
ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ
Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
Մեր մանուկներին տուել կաթի հետ,
Եւ հայրենիքով դարձրել են լեցուն,
Որ ժողովուրդը ապրի յար յաւէտ:
Մայրերն են պահել մեր հայոց երգը,
Երբ մանուկներին օրօր են ասել,
Արցունքն աչքերին, սրտերում վէրքը,
Մեր ազատ կեանքի օրն են երազել:
Նրանք չեն զիջել մեր երգն ու լեզուն,
Բիրտ Յազկերտներին, սուլթանին, ցարին,
Որոնք մեր վախճանն էին երազում,
Տիրելու համար հայոց աշխարհին:
Նրանք չեն եղել օտարին գերին,
Ու չեն վհատուել եւ ոչ մի դարում,
Հայ գիրքն ու մանկան սեղմած կրծքերին՝
Հպարտ են ապրել նրանք աշխարհում:
Եւ հայ մայրերն են պահում հիմա էլ,
Մեր երգը, լեզուն, մեր վսեմ ոգին,
Իրենց դարաւոր մայրերին վայել՝
Սրտով նուիրուած մեր հայրենիքին:
Ես ձեր ձեռներն եմ համբուրում, մայրեր,
Սրբութիւն սրբոց էք դուք իմ հոգում,
Պահպանեցէք միշտ հայերէնը մեր,
Որ յար յաւիտեան մնանք աշխարհում:
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ
Մայրիկիս
Վա՜ղ թառամեց սիրուդ գարունը, մա՛յր իմ,
Անփոյթ մահը սէրըդ տարա՜ւ, շո՛ւտ տարաւ,
Ու միայն ես մնացի քեզ մտերիմ,
Որպէս կորած սիրոյ մի յուշ, հին մի ցաւ:
Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրօրոցիս վրայ թեքուած ծերացա՜ւ.
Դու չուզեցիր ուրիշ մի սէր, ուրիշ խինդ
Աղբիւր լինի քո ճիւղերին չորացած…
Դրսում կեանքն էր հմայքներով կարկաչում,
Սիրող զոյգեր ու երազներ սիրավառ,
Դու ինձ գրկած օրօ՜ր էիր մրմնջում՝
Մոռացած սէ՜ր ու երազնե՛ր, ու աշխարհ:
Ու մեծացայ՝ գնով ջահել քո կեանքի,
Աշխարհ մտայ՝ սիրտս անխոց ու պայծառ.
Ու հասկացած չարն ու բարին աշխարհքի՝
Մա՜յր, տխրո՜ւմ է սիրող սիրտըս քեզ համար:
Ա՛խ, ի՛նչ տամ քեզ, ի՜նչ նուիրեմ քո սիրուն,
Ի՞նչ կայ կեանքում հատուցումի արժանի,
Գիտեմ, ե՛ս եմ քո աշխարհը՝ աշխարհում,
Ինձ հե՜տ ես դու հիւսել յոյսերդ հիմի:
Մա՜յր, ի՛նձ համար փառք չեմ տենչում կեանքի մէջ.
Բայց կ՛ուզէի՝ զոհողութեանըդ անհաս
Լինել արժա՜ն, լինել հերո՜ս, լինել մե՜ծ,
Որ քո կեանքդ, կորած կեանքըդ չափսոսա՛ս…
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Մօր Ձեռքերը
Այս ձեռքերը՝ մօ՜ր ձեռքերը,
Հինաւուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը
Պսակուելիս ո՞նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքով:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքե՜րը…
Լոյսը մինչեւ լոյս են մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնուել,
Նրա արդար կաթով սնուել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը.
Ծով լռութեամբ,
Համբերութեամբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզուած սիւն են դարձել այս ձեռքերը
Որ չփլուի իր տան սիւնը՝
Որդին կռուից դառնայ տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչեւ տատի ձեռք են դարձել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սուրբ ձեռքերը:
…Եկէք այսօր մենք համբուրուենք որդիաբար
Մեզ աշխարհում, ծնած, սնած
Մեզ աշխարհում, շահած, պահած,
Մեզնից երբէք չկշտացած,
Փոշի սրբող, լուացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող,
այս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէս
Խա՜ս ձեռքերը…
Այս Էջը Կը Նուիրենք
Մեր տան ամրոցին՝ մեր անուշ մայրիկին՝ Արփի Սինանեանին
Թալին եւ Սերժ Ասլանեաններ
Ժերարտ եւ Սենտի Սինանեաններ