
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Արուեստագէտ Գալուստ Գէօդելի ստեղծագործական ոճը տարբեր է, անսովոր, անակնկալ: Շատ արուեստաբանների բնորոշմամբ Գալուստը գալիքի արուեստ է ստեղծում, յայտնագործում նոր արտայայտչաձեւեր: Եւ ուրախալի է, որ նրա նորարարութիւնները հասկանալի ու ընդունելի են դառնում արուեստագէտների համար: Արուեստի զարգացմանն այսօր նպաստում է նաեւ համացանցը, ուր ստեղծւում են վիրտուալ ցուցասրահներ, ուր եւ հանդիպում են նկարիչները:
Վերջին տարիների արուեստի աշխարհի ամենազդեցիկ մարդկանցից մէկն է Չարլզ Սաաչին, ով ունի հսկայական անձնական հաւաքածու եւ ցուցասրահ: Իր պաշտօնական կայքէջում նա կազմակերպում է նկարչական մրցոյթներ եւ աջակցում նկարիչներին: Լոս Անջելեսից ղեկավարուող կայքէջի «Bright Lights, Big City» Showdown մրցոյթին մասնակցել է 3300 նկարիչ: Գալուստ Գէօդելի «Cityscape #147» նկարը, քուեարկութեան բազմաթիւ փուլերից յետոյ, տասը աշխատանքների միջից ընտրուել է լաւագոյն երկրորդը՝ (http://www.saatchionline.com/showdown/finalist/showdown/14): «Cityscape #147»ը տեղափոխուել է Լոնտոն եւ այժմ ցուցադրւում է «Սաաթչի» ցուցասրահում:
Մրցոյթի թեմատիկան էր՝ «Bright Lights, Big City»՝ «Պայծառ լոյսեր, մեծ քաղաք»: Գալուստ Գէօդելը մրցոյթին ներկայացել էր լոսանջելեսեան արուեստի աւանդոյթներին հարազատ աշխատանքով:
«Հարաւային Քալիֆորնիայում տարիներ առաջ ձեւաւորուեց արուեստի անկախ ոճ, որին բնորոշ է գոյնը ու փայլուն, սահուն մակերեսը», ասում է Գալուստ Գէօդելը: «Ամերիկեան արուեստն ունի եւրոպական հիմքեր, սակայն Լոս Անջելեսում ձեւաւորուած արուեստի ոճն առանձնայատուկ էր՝ ծովափնեայ, գունային, առօրեայ շեշտերով եւ թեթեւութեամբ: Այս ոճն ինձ հարազատ թուաց եւ սկսեցի փայլուն մակերեսները մտցնել իմ գործերի մէջ»:
Ժիւրիի անդամներին կարեւորել են աշխատանքի օրիգինալ արտայայտչաձեւերն ու տեխնիկական լուծումները: «Աշխատանքում անսպասելի է չէզոք գոյնի շեշտումը այլ գոյների հարեւանութեամբ», բացատրում է Գալուստը, «որոշ գոյների թեկուզ ամենաչնչին օգտագործումը առաւել շեշտում է չէզոք գոյնի առկայութիւնը: Ասենք երաժշտութեան մէջ՝ լռութեան մէջ առաւել լսելի է ձայնը»: Նորարարութիւն է նաեւ աշխատանքի տեխնիկական կատարումը: «Սկսեցի ազատ մօտենալ հարցին՝ աշխատելով տարբեր նիւթերով եւ ներկերով: Ամէն նիւթն իր բնութագիրն ունի եւ ես հետեւեցի նիւթի թելադրանքին՝ ինչպէս աշխատել: Գոյնն ու սահուն մակերեսը կառուցւում էին շերտ առ շերտ: Գոյների հիմնական մասը ամենախորքում է տեղադրուած, եւ նկարը կարծես տեսանելի է ապակու տակից՝ խորքային շերտն ակնառու դարձնելով»:
Գալուստ Գէօդելի աշխատանքի վերաբերեալ եղան քննարկումներ եւ մեկնաբանութիւններ: Լաւագոյն ցուցասրահի լաւագոյն աշխատանքները արուեստի ուղղուածութիւն են նախանշում: Այս անգամ այդ ուղղուածութիւնը թելադրում է Գալուստ Գէօդելը:
«Սաաչի» ցուցասրահում Գալուստ Գէօդելի «Cityscape #147» աշխատանքը կը ներկայացուի մինչեւ Սեպտեմբերի վերջը: