ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ինքս ինձ ստիպելով կարդացի Զօրի Բալայեանի նամակը: Թէեւ անդրադարձներից իսկ պարզ էր, բայց փորձում էի այնուամենայնիւ հասկանալ, չհաւատալ…
Մի կողմ թողնելով Մեծ ութնեակի անդամ երկրի՝ Ռուսաստանի նախագահի (նաեւ որեւէ երկրի նախագահի) այդքան երկարաշունչ, տաղտկալի, խոհափիլիսոփայական, գիտահանրամատչելի ու ճանաչողախրատական նամակ գրելու պատեհութիւն-կոռեկտութիւնը, անդրադառնամ խնդրի բարոյաքաղաքական ասպեկտին (երեւոյթին-Խմբ.):
Միանշանակ է, որ այդպիսի «ուղերձները» հէնց այնպէս չեն ծնւում, եւ այն ակնյայտօրէն տեղաւորւում է տարածաշրջանում ուրուագծուող աշխարհաքաղաքական բախումների, հնարաւոր սցենարների, Մաքսային միութեան (ՄՄ) անդամակցութեան գործընթացների, ինչպէս նաեւ հանրապետութեան ներսում խմորուող տրամադրութիւնների մէջ. արտաքին քաղաքականութեան մէջ ՀՀ պաշտօնական տեսակէտների վերամտածում, վերաձեւակերպում, ռուսաց լեզուի դիրքերի ընդլայնում, Մոսկուայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճիւղի բացման հեռանկար, ռուսականի նկատմամբ ինքնամոռաց ու անարժանապատիւ քծնանքի շքահանդէս եւ այլն:
Եւ, այնուամենայնիւ, շատ, շատ եմ ուզում հաւատալ, որ ՀՀ իշխանութիւնների ուղղորդումով չի ծնուել եւ յղացուել այդ քաղաքական «մերկապար- ինքնաոչնչացումը»:
Զօրի Բալայեանի ռուսամէտութիւնը նորութիւն չէ, բայց երբ այն այլեւս ազգային արժանապատուութեան ու նուաստացման սահմանն է անցնում, չես կարող չպոռթկալ ու չպահանջել, թէ այդ ո՞ւմ անունից է հանդէս գալիս ղարաբաղեան շարժման վետերանը, ի՞նչ բարոյական իրաւունքով:
Այս էլ 22 եւ աւելի տարիներ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը, Արցախի հանրապետութեան գոյութիւնն ու նրա ընտրուած, նուաճուած ինքնիշխանութիւնն այդ ի՞նչ համոզումով է Զօրի Բալայեանը Ռուսաստանի խնդիր համարում եւ պահանջում «տէր կանգնել» Գիւլիստանի պայմանագրին, որով «Ռուսական կայսրութեան սեփականութեանն է անցնում» Ղարաբաղի խանութիւնը:
Արդեօք չի՞ գիտակցում նամակի հեղինակը, թէ ինչ հարուած, յուսահատութիւն ու յուսալքութիւն է փոխանցում Արցախի ժողովրդին, եւ արդեօք չի՞ գիտակցում նամակի հեղինակը, որ այս տեսակէտը նախեւառաջ ուղիղ եւ ցաւոտ հարուած է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին, որոնք ամենաբարձր մակարդակով, միջազգային ամենաբարձր քաղաքական ամբիոններից յայտարարել են Արցախի ինքնիշխանութեան, միջազգային իրաւունքում ինքնորոշման իրաւունքի անկասելիութեան, ինչպէս նաեւ Արցախին ուղղուած ռազմական միջամտութեան պարագայում, անվտանգութեան ե-րաշխաւորի դերակատարութեան մասին:
Մեր քանի-քանի պատուիրակութիւններ միջազգային տարբեր ատեաններում կենաց մահու կռիւ են տուել մեծ ու փոքր տրամաչափի բանաձեւերում «ինքնորոշման իրաւունք» բառակապակցութիւնը զետեղելու համար: ԼՂՀի վարկին, արժանապատուութեանն ու բանակցային գործընթացներին հարուածելուց անդին, այս նամակը հարուած է նախ Հայաստանին: Եթէ Զօրի Գ(Հ)այկովիչը համոզուած է կամ տարակասում է, թէ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական վարկանիշը, կարողականութիւնն ու բարոյական լեգիտիմութիւնը (օրինականութիւնը-Խմբ.) թոյլ չեն տալիս տէր կանգնել մեր համազգային յաղթանակին ու Արցախի ինքնիշխանութեանը, ապա լաւ կ՛անէր նամակագիրը ներքին օգտագործման նամակ գրէր կամ պարզապէս իր մտերմիկ զրոյցներում ու հանդիպումներում խորհուրդ տար հայրենի իշխանութիւններին, թէ ինչ խնդիրներում են նրանք սայթաքել կամ ձախողուել, կամ ինչո՞ւ է այդքան անստոյգ է մեր երթը, կամ ինչո՞ւ է այնքան դատարկուել Հայաստանն ու անհեռանկար դարձել, որ Արցախին տէր կանգնելը օրէցօր ծանրանում ու անհնար է դառնում ներքին համախոհութեամբ ու ռեսուրսներով (հնարաւորութիւններով-Խմբ.):
Այնուամենայնիւ, Վլադիմիրր Վլադիմիրովիչին պատմութիւնից դասեր քաղելու խորհուրդն յիշեցնելուց առաջ, լաւ կը լինէր, որ ինքը՝ Զօրի Բալայեանը, մտածեր, թէ ինչու այս էլ «տասը տարի, հարիւր տասը տարի, հազար տասը տարի» մեր քաղաքական միտքն ու պատմական դիսկուրսը (քննարկումները-Խմբ.) Տիզբոնից մարզպան բերելուց կամ ռուսաց թագաւորին նամակ գրելուց անդին չի անցնում, ու մեր իրականութեան համար մեղաւոր են բոլորը եւ ոչ՝ մենք:
Եւ, այնուամենայնիւ, ուզում եմ մխիթարել ինձ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նամակը կարդալու ժամանակ չի գտնի, ինչն, ի հարկէ, չի նշանակում, որ Հայաստանը չի յայտնուի հարեւանների ու առհասարակ վերլուծաբանների ու քաղտեխնոլոգների (քաղաքագէտներու-Խմբ.) չարախնդացող քննարկումների թիրախում:
Իսկ եթէ նամակագիրն, այնուամենայնիւ, այդ չէր ուզում ասել, այդ դէպքում տարբեր փիլիսոփաներից ու ժամանակներից մէջբերումներ անելուց եւ դրանցով Պուտինի գլուխը տանելուց առաջ լաւ կ՛անէր յիշեր եօթ անգամ չափելու ու յետոյ կտրելու մասին մեր համեստ իմաստնութիւնը: