ բնակուող հայերի տնտեսական բարօրութիւնը ինչպիսի փոփոխութեան է ենթարկուել վերջին տասնամեակների ընթացքում: Հաւանաբար դրա պատճառը քանակն է, եւ վիճակագրական առումով մեր համայնքը առանձնակի ուշադրութեան չի արժանանում: Նոյնիսկ ստոյգ տուեալներ չկան թէ Միացեալ Նահանգներում, կամ Կալիֆորնիայում որքա՞ն հայեր են բնակւում, քանի որ հայերի մի մասը մարդահամարի ընթացքում իրենց որպէս սպիտակամորթ են դասակարգել:
Չնայած որ այս հանգամանքը հեռու չէ իրականութիւնից, վիճակագրական առումով հայերս որեւէ որոշիչ դասակարգման չենք ենթարկւում, որպէսզի իմանանք, թէ ինչպիսի տնտեսական առաջընթաց կամ ետընթաց ենք գրանցել ժամանակի այս կամ այն հատուածում: Այնուամենայնիւ, մենք մաս ենք կազմում այս երկրին, եւ կարծում եմ, թէ ընդհանուր վիճակը մեզ էլ է վերաբերւում: Տարօրինակն այն է, թէ մեր մէջ դեռեւս կան մարդիկ, ովքեր ծայր աստիճան անտարբերութեամբ են վերաբերւում այստեղ կատարուող երեւոյթներին, կարծես թէ դեռ բնակւում են ասենք՝ Հայաստանում կամ Պարսկաստանում: Նմանօրինակ վիճակը բազմաթիւ թիւրիմացութիւնների տեղիք է տալիս, սկսած տնտեսական, վերջացրած ընկերային առումներով: Այնինչ, ամերիկեան իրականութեանը մասնակից լինելն ու տնտեսական անցուդարձից տեղեակ լինելը չափազանց կարեւոր է: Իսկ ինչ են ասում տուեալները:
Վերջերս հրատարակուած վիճակագրութեան համաձայն՝ չափահաս 5 ամերիկացիներից 4ը իր կեանքի այս կամ այն հատուածում առնուազն մէկ տարի իր մաշկի վրայ կը զգայ աղքատութեան հետեւանքները: Տուեալները ցոյց են տալիս, թէ ռասսայական (ցեղային-Խմբ.) որեւէ տարբերակում այլեւս գոյութիւն չունի, թէ ովքեր են աւելի աղքատ՝ սեւամորթնե՞րը, թէ սպիտակամորթները: Մէկ երկու տասնամեակ առաջ ակնյայտ էր, որ սպիտակամորթներին աւելի քիչ էր սպառնում աղքատութիւնը, իսկ այժմ այն դարձել է համատարած: Սրա հիմքում հիմնականում ընկած է ամերիկեան տնտեսութեան այսպէս կոչուած գլոբալիզացիան, որի արդիւնքում արդիւնաբերական աշխատանքները հիմնականում արտահանւում են արտասահման:
1987 թուականից յետոյ կատարուած բոլոր հարցումների համեմատութեամբ այս վերջին հարցման ընթացքում պարզուել է, թէ ամերիկեան ընտանիքների 63 տոկոսը հաւատ չի ընծայում տնտեսութեան բարելաւման նկատմամբ:
Արդիւնքում աւելի քիչ անձինք են ընտանիք կազմում, իսկ սպիտակամորթ միայնակ մօր կողմից ղեկավարուող ընտանիքների թիւը հաւասարուել է սեւամորթ միայնակ մայրերի կողմից ղեկավարուող ընտանիքների թուին: Նկատւում է մէկ այլ միտում՝ նախագահ Օբամայի վերընտրուելուց յետոյ փոքրամասնութիւնների լաւատեսութիւնը գերազանցում է սպիտակամորթների համապատասխան ցուցանիշին: Աւելի քան 19 միլիոն սպիտակամորթներ գոյատեւում են 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար սահմանուած աղքատութեան 23, 021 դոլարից աւելի ցածր եկամուտի առկայութեամբ: Այս նորայայտ աղքատների մեծ մասը աներեւոյթ մականունն են կրում, քանի որ բնակւում են հիմնականում արուարձանային շրջաններում: Այսպիսի բնակավայրերի աղքատ բնակիչների աւելի քան 60 տոկոսը սպիտակամորթներ են: Վիճակագրութեան կանխատեսման համաձայն մինչեւ 2030 թուականն ընկած ժամանակահատուածում աշխատող չափահասների մօտաւորապէս 85 տոկոսը ինչ որ տեսակի անհանգստութիւն է զգալու որոշակի ժամանակահատուածում՝ եկամտի ապահովման առումով:
Հայերի շրջանում էլ կան աներեւոյթ աղքատներ, եւ դրանց թիւը աճ է գրանցում: Աւելի յաճախ են նկատւում դէպքեր, երբ տնտեսական նման վիճակում գտնուող ընտանիքները նախընտրում են հեռանալ աւանդական համարուող «հայկական» բնակավայրերից՝ Գլենդելից, Նորթ Հոլիւուդից, Վեն Նայսից, կամ արեւմտեան Հովտի քաղաքներից դէպի Լոս Անջելեսի հարաւային շրջանները, որտեղ նախկինում ամենայն հաւանականութեամբ որեւէ հայ չի բնակուել: Ընկերոջս հետ զրոյցից յետոյ պարզեցի, թէ աւելի յաճախ են երեւում աղքատութեան ճիրաններում մաքառող մէկ հայ անդամից բաղկացած ընտանիքներ, աւելի յաճախակի են դարձել երեխաները գրկին ոչ հայ ամուսիններ ունեցող մայրերի պատսպարուելը «հայկական» համարուող բնակավայրերից:
Սա մէկ ուրիշ, շատ աւելի ծաւալուն ու ցաւոտ նիւթի թեմա է: Մենք որպէս համայնք պարտաւոր ենք գրկել բոլոր այն զաւակներին, ովքեր իրենց կեանքը որոշել են կապել այլոց հետ, սակայն չեն ցանկանում կտրուել հայութիւնից: Եթէ Հռոմի Պապը ասում է՝ «Ո՞վ եմ ես, որ դատեմ», ովքե՞ր մենք, որ դատենք ու մեզնից ետ մղենք համայնքի կարիքն ու գուրգուրանքը զգացող անհատներին: