ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Ինչ ծանր է ամէն օրն այս 44 աստիճանի վրայ, որ Հայաստանի Հանրապետութիւնից առաւել՝ նախ Հայրենիք է կոչւում: Ծանր, շատ ծանր է ապրել հայրենիք-պետութեանդ մէջ ու չհաւատալ: Հաւատալու, չյուսահատուելու, Հայրենիքին ու նրա ապագային նուիրուելու մղումը արդարութեան ու արժանապատուութեան փոքրիկ-փոքրիկ օազիսներ է գոյացնում, ներշնչում, որ ամէն ինչ կորած չէ, ներշնչում, որ անկշտութիւնը սահման ունի, մարդկային բանականութիւնը, խիղճը, չափի զգացողութիւնը, վերջապէս քաղաքական իմաստնութիւնն ու բարոյականութիւնը չեն լքել մեր մի բուռ, խոցուած սահմանները:
Պարզից էլ պարզ է, քրիստոնէական ու համամարդկային. չես հաւատում՝ չկաս…
Ինչպէս չկայ հայ երիտասարդութեան այն 70 տոկոսը, ով չի հաւատում իր երկրին ու առաջին իսկ առիթի դէպքում քառատրոփ կը փախչի Հայրենիքից: Հայաստանի Հանրապետութիւնն իր համոզումներում ընդամէնը աշխարհագրութիւն է դարձել, նա ընդամէնը մարդահամարի ցուցանիշ է, քաղաքացիապէս, իբրեւ ազգային հարստութիւն ու անվտանգութեան գործօն նա չկայ: Միթէ դժուար է սա ընկալել, հասկանալ, գիտակցել…
Նայում եմ Կոմիտաս 5ում ոստիկանների վարքագծին ու փորձում, ինձ ներշնչում հաւատալ, թէ նրանք հանրային կարգ են պաշպանում, մեր բոլորի՝ խաղաղ համակեցութիւնն ու մարդկային իրաւունքները:
Այնքան եմ ուզում հաւատալ… նոյնիսկ, երբ մայթին կանգնածներին են գետնաքարշ խոթում ոստիկանական մեքենաները: Հաւատում եմ նաեւ հակակրանքի վերածուող վիրաւորանքս մեղմելու, յուսահատ աղջիկների ու կանանց անզօր ճիչը չէզոքացնելու, Սումգայիթ, Բաքու, թուրք բառերն այդ համատեքստում լսած չլինելու համար:
Հաւատիս վերջին փշուրները փոշիանում են, երբ ոստիկանութեան փոխգնդապետ Կարէն Մովսիսեանն ամենավերջում, երբ փողոցը «մաքրուած է» ու օպերացիան «գլուխ բերած», անկեղծանում է՝ «Ինչի պիտի չկառուցուի որ, լաւ էլ լաւ շէնք ա, բոլոր նորմերը պահած, սէյսմակայուն, էսթետիկ, դիզայնով… »: Ահա եւ վերջ…
Հիմա մտածում եմ, ո՞նց անենք, որ էս փոխգնդապետի քաղաքաշինական տաղանդը Նարեկ Սարգսեանը նկատի, թէ չէ՝ ի՜նչ հասարակական կարգ, ի՜նչ խոչընդոտել, ի՜նչ հանրային տարածք… ի՜նչ ՀՀ օրէնքներ…
Իսկ ես, այնուամենայնիւ, հաւատում եմ՝ մեր քաղաքն ԻՍԿԱԿԱՆ տէրեր ունի ու նրանք քիչ չեն:
(Ֆէյսբուքի իր էջէն)