ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այսօր ռոքը սիրում են, ըմբոշխնում նրա խրոխտ, թովիչ, կամ անհանգիստ հնչիւնները: Նրա որոշակի ուղղութիւններ դարձել են դասական, եւ հեռւում են մնացել ժամանակները, երբ երաժշտութեան այս ոճը սուիններով էր ընդունւում՝ յատկապէս խորհրդային ղեկավարութեան գաղափարաբանների կողմից: Իմ առջեւ դրուած առաջադրանքը դժուարին էր, քանի որ ճանապարհորդութիւն էի կատարելու դէպի մի հարթութիւն, որի մասին չափազանց քիչ տեղեկութիւն կար: Ովքե՞ր են եղել առաջին հայ ռոքերները, ի՞նչ անհատ երաժիշտներ կամ խմբեր են սկսել ստեղծագործել, ապրել այս ոճով Հայաստանում եւ Սփիւռքում: Որտե՞ղ է սկիզբը այս առումով:
Հայաստանաբնակ երաժշտասէրները (նրանք ովքեր իսկական երաժշտութեան սիրահարներ են) ծանօթ են Առաքեալներ, Մելոմաններ, 1+2 եւ մի քանի այլ խմբերի: Ասում են, թէ Միջին Արեւելքում տասնեակ հայկական ռոք խմբեր են եղել, որոնք արժանի են յիշատակման: Դարք Այզ, Ֆայվ Ֆինգըրզ, Նիւզ, եւ այլ համոյթներ ազատ ստեղծագործման դաշտ ունէին իրենց երկրներում:
Հայաստանից դուրս այս ոճով ստեղծագործելը շատ աւելի անկաշկանդ հիմքերի վրայ էր դրուած: Հայրենիքում, սակայն, ռոքը դաժանաբար հետապնդւում էր որպէս արեւմտեան արժէքների քարոզչութիւն, եւ տարիների բարձունքից է միայն երեւում, թէ ինչո՞ւ էին խորհրդային ապարատչիկները (պաշտօնեաները-Խմբ.) այդքան վախենում ռոքից: Չէ՞ որ արեւմտեան գաղափարախօսութիւնն էր, ազատ ապրելակերպի քարոզը՝ հագուկապ, արուեստ, գրականութիւն, փիլիսոփայութիւն, երաժշութիւն, այդ թւում նաեւ ռոքը, որ խարխլեց Խորհրդային Միութեան հիմքերը, եւ անվերադարձ պատմութեան գիրկն ուղարկեց քաղտնտեսութեան մարքս-լենինեան ուսմունքը:
Պատմութեան էջերը ետ թերթելիս հաւանաբար արդար կը լինէր Հայաստանում որպէս ռոքի սկզբնաղբիւր ընդունել 60ականների վերջին, 70ականների սկզբին մեծ աղմուկ հանած մի քանի փառատօնները, որ տեղի ունեցան «Դինամօ» մարզադահլիճում: Դեռ երեխայ հասակում տեսնում էի, թէ ինչպէս մեր բակով հարիւրաւոր մարդիկ տօնական տրամադրութեամբ շարժւում էին դէպի «Դինամօ» մարզադահլիճը: Զարմանում էի, տեսնելով երիտասարդ տղաների սովորականից աւելի երկար մազերը, «հոլիդէյ» տաբատներն ու գունաւոր շապիկները: Նրանք քայլում էին Չարենցի փողոցով, թեքւում աջ՝ դէպի Նար Դոսի պողոտայ ու հարցնում կանգնածներին. «Աւելորդ տոմսեր ունէ՞ք»: Մթնոլորտը վարակիչ էր:
Այս փառատօնների մասին խօսելիս հարկ է նշել մի ձեռներէցի անունը, ով յանդգնել էր կազմակերպել այս եւ բազմաթիւ այլ համերգներ, որոնց արդիւնքում հայ հանդիսատեսը առաջին անգամ բեմից լսեց ռոքի խրոխտ ու աղաղակող ձայնը: Ռաֆիկ Մկրտչեանը, ում չգիտես ինչու Սիր Խան առեղծուածային մականունն էին տուել, իր կազմակերպչական ձիրքերի արդիւնքում դարձաւ առաջին հայը, որ նպաստեց ռոքի տարածմանը Հայաստանում եւ Խորհրդային «անծայրածիր ընտանիքում»: Ասում են, թէ նա միեւնոյն բեմի վրայ կարողացաւ հաւաքել այն ժամանակուայ ռուսական, արտասահմանեան եւ հայկական նշանաւոր խմբերի ու անհատ կատարողների: Դրանցից մի քանիսի անունը պարտադիր պէտք է նշել. «Առաքեալներ», «1 գումարած 2», «Սարդեր», «Մելոմաններ», «Վուլկան», «Երազողներ» (Մեչտատելի), «Արեւածագ», «Կռունկ», Զառա Տօնիկեան, Էլվինա Մակարեան, Ալեքսանդր Գրադսկի եւ «Սկամարոխի» (Մոսկուա), «Սկալդեր» (Լեհաստան), «Սոկոլ» (Մոսկուա) , «Միրաժ», «Դոմովիէ», եւ այլն:
Փառատօնի այն ժամանակուայ մասնակիցներից կիթառահար Ռաֆիկ Անդրէասեանի վկայութեամբ, Սիր Խանի ներդրումը հայկական ռոքի ձեւաւորման եւ կայացման հարցում անգնահատելի է: Ճիշդ է, գուցէ այս մարդու համար շարժառիթը ոչ այնքան երաժշտութիւնն է եղել, որքան փող վաստակելը, բայց արդիւնքն ուրանալ չի կարելի: Հայկական ռոքի առաջին ալիքն էր ձեւաւորւում: Ականատեսի վկայութեամբ մի համերգի ժամանակ այնքան շատ մարդ էր հաւաքուել, որ հրշէջները ստիպուած էին դադարեցնել այն: «1 գումարած 2» խմբի ելոյթի ժամանակ, երբ Բորիս (Բորիկ) Անդրէասեանը հնչեցրել էր Էրիք Քլափտօնի հանրայայտ երգերից մէկը, երկրպագուները էքստազի մէջ էին ընկել ու կոտրել դահլիճի աթոռները: Ռոքն այն ժամանակ հանդիսանում էր բողոքի երաժշտութիւն, իսկ խորհրդային համակարգը պարարտ հող էր ստեղծում հասարակական ընդվզման համար: Ինձ հասած կցկտուր տեղեկութիւնների համաձայն, Սիր Խանին դատեցին եւ ազատազրկեցին մօտ 10 տարով: Համերգի մասնակիցներից Լեւոն Սեւանը («1 գումարած 2») պատմում է, թէ գրեթէ բոլոր երաժիշտ կատարողներին դատարան էին կանչել, բայց ոչ մի խումբ կամ մասնակից անգամ տեղեակ էլ չէր, թէ Հայաստանում ռոք համերգների արեւածագը օրէնքով արտօնուած չէր եղել: Տոմսերը վաճառուել էին պետութեան ներկայացուցիչների իմացութիւնից անկախ:
«Համերգները անցնում էին չտեսնուած, չլսուած միջավայրում», պատմում է Սեւանը, «մենք նոյնիսկ չէինք մտածում փող վաստակելու մասին, պարզապէս վարակուած էինք հանդիսատեսի ջերմ ընդունելութեամբ եւ արեւմտեան ռոք համերգները յիշեցնող մթնոլորտով»: Որոշ ժամանակ յետոյ կատարուեց այն, ինչը կանխատեսելի էր. համերգների ընթացքում մի քանի անհատներ ալկոհոլի ու թմրանիւթերի ազդեցութեան տակ անախորժ դէպքեր հրահրեցին, որոնք էլ առիթ հանդիսացան, որ անվտանգութեան եւ ուժային միւս մարմինները ուշի ուշով հետեւէին «Դինամօ» մարզադահլիճում արդեն աւանդոյթ դարձած ռոք համերգներին, փորձելով պրպտել, թէ ո՞ւր են գնում համերգից ստացուած խոշոր եկամուտները: Փառատօնն անմիջապէս արգելուեց, եւ բազմաթիւ մարդիկ քննչական վարչութեան կանչեր ստացան: Ասում են նաեւ, թէ համերգների արդիւնքում տասնեակ հազարաւոր ռուբլիների ապօրինի եկամուտ էր ստացուել, իսկ նման անհերքելի ապացոյցների դէպքում անհատին սպասւում էր ազատազրկում, այն էլ հեռաւոր ցուրտ վայրերում:
