
Մարդկանց հիւանդութիւններն ու ընտրած մասնագիտութիւնը ուղղակիօրէն փոխկապակցուած են: Օրինակ՝ հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից*, նրանք, ովքեր ստիպուած են ամբողջ օրը ոտքի վրայ կանգնել, ունենում են երակների լայնացում: Իրենց օրուայ զգալի մասը համակարգչի առաջ անցկացնող մարդիկ էլ ունեն իրենց բնորոշ «ախտանիշները»: Անընդհատ նստած դիրքը կարող է ցաւեր առաջացնել մէջքի, պարանոցի դաստակների հատուածում:
Պէտք է աշխատանքային յարմարաւէտ պայմաններ ստեղծել. աթոռի բարձրութիւնը պէտք է լինի 7585 սմ.: Ցանկալի է նստել պտտուող աթոռի վրայ, որը յենակներ ունի բազուկների համար: Ստեղնաշարը պէտք է յարմարեցնել այնպէս, որ ձեր դաստակները կախուած չլինեն: Մոնիտորը պէտք է դրուած լինի այնպէս, որ վրան վառ լուսամփոփի կամ արեւի լոյսը չընկնի: Պէտք է աշխատել, որ մեծ հակադրութիւն չլինի էկրանի եւ տուեալ սենեակի գոյների միջեւ: Ոչ մի դէպքում չի կարելի համակարգչով աշխատել մութ կամ կիսամութ սենեակում: Ամէն 4045 րոպէն մէկ պէտք է կատարել կարճատեւ մարմնամարզական դադար. աչքերի պտտում ժամացոյցի սլաքի ուղղութեամբ եւ հակառակը, թեթեւ մարմնամարզական վարժութիւններ ամբողջ մարմնի համար, թէկուզ այդ ամէնը տեւի մի քանի ակնթարթ:
Համակարգիչի ելեկտրամագնիսական դաշտը նպաստում է ձեռքերի, դէմքի եւ պարանոցի ալերգիկ երեւոյթների, մազերի չորութեանը: Կանանց խորհուրդ է տրւում միշտ ունենալ դէմքի փափկութեանը նպաստող կոսմետիկ միջոցներ: Սենեակում, որտեղ համակարգիչներ են աշխատում, պէտք է լինի լաւ օդափոխման համակարգ:
Աչքերի ծակոց եւ ցաւ, արցունքներ, կոպերի եւ բիբի կարմրութիւն, ցաւ ճակատի հատուածում, յոգնածութիւն. այս բոլորը այսպէս կոչուած «դիսփլէյական» հիւանդութեան ախտանիշներն են, որոնք կարող են ի յայտ գալ, եթէ երկար եւ առանց ընդմիջումների հետեւում էք էկրանին: Աստենոպիայի (տեսողական յոգնածութիւն) առաջին նշանները զգացւում են համակարգչի առջեւ առանց ընդմիջման 45 րոպէ աշխատանքից յետոյ: Տեսողական գործառոյթները կտրուկ թուլանում են երկու ժամ յետոյ: Իսկ չորս ժամ աշխատանքի արդիւնքում հնարաւոր է առաջանայ տեսողական հիւծուածութիւն: Շատ կարեւոր է մոնիտորի եւ ձեր աչքերի միջեւ ճիշդ տարածութեան պահպանումը. այն է՝ 70 սմ.:
*Սիլիցիումի ազատ երկօքսիտ պարունակող փոշու երկարատեւ շնչումից առաջացած հիւանդութիւն