Իմ յուսահատ փորձերը առեղծուածային Սիր Խանին գտնելու առումով ձախողման ենթարկուեցին: Ոմանք պնդում էին, թէ արդէն տարիքն առած այս մարդուն վերջերս տեսել են Մոսկուայում, իսկ այլոց վկայութեամբ նա արդէն կնքել է իր մահկանացուն: Երբ խօսեցի կիթառահար Բորիս (Բորիկ) Անդրէասեանի հետ, նա համաձայնուեց, որ հայ երաժշտասէրների միայն մի նեղ շրջանակ է ճանաչում Սիր Խանին, այնինչ նրա կազմակերպած համերգները հայկական ռոքի հիմնաքարն էին, եւ ըստ արժանուոյն պէտք էր տուրք տալ նրա կազմակերպած գործին: Սիր Խանի համերգների ու փառատօնների արձագանքը հասել էր Խորհրդային Միութեան ամենահեռաւոր քաղաքները: Մարդիկ Մոսկուայում եւ Վլադիվոստոկում հիացմունք էին յայտնում, թէ ինչպէս Հայաստանը կարող էր հիւրընկալել տաբու համարուող այդ փառատօնները: Արդիւնքում անընդհատ հոլովում էին մի քանի անուն, այդ թւում՝ վիրտուոզ կիթառահար Բորիս (Բորիկ) Անդրէասեանինը: Պատմում է նրա եղբայրը, նոյն ինքը Ռաֆիկ Անդրէասեանը. «Ես աշխատում էի Հայհամերգ կազմակերպութեանը պատկանող մի քանի խմբերում: Շրջագայութիւններից մէկի ժամանակ Վլադիվոստոկում ինձ մօտեցան մի քանի ռուս երաժիշտներ ու հարցրեցին, արդեօք ճանաչո՞ւմ էի Բորիկին: Զարմացած էի, որ հաղորդակցութեան այդպիսի սուղ պայմաններում նրանք լսել էին եղբօրս մասին: Պարզւում է, որ նրանք քաջ տեղեակ էին «Դինամօ» մարզադահլիճի համերգներից»: Վաթսունականների վերջին, եօթանասունականների սկզբին «Դինամօ»ի աւանդական համերգների խափանումից յետոյ ռոքի յաղթարշաւը նկատելի ետընթաց ապրեց, սակայն այն մի այլ թափով պիտի վերածնուէր ութսունականներին: Այս մասին յետոյ կը խօսենք:
Միաժամանակ Սփիւռքում ծնունդ էին առնում խմբեր, որոնց անդամների հայկական ծագումը ոգեւորում էր Հայաստանում եւ երկրից դուրս բնակուող երաժիշտներին ու երկրպագուներին: «The News» խմբին, որ ծնունդ էր առել Լիբանանում եւ զգալի յաջողութիւններ էր գրանցել Միջին Արեւելքում, հրաւիրեցին Լոնտոն: Նորաստեղծ հայկական այս խումբը առաջին իսկ օրերից իր մասին խօսել տուեց: Տղաները ստեղծագործում էին, նոյնիսկ ալբոմ թողարկեցին: Ասում են, թէ ժամանակին նրանցով հետաքրքրուել է «Cream» խմբի անդամներից լեգենդար երաժիշտ, թմբկահար Ջինջըր Բէյքըրը: Համացանցում զետեղուած աղքատ տեղեկութիւնների վկայութեամբ, խումբը ցրուեց անդամների միջեւ տարաձայնութիւնների պատճառով: Ես փորձեցի կապուել խմբի անդամներից մէկի հետ Լոս Անջելեսում, նրա ծանօթներին յորդորելով որ թոյլ տան կապ հաստատել հարցազրոյցի համար: Չստացուեց, այլապէս առաւել մանրամասնութիւններ կը ներկայացնէի այս լեգենդար խմբի մասին:
Յարաբերական այս դժուարութեանը հետեւեց անսպասելի հանդիպումը, երբ ծանօթներիցս մէկը խոստացաւ ինձ ծանօթացնել թերեւս ամենայայտնի հայ դասական ռոք երաժշտի հետ: Այս անձնաւորութիւնը Սիբ Հաշեանն է, ով համաշխարհային համբաւի հասաւ «Բոստոն» աշխարհահռչակ խմբի կազմում: Այս մասին կը պատմեմ իմ յաջորդ ակնարկում:
Միաժամանակ, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր արժէքաւոր տեղեկութիւններ ունեն հայկական ռոք խմբերի մասին ինձ հետ կապ պահել cmelikyan@aol.com հասցէին՝ մէկ երկու տող գրելով